Մամուլի տեսություն 18-08-2016
Պեկինը և Դամասկոսը համաձայնության են եկել պաշտոնապես բացահայտել իրենց ռազմական սերտ հարաբերությունները:
Շարղ
Չինաստանի բանակը մարդասիրական օգնություն է տրամադրելու Սիրիային
Վերջին գերտերության մուտքը Սիրիա
Անցած տարի սիրիական պատերազմի վերականգնումից ի վեր միշտ թափուր է մնացել համաշխարհային մի մեծ դերակատարի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) տեղը։ Այնուամենայնիվ թվում է, որ վերջին գերտերության աշխարհի ամենավտանգավոր ու ամենաանկայուն տարածք մուտք գործելով, իրավիճակը փոխվելու է։
Շարղ թերթը վկայակոչելով «Սինհուա» լրատվական գործակալությունը գրում է․-«Պեկինը և Դամասկոսը համաձայնության են եկել պաշտոնապես բացահայտել իրենց ռազմական սերտ հարաբերությունները և Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի հետևանքով տուժածներին հումանիտար օգնություն տրամադրելու շրջանակում այդ երկիր զորաշարժ կատարելու և կառավարության կողմնակիցներին միանալու հնարավորություն ստեղծել։
Չինաստանի բանակի կենտրոնական հանձնաժողովում միջազգային ռազմական համագործակցությունների գրասենյակի քարտուղար` Գուան Յուֆին այն դեպքում է երեքշաբթի օրն այցելել Դամասկոս և բանակցել Սիրիայի պաշտպանության նախարար՝ Ֆահդ ալ-Ջասեմ ալ-Ֆրիջի հետ, երբ նշվում է,որ հանդիպման առանցքներն են կազմել՝ Չինաստանի ռազմական մարզիչների կողմից սիրիացի զինծառայողներին ռազմական ուսուցումներ տրվելը և այդ երկրի բանակի կողմից մարդասիրական օգնությունների տրամադրումը:
Դեռևս մանրամասներ չեն հաղորդվել ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:
Չինացի վերլուծաբան՝ Ժին Դո Ժոն ասել է ,որ Չինաստանի բանակի Սիրիայում միջնորդելու հավանականությունը փոքր է, բայց ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են լինել առաջին քայլը Սիրիայի ճգնաժամում Պեկինի ակտիվ ներկայության համար: Չինացի վերլուծաբանը «Ռաշա թուդեյ»ին տված հարցազրույցում ասել է.«Չինաստանի մոտ 100 քաղաքացիներ ներգրավված են ԻԼԻՊ-ի շարքերում և այս երկրին ուղղված են ահաբեկչական սպառնալիքներ, հետևաբար Պեկինը հանրային կարծիքի ճնշման ներքո՝ ՌԴ-ի ռազմական միջնորդությանը և ահաբեկիչների դեմ մղվող պայքարում Ասադի կառավարության ջանքերին աջակցելուց բացի այլ ելք չունի»:
Այսպիսով Սիրիայի պատերազմում Չինաստանի միջամտության հեռանկարը կարող է սրել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում առկա լարվածությունները և վտանգել միջազգային ուժերի հավասարակշռությունը»,եզրափակում է Շարղ օրաթերթը:
---
News.am
Times. Օբաման կարող է փորձել պատմության մեջ մնալ Պուտինի հետ հաշտեցման միջոցով
Արտաքին քաղաքականության մեջ անհաջողություններից հետո ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որի պաշտոնավարման ժամկետը մոտենում է ավարտին, կարող է փորձել իր անունը թողնել պատմության մեջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հաշտեցման միջոցով, գրում է The Times-ը:
Թերթը նշում է, որ Սպիտակ տան ներկայիս ղեկավարը արտաքին քաղաքականության մեջ կշիռ չունի: Պաշտոնավարման առաջին տարիներին նա պաշտպանում էր այն գիծը, որ չգործելը պակաս վնասակար է, քան գործելը, ուստի չէր մտնում Սիրիա եւ առանձնապես ակտիվ չէր Լիբիայում: Օբաման ուզում էր, որ իրեն գնահատեն այն պատերազմներով, որոնք նա չի վարել, եւ արդյունքում անհասկանալի է, թե աշխարհի խոշորագույն ռազմական ուժը պատերազմելու ցանկություն ունի՞, թե՞ ոչ:
Ընդ որում, Օբաման ջանում էր, որպեսզի իր գործողություններն աշխատեին դպրոցական դասագրքերում կերպար ստեղծելու օգտին: Սակայն Կուբայի հետ ջերմացումը մռայլվեց Կաստրո եղբայրների՝ իշխանությունը կիսել չցանկանալու հանգամանքով։
Հոդվածագրի կարծիքով՝ Օբաման իր նախագահության վերջին մի քանի ամսում կարող է Պուտինի հետ գործարքի գնալ, որի էությունն այն է լինելու, որ ԱՄՆ-ը ձեռք կքաշի Ուկրաինայից, իսկ Ռուսաստանը կդադարի «խաղեր տալ» Թուրքիայի հետ: Հեղինակը կարծում է, որ Մոսկվան վստահ է՝ Վաշինգթոնն ավելի շատ շահագրգռված է Թուրքիային ՆԱՏՕ-ում պահելով, քան Ղրիմի առանձնացման պատճառով հակամարտությունը շարունակելով: Իսկ եվրոպացիներն, ակնհայտ է, որ ավելի շատ ուզում են Անկարայի հետ միգրացիոն գործարքը, քան Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին:
Օբաման, եթե շատ ցանկանա, կարող է օգտագործել վերջին հնարավորությունը, պատմության մեջ հետք թողնելու համար, ինչպես դա ժամանակին արեց ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանը՝ դնելով «սառը պատերազմի» ավարտի հիմքը, գրում է հեղինակը:
---
Armradio.am
Կարևոր ընտրություններ՝ 80 օր անց
Հանրապետական Դոնալդ Թրա՞մփ, թե՞ դեմոկրատ Հիլարի Քլինթոն. ԱՄՆ- ում սպասվող նախագահական ընտրապայքարում էական նշանակություն կունենա, թե նշված երկու թեկնածուներից ով կհաղթի: Այս ընտրությունների արդյունքը կարևոր է ոչ միայն ԱՄՆ համար, այլև աշխարհաքաղաքական հետագա զարգացումներում ու, անշուշտ, նաև ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում: Խոսելով թեկնածուների տարբեր հարցերում ունեցած դիրքորոշումների մասին՝ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ պետք է լավ հասկանալ նախ, թե ով է Թրամփը: Նա որակվում է իբրև ռասիստ, ում հետաքրքիր էլ չէ ղարաբաղյան կամ որևէ այլ հակամարտություն:
Վերջապես ո՞վ է Դոնալդ Թրամփը և ինչ փոփոխություններ են հնարավոր նրա նախագահության դեպքում։
Նրա որդեգրած դիրքորոշումը նպատակ ունի մեկուսացնել ԱՄՆ աշխարհից, սակայն դա հնարավոր չէ, քանի որ աշխարհում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում:
Մեհրաբյանը միևնույն ժամանակ նկատում է, որ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն էլ հայտնի է ռազմական գործողություններով խնդիրները լուծելու իր մոտեցմամբ: Ամեն դեպքում՝կանխատեսելիություն, ըստ նրա, ավելի լավ է:
Քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ Հարություն Ծատրյանի կարծիքով՝ հայերի համար ԱՄՆ նախագահի ընտրությունները չեն սահմանփակվում Հայոց ցեղասպանության ճանաչման հայտարարություններով, քանի որ բազմիցս տեսանք ու լսեցինք սուտ խոստումներ: Այսօր առավել կարևորվում է Հայաստան- Սփյուռք կապի ամրապնդման հարցը:
Ամեն դեպքում՝ ԱՄՆ նոր նախագահի ընտրությանը մնացել է 80 օր, նոյեմբերին ամերիկացիները կընտրեն իրենց 45-րդ նախագահին։ Իբրև Օբամայի նախագահության տարիների արդյունք ՌուբենՄեհրաբյանն ընդգծեց, որ 8 տարվա ընթացքում ԱՄՆ-ում էներգետիկ հեղափոխություն է տեղիունեցել` թերթաքարային էներգապաշարների շահագործման միջոցով։ Արդյունքում՝ աշխարհում նավթի եւ գազի գները կտրուկ անկում են ապրում անգամ սիրիական պատերազմի պայմաններում։Այս տարիների ընթացքում ԱՄՆ ում ստեղծվել է էլեկտրամոբիլների զանգվածային արտադրություն,որը ևս նպաստել է ամերիկյան էներգետիկ անկախությանը։