Մամուլի տեսություն 17-08-2016
ԱՄՆ-ում նոյեմբերի 8-ին կայանալիք նախագահական ընտրություններում ընտրակեղծիքների վերաբերյալ շշուկներ են տարածվել:
Համշահրի
ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները և ընտրակեղծիքների վերաբերյալ շշուկները
Ավելի քիչ քան 90 օր է մնացել ԱՄՆ նախագահական ընտրությունների կայացմանը։ Այն ինչ այս օրերին հաճախ են լսվում ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ հայտարարություններն են։ Երկու շաբաթ առաջ ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից երկրի նախագահի սկանդալային թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը մտահոգություն է հայտնել նոյեմբերի 8-ի ընտրություններում զանգվածային ընտրակեղծիքներ թույլ տրվելու կապակցությամբ: Թրամփն ասել է, որ կեղծիքների մասին հստակ փաստեր չունի, քանի որ քվեարկությունը դեռևս չի կայացել:
Թրամփն իր ընտրարշավի կայքում կողմնակիցներին ուղղակիորեն կոչ է արել օգնել իրեն՝ խաբեություն թույլ չտալու համար: «Օգնեք ինձ՝ Քլինթոնին թույլ չտալ կեղծել քվեարկության արդյունքները»,-նշել է միլիարդատերը:Այսպիսով՝ նա հերթական սկանդալն է հրահրել ԱՄՆ-ում՝ հայտարարելով, որ ընտրություններում Քլինթոնին կարող է պարտվել միայն զանգվածային ընտրակեղծիքների դեպքում։
Առաջին անգամ ԱՄՆ ընտրությունների պատմության մեջ մի թեկնածու խոսում է ընտրություններում թույլ տրվող կեղծիքների մասին:Վերջերս ընտրակեղծիքները դարձել են ԱՄՆ-ի ընտրությունների առանցքային հարցերից: Երեկ Բլումբերգի կայքը հրապարակել է ամերիկացի ընտրողների շրջանում անցկացրած սոցհարցման արդյունքները, որոնք ցույց են տալիս ,որ ԱՄՆ-ի ժողովուրդը գնալով կասկածում է նոյեմբերին առողջ ընտրությունների կայացմանը:
Financial Times թերթը գրել է.«Հարավային Կառոլինայում Թրամփի կողմնակիցների մոտ 70 տոկոսը համոզված է,որ եթե այդ նահանգում ընտրությունների արդյունքում Թրամփը չհաղթի, նշանակում է,որ նրա դեմոկրատական մրցակից Հիլարի Քլինթոնի կողմից ընտրակեղծիքներ են թույլ տրվել»:
Բլումբերգի տվյալներով Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը 6 տոկոսով առաջ է անցել Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփից:
Նշվում է, որ Քլինթոնի օգտին պատրաստ է քվեարկել սևամորթների 66 տոկոսը: Քլինթոնի օգտին քվեարկողների 59 տոկոսը ունի համալսարանական կրթություն: Իսկ Թրամփի օգտին քվեարկողների 75 տոկոսը չունի համալսարանական կրթություն:
Գերմանական Շպիգել թերթը գրում է.«Թրամփը պարտվելու է խաղադաշտում»: Պարբերականը Դոնալդ Թրամփին համարել է աշխարհի մեծագույն սպառնալիքներից մեկը»:«Թրամփը անցած մեկ տարվա ընթացքում ունեցած իր նախընտրական ելույթներում բազմիցս խոսել է բռնություն կիրառելու մասին: Նա քաղաքական փորձ չունենալուց բացի, նախագահ դառնալու արժանիքներ չունի: Նա իրական սպառնալիք է ընդդեմ աշխարհի: Թրամփը մեծ ստախոս է» ,եզրափակել է Շպիգելը:
---
NEWS.am
Տնտեսագիտության դոկտոր Կարեն Ադոնց. Հայաստանի տնտեսությունը ոչ ոքի հետաքրքիր չէ
«Երբ տնտեսությունը չի կառավարվում, չունի հեռանկարներ և շուկաներ, տեխնոլոգիաներ: Ընդհանրապես վարկային վարչարարությունն ու կառավարման ռազմավարությունը մեզ մոտ պարզապես բացակայում են։ Ինչո՞վ է զբաղված էկոնոմիկայի նախարարությունը, ո՞ւր է մեր ռազմավարությունը, ի՞նչ է լինելու մեկ տարի, հինգ տարի, տասը տարի հետո. այսինքն՝ Հայաստանն ինքն է մեղավոր, որ տնտեսությունն այս վիճակում է հայտնվել»,-ասել է տնտեսագիտության դոկտոր Կարեն Ադոնցը NEWS.am-ին տված հարցազրույցի ժամանակ:
Հաշվի առնելով, որ Հայաստանի տնտեսությունը մինչեւ հատակ է իջել, հիմնված է ավանդական ոլորտների վրա՝ վերամշակող, հումքային, տրանսֆերներ։ Այս պահանջարկային դաշտի հենքի վրա մենք ունենք շատ ցածր ծավալներով, տեխնոլոգիապես հետամնաց, շուկաներից կտրված տնտեսություն, որը, իհարկե, չի փլուզվի: Մոտ 10-10.5%-անոց ՀՆԱ ունեցող տնտեսությունը հնարավոր է պահպանել նույնիսկ փոքր վարկերով, որպեսզի այս վիճակում գոնե 1-2%-ի դինամիկա լինի: Հաշվի առնելով արտաքին շուկաների վիճակը, այսօրվա ռազմավարությունը, ներդրումային դաշտը, փաստորեն՝ Հայաստանում ներդրումներ կատարելն իրատեսական չէ: Մեր երկրում որեւէ ներդրում կատարելն ավելի ծախսատար է, քան Վրաստանում: Ներդրումային հնարավորություններով մենք շուրջ 40%-ով զիջում ենք մեր հարեւան երկրին: Վտանգներ միանշանակ կան, եւ մենք պետք է քայլեր ձեռնարկենք ու հասկանանք, թե ուր ենք շարժվելու։ Քաղաքական գործընթացները մեզ որեւէ բան չեն խոստանում. Կալաշնիկովով, ցույցերով եւ երթերով տնտեսություն չես ստեղծի, խնդիրներ չես հաղթահարի, այլ շատ ավելի խնդիրներ կստեղծես։ Չեմ ասում, որ չպետք է պայքարել, բայց պետք է հասկանալ, որ այսօր մեր վիճակը շատ ավելի ծանր է, որպեսզի կարողանանք նման քայլերով, առճակատմամբ որեւէ հարց լուծել,հավելել է Ադոնցը։
Նրա խոսքերով՝ այսօր բարեփոխումներով կառավարման համակարգն անում է այն, ինչ կարող է անել, իշխանություններն այսօր ավելին անել, կարծում եմ, չեն կարող, հնարավորություն չունեն։ Այսօր Հայաստանի իշխանության ձեռքում միայն հարկային գործիքներ են՝ հարկային եւ մաքսային վարչարարությունը, այլ գործիքներ՝ հարկային արտոնություններ, չկան։ Ինչ վերաբերում է վարկերին. ներդրումները խթանելու համար մենք բարձր տոկոսադրույքներ ունենք։ Ի՞նչ պետք է անի կառավարությունը, երբ բանկային համակարգը համապատասխանեցրել է օլիգարխիկ համակարգի հետ։ Նա հիմնականում աշխատում է օլիգարխիկ համակարգի, բարձր շահութաբերություն ունեցող ձեռնարկությունների հետ, որպեսզի կարողանա բարձր տոկոսադրույքներով միջոցներ ներդնել։ Այսինքն՝ իշխանությունը, նույնիսկ ցանկության դեպքում, չի կարող բարեփոխումներ իրականացնել:
Իսկ խնդիրը կարող է լուծել հայ հանրությունը, հասարակությունը՝ համախմբելով իր ուժերը թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, հենվելով գոյություն ունեցող առկա սպառողական, ներդրումային հնարավորությունների վրա, համախմբելով շուկաները եւ դրանք կապելով Հայաստանի տնտեսության, նոր զարգացող ոլորտների հետ։
Աշխարհում մեկ շնչի ՀՆԱ-ով յոթ լիգա գոյություն ունի, եւ մենք գտնվում ենք վերջին՝ 7-րդ լիգայում։ Մեր ՀՆԱ-ով, մեր մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն՝ շուրջ 3.3-3.5 հազար դոլար է, ամենավերջին կետում ենք։ Պետք է մտածել գոնե 5-րդ լիգա բարձրանալու մասին։ Այս վիճակում քննարկել, թե մենք ունենք մեկ տոկոս կամ ավելի տնտեսական աճ, անիմաստ է եւ անհետաքրքիր։
Մենք ունենք հնարավորություն. ունենք սփյուռք, որը տնտեսական ներուժ ունի, շուկաներ, որոնք վերահսկում է, պետք է փորձենք դրանք կապել Հայաստանի հետ: Իսկ հեռանկարի մասին... չգիտեմ՝ ինչ հեռանկարի մասին են խոսում մյուս տնտեսագետները, բայց ես կարծում եմ, որ մենք չենք կարող զարգանալ այն տեմպերով, որ տասը տարվա ընթացքում եռապատկենք մեր տնտեսության ցուցանիշները։ Եռապատկել՝ նշանակում է եռապատկել էներգետիկ համակարգը, առեւտուրը, արտադրությունը, սպասարկման ոլորտը։ Մենք հումքային բազա չունենք, որ եռապատկենք հումքային ռեսուրսները՝ պղինձը, մոլիբդենը: Չենք կարող տասը տարվա ընթացքում արդյունահանել այդ ռեսուրսները։ Այսօր չենք կարող շատ առաջ գնալ, բայց նման նպատակ դնել պարտադիր է։ Եթե դա չանենք, անիմաստ է խոսել այլ հարցերի մասին՝ հողեր, անվտանգություն եւ այլն։
Պատասխանելով NEWS.am-ի Հայաստանը որտե՞ղ պետք է այլընտրանքային դաշնակիցներ փնտրի հարցին , տնտեսագիտության դոկտոր Կարեն Ադոնցն ասել է- Իմ կարծիքով, Հայաստանը չպետք է ավելորդ եվրոպամետ կեցվածք ընդուներ, հայտարարեր, թե միանում է Եվրոպական ասոցացման ծրագրին։ Եթե դա չաներ, չէր ծագի նաեւ ԵՏՄ-ի հարցը: Հայաստանը դեռեւս պետք է զբաղվեր իր խնդիրներով, համախմբեր սփյուռքը, իր ներուժն ամրապնդեր: Դրանից հետո միայն պարզ կդառնար, թե որ ուղղությամբ է շարժվելու։ ԵՏՄ-ին անդամակցությունը հիմա էլ չի խանգարի, եթե սկսենք ուժեղանալ։ Ըստ էության, ԵՏՄ-ում մեզ նորմալ չեն ճանաչում. փոքր տնտեսություն ենք, որեւէ հեղինակություն չենք վայելում, չենք կարող քաղաքական հեղինակություն վայելել, որովհետեւ տնտեսություն չունենք։ Ռուսաստանից բացի՝ ոչ ոքի Հայաստանի տնտեսությունը հետաքրքիր չէ: Բայց հետաքրքիր չենք նաեւ Ռուսաստանի համար. մենք Ռուսաստան շուրջ 350 մլն դոլարի ապրանք ենք արտահանում: Դա խայտառակություն է, այդ երկիրը մեր միակ խոշոր գործընկերն է, այն էլ՝ վերամշակվող արտադրանքի մասով, այսինքն՝ ոչ մի լուրջ բան։ Եվ ուզում ենք ԵՏՄ-ում տեղ ու դիրք ունենալ... Եթե կարողանանք դրսեւորվել, ինչ-որ նորարարությամբ հանդես գալ, ամրապնդվել տնտեսապես, մեզ հետ հարգանքով կխոսեն ոչ միայն ԵՏՄ անդամ պետությունները, այլեւ այլ երկրներ։ Նրանց համար մեր գեղեցիկ խոսքերը նշանակություն չունեն, նրանք նայում են մեր տնտեսության վիճակին:
Բոլոր քաղաքական գործընթացների հիմքում տնտեսությունն է: Ասում են՝ մենք կարեւոր կշիռ ունենք աշխարհաքաղաքական առումով: Չունե՛նք մենք նման նման կշիռ։ Մենք տարածք ենք, որը հիմա կարեւոր է մարդկանց համար, որպեսզի չկրակեն, պատերազմ չլինի։ Ի՞նչ կշռի մասին է խոսքը, երբ 10 միլիարդանոց տնտեսությամբ եվրոպական երկրներ արտահանում ենք միայն հումք: Իրականությունն այն է, որ մենք երրորդ կարգի երկիր ենք: Սա, կարծես, պետք է վիրավորի մեզ, բայց չի վիրավորում, իսկ դա խնդիր է։ Եթե փողոցում ինչ-որ մեկը մի թթու խոսք ասի, կարող ենք դանակով լուծել հարցը, բայց մեր այս վիճակը մեզ չի վիրավորում։ Եթե այս վիճակից դուրս չգանք, կհարմարվենք ու գլուխներս կախ կապրենք՝ Երեւանի կենտրոնում սուրճ խմելով:
Բայց կարող ենք արագորեն զարգանալ: Պետք է հասկանանք, որ երկիր ունենք, թշնամիներ ունենք։ Մենք կարող ենք արագորեն զարգանալ, այո՛, կարող ենք։ Չեմ ասում՝ գնացեք ԱՄՆ-ին խնդրեք, Եվրոպային խնդրեք: Ամենեւին: Բռնեք հայերի ձեռքը, խոսեք նրանց հետ, քայլ առ քայլ առաջ շարժվեք... ունենք այդ ներուժը։ Խոսելով, միտինգներով չենք ուժեղանա։ Մարդկանց գործից կտրում են, ասում են՝ պայքարեք, բայց ո՞ւմ դեմ, ինչի՞ դեմ պայքարեք։ Այսօր հանրությունը կիսվել է։ Տեսեք՝ ինչպես են տրամադրված իշխանամետներն ու ընդդիմադիրները, ինչքան ատելություն կա այս փոքր երկրում։ Ես վստահ եմ, որ մենք կարող ենք շատ արագ առաջ շարժվել, մարդիկ կոգեւորվեն, գործի կանցնեն, կնվիրվեն այդ նպատակներին, որովհետեւ դա է հետաքրքիր եւ ոգեւորող՝ նորարարությունը, ստեղծագործ միտքը, աշխատանքը։ Մոտեցեք չինովնիկին եւ հարցրեք, թե ո՞ւր է տանում երկիրը, ինչո՞վ է զբաղված: Հիմա տեխնոլոգիաներն արագորեն զարգանում են, իսկ Հայաստանի տնտեսությունը հետամնաց է, հիմնականում բազային ոլորտներն են, հումքի արդյունահանումը մեզ համար դարձել է կարեւորագույն ոլորտ: Մեզ համար կարեւոր են դարձել նաեւ տրանսֆերները, որոնք քայքայում են տնտեսությունը։
Եթե մի երկրի համար գյուղատնտեսությունն ու վերամշակումը ռազմավարական ճյուղ են, ուրեմն այդ երկիրը տնտեսություն չունի: Սպասարկման ոլորտը, բանկային համակարգը՝ իր տոկոսադրույքներով, մեր չնչին թոշակները, ծանր սոցիալական բեռը։ Ինչի՞ մասին է խոսքը... Չի կարելի այդպես շարժվել, իշխանություններն ի վիճակի չեն փոխել վիճակը։ Եթե օլիգարխներին չստիպեին շենքեր կառուցել, մեր տնտեսությունն ընդհանրապես ներդրումներ չէր ունենա: Ճանապարհը մեկն է. պետք է լինի հասարակություն, որը պատասխանատվություն է կրում ապագայի համար: