Մասնագետներն են երաշխավորել․ Պապոյանը՝ Ամուլսարի վտանգների մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i251492-Մասնագետներն_են_երաշխավորել_Պապոյանը_Ամուլսարի_վտանգների_մասին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը չի կարող անձամբ երաշխավորել, որ Ամուլսարի հանքի շահագործումը բնապահպանական վտանգ չի ներկայացնի Սևանա լճի և Ջերմուկի համար։
(last modified 2026-10-19T09:50:58+00:00 )
Հոկտեմբեր 19, 2026 13:07 Asia/Tehran
  • Մասնագետներն են երաշխավորել․ Պապոյանը՝ Ամուլսարի վտանգների մասին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը չի կարող անձամբ երաշխավորել, որ Ամուլսարի հանքի շահագործումը բնապահպանական վտանգ չի ներկայացնի Սևանա լճի և Ջերմուկի համար։

Նա այդ մասին հայտարարեց լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հանքի շահագործման հնարավոր հետևանքների վերաբերյալ հարցին։

«Ես չեմ կարող երաշխավորել, մասնագետներն են դա երաշխավորել կատարած հետազոտությամբ»,– ասաց նախարարը։

Լրագրողները Պապոյանի ուշադրությունը հրավիրեցին բնապահպանների, անկախ մասնագետների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մտահոգությունների վրա։

Նշենք, որ նրանք դիմել են նաև COP17-ի մասնակից երկրներին ՝ Ամուլսարի հանքի շահագործումը որակելով Հայաստանի համար աղետաբեր ծրագիր։

Պապոյանը, սակայն, պնդեց, որ պատասխանատու հանքարդյունաբերությունը անհրաժեշտ է Հայաստանի տնտեսությանը։

«Աշխարհում չկա հանք, որ շրջակա միջավայրի վրա չի ազդում։  Դա սուտ է,  եթե ասենք, որ կա հանք, որը շրջակա միջավայրի վրա չի ազդում»,– նշեց նա։

Նախարարի խոսքով՝ Ամուլսարի վերաբերյալ կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը շատ փոքր է, իսկ նախկինում բարձրաձայնված մի շարք մտահոգություններ հետազոտություններով չեն հաստատվել։