Մամուլի տեսություն - 15.3.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i195340-Մամուլի_տեսություն_15.3.2023
Ամերիկան և Անգլիան պայմանավորվեցին Ավստրալիային զինել միջուկային ռազմասուզանավերով՝ Չինաստանին հակազդելու համար։
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Մարտ 15, 2023 14:08 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն - 15.3.2023

Ամերիկան և Անգլիան պայմանավորվեցին Ավստրալիային զինել միջուկային ռազմասուզանավերով՝ Չինաստանին հակազդելու համար։

Քեյհան օրաթերթ

Չեղարկել Նեթանյահուի ուղևորությունը. Հազար սիոնիստների խնդրանքը Գերմանիայից

 

Գրեթե հազար գրողներ, արվեստագետներ և Սիոնիստական համալսարանի դասախոսներ Գերմանիայի կառավարությանը կոչ են արել չեղարկել Բենիամին Նեթանյահուի այցը։

«Հաարեց» թերթը հաղորդել է. «Իսրայելում մոտ հազար արվեստագետներ, գրողներ և համալսարանների դասախոսներ այս երկրում Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի դեսպաններին ուղղված նամակում կոչ են արել Լոնդոնին և Բեռլինին չեղարկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մոտալուտ այցը»:

Վաթանե Էմրուզ օրաթերթ

Միջուկային հարձակում Չինաստանի մոտ

 

ԱՄՆ-ի և Անգլիայի ղեկավարները Ավստրալիայի վարչապետի հետ միասին երեկ հանդիպել են ԱՄՆ Սան Դիեգոյում՝ հայտարարելու ACAS պաշտպանական համաձայնագրի կատարման հաջորդ փուլի մասին։ Ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա Միացյալ Թագավորությունը և Միացյալ Նահանգները որոշել են 2030-ականների սկզբին Ավստրալիային զինել միջուկային ռազմասուզանավերով՝ նպատակ ունենալով դիմակայել Չինաստանին և կանխել Պեկինի ազդեցությունը Խաղաղ և Հնդկական օվկիանոսներում։

Ջավան օրաթերթ

Իրանի Հարավային Փարսի նավթավերամշակման գործարանի 14-րդ փուլի կառուցումը` պատժամիջոցների գագաթնակետին

Նշելով, որ այս նավթավերամշակման գործարանը կառուցվել է Իրանի նավթարդյունաբերության դեմ պատժամիջոցների գագաթնակետին, Իրանի Հարավային Փարսի 14-րդ փուլի զարգացման նախագծի տնորենն ասաց. «Թեև դա դժվարացրեց աշխատանքը, սակայն այն արագացրեց ներքին կապալառուների մուտքը նավթավերամշակման գործարանի շինարարություն:»:

Մոհամմադ Մեհդի Թավասոլիփուրը մամուլի ասուլիսում հավելեց, որ. «Հարավային Փարս ջրամբարի բաժնի 14-րդ փուլը, Իրանի ափամերձ` ամենամոտ փուլն է  , հետևաբար առաջնահերթությունները կատարվել են ըստ սահմանային փուլերի։

Էթելաաթ օրաթերթ

Ամերիկացի 255 հրեա ներդրողներ սպառնացել են դադարեցնել ներդրումներն Իսրայելում

 

Ամերիկացի 255 հրեա ներդրողներ Իսրայելի վարչապետին զգուշացրել են, որ կդադարեցնեն իրենց ներդրումները, եթե իրականացվի դատաիրավական բարեփոխումների ծրագիրը։

Այս ներդրողների ուղերձում ասված է. «Մենք դժգոհ ենք դատական և իրավական համակարգի փոփոխություններից և հավատում ենք անկախ դատական համակարգին, և սա ժողովրդավարության համար անհրաժեշտ խնդիր է և երաշխավորում է քաղաքացիների և փոքրամասնությունների իրավունքները»։

tert.am

Եվրոպական խորհրդարանը նոր զեկույցով դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան

 

2020 թ.-ի 44-օրյա պատերազմից հետո կնքված հրադադարը չի պահպանվում, ավելին՝ հրադադարը մի քանի անգամ խախտվել է՝ հանգեցնելով հարյուրավոր զոհերի և Ադրբեջանի զորքերի կողմից Հայաստանի արևելքում ու հարավ-արևելքում երկրի ինքնիշխան տարածքի բռնազավթման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է Եվրոպական խորհրդարանի զեկույցում ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ:

Փաստաթղթում հիշատակվում են Լաչինի միջանցքով քաղաքացիական երթևեկության արգելափակումը, սեպտեմբերյան մարտերի ժամանակ ռազմագերիների խոշտանգումները, 2020 թ.-ին և 2021 թ.-ի սկզբին քաղաքացիական անձանց, այդ թվում՝ տարեցների նկատմամբ ոտնձգությունները և արտադատական հաշվեհարդարները:

«ԵՄ-ն պատրաստ է ակտիվ դերակատարում ունենալ՝ որպես հուսալի առևտրային գործընկեր և արդար միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու գործում՝ իր գործողությունները հիմնելով ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների հանդեպ հարգանքն առաջ մղելու վրա»,-նշում են զեկույցի հեղինակները՝ հավելելով, որ Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած հակամարտությունն ազդեցություն է ունեցել Հարավային Կովկասի վրա և է՛լ ավելի է բարդացրել տարածաշրջանի անվտանգային իրավիճակը:

Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև հարաբերությունների կարգավորման՝ Ադրբեջանի առաջարկած հինգ սկզբունքներին և դրանց առնչությամբ Հայաստանի արձագանքին:

Փաստաթղթում նաև հիշատակվում է Արդարադատության միջազգային դատարանի՝ 2021 թ. դեկտեմբերի 7-ին որոշումը՝ կապված Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացման գործում Ադրբեջանի իշխանությունների ներգրավվածության հետ:

Զեկույցում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը մեծապես խոչընդոտել է Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացումն ու կայունությունը և ավելի լայն իմաստով ազդում է Եվրոպական կայունության վրա:

tert.am

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ-ն ևս հերքում է ադրբեջանական կողմի տարածած հայտարարությունը

 

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 15-ին ժամը 00:10-ից 02:30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:

tert.am

Չեմ ուզում քննարկել, թե ՀԱՊԿ-ի այլընտրանքը որն է, ՀՀ-ն ոչ մի տեղից դուրս չի գալիս, եթե դուրս եկողներ կան, ՀՀ-ից են դուրս գալիս. Պապիկյան

 

ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հարց ուղղեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։

«Երեկ այսպիսի տեսակետ հնչեց, որ ՀԱՊԿ-ը հեռանում է Հայաստանից, ես ուզում եմ հասկանալ՝ ՊՆ-ն կիսո՞ւմ է այս տեսակետը, թե ոչ և այդ դեպքում՝ այդքան պայմանագրերը էլ ինչի համար են ու ՀԱՊԿ-ի այլընտրանքը այս պահին ո՞րն է»,- ասաց պատգամավորը։

«Անկեղծ ասած, ես չեմ ուզում մտնել այդ քննարկման մեջ, թե որն է ՀԱՊԿ-ի այլընտրանքը, որովհետև, եթե հղում եք կատարում վարչապետի երեկվա ասուլիսին, ապա վարչապետը հնչեցրել է, որ Հայաստանը ոչ մի տեղից դուրս չի գալիս, եթե դուրս եկողներ կան՝ Հայաստանից են դուրս գալիս, դրանով մենք մտահոգ ենք։ Մենք մեր ընթացիկ աշխատանքները կատարում ենք հավուր պատշաճի և եթե ստորագրվել են համաձայնագրեր կամ կատարվել են աշխատանքներ, կատարողականի շրջանակներում ՊՆ նախարարը դա պարտավոր է զեկուցել»,- պատասխանեց Պապիկյանը

Արձաքանգելով՝ Գեղամ Նազարյանը նշեց, որ ցանկալի է կառավարությունը և ՊՆ-ն ավելի լրջախոհ լինեն այս հարցերին,  քանի որ դրանք վերաբերում են երկրի պաշտպանությանը։

armtimes.am

Փարիզը պահանջել է մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած միջադեպի թափանցիկ հետաքննություն

 

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան Ազգային ժողովում հայտարարել է, որ անհրաժեշտ է թափանցիկ հետաքննություն անցկացնել մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած միջադեպի հարցով, որի ժամանակ զոհվել էր հինգ մարդ (ադրբեջանական կողմի՝ հետ շպրտվելիս կրած կորուստները ներառյալ-ԽՄԲ):

Կոլոննան նշել է, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ն պահանջել է հիշյալ հետաքննությունն անցկացնել և հրապարակել արդյունքները։

Մարտի 5-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ էր բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Զոհվել էր ոստիկանության 3 ծառայող, 1 ծառայող էլ՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել կրծքավանդակի հրազենային վիրավորում:

armenpress.am

Սաուդյան Արաբիայի Flynas ավիաընկերությունը ամառային սեզոնին դեպի Երևան չվերթներ կիրականացնի

 

Սաուդյան Արաբիայի Flynas ավիաընկերությունը ամառային սեզոնի համար լրացուցիչ ուղղություններ է ավելացրել, որում ընդգրկված է նաև Երևանը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ամառային սեզոնին ավիաընկերությունը նախատեսում է թռիչքներ իրականացնել ևս 17 ուղղություններով, այդ թվում՝ Չեռնոգորիա, Ավստրիա, Բոսնիա և Հերցեգովինա, Եգիպտոս, Թուրքիա, Մալդիվներ։

 armenpress.am

ԶՈՒ-ն համալրվել է տարբեր տեսակի ԱԹՍ-ներով, հակատանկային միջոցներով, ՀՕՊ միջոցներով. Պապիկյան

 

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում համառոտ ներկայացրեց, թե ինչ տեսակի սպառազինությամբ է համալրվել զինված ուժերը։

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերը համալրվել են տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերով, հակատանկային միջոցներով, հակաօդային պաշտպանության միջոցներով և դրանց արդիականացված համակարգերով, թրթուրավոր և անվավոր ինժեներական տեխնիկայով, ականազերծման լրակազմով, քողարկման ցանցերով, կապի միջոցներով, օպտիկական սարքերով, նռնականետներով, տարբեր տեսակի զինամթերքով և այլ տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով, որոնք այստեղ ներկայացնելու կարիք չեմ տեսնում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Պապիկյանը, ներկայացնելով «Կառավարության ծրագրի՝ 2022թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը: