Մամուլի տեսություն 02-08-2016 
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i28867-Մամուլի_տեսություն_02_08_2016
Կանաչ մայրցամաքի տնտեսությունն ու քաղաքականությունը հայտնվել են ահաբեկչության սրի տակ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 02, 2016 15:26 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 02-08-2016 

Կանաչ մայրցամաքի տնտեսությունն ու քաղաքականությունը հայտնվել են ահաբեկչության սրի տակ:

Համշահրի

Կանաչ մայրցամաքի տնտեսությունն ու քաղաքականությունն՝ ահաբեկչության սրի տակ

Եվրոպայում ԻԼԻՊ-ի  հարձակումները տնտեսական ու քաղաքական հետևանքներ են ունեցել եվրոպական պետությունների համար: Վերջին ամիսների ընթացքում ԻԼԻՊ-ն իրարահաջորդ հարձակումներ է իրականացրել եվրոպական երկրներում,այդ թվում Ֆրանսիայում, Բելգիայում  և Գերմանիայում:

Եվրոպացիները դեռ ուշքի չէին եկել անցած տարի Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից ,երբ  դարձյալ ԻԼԻՊ-ի մահացու հարձակումները վրա հասան:

Գերմանիան ,որ մի ժամանակ եղել է եվրոպական ամենաապահով երկիրը, այժմ այնքան էլ ապահով չէ: Անցած երկու շաբաթների ընթացքում, այս երկիրը հինգ արյունալի հարձակումների ականատես է եղել, որոնցից երեքի պատասխանատվությունն իր վրա է  վերցրել  ԻԼԻՊ-ը:  Այժմ բոլորի մոտ այս հարցն է ծագել ,որ արդյոք Եվրոպայում ահաբեկչական հարձակումների աճը նշանակում է, որ դրանք շարունակվելու են: Այժմյան դրությամբ  կարելի է ասել,որ այն ինչ պարզ է, այդ հարձակումները ոչ միայն ժողովրդին են շոկի   մատնել, այլև ցնցել են Եվրոպայի տնտեսական ու քաղաքական կառուցվածքը:  

Այս տարի  19 եվրոպական երկրների տնտեսությունը անմխիթար իրավիճակում  է գտնվում: Այդ երկրներում տնտեսական աճը կտրուկ անկում է ապրել 2008 թ.-ի  ֆինանսական ճգնաժամից հետո: Եվրամիությունն  անցած ուրբաթ օրը հայտարարել է,որ Կանաչ մայրցամաքի տնտեսական աճը  հասել է 0.3 տոկոսի: Տնտեսական հարցերի վերլուծաբանների կարծիքով անորոշությունն ստվեր է նետել Եվրոպայի տնտեսության վրա: Անվտանգության նոր պայմաններից մեծապես ազդվել է տուրիզմի արդյուանբերությունը: Ի դեպ եվրոպական երկրները  խոշոր գումարներ են հատկացրել ԻԼԻՊ-ի դեմ պայքարի գործին:

 Եվրոպական երկրները երկրորդ աշխարհամարտից ի վեր միշտ եղել են աշխարհի ամենաապահով կետերից, բայց ԻԼԻՊ ահաբեկչական երևույթը խլել է այդ երկրների անվտանգությունը: Գերմանիայի նախագահ`  Յոախիմ Գաուկը   Մյունխենում իրականացված ահաբեկչական ակտի հետևանքով զոհերի հիշատակին նվիրված արարողության ընթացքում ունեցած ելույթում ասել է.«Ոչ մի պետություն այլևս չի կարող լիովին ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը և նրանց պաշտպանել ահաբեկիչներից: Նա ասել է.«Բացարձակ անվտանգություն  գոյություն չունի: Աշխարհի ոչ մի կետում  չեք կարող գտնել մի դիվանագետ ,որը կկարողանա  նման երաշխիք տալ ձեզ: Մենք միայն կարող ենք ստեղծել պետություններից կազմված կոալիցիա և  քաղաքացիական զգոն  հասարակություն՝ ահաբեկչական սպառնալիքներին դիմակայելու համար»:

---- 

News.am

Frankfurter Allgemeine. 

Երեւանում ծավալված իրադարձություններն ի սկզբանե քաղաքական նշաններ ունեին

 

Հայաստանի մայրաքաղաք Երեւանի համար ամառային բողոքներն արդեն ավանդույթ են դարձել, Frankfurter Allgemeine-ում գրում է Ֆրիդրիխ Շմեդտը: Օրինակ՝ երեք տարի առաջ այնտեղ բողոքում էին հասարակական տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ, 2014-ին՝ ընդդեմ կենսաթոշակային հիմնադրամների, իսկ մեկ տարի առաջ՝ դժգոհություն բռնկվեց էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման պատճառով:

Նախորդ բոլոր բողոքներն ունեցել են սոցիալական բնույթ եւ կոնկրետ նպատակ, սակայն չեն ուղեկցվել  նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ գործող քաղաքական համակարգի դեմ դժգոհությամբ: Նույնիսկ, երբ անցած տարվա դեկտեմբերին երկրի ղեկավարությունն իր իշխանությունն ամրապնդելու համար ցանկացավ հանրաքվեով փոփոխել Սահմանադրությունը, բողոքի դուրս եկավ միայն մի քանի հարյուր մարդ, նշում է հեղինակը: «Մինչդեռ այս տարի այն, ինչ վերջին երկու շաբաթների ընթացքում կատարվեց Երեւանում, ամենասկզբից իսկ քաղաքական նշաններ ուներ»,- նշված է հոդվածում:

Հուլիսի 17-ի առավոտյան զինված մոտ 30 մարդ գրավեցին Երեւանի շրջաններից մեկում գտնվող ոստիկանական բաժանմունքներից մեկը՝ այդ ընթացքում սպանելով մեկ եւ վիրավորելով մի քանի ոստիկանի: Եվս ութ ոստիկան պատանդառվեցին: Խումբն իրեն անվանում է «Սասնա ծռեր» եւ հանդիսանում է «Հիմնադիր խորհրդարան» կոչվող ընդդիմադիր կուսակցության արմատական թեւը: Իշխանությունները հինգ շաբաթ առաջ ձերբակալել էին կուսակցության առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին՝ ապօրինի զենք պահելու եւ  կառավարական հաստատությունները գրավելու պլան մշակելու համար:

Ոստիկանական բաժանմունքը գրավելուց անմիջապես հետո «Սասնա ծռերի» անդամները պահանջեցին ազատել ձերբակալվածներին եւ մյուս քաղբանտարկյալներին, ինչպես նաեւ լուծարել կառավարությունը: Ի սկզբանե այն ուղեկցվել է համերաշխության ակցիաներով՝ սկզբում նրանց աջակցում էին տասնյակ, ապա՝ հարյուրավոր եւ վերջապես՝ հազարավոր մարդիկ, նշված է հոդվածում:

Այս անգամ, ինչպես նշում է հեղինակը, առանցքային դերակատարում է ունեցել դժգոհությունը Հայաստանի քաղաքական համակարգից, գրում է Շմիդտը:

--- 

  Armradio.am

Թուրքիան հրաժարվում է որևէ պարտավորություն կրել միջազգային կազմակերպությունների առջեւ

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի տապալումից հետո իրավիճակը երկրի ներսում ավելի գորշ երանգ է ստանում: Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը  համոզիչ ապացույցներ է հավաքել, որ Թուրքիայում ձերբակալված անձինք երկրի պաշտոնական և ոչ պաշտոնական կալանավայրերում ծեծի և խոշտանգումների են ենթարկվում, այդ թվում` բռնաբարության:

Կազմակերպությունը կոչ է անում անհապաղ հնարավորություն ընձեռել անկախ դիտորդներին շփվել հեղաշրջման փորձի հետևանքով ձերբակալված անձանց հետ՝ կալանավայրերում` ոստիկանական բաժանմունքներում ու  դատարաններում:

Կազմակերպությունը նշում է  ավելի քան 10 000 մարդու  ձերբակալման մասին:  Amnesty International- ը հավաստի տեղեկություններ ունի, որ թուրք ոստիկանները Անկարայում և Ստամբուլում կալանավորներին 48 ժամ պահում են լարված վիճակում` զրկելով նրանց սննդից, ջրից և բուժօգնությունից՝ սպառնալիքների ու  վիրավորանքների ներքո:

«Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ նախագահ, Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց՝ ոչինչ չի կարող արդարացնել այն մեթոդները, որոնք որդեգրել են թուրքական իշխանությունները հեղաշրջման փորձի կազմակերպիչների նկատմամբ։

Լարիսա Ալավերդյանը տարածաշրջանի ժողովուրդներին զգոնության կոչ արեց. մենք  պատասխանատու ժամանակաշրջանում  ենք ապրում, երբ Թուրքիան հրաժարվում է որևէ պարտավորություն կրել միջազգային կազմակերպությունների առջեւ։

Անդրադառնալով Թուրքիայում տիրող իրավիճակին՝ թուրքագետ Հակոբ Չաքրյանն էլ  հարկ համարեց նշել, որ այդ երկրում արդեն 5 լրատվամիջոց է փակվել: Էրդողանը Թուրքիայում կատարվող խայտառակությունները ուզում է այդպիսով կոծկել՝ ասաց։

Ռազմական հեղաշրջման փորձի տապալմանը հաջորդած իրադարձությունները սրեցին ԱՄՆ, ԵՄ ու ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի հարաբերությունները: Մահապատժի վերականգնման դեպքում ԵՄ- ն սպառնում է հավերժ փակել դռները պաշտոնական Անկարայի դիմաց, ՆԱՏՕ-ն ու սպառնում է վտարել դաշինքից: ԱՄՆ հետ էլ Անկարային լարվածության պատճառը Էրդողանի հիմնական հակառակորդ Գյուլենն է, որի արտահանձնումն է պահանջում Թուրքիան։ Փոխարենը այդ երկիրը ջերմացրել է հարաբերությունները ՌԴ եւ Իսրայելի հետ, փորձում է մեղմել լարված հարաբերությունները Սիրիայի ու Եգիպտոսի հետ, սակայն վերջինն առայժմ չի ստացվում:

Թուրքագետի կարծիքով՝ այդ երկրում վիճակն ամբողջությամբ կապակայունացվի նման պայմաններում: Գուցե այն դառնա ոստիկանական պետություն: Ժամանակին բնակչության 98 տոկոսը վստահում էր բանակին, սակայն այսօր Էրդողանի ջանքերի շնորհիվ բանակն ամբողջությամբ հեղինակազրկվել է, խանութներում անգամ հաց չեն վաճառում բանակայիններին՝ շեշտեց Չաքրյանը: