Մամուլի տեսություն 24-08-2016
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i31891-Մամուլի_տեսություն_24_08_2016
Թուրքիան Սիրիայում հարձակման թիրախ է դարձրել քրդերի ու ԻԼԻՊ-ի դիրքերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 24, 2016 16:04 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 24-08-2016

Թուրքիան Սիրիայում հարձակման թիրախ է դարձրել քրդերի ու ԻԼԻՊ-ի դիրքերը:

 

 Շարղ

Խաղալ հարևանի խաղադաշտում

 

Երբ ընդամենը երկու օր է անցել Թուրքիայի և Սիրիայի  սահմանին գտնվող  Գազիանթեփ քաղաքում հարսանիքի ժամանակ տասնյակներ մարդու զոհվելուն ու վիրավորվելն հանգեցրած պայթյունից, Թուրքիայի կառավարությունը Սիրիայում  իր ռազմական գործողություններն է սկսել ընդդեմ ԻԼԻՊ-ի: Այդ գործողությունները ,որ նախատեսված էին ԻԼԻՊ-ին թիրախ դարձնել , միաժամանակ դարձան պատրվակ Սիրիայի քրդերի վրա հարձակվելու համար: Թուրքիայի ԱԳ նախարար՝ Չավուշօղլուն հայտարարեց.-« Թուրքիայի սահմանները պետք է մաքրել  ԻԼԻՊ-ից  և մենք կանենք այն ամենն ինչ անհրաժեշտ է»: Այդ հայտարարությունից հետո, Թուրքիայի շատ քաղաքացիներ իրենց թվիթերյան էջում պաշտպանեցին  ԻԼԻՊ-ի  և Սիրիայի քրդերի դեմ Թուրքիայի միաժամանակ հարձակումը»:

Հուրրիեթ թերթի հաղորդման համաձայն՝ Թուրքիայի հրետանին թիրախ է դարձրել Սիրիայի  Մանբիջ քաղաքի հյուսիսային հատվածները: Այդ քաղաքը վերջերս «Ժողովրդական պաշտպան միավորներ»-ն են ազատագրել ԻԼԻՊ-ի ահաբեկիչներից: Թուրքիայի պաշտոնատարներից մեկի խոսքերով այդ գործողությունների նպատակն է Սիրիայի չափավորական ընդդիմադիրների համար միջանցք բացել: Նույնիսկ որոշ լրատվամիջոցներ հաղորդել են,որ թվում է Գազիանթեփ  քաղաքում Թուրքիայի կողմից պաշտպանվող սիրիացի խռովարարների մի մասը պատրաստ են գործողություններ իրականացնել ԻԼԻՊ-ի դեմ: Այսինքն նույն քաղաքում ,որ երեք օր առաջ պայթյուն է տեղի ունեցել ու տասնյակ մարդիկ  զոհվել ու վիրավորվել են:

Հաղորդվել է,որ Սիրիայի ազատ բանակը ծրագրում է հարձակում իրականացնել Ժարապլուս քաղաքի վրա և ԻԼԻՊ-ին դուրս քշել այդ քաղաքից: Դիտորդների կարծիքով այդ քայլի նպատակն է՝ կանխել այդ տարածքի վերահսկողությունն իրենց ձեռքը վերցնելու քրդերի  փորձերը: Թուրքիայի տանկերը և զինտեխնիկան տեղակայվել են Սիրիայի սահմանային տարածքում:  Թուրքիան ոչ թե ԻԼԻՊ-ից է վախենում,այլև մտահոգ է ,որ Սիրիայի քրդերը կարող է իրենց հսկողությունն ընդլայնեն Սիրիա-Թուրքիա սահմանին և Թուրքիայի քրդերն էլ հետևեն Սիիրիայի քրդերի օրինակին.-գրում է Շարղ օրաթերթը:

--- 

 Armedia.am

 

Ադրբեջանի  սահմանադրությունում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հանրաքվեն կանցկացվի սեպտեմբերի 26-ին

Այս օրերին Ադրբեջանում նախահանրաքվեային տրամադրություններ են տիրում, ինչը հերթական ցնցման պատճառ է դարձել երկրի հասարակության համար: Երկրի իշխանությունները ոչ միայն ակտիվ քարոզարշավ են տանում սահմանադրական փոփոխությունների համար, այլև բոլոր հնարավոր միջոցներով փորձում են լռեցնել նրանց, ովքեր ունեն ընդդիմադիր դիրքորոշում: Բռնաճնշումների նոր ալիք է սկսվել այն ակտիվիստների նկատմամբ, ովքեր կոչ են անում դեմ քվեարկել սահմանադրության փոփոխությանը: Նրանց դեմ մեղադրանքներ են առաջադրվում թմրանյութերի ապօրինի շրջանառության, խուլիգանության, ապօրինի ձեռնարկատիրության, հակասահմանադրական գործունեության համար և այլն:

Բռնաճնշումների այս նոր ալիքը հայտնվել է նաև միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: ԱՄՆ պետդեպարտամենտն օգոստոսի 12-ին «Ռեալ» քաղաքացիական շարժման գործադիր քարտուղար Նաթիգ Ջաֆարևլի ձերբակալությունից հետո իր անհանգստությունն արտահայտեց Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ: Ադրբեջանում նոր թափ առած բռնաճնշումները քննադատեցին նաև մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք միջազգային կազմակերպություններ:

Իհարկե, ողջունելի է, որ միջազգային հանրությունն առնվազն անտարբեր չէ մարդկանց նկատմամբ կիրառվող տարատեսակ բռնաճնշումներին, սակայն ակնհայտ է նաև այն, որ միայն անհանգստություն հայտնելը բավարար չէ: Արդեն երկար տարիներ է, ինչ Ադրբեջանի խավիարային դիվանագիտությունն ու նավթադոլարները միջազգային տարբեր հարթակներում շատ հարցեր են լուծում: Այսօր էլ, չնայած հնչող քննադատություններին՝ Ադրբեջանի իշխանությունները հաստատակամորեն առաջ են տանում իրենց քաղաքականությունը՝ ամեն կերպ իրենց իսկ հասարակությանը ցույց տալով, որ պատրաստ են դիմել ցանկացած քայլի իրենց առջև դրված նպատակներին հասնելու համար: Տվյալ պարագայում դրված նպատակը սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելն է՝ իշխանությունն Ալիևի ձեռքերում կենտրոնացնելու համար:

 ----

 

Armedia.am

50 դոլար/բարելը դարձել է յուրօրինակ հոգեբանական գին «սև ոսկու» համար


Աշխարհի ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ նավթի գնային տատանումները: Չնայած այդ ֆոնին լարվածությունը մի փոքր նվազել է, այնուամենայնիվ, «սև ոսկու» գինը շարունակում է մնալ համաշխարհային տնտեսության արդի գերակա խնդիրներից մեկը: Իսկ ահա այն, որ նավթի գնային վեկտորի կտրուկ անկումն ու դրանով պայմանավորված լարվածությունն այսօր անհամեմատ վերահսկելի շրջանակներում են, պայմանավորված է շուկայի կարգավորիչների նպատակաուղղված աշխատանքներով: Ինչի՞ մասին է խոսքը:

Վաղ անցյալի իրողություն չէ, երբ նավթի գինը հասնում էր 20 դոլար/բարելի շեմին: Նավթային գնանկումից առաջացած բացասական հետևանքները զգալի էին ոչ միայն նավթ արդյունահանող երկրների համար: Տարվա առաջին կիսամյակի ավարտին իրավիճակը փոքր-ինչ «պահողի դերում» հանդես եկավ ՕՊԵԿ-ի անդամ-երկրների սպասվող հանդիպումը, որից ակնկալիքները, ցավոք, չիրականացան. նավթի արդյունահանման ծավալների կրճատմանը հնարավոր չեղավ հասնել անդամ երկրների բարի կամքի դրսևորմամբ: Բացի այդ, նավթային շուկան երկար ժամանակ Իրանի մուտքի առաջացրած շոկի մեջ էր. հաշվի առնելով շուկայում նավթի առաջարկի հսկայական ծավալները՝ իրանական նավթի ավելացումն իրավամբ կարելի է շուկայի համար համարել լրացուցիչ շոկ: Հենց այդ ժամանակ էր, երբ շուկայի ակտիվ խաղացողների՝ գնանշողների կողմից քննարկման դաշտ նետվեց մոտեցումը, որ շուկայի կարգավորման համար անհրաժեշտ է ունենալ ոչ պակաս գին, քան 50 դոլար/բարելն է: Այս կարգավորիչների միջոցով փորձ էր արվում ստուգել շուկայի արձագանքները՝ նավթի այդ գին ունենալու պարագայում:  ԱՄՆ-ից նավթի արդյունահանման ծավալների կրճատման ու սեպտեմբերի վերջին Ալժիրում ՕՊԵԿ անդամ-երկրների նոր հանդիպման մասին լուրերը նպաստեցին նավթի գների բարձրացմանը: Եվ ահա, տևական ժամանակ է, որ «սև ոսկու» գինը տատանվում է այդ շրջակայքում:

Ընդհանուր առմամբ, կարելի է 50 դոլար/բարելն անվանել հոգեբանական շեմ, որը, փորձագետների պնդմամբ, հնարավոր կլինի պահպանել միմիայն արտադրողների կողմից ալժիրյան սպասվող հանդիպման մասին հիշեցումներով: Հասկանալի է, որ նավթի համաշխարհային այն առաջարկի պարագայում, որ կա այսօր, 50 դոլարի շեմը պահպանելը կարճաժամկետ խնդիր է: Նավթի բարձր գների պահպանման մյուս՝ ավելի կայուն երաշխիքը շարունակում է մնալ արդյունահանվող ծավալների կրճատման շուրջ ՕՊԵԿ անդամ-երկրների միջև համաձայնության ձեռքբերումը: Հակառակ պարագայում, սեպտեմբերին, չունենալով այդ համաձայնությունը, նավթի համաշխարհային շուկան կբախվի երկրորդ խոշորագույն գնային ճգնաժամի հետ, որն առաջինից խիստ կլինի: