Մամուլի տեսություն 23-08-2016
Ավելի վաղ Ռուսաստանը հայտարարել էր, որ Եմենում ուղղակի ներկայություն է ունենալու և ռուսական արդիական ռազմական սարքերը հեռավոր տարածության վրա կարող են խոցել թիրախները:
Ղոդս
Արդյոք Ռուսաստանը մոտ ապագայում ռազմական միջամտություն կկատարի Եմենում
Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո, Միջին Արևելքում փոխվել են խաղի կանոնները և յուրաքանչյուր օրը , որ անցնում է նոր փոփոխություններ են նկատվում արաբական երկրներում: Սիրիայի ճգնաժամը հատկապես Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների վերականգնումից հետո նոր փուլ է թևակոխել:
Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններում տեղի ունեցած փոփոխության և այնուհետև Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո ԱՄՆ-ի հետ Անկարայի հարաբերությունների մթագնման հետևանքով զգալի փոփոխություններ են նկատվում տարածաշրջանում:
Երբ Ռուսաստանն իրեն փրկեց Թուրքիայի տարածքում ԱՄՆ-ի ռազմաբազաների վտանգից, սերտ ու ռազմավարական հարաբերություններ հաստատեց Իրանի հետ Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու համար:
Թվում է,որ ՌԴ մտադիր է Պարսիցծոցյան տարածաշրջանում ԱՄՆ-ի կողմից իրականացվող ռազմական քայլերին դեմ գնալով, աջակցել Իրանին ,ինչը նշանակում է թուլացնել Սաուդյան Արաբիայի դերակատարությունը Միջին Արևելքում: Սաուդյան Արաբիան ավելի վաղ հայտարարել էր,որ մտադիր է տապալել Սիրիայի համակարգը և եթե անհրաժեշտություն լինի, նույնիսկ պատրաստ է իր ռազմական ուժերին գործուղել Սիրիա: Արդյոք Սաուդյան Արաբիան Իրան-Ռուսաստան համագործակցությունից հետո նման քայլի դիմելու կարողություն ունի՞: Ամենայնդեպս Սաուդյան Արաբիայի յուրաքանչյուր ռազմական քայլը կարող է առթել ՌԴ-ի հակազդեցությունը:
Ավելի վաղ Ռուսաստանը հայտարարել էր, որ Եմենում ուղղակի ներկայություն է ունենալու և ռուսական արդիական ռազմական սարքերը հեռավոր տարածության վրա կարող են խոցել թիրախները:
Արդյոք Ռուսաստանն առաջիկայում հնարավորություն կունենա կատարել իր խոստումը և ի պաշտպանություն «Անսար Ալլահ» շարժմանը և Եմենի ժողովրդին առճակատվել Սաուդյան Արաբիայի հետ թե՞ ոչ:
Տարածաշրջանի որոշ երկրների ,այդ թվում Իրանի հետ Ռուսաստանի սերտ համագործակցությունը ուղղակի սպառնալիք է Եմենում Սաուդյան Արաբիայի նախագծի համար: Ռուսաստանն իր դաշնակիցների օգնությամբ կարողացավ ձախողման մատնել Սիրիայի համակարգի տապալմանն ուղղված ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի ծրագիրը,իսկ մյուս կողմից Սաուդյան Արաբիան չի կարողացել Եմենում իրականացնել իր հետապնդած նպատակները, ինչը կարող է Սաուդյան Արաբիայի ազգային անվտանգությունը կանգնեցնել լուրջ մարտահրավերների առջև :
Աղբյուր. «Ալ Ռայ Ալ յոմ»
Թարգ.Դկտ. Մոհամմեդ Ջավադ Գոդինի
«Ժողովուրդ»
Պերմյակովը պատիժը կկրի ՌԴ-ում. Նրան «կփոխանակեն» հայ վարորդի հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կհրապարակվի 2015-ի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանելու մեջ մեղադրվող, Ռուսաստանի՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի դատավճիռը։ Ինչպես եւ սպասվում է՝ նա կդատապարտվի ցմահ ազատազրկման։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով սակայն, ռուս զինվորն իր պատիժը կրելու է ոչ թե Հայաստանում, այլ կուղարկվի ՌԴ՝ պատիժների կրման համար նախատեսված հաստատություն։ ՀՀ եւ ՌԴ իշխանությունները, շատ լավ գիտակցելով, որ Պերմյակովին Ռուսաստան տեղափոխելը Հայաստանում կարող է դժգոհության նոր ալիք բարձրացնել, քննարկում են զինվորին ՀՀ քաղաքացի, 2013 թ, հուլիսի 13-ի ՌԴ-ում դժբախտ պատահարի համար կալանավորված ավտոբուսի վարորդ Հրաչյա Հարությունյանի հետ «փոխանակելու» տարբերակը։
Այսինքն՝ երբ Պերմյակովին Ռուսաստան տեղափոխեն, անմիջապես կհայտարարվի նաեւ, որ Հարությունյանն էլ հանձնվելու է ՀՀ իրավապահներին»:
----
News.am
Թուրքիան դեռ շարունակվում է ցնցվել եւ կայունությունը դեռ բավական հեռու է թվում. Վահրամ Տեր-Մաթևոսյան
«Թուրքիայում չհաջողված ռազմական հեղաշրջումից անցել է մեկ ամսից ավելի, սակայն Թուրքիան դեռ շարունակվում է ցնցվել եւ կայունությունը դեռ բավական հեռու է թվում: Այս պահի դրությամբ թվում է թե միայն շահել են Էրդողանը եւ այն քաղաքական թիմը, որ իրեն սատարում է, սակայն, դեռ շատ ջուր է հոսելու եւ շատ անորոշություն կա օդից կախված, որովհետեւ այն գործընթացները, որ շարունակվում էին դրանից առաջ եւ այն, ինչ տեղի ունեցավ երեկ եւ այսօր Թուրքիայում գալիս է վկայելու, որ Թուրքիայի քաղաքացիական պատերազմը դեռ շարունակվում է, եւ հեղաշրջման փորձը դա զինվորականության մեջ գտնվող մի փոքր հատվածի խռովությունն էր եւ բավական անհաջող կազմակերպված փորձ, որի նպատակն էր ավելի շատ վնաս հասցնելու Էրդողանին, քան զրկելու իրեն իշխանությունից, որովհետեւ նման կերպ, նման հեղինակություն վայելող քաղաքական գործչին իշխանությունից չեն հեռացնում»,ասել է Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթևոսյանը News.am-ին տված հարցազրույցում։
«Գյուլենին չհանձնելը արդյոք կմեծացնի՞ լարվածությունը Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջև հարցին պատասխանելով՝ ավագ գիտաշխատող,պատմաբան՝Վահրամ Տեր Մաթևոսյանն ասել է․-«Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները արդեն լարված վիճակում են։ ԱՄՆ-ի նախագահ Օբաման հեղաշրջման փորձից մի քանի օր անց նշեց, որ Գյուլենի արտահանձնման գործը հեշտ գործ չէ, որովհետեւ դրա համար անհրաժեշտ են ծանրակշիռ անհերքելի փաստեր, որ Գյուլենը ուղղակիորեն ներգրավված է եղել: Եթե անգամ այդ փաստերը տրամադրվեն, ապա դրա համար հարկավոր է երկարատեւ գործընթաց։ Ամերիկյան դատական համակարգի մի քանի ինստանցիաներով անհրաժեշտ է անցնել, որպեսզի հնարավոր լինի Գյուլենին արտահանձնել Թուրքիայի իրավապահ համակարգին, ինչն անուղղակի ակնարկ էր, որ դա հեշտ չէ: Իրականում առաջին անգամ չէ, որ Էդողանը ցանկանում է, որ Գյուլենին հանձնեն Թուրքիային: Մինչ այս հեղաշրջումը եւս մի քանի անգամ տարիներ առաջ՝ 2013թ. դեկտեմբերի սկանդալային դեպքերից հետո Էրդողանը բազմիցս նշել է, որ Գյուլենը այս կամ այն կերպ սատարում է Թուրքիայի պետականության դեմ պայքարող ուժերին, հետևաբար նրան պետք է արտահանձնել, սակայն ինչպես տեսնում ենք դրանք մինչ այժմ անարդյունավետ են եղել:
Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունների մասին Տեր Մաթևոսյանն ասել է․-«ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին հակառակ, Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները սկսեցին բարելավվել, կամ առաջին փորձերն արվեցին այն բանից հետո, երբ Էրդողանը դժկամ ներողություն հայտնեց։ Արդեն մենք հիմա հասկացանք, որ Նազարբաեւը բավական մեծ դերակատարում է ունեցել այդ կուլիսային դիվանագիտության մեջ: Եվ իրոք, այս պահի դրությամբ, Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները վերադառնում են գոնե այն տրամադրությունների շուրջ, որպեսզի վերանայվեն այն բացասական դրսեւորումները, որ հասցվել են անցյալ տարվա նոյեմբերին: Իհարկե այդ հարաբերությունները վատթարացել էին դեռ 2011թ.-ից ի վեր, սակայն հասկանալի է, որ եթե Թուրքիան համաձայնվել է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ապա Պուտինը էապես թելադրած կլինի պայմաններ, որոնք Թուրքիայի համար անպայման չէ, որ բարեհունչ լինեն։ Հասկանալի է, Թուրքիան լուրջ հակասությունների մեջ է ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ, մյուս կողմից Ռուսաստանի տնտեսությանը հարկավոր են նոր պատուհաններ, որովհետեւ շարունակվող տնտեսական անկումը էապես ազդել է Ռուսաստանի հասարակության տնտեսական ցուցանիշների վրա: Այնպես որ, կարելի է ասել, այս մերձեցումը Արեւմուտքի կողմից երկու մերժվածների դաշինք է կամ ժամանակավոր մերձեցում: Ինչու ժամանակավոր, որովհետեւ այն հակասությունները, որոնք առկա են եղել այս երկու աշխարհաքաղաքական կարեւոր բեւեռների միջեւ, նկատի ունեմ Ռուսաստանը եւ Թուրքիան, դրանք տակավին շարունակում են առկա լինել, իրենց զգացնել տալ եւ այն հանգամանքը, որ Պուտինը եւ Էրդողանը հանդիպեցին, ամենեւին էլ չի նշանակում, որ այդ հակասությունները մղվել են 2-րդ պլան: Իհարկե այստեղ խոսք է գնում Ռուսաստանի եւ Թուրքիայի առեւտրային ծավալները 100 մլրդ ԱՄՆ դոլարի հասցնելու եւ առաջ անցնելու մասին, սակայն այս պահի դրությամբ դրանք միայն հայտարարություններ են, որովհետեւ դեռ երկար ճանապարհ կա դրան հասնելու համար։ Այժմ այս երկու երկրները բավական մեծ, հավակնոտ օրակարգ են ներկայացրել եւ քաղաքական գործընթացներում կփորձեն դրանց հասնել։ Մեծ հարց է, թե ինչպես է դա լինելու: Կարծում եմ՝ դրանց առավել կարեւոր նպատակը, ոչ թե ինչ-որ շոշափելի արդյունք արձանագրելը, այլ շատ ավելի կարեւոր աշխարհաքաղաքական գործընթաց սկսելն է: Թուրքիան առաջին անգամ չէ, որ ցանկություն է արտահայտել մաս կազմել այն ինտեգրացիոն գործընթացներին, որոնք Ռուսաստանը կամ Չինաստանը նախաձեռնել են. Թուրքիան անտարբեր չի եղել այս գործընթացների նկատմամբ, եւ սա շատ լավ առիթ է գոնե Արեւմուտքից ինչ-որ բան վերցնելու կամ ստանալու համար, ցույց տալու, որ հերթական անգամ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը առանցքային թեքում է կատարում դեպի Ռուսաստան, Չինաստան կամ Իրան:
Իսկ թե Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի եւ Իրանի միջեւ նախաձեռնված նոր համագործակցության ֆոնին ինչպիսի հեռանկար է սպասվում Հայաստանին, Տեր Մաթևոսյանը կարծում է․-«Հայաստանի թիվ 1 քաղաքական օրակարգի հարցն է առաջ քաշվում։ Այս հարցին կարող եմ տալ երկու պատասխան. Առաջինը, ավելի շատ արտացոլելով ինտեգրացիոն գործընթացների դինամիկան, որոնք զիգզագաձեւ են իրականում, դրանք շատ հաճախ բարձր ինտենսիվությամբ են ընթանում եւ իրավացիորեն հայկական վերլուծական հանրույթի մոտ եւ հասարակության մոտ կարող է ձեւավորվել տպավորություն, որ Հայաստանը դուրս է մղվում հերթական ինտեգրացիոն գործընթացից, խոսքը գնում է «Հյուսիս-Հարավի» մասին: Իրականում, եթե Հայաստանը ցանկանում է մասնակցել կամ որեւէ կերպ ազդել դրանց վրա, պետք է գիշեր ցերեկ մտածի երկու պրոյեկտի մասին՝ դա Աբխազական երկաթգծին եւ Կարս-Ախալքալաք երկաթգծին այս կամ այն կերպ մաս դառնալու վերաբերյալ: Այս երկու նախագծերը պետք է դառնան Հայաստանի թիվ 1 քաղաքական օրակարգի հարցը: Ավելի ինտենսիվ կերպով պետք է քայլեր կատարվեն։ Եւ Վրաստանում հայկական դիվանագիտական ներկայացուչության առջեւ, ինչպես նաեւ Ռուսաստանում հայկական հայկական դիվանագիտության առջեւ, հայկական լոբինգի առջեւ, հսկայական հայկական կազմակերպությունների առջեւ պետք է խնդիր դրվի օր առաջ բացել Աբխազական երկաթգիծը: Որովհետև այս կերպ հույսը դնում ենք ընդամենը Վերին Լարսի վրա, որը ժամանակ առ ժամանակ հասկանալի պատճառներով փակվում է եւ կաթվածահար անում թե տնտեսությունը, թե ուղեւորափոխադրումները, թե կապը Ռուսաստանի հետ:Պետք է մի կողմ դնել հակառուսական տրամադրությունները: Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ պետք է կառուցվեն երեք բաղադրիչների շուրջ՝ անվտանգության հարցը, տնտեսական անվտանգության հարցը եւ Ռուսաստանում ապրող 3 մլն. հայության հարցը»: