Մամուլի տեսություն  27-08-2016
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i32235-Մամուլի_տեսություն_27_08_2016
Թուրքիան տանկային ստորաբաժանումներ է տեղակայել Թուրքիայի սահմանակից Սիրիայի Ջերաբլուս քաղաքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 27, 2016 11:08 Asia/Tehran
  •  Մամուլի տեսություն  27-08-2016

Թուրքիան տանկային ստորաբաժանումներ է տեղակայել Թուրքիայի սահմանակից Սիրիայի Ջերաբլուս քաղաքում:

Համշահրի

Նոր կողմնորոշումներ՝ Սիրիայի պատերազմում

Ամիսներ էր ինչ  Հալեպը դարձել էր  Սիրիայի պատերազմի «բանալի բառը» և համարվում էր տարածաշրջանային ու համաշխարհային առճակատման ճակատագրական գործոնը։ Հալեպի ամբողջ իրադարձությունները լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էին։ Բոլորն իրենց ուժերը չափելու համար հավաքվել էին այդ քաղաքում։Անցած շաբաթ հանկարծ ուշադրությունները Հալեպից ուղղվեցին դեպի  թուրք-սիրիական սահմանին գտնվող Ջերաբլուս քաղաքը։Հալեպում խոսվում է հրադադարի մասին, քանի որ նոր կողմնորոշումներ են ձևավորվել Սիրիայի պատերազմում;

Անկարան  օգոստոսի 24-ի վաղ առավոտյան օդային ու հրետանային հարձակումներից հետո տանկային ստորաբաժանումներ տեղակայեց Թուրքիայի սահմանակից Սիրիայի Ջերաբլուս քաղաքում, որը գտնվում էր ԻԼԻՊ-ի հսկողության տակ։ Թուրքիան պաշտոնապես հայտարարեց, թե գործողության նպատակն է Ջերաբլուսը «մաքրել»  ԻԼԻՊ-ի զինյալներից և արդեն օրվա կեսից հետո թուրքական տանկերի ուղեկցությամբ Սիրիայի հյուսիս-արևելյան հատված մտան Անկարայի հովանավորությամբ սիրիացի ավելի քան հազար աշխարհազորայիններ և Թուրքիայի հատուկ նշանակության ուժեր։

Թուրքիան այս անգամ ևս աշխարհին փորձեց մոլորեցնել՝ հայտարարելով, թե գործողության թիրախը ԻԼԻՊ-ն է։ Սակայն ԻԼԻՊ-ը մի քանի տարի է,որ այդտեղ է գտնվում և մշտապես  Թուրքիայից ստացել է լոգիստիկ աջակցություն։

ԱՄՆ-ում Բարաք Օբամայի կառավարության ժամանակաշրջանի մոտալուտ ավարտը, Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձը, Եվրոպայում ահաբեկչական գործողությունների տարածումը , Սաուդյան Արաբիայի նկատմամբ աշխարհի հանրության և լրատվամիջոցների կարծիքի  փոխվելը և Միջին Արևելքում ու աշխարհում ծայրահեղականության տարածման  հարցում Սաուդյան Արաբիայի դերակատարությունն այն գործոններն են, որոնք նոր կողմնորոշումներ են առաջացրել Սիրիայի պատերազմում:

ԱՄՆ-ն տարիներ հանդուրժելով ԻԼԻՊ-ին , փորձում է մինչև Օբամայի իշխանության ժամանակաշրջանի ավարտը Մոսուլում և Ռաքքայում վերջ դնել ԻԼԻՊ-ի քայլերին: Թուրքիան էլ որ գիտե ԱՄՆ-ն նպատակ ունի ԻԼԻՊ-ից ստանալ գրավված տարածքները  և տալ քրդերին , փորձում է կասեցնել այդ գործընթացը և սանձել քրդերին:

Սիրիայի սահմանին Թուրքիայի գործողություններն սկսվելով, Էրդողանը հայտարարեց.«Մենք Սիրիայում չենք կանգնի կատարված գործի առջև »:

 Սիրիայում ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև Ֆեթուլլահ Գյուլենն ու քրդերը սակարկությունների մաս են կազմում:  

Ռուսաստանը փորձում է սակարկության քարտը  և իր իշխանությունը պահպանել Սիրիայում,որպեսզի ԱՄՆ-ի հետ բանակցության հարցում արտոնություն տալու կամ ստանալու հնարավորություն լինի: Իսկ սաուդացիներն էլ փորձում են Հալեպում ամրապնդել զինված ծայրահեղականների դիրքը,բայց փաստորեն նրանք այժմ տեղ չունեն Սիրիայի հյուսիս-արևելքի հավասարությունում:

----  

Aravot.am

Թուրքիան ցանկանում է միանալ Եվրասիական տնտեսական միությանը. «Հայկական ժամանակ» 

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին նախօրեին հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է միանալ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ)։ Ավելին, նա նշում է, որ ժամանակին ընթացել են բանակցություններ։ Իհարկե, նա կոնկրետ չի նշում՝ բանակցությունները ինչ խնդրի շուրջ են եղել, սակայն խոսքի համատեքստից հասկացվում է, որ դիտարկվել է ԵԱՏՄ-ին, եթե ոչ անդամակցելու, ապա այդ կառույցի հետ սերտ համագործակցելու խնդիրը։ Նկատելով, որ Ռուսաստանն է փաստացի գլխավորում Եվրասիական տնտեսական միությունը՝ Զեյբեքչին ասել է. «Բնականաբար, մենք ցանկանում ենք միանալ ԵՏՄ-ին, սակայն առանց վնասելու ԵՄ-ին լիիրավ անդամակցելու գործընթացին եւ խախտելու Եվրամիության հետ ընդհանուր Մաքսային միությունը»։ Հայաստանում այս հարցի՝ գոնե հանրային քննարկումներում դիտարկման լրջությունը, թող ներվի կրկնաբանությունը, լուրջ խնդիր ունի։ Մեր բազմաթիվ փորձերը՝ ստանալ այս հարցի վերաբերյալ մեկնաբանություններ իշխանական երկու կուսակցություններից՝ ՀՀԿ եւ ՀՅԴ, չպսակվեցին հաջողությամբ։ Նրանց ներկայացուցիչների մի մասը չէր պատասխանում հեռախոսազանգերին, իսկ մյուսներին «հարմար չէր»։ Փորձագիտական շրջանակներում երկու հիմնական կարծիք է գերիշխում։ Առաջին, Թուրքիան նման հայտարարություններ է անում, որպեսզի Եվրամիության ու ԱՄՆ-ի հետ ծանր բանակցություններում «շանտաժի միջոցով» կորզի ավելին։ Երկրորդ, եթե իսկապես Թուրքիան ձգտում է անդամակցել ԵՏՄ-ին, ապա պետք է ստանա Հայաստանի՝ որպես այդ կառույցի լիիրավ անդամի, համաձայնությունը։ Ֆորմալ առումով սա ճիշտ պնդում է։ Իսկ դա չի կարող լինել, քանի դեռ Թուրքիան չի կատարել երկու կարեւոր քայլ՝ բացել հայ-թուրքական սահմանը եւ հաստատել դիվանագիտական հարաբերություններ ՀՀ-ի հետ առանց նախապայմանների։

---

News.am

Զատուլին. Պատերազմն ինքնասպանություն կլինի Ադրբեջանի համար

Ադրբեջանում իրենք իրենց փակուղի են մտցնում ռազմատենչ հռետորաբանությամբ եւ ռազմական պատրաստություններով: «Նոյան տապան» պարբերականին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Սփյուռքի եւ ինտեգրման ինստիտուտի (ԱՊՀ երկրների ինստիտուտ) տնօրեն Կոնստանտին Զատուլինը:

Նրա խոսքով՝ բացի հակամարտող կողմերի միջեւ անվստահությունից, նաեւ անվստահության մեկ այլ մակարդակ կա. լիարժեք վստահություն չկա Մինսկի խմբում, որի համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան:

«Թվում է՝ հենց ղարաբաղյան հարցում են այս երկրների դիրքորոշումները շատ մոտ, քանի որ ռազմական լուծման կողմնակից չեն, նրանց համար բացարձակ հրամայական է ուժի կիրառումից հրաժարվելն ու բանակցային գործընթացի շարունակությունը: Միաժամանակ, Ադրբեջանը մշտապես հայտարարում է Լեռնային Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծելու պատրաստակամության մասին: Բայց, իրականում, բոլորի համար հասկանալի է, որ Բաքվի այժմյան տնտեսական հնարավորությունները  խոցելի են: Ամեն ինչ լայնածավալ պատերազմի նժարին դնելն ինքնասպանություն կլինի, այդ թվում՝ Ադրբեջանի քաղաքական ռեժիմի համար»,- կարծիք է հայտնել Զատուլինը:

Ըստ նրա՝ այս հակամարտությունում ապակայունացնող գործոն է Թուրքիայի հետաքրքրությունը, որը հայ-ադրբեջանական արձանագրությունների պարագայում տեղի տվեց Ադրբեջանին. «Այդ պատմությունն ադրբեջանական իշխանությունների մոտ պատրանք ստեղծեց, որ կարող են մանիպուլացիայի ենթարկել Թուրքիային. չէ՞ որ հայ-թուրքական արձանագրությունների օգտին հանդես էին գալիս այս աշխարհի ուժեղագույնները: Դրանից հետո Ադրբեջանը կենտրոնացավ Ռուսաստանի վրա՝ կարծելով, որ Մոսկվան ավելի ենթարկվող օղակ է եւ կարելի է ազդել երկրի իշխանությունների կարծիքի վրա: Նման ջանքեր նաեւ այսօր են ձեռնարկվում. առանձին հաջողություններ կան, ինչին ես վերագրում եմ նաեւ 2011 թվականին ԱՊՀ երկրների եւ հայրենակիցների հետ կապերի հարցերի հանձնաժողովի ղեկավարի տեղակալի պաշտոնից իմ ազատումը»:

Զատուլինն ընդգծել է, որ Ռուսաստանը հասկանում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամբողջ պատասխանատվությունը: «Հետեւելով Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների առաջնահերթությանը՝ Մոսկվան փորձում է լավ հարաբերություններ պահպանել նաեւ Բաքվի հետ: Ռուսաստանցիներն ելնում են այն հանգամանքից, որ Ադրբեջանի հետ լավ հարաբերությունները, վերջին հաշվով, շահեկան են ոչ միայն այդ երկրի եւ Ռուսաստանի, այլեւ Հայաստանի համար, քանի որ Ադրբեջանին հետ են պահում անշրջահայաց քայլերից: Ցավոք, Ռուսաստանի այս տրամաբանությունը փորձության ենթարկվեց ապրիլին, երբ ռուս-թուրքական հարաբերությունների կտրուկ վատթարացման ֆոնին Ադրբեջանը որոշեց ռազմական արկածախնդրության դիմել: Հարկ է ընդգծել, որ ապրիլյան իրադարձությունների պատասխանատուն ոչ թե Ռուսաստանն է, այլ Ադրբեջանը: Ռուսաստանը եզրակացություններ արեց, նախ՝ ստիպելով դադարեցնել մարտական գործողությունները, երկրորդ՝ հրապարակավ հայտարարելով Հայաստանին զենքի մատակարարման մասին: Ներկայում Ռուսաստանի նախագահն ակտիվ ջանքեր է գործադրում՝ ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները տեղից շարժելու համար»: