Ֆրանսիայում սոցիալ-դեմոկրատիայի անկումը․ Սոցիալական պետության ճգնաժամը շարունակվում է
Տնտեսագետ Ռահման Սաադաթն իր հոդվածում, անդրադառնալով Ֆրանսիայում սոցիալական պետության ճգնաժամին, բյուջեի դեֆիցիտի աճը, սոցիալական ապահովության համակարգի խնդիրներն ու հանրային դժգոհությունը համարել է երկրի տնտեսական մոդելի կառուցվածքային ճգնաժամի դրսեւորումներ։
Pars Today-ի հաղորդմամբ՝ Սաադաթի կարծիքով՝ Ֆրանսիայի սոցիալ-դեմոկրատիայի անկման առաջին նշաններն ի հայտ եկան Ֆրանսուա Օլանդի նախագահության շրջանում, իսկ Էմանուել Մակրոնը բյուջեի դեֆիցիտը զսպելու նպատակով դիմեց սոցիալական ապահովության համակարգի բարեփոխումներին եւ կենսաթոշակային տարիքի բարձրացմանը։ Այս քաղաքականությունը, որը զուգորդվեց հարուստների հարկերի նվազմամբ եւ հասարակության որոշ շերտերի վրա տնտեսական ճնշման ուժեղացմամբ, խորացրեց հանրային դժգոհությունը եւ նպաստեց «դեղին բաճկոնների» շարժման բողոքի ցույցերի ծավալմանը։
Տնտեսագետը, անդրադառնալով կառուցվածքային բարեփոխումների դժվարություններին, ընդգծել է, որ միայն կառավարության փոփոխությունը բավարար չէ ճգնաժամը հաղթահարելու համար։ Նրա կարծիքով՝ խնդիրների արմատները պետք է փնտրել Ֆրանսիայի սոցիալական պետության կառուցվածքի եւ տնտեսական կառավարման մոդելի մեջ։
Սաադաթի համոզմամբ՝ մինչեւ 2030 թվականը Ֆրանսիան պետք է հստակ որոշում կայացնի իր տնտեսական մոդելի ապագայի վերաբերյալ։ Հակառակ դեպքում կթուլանան երկրի տնտեսական մրցունակությունը եւ միջազգային ասպարեզում դերակատարություն ունենալու կարողությունը։