Մամուլի տեսություն 12-08-2016
Վերջերս Սիոնիստական ռեժիմը տեղեկացրել է, որ ԱՄՆ ոստիկանության պետերը ահաբեկչությանը դիմակայելու եղանակները սովորելու նպատակով մեկնել են օկուպացված տարածքներ:
Ղոդս
Ոճրագործության վարպետները դասավանդում են ահաբեկչության դեմ պայքարի դասարանում
ԱՄՆ ոստիկանության պետերը այսպես կոչված ահաբեկչության դեմ պայքարի եղանակները սովորելու համար մեկնել են Թելավիվ:
Վերջերս Սիոնիստական ռեժիմը տեղեկացրել է, որ ԱՄՆ ոստիկանության պետերը ահաբեկչությանը դիմակայելու եղանակները սովորելու նպատակով մեկնել են օկուպացված տարածքներ:
Սիոնիստական ռեժիմի անգլիատառ օրաթերթ՝«Ջերուզալեմ Պոստ»-ը մի զավեշտական հոդված տպագրելով նշել է.«Հաշվի առնելով ահաբեկչական գործողություններին դիմակայելու հարցում Իսրայելի գերակայությունը , ԱՄՆ ոստիկանության պետերը մի պատվիրակության կազմում ուղևորվել են Թելավիվ ահաբեկչության դեմ պայքարի արդիական եղանակները սովորելու նպատակով: Պատվիրակության կազմի մեջ են ընդգրկված Ֆլորիդա և Կալիֆորնիա նահանգների ոստիկանության պաշտոնյաները»:
Այդ լուրն այն դեպքում է հրապարակվել ,երբ Երուսաղեմը բռնագրավող ռեժիմը համարվում է միջազգային համակարգում պետական ահաբեկչության ամենացայտուն օրինակը,ինչի հավաստիքն են՝ Պաղեստինում ու Լիբանանում Դիմադրության առանցքի ղեկավարներին վերացնելու նպատակով այդ ռեժիմի իրականացրած ահաբեկչական քայլերը:
ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի միջև հարաբերությունները երբեք միակողմանի չեն եղել: Ինչ խոսք ԱՄՆ-ի քաղաքական, տնտեսական ու ռազմական աջակցությունների խոշոր մասը կենտրոնացած է Իսրայելի վրա, բայց իր քաղաքացիների հետ ԱՄՆ-ի կառավարության բախումների դեպքում , Սիոնիստական բանակն է,որ ԱՄՆ-ի ոստիկանության օգնությանը շտապում: Փաստորեն Իսրայելի օկուպանտ բանակը հանդիսանում է ԱՄՆ քաղաքացիների ճնշման լծակը:
Վերլուծաբանների կարծիքով տասնյակ տարիներ բախումների բեմը դարձած տարածքում հակաահաբեկչական դասընթացներ անցկացնելու ԱՄՆ-ի ոստիկանության այդ նախաձեռնությունը ցույց է տալիս,որ 11 սեպտեմբերյան դեպքերից 15 տարի անց, ԱՄՆ-ում օրենքի իրագործման թևը մեծ փոփոխություն է կրել: ԱՄՆ-ի շատ կետերում այլևս չի տեսնվում այն ոստիկանների մարդասիրական մոտեցումը, որոնք իրենց պարտականությունն են կատարում, այլևս այդ ոստիկաններին փոխարինել են մինչև ատամները զինված բանակայիններ ,որոնք սարսափելի են,ինչը վկայում է ,որ Սիոնիստական ռեժիմի մատը խառն է այդ փոփոխություններում:
Tert.am
ՀՀ-ն պետք է ավելի մեծ ջանքեր գործադրի ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ուղղությամբ. Ալեքսանդրա Ստիգմայեր
Հայաստանը որքան հնարավոր է շուտ պետք է սկսի Եվրամիության հետ վիզայի ազատականացման շուրջ գործընթացը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Բրյուսելի «Եվրոպական կայունության նախաձեռնության» ավագ վերլուծաբան, գլխավոր քարտուղար Ալեքսանդրա Ստիգմայերը:
Հուլիսի 15-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին հայտարարել էր, որ խոսվում է ԵՄ Արևելյան գործընկերության հաջորդ գագաթաժողովի նախապատրաստման աշխատանքների մասին, որտեղ հայտարարվելու է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի մասին: Հայաստանը, Պյոտր Սվիտալսկու խոսքով, մոռացված չէ,օրակարգում է:
Ալեքսանդրա Ստիգմայերն ասաց, որ Հայաստանի համար ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման գործընթացները կսկսեն իրականացվել, երբ ՀՀ կառավարությունը կատարի ավելի քան 50 պայմանները, որոնք պարտադիր են ազատ մուտքի-ելքի արտոնագրեր ստանալու համար:
«ՀՀ-ԵՄ հարաբերությունները շոկի ենթարկվեցին, երբ Հայաստանը որոշեց չստորագրել ասոցացման համաձայնագիրը: Այժմ շատ ինտենսիվ բանակցություններ են ընթանում նոր համաձայնագրի շուրջ, ինչը լավ է: Բայց կարծում եմ, որ լավագույն տարբերակը կլինի այն, եթե Հայաստանը սկսի վիզայի ազատականացման գործընթացը որքան հնարավոր է շուտ: Սա կոնկրետ գործընթաց է: ԵՄ-ն 50 պայման է դնում պետության առաջ, որոնք քիչ թե շատ նույնն են բոլոր երկրների համար, որոնք անցել են այս գործընթացի միջով: Այդ երկրների թվում Վրաստանն է,Մոլդովան, Ուկրաինան, ինչպես նաև Բալթյան պետությունները, Կոսովոն, Թուրքիան, որոնց առաջ պայմանները նույնն են»,-նշեց Ալեքսանդրա Ստիգմայերը:
Նրանից հետո, ինչ պետությունները զեկուցում են՝ ուր են հասել 50 պայմանների իրականացման գործում, ԵՄ-ն, փորձագետի խոսքով, մասնագետներ է ուղարկում, որոնք գնահատելու են իրավիճակը:
Հարցին՝ ի՞նչ պայմաններ են դրված Հայաստանի առաջ, Ստիգմայերը պատասխանեց, որ խոսքը լավ սահմանային պաշտպանության, միգրացիայի կառավարման, մարդու իրավունքները հարգելու,կոռուպցիայի դեմ, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և այլնի մասին է:
Թե ի՞նչ կշահի Հայաստանը վիզայի ազատականացումից, Բրյուսելի ԵՄ ներկայացուցիչն ասաց, որ բացի ազատ մուտքի ու ելքի հնարավորություն ստանալուց, Հայաստանը բարեփոխումների մեծ քայլ կկատարի, ինչը կօգնի արագ տեմպերով զարգանալ:
«Եթե Հայաստանն օգնության կարիք ունի պահանջները իրականացնելու գործում, Եվրոպայի խորհուրդը կարող է փորձագետներ ուղարկել, ֆինանսական միջոցներ տրամադրել այս բարեփոխումներին աջակցելու համար: Իհարկե, վերջում, երբ բոլոր բարեփոխումներն արդեն կիրականացվեն, Հայաստանը կստանա ազատ ելքի ու մուտքի հնարավորություն: Ինչը լավ է,որովհետև մարդիկ կարող են ազատորեն ուղևորվել դեպի Եվրամիություն, ավելի շատ կոնտակտներ կունենան ընտանիքի անդամների հետ, որոնք գտնվում են ԵՄ տարածքում, Սփյուռքի հետ, բիզնես ոլորտի մարդիկ կարող են գնալ նոր կոնտակտներ հաստատելու, որն էլ կբարձրացնի առևտրաշրջանառությունը»,- ասաց նա:
Հարցին՝ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը խոչընդոտ չէ՞ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացմանը, Ալեքսանդրա Ստիգմայերը պատասխանեց. «Ոչ, դա խնդիր չէ:Հայաստանը առանց վիզայի մուտք ունի Մոլդովա, Իրան, ինչը նշանակում է, որ եթե Հայաստանը ստանա ազատ մուտքի հնարավորություն ԵՄ, ամբողջ աշխարհը բաց կլինի իր համար»:
Փորձագետը նշեց նաև, որ Հայաստանի կառավարությունը պետք է ավելի շատ ջանք գործադրի սրա ուղղությամբ, արագացնի այս գործընթացը:
---
News.am
Ռուսաստանը դիտարկում է Ուկրաինայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու տարբերակը
Ռուսաստանը դիտարկում է Ուկրաինայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հնարավորությունը Ղրիում օգոստոսի 7-ին տեղի ունեցած դեպքերից հետո։ «Իզվեստիա» թերթի տեղեկություններով՝ Մոսկվայի պատասխանը կարող է դառնալ ռուսական դիվանագիտական ներկայացուցչության փակումն ու դեսպանատան դիվանագիտական անձնակազմի հետկանչը։
«Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանն անպատասխան չի թողնի Ղրիմում տեղի ունեցածը։ Հնարավոր կոշտ պատասխաններից մեկը կարող է դառնալ դիվանագիտական հարաբերությունների խզումը։ Մոսկվայում այդ տարբերակն ուսումնասիրում են»,– ասել են պարբերականի դիվանագիտական աղբյուրները։
Ռուսաստանի եւ Ուկրաինայի դիվանագիտական հարաբերությունները հիմա ցածր մակարդակի վրա են։ Ամեն երկիր ներկայացնում է ժամանակավոր հավատարմատար։
«Պատասխանն անհրաժեշտ է։ Ուկրաինան առաջին անգամ դիմել է մի քայլի, երբ պետական կառույցը մասնակցում է այլ պետության տարածքում ահաբեկչական գործողության պատրաստմանը»,– ասել է Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Լեոնիդ Կալաշնիկովը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին ՌԴ ԱԴԾ–ն հայտնել էր, որ Ղրիմում ահաբեկչություն է կանխել, որը նախապատրաստել էր Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչությունը։
---
Armradi.am
Չինաստանը հետաքրքրված է Հայաստանի ներդրումային միջավայրով
Հայաստանում է Չինաստանի Հեյլունցզիան նահանգի պատվիրակությունը՝ Հայաստանի ներդրումային միջավայրին ծանոթանալու նպատակով։ Չինական այս նահանգի միջազգային առևտրի աջակցման կոմիտեի գլխավոր քարտուղար Գուան Հեյբինին, ով առաջին անգամ է մեր երկրում, այսօր տեղեկացրեց, որ հայերի հետ շփումը մեծ տպավորություն է թողել, այստեղ բարի մարդիկ են ապրում՝ ասաց՝ նշելով, թե պատրաստակամ է համագործակցել հայերի հետ:
«Երեք օրվա ընթացքում հասցրել ենք բավականին հանդիպումներ ունենալ: Կարող ենք զարգացնել համագործակցությունը զբոսաշրջության, ներդրումների, առևտրի, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ու ԶԼՄ-ների համագործակցության ոլորտներում: Հոկտեմբերին Հեյլունցզիան նահանգից լրագրողներ կայցելեն Հայաստան»։
Սեպտեմբերի 22-ին էլ նախատեսվում է Հեյլունցզիանում ագրարագյուղացիական ցուցահանդես կազմակերպել հայաստանյան ապրանքների ներկայացմամբ՝ ասաց:
Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանն էլ տեղեկացրեց, որ չինացիները հետաքրքրված են հայկական պտուղ- բանջարեղենով ու մտածում են Հայաստանում վերամշակող ձեռնարկություններ հիմնել։
Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունը, ըստ Հեյլունցզիան նահանգի միջազգային առևտրի աջակցման չինական կոմիտեի գլխավոր քարտուղար Գուան Հեյբինի, ոչ թե խոչընդոտում, այլ հակառակը՝ նպաստում հայ-չինական համագործակցությանը: Այս հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ ոչ միայն Նոր մետաքսի ճանապարհի երկրների նկատմամբ ունեցած հետաքրքրություն է, այլև հենց Հայաստանի՝ որպես համագործակցության հնարավորություն ունեցող երկրի՝ ասաց:
--