Բեռլինում ու Լոնդոնում ադրբեջանական դեսպանատների մոտ բողոքի ակցիաներ են անցկացվել
Բեռլինում բողոքի ակցիա է անցկացվել Ադրբեջանի դեսպանատան մոտ՝ ադրբեջանական դպրոցներում հիջաբի արգելքի դեմ։
Մասնակիցները քաղաքի կենտրոնից երթով շարժվել են դեպի Բրանդենբուրգյան դարպասներ՝ վանկարկելով «Ազատություն հիջաբին» կարգախոսը։
Հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցողները կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին վերացնել արգելքը։
Մասնակիցները պարզել են Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի, Պաղեստինի դրոշները։ Ադրբեջանական իշխանական APA-ն գրում է, որ ակցիան կազմակերպել են Գերմանիայում «Մուսուլմանական միասնություն» շարժման ակտիվիստները։
Հոկտեմբերի 16-ի երեկոյան էլ տասնյակ մարդիկ հավաքվել են Լոնդոնի արևմտյան հատվածում՝ Հոլանդ Փարքում գտնվող Ադրբեջանի դեսպանատան դիմաց՝ բողոքելու Ադրբեջանի կառավարության՝ ուսումնական հաստատություններում հիջաբ կրելու արգելքի դեմ։
Ցուցարարները հայտարարել են, որ հիջաբ կրելն իրավունք է և չպետք է պատճառ դառնա կնոջը կրթություն ստանալու իրավունքից զրկելու կամ նրան դպրոցից կամ համալսարանից հեռանալուն հարկադրելու համար։