Արաղչի. ԱՄՆ-ն և Բահրեյնը չարաշահում են Անվտանգության խորհուրդը
Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Միացյալ Նահանգների և Բահրեյնի կողմից ներկայացված միակողմանի և սադրիչ բանաձևը քննադատող նամակում, Իրանի արտգործնախարարը շեշտել է միջազգային հանրության պատասխանատվությունը՝ կանխելու ագրեսորների կողմից Անվտանգության խորհուրդը որպես իրենց անօրինական գործողությունները արդարացնելու գործիք չարաշահելը։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Աբբաս Արաղչին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իին, ՄԱԿ-ում Չինաստանի դեսպան ու մշտական ներկայացուցիչ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահ Ֆու Կոնգին, ինչպես նաև ՄԱԿ-ի անդամ պետություններին ուղղված նամակում նշել է, որ Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակը ուղղակիորեն և բացառապես Միացյալ Նահանգների և Սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի դեմ մղված ագրեսիվ, անարդար և անօրինական պատերազմի արդյունք է։
Նա գրել է. «Միացյալ Նահանգների և Բահրեյնի կողմից ներկայացված նախագծի իրական նպատակն է աղավաղել իրականությունը և արդարացնել Միացյալ Նահանգների նախկին և ներկա անօրինական գործողությունները Իրանի դեմ Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում, որը գտնվում է Միացյալ Նահանգների ափերից հազարավոր մղոններ հեռու»։
Արաղչին հավելել է. «Միջազգային հանրությունը չպետք է թույլ տա, որ Անվտանգության խորհուրդը չարաշահվի ագրեսորների կողմից կամ դառնա գործիք նրանց անօրինական գործողություններն օրինականացնելու համար։ Անհրաժեշտ է առավելագույն զգոնություն ցուցաբերել՝ կանխելու համար միջազգային իրավունքի սահմանված կանոններն ու սկզբունքները այնպես աղավաղելու ցանկացած փորձ, որը կարող է արդարացնել ագրեսիան կամ ուժի անօրինական կիրառումը»։
ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է․ «Բանաձևի նախագիծը ներկայացնողները չարաշահում են միջազգային իրավունքը՝ ներկայացնելով ընտրողական և կողմնակալ պատմություն, միաժամանակ անտեսելով Միացյալ Նահանգների կողմից միջազգային իրավունքի կոպիտ խախտումները։ Նախագծում նաև անտեսվում են Միացյալ Նահանգների կողմից հրադադարի բազմիցս խախտումները, այդ թվում՝ անօրինական ծովային շրջափակումը և իրանական նավերի վրա հարձակումն ու առգրավումը»։