Մամուլի տեսություն 14-08-2016
9 ամիս առաջ Անկարան ՆԱՏՕ-ին կոչ արեց իր անդամների նկատմամբ ունեցած պարտավորությունների շրջանակում պաշտպանել Թուրքիային Ռուսաստանի ռազմական սպառնալիքներից: Իսկ այս օրերին Թուրքիայի նախագահը այցելելով Մոսկվա իր ռուս պաշտոնակցին կոչում է սիրելի բարեկամ:
Համշահրի
Թուրքիան խաղում է արտաքին քաղաքականության խաղաքարտերով
9 ամիս առաջ Անկարան ՆԱՏՕ-ին կոչ արեց իր անդամների նկատմամբ ունեցած պարտավորությունների շրջանակում պաշտպանել Թուրքիային Ռուսաստանի ռազմական սպառնալիքներից: Իսկ այս օրերին Թուրքիայի նախագահը այցելելով Մոսկվա իր ռուս պաշտոնակցին կոչում է սիրելի բարեկամ: Նա ասում է ,որ Պուտինի հետ պետք է բանակցի տարածաշրջանային ու տնտեսական շատ հարցերի շուրջ: Սա Միջին Արևելյան տարածաշրջանի ու ողջ աշխարհի արագ տեմպերով իրադարձությունների արդյունքն է և իհարկե վկայում է,որ Թուրքիան խաղում է իր արտաքին քաղաքականության խաղաքարտերով: Անկարան քաջ գիտակցում է,որ ունի ռազմավարական ակտիվներ, հետևաբար լավագույնս օգտագործում է իր ակտիվներն ու գեոպոլիտիկական դիրքը: Թուրքիայի դիրքը և այդ երկրի իշխանավորների կողմից այդ դիրքի լավագույնս օգտագործումը պատճառ են դարձել, որ վերջին տարիներին չնայած ներքին ու արտաքին սպառնալիքներին, ամեն ինչ վերջացած չլինի Թուրքիայի համար: Էրդողանի Մոսկվա կատարած այցը և այս օրերին երկու կողմերի ջերմ շփումները չեն նշանակում ,որ Թուրքիան դուրս է գալու ՆԱՏՕ-ի կազմից և Ռուսաստանի հետ ռազմավարական կոալիցիա է կազմելու: Տարիներ ռազմավարական մրցակցությունը և իհարկե Սիրիայի այժմյան պատերազմը ,որ այդ մրցակցության մի մասն է համարվում, մի գիշերով չեն վերածվում ընկերակցության:
Էրդողանը Պուտինի հետ խոսում ու քայլեր է ձեռնարկում առևտրական ու ռազմական պատվիրակություններ Մոսկվա գործուղման ուղղությամբ,բայց այդ խոսքերի ու պլանների հետևում ծրագրամշակում է արևմուտքի հետ Թուրքիայի հարաբերությունների ապագան: ԱՄՆ-ն ու Եվրոպան Թուրքիայի կարիքն ունեն:
Իրաքի ու Սիրիայի պատերազմները և փախստականների հարցը Թուրքիան դարձրել են կարևոր երկիր արևմուտքի համար: Ու դեռ երկար ժամանակ արևմուտքն այդ երկրին կպահի ,որպես կարևոր ու որոշիչ երկիր: Թուրքիան էլ փորձում է սպառնալիքներին ու վնասներին զուգահեռ այդ գործոնները դարձնել հնարավորություն իր համար: Մի կողմից իր թշնամու թշնամու ՝ Ռուսաստանի հետ հարաբերություններ է ծավալում ,իսկ մյուս կողմից արևմուտքին պատգամում է ,որ կարող է Սիրիայում ՌԴ-ի ռազմական ներկայության սպառնալիքը վերածել հնարավորության:
Էրդողանը արտաքին քաղաքականության խաղաքարտերով խաղալով թե արտոնությունն է ստանում Սիրիայում ու Իրաքում ընթացող իրադարձությունների և քրդերի դեմ պատերազմի հետևանքները նվազեցնելու համար ,թե՛ արևմուտքին պարտադրում է լռություն պահպանել այս օրերին Թուրքիայում գործադրվող ճնշումների նկատմամբ:
---
News.am
Թուրքագետ. Անկարան բաց է թողել «Թուրքական հոսքի» հետ կապված հնարավորությունը
Թուրքիան բաց է թողել «Թուրքական հոսքի» հետ կապված իր հնարավորությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռայեւսկին:
Անդրադառնալով Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքներին՝ թուրքագետը նշում է, որ ռուս-թուրքական հարաբերությունների լավացումը վաղուց ակնկալվող գործընթաց էր: Նա հիշեցնում է, որ տնտեսական հարաբերությունների լիակատար վերականգնման որոշում է ընդունվել, ինչը շատ կարեւոր է:
«Սակայն «Թուրքական հոսքի» մասով թուրքերն արդեն բաց են թողել իրենց հնարավորությունը: Խոսքը խողովակաշարի 4 ճյուղերի մասին էր: Այդ գործընթացը սկսվեց հատկապես Հայոց ցեղասպանության տարելիցին Պուտինի՝ Երեւան կատարած այցից հետո, երբ նա ծաղկեպսակ դրեց հուշահամալիրում՝ արտահայտելով իր համերաշխությունը Հայաստանին: Դա բնական է, քանի որ մենք դրան այլ մոտեցում չունենք: Էրդողանը որոշեց դրանից վիրավորվել: Դե, ինչ, դա նրա ընտրությունն էր»,- ընդգծում է Վիկտոր Նադեին-Ռայեւսկին:
Թուրքագետը շարունակում է, որ դրան համապատասխան էլ կազմակերպում էին տնտեսական զանազան կառույցները: «Իսկ վերջնարդյունքում նրանք սկսեցին գազի բավական անհիմն զեղչեր պահանջել, քանի որ առանց այդ էլ համաշխարհային շուկայում գազի գինն ընկել էր: Եվ դրա հիման վրա ասում էին, որ բավական է նաեւ մեկ ճյուղը: Դա ինչով ավարտվե՞ց: «Գազպրոմն» ուղղակի իր մատակարարումները վերակողմնորոշեց «Հյուսիսային հոսք-2» նախագծի ուղղությամբ: Իսկ դա այն ծավալի կեսն է, որը նախատեսվում էր մատակարարել «Թուրքական հոսքով»,- ընդգծում է Նադեին-Ռայեւսկին:
Թուրքագետի կարծիքով՝ Սանկտ Պետերբուրգի բանակցություններում արդեն խոսք էր գնում միանգամայն այլ ծավալի մասին՝ մի ճյուղով Թուրքիա, մեկ այլ ճյուղով՝ Եվրոպա: «Դա արդեն փաստ է: Եվ կարելի է ասել, որ Թուրքիան արդեն չի լինի այն հանգույցը, որը Եվրոպա փոխադրելու համար ռուսական գազը պետք է տեղաբաշխեր լրացուցիչ ճյուղերով: Այնուհետեւ ռուսական կողմը գնաց մի շարք միջոցառումների՝ գազ ստացողները պետք է պայմանավորվեն Եվրահանձնաժողովի հետ՝ նրա էներգետիկ փաթեթի շրջանակում, իսկ մենք պետք է հետեւություն անենք եւ գործենք վերջնարդյունքի համեմատ»,- ամփոփում է Վիկտոր Նադեին-Ռայեւսկին:
«Թուքական հոսք» գազատարը պլանավորվել էր անցկացնել Սեւ ծովի հատակով՝ Անապայից Թուրքիա: Այնուհետեւ Թուրքիայի եւ Հունաստանի սահմանին նախատեսվում էր գազային հանգույցի կառուցում, որտեղից գազն ուղղվելու էր եվրոպական երկրներ: Ռուսաստանի տարածքում գազատարի կառուցման համար նախատեսվում էր օգտագործել նախկինում «Հարավային հոսքի» համար կառուցված ենթակառուցվածքները:
2015-ի նոյեմբերի 26-ին հայտարարվել է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից ռուսական Սու-24-ի ոչնչացման հետ կապված Ռուսաստանը դադարեցնում է Թուրքիայի հետ մի շարք ներդրումային նախագծերի եւ առեւտրային համաձայնագրերի, այդ թվում՝ «Թուրքական հոսքի» աշխատանքները: Դեկտեմբերի 3-ին ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ «Թուրքական հոսք» նախագիծը կասեցված է:
2016-ի հուլիսի 24-ին ՌԴ վարչապետի տեղակալ Արկադի Դվորկովիչը հայտարարել է, որ «Թուրքական հոսքը» վերականգնելու Թուրքիայի պատրաստակամության մասին: Ընթացիկ տարվա օգոստոսի 9-ին Ռուսաստանի եւ Թուրքիայի ղեկավարների հանդիպման ընթացքում հայտարարվել է մի շարք էներգետիկ նախագծերի ուղղությամբ փոխգործակցության վերականգնման մասին, այդ թվում՝ «Թուրքական հոսքի»: Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ «Թուրքական հոսք» նախագծի իրականացումը Թուրքիա գազ մատակարարելու մասով կասկածի ենթակա չէ:
----
News.am
Փոլ Ստրոնսկի. Հայաստանի իշխանությունների եւ հասարակության միջեւ խզումն աճում է
Հայաստանում վերջերս արձանագրված անկայունությունը իշխանության եւ ամբողջ հասարակության միջեւ աճող խզման վերջին օրինակն է: Այս մասին նշված է Վաշինգթոնի Քարնեգի կենտրոնի Ռուսաստանի եւ Եվրասիայի ուսումնասիրման ծրագրի ավագ գիտաշխատող Փոլ Ստրոնսկու հոդվածում:
Նա գրում է, որ հայերն ավելի ու ավելի են հոգնել առաջնորդների քաղաքական ինտրիգներից, որոնք երկիրը կառավարում են անկախությունից ի վեր: Տնտեսության անկմանը եւ անվտանգության ոլորտում իրավիճակին համաչափ շատերը հարցականի տակ են դնում դեպի Ռուսաստան երկրի վաղեմի կողմնորոշման առավելության հարցը:
Վերլուծաբանը ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ 2013 թվականից սկսած Հայաստանում հաճախակի ընդվզումները ունեն երեք պատճառ. զայրույթ արմատացող օլիգարխիկ համակարգի պատճառով, դժգոհություն քաղաքական եւ տնտեսական կյանքի բոլոր ուղղություններում համատարած կոռուպցիայից, եւ վերջապես այն փաստը, որ երկրի քաղաքական ինստիտուտները եւ առաջնորդները ժողովրդի եւ ազգի հաշվին իրենց շահերն են հետապնդում:
«Վերջին ամիսների ընթացքում երկու իրադարձություն խորացրին ստատուս քվոյից հիասթափությունը»,- գրում է Սթրոնսկին: Դրանցից մեկը Սահմանադրության հանրաքվեն էր, երկրորդը Ադրբեջանի հետ չորսօրյա պատերազմը: «Այդ իրադարձությունները մարդկանցից շատերի աչքերում արատավորեցին իշխանությունների իմիջը»,- կարծում է հեղինակը:
Նա նշում է, որ Հայաստանի իրադարձությունները մտահոգություն են առաջացնում:
Ընդդիմադիր զինված խմբի կողմից ոստիկանական բաժանմունքի գրոհը եւ ոստիկանության աշխատակիցների սպանություններն ուղղված էին երկրում քաղաքականության փոփոխությանը: «Խումբը մեծ աջակցություն չէր վայելում նախքան գրոհը, պաշտոնատար անձանց պատանդ վերցնելը, նախագահի հրաժարականը պահանջելը եւ Ադրբեջանին որեւէ զիջում կատարելուց հրաժարվելու կոչ անելը»,- գրում է Ստրոնսկին՝ հավելելով, որ նրանց պահանջները հասարակությունը խանդավառությամբ ընդունեց ապրիլյան իրադարձությունների, Բաքվի հետ փոխզիջման գնալու նպատակով Երեւանի վրա ռուսական եւ միջազգային ճնշմամբ պայմանավորված անհանգստության պատճառով եւ այն համոզվածության, որ քաղաքականության վրա ներգործելու միակ ելքը փողոցներ դուրս գալն է:
Վերլուծաբանի պնդմամբ՝ այն, ինչ Հայաստանում տեղի ունեցավ, եզակի երեւույթ չէ, բայց Հայաստանում առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում քաղաքական անկայունությունը, ինչպես նաեւ կառավարության եւ հասարակության միջեւ մշտապես խորացող խզումը:
«Ադրբեջանի հետ հարաբերություններում լարվածության մեծացման, Թուրքիայում քաղաքական անորոշության, ինչպես նաեւ տարածաշրջանում տնտեսական անկման հետ համադրելիս երկիրը կանգնում է ուղեփակոցի առջեւ: Հաշվի առնելով այս բոլոր խնդիրները՝ միջազգային հանրության համար ժամանակն է Հայաստանին եւ հայերին հիշեցնելու հետեւել սահմանադրական կարգին (նույնիսկ եթե այն թերություններ ունի) եւ ուժի կիրառումից ձեռնպահ մնալ»,- եզրափակում է հեղինակը: