Մամուլի տեսություն 31-08-2016
ԱՄՆ արտաքին քաղաքականության կայուն սկզբունքների շրջանակում, Իսրայելի ռեժիմին հովանավորելու և նրա անվտանգությունը պահպանելու առումով ոչ մի տարբերություն չկա Դոնալդ Թրամփի և Հիլարի Քլինթոնի միջև:
Շարղ
Պաղեստինը՝ Թրամփի ու Քլինթոնի հայեցողությամբ
ԱՄՆ արտաքին քաղաքականության կայուն սկզբունքների շրջանակում, Իսրայելի ռեժիմին հովանավորելու և նրա անվտանգությունը պահպանելու առումով ոչ մի տարբերություն չկա Դոնալդ Թրամփի և Հիլարի Քլինթոնի միջև: Սա անփոփոխ հարց է և տարբերություն չունի թե ով կդառնա ԱՄՆ-ի նախագահ:
Նախընտրական քարոզարշավներում ԱՄՆ նախագահի երկու թեկնածուներն էլ չեզոք դիրքորոշում են որդեգրել Պաղեստինի հարցի վերաբերյալ: Թրամփը մեծ ջանքեր է գործադրում Իսրայելի գոհունակությունը շահելու և ԱՄՆ-ի հրեաներին համոզելու իր օգտին քվեարկելու համար: Նա պաշտոնապես իր ընտրարշավը մշակեց ԱՄՆ-ում բնակվող իսրայելցի ընտրողների ձայները շահելու ուղղությամբ և հուսով է,որ կկարողանա շահել ազդեցիկ հրեաների քվեները: Չնայած ԱՄՆ-ի նախորդ կառավարություններին որոնք անօրինական են համարել ավանաշինությունը , Թրամփը պաշտպանել է Իսրայելի ռեժիմի քաղաքատիպ ավանների կառուցման քաղաքականությունը: Սիոնիստական Յեդիոթ Ահարոնոթ թերթը գրել է.«Թրամփը մի նամակ է հղել Նեթանյահուին, որտեղ ասված է.«Ես դեմ եմ այն կոչին ,որը Իսրայելի և պաղեստինցիների միջև բանակցությունների համար, որպես նախապայման ավանաշինության դադարեցումն է պահանջում»:
Թրամփը նամակում նշել է.«Մեր կառավարությունը Իսրայելին վայել վերաբերմունք չի ցուցաբերում և դա չափազանց ցավալի է: Ես ուրախ կլինեմ հաշտության բանակցությունները սկսել, իմ նպատակը տևական հաշտությունն է,ոչ թե երկշաբաթյա հաշտությունը»:
Մյուս կողմից Հիլարի Քլինթոնն ավելի լավ վիճակ չունի: Գարդիան թերթի փոխանցմամբ՝ Քլինթոնը մի նամակ հղելով մի միլիարդատեր ամերիկացի հրեային նշել է.«Իսրայելը 2014 թվականին ՀԱՄԱՍ-ին լավ դաս չտվեց: Եթե ես նախագահ դառնամ Իսրայելին ռազմական ,դիվանագիտական ու տնտեսական լիարժեք աջակցություն կցուցաբերեմ,որպեսզի նա կարողանա ՀԱՄԱՍ-ին ոչնչացնել:Եթե նույնիսկ դա լինի Գազայում 200 մարդու կյանքի գնով»: Այդ նամակից հետո Քլինթոնը հայտնվեց մարդու իրավունքների կազմակերպությունների և դեմոկրատականների սուր քննադատությունների թիրախում: Ամենայնդեպս ԱՄՆ նախագահի երկու թեկնածուների նպատակն է՝ սիրաշահել Իսրայելին ու ԱՄՆ-ի հրեաներին:
---
Armradio.am
Բեռլինն ու Փարիզը կողմ են ռուսական պատժամիջոցները չեղյալ հայտարարել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ խիստ շահագրգիռ է, որպեսզի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղյալ հայտարարվեն՝ դա պայմանավորվելով Մոսկվայի կողմից Մինսկի համաձայնությունների կատարմամբ: Ելույթ ունենալով Շվերինում քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախընտրական միջոցառմանը` Մերկելը խստիվ քննադատել է Մոսկվայի գործողություններն Ուկրաինայում: Նա շեշտել է, որ ոչ ոքի չի թույլատրվում Եվրոպայում անպատիժ վերաձևել սահմանները: Մերկելը նշել է, որ ապշած էր, երբ առաջին ռուսական տանկը հատեց Ուկրաինայի սահմանը:
Դաշնային կանցլերը միաժամանակ ընդգծել է, որ պատժամիջոցների չեղարկումը բխում է ինչպես ՌԴ, այնպես էլ Գերմանիայի շահերից: «Մենք շահագրգիռ ենք, որպեսզի պատժամիջոցները չառարկվեն»,-ասել է նա` հավելելով, որ այն պահից, երբ առաջընթաց լինի Մինսկի համաձայնությունների կատարման գործում, պատժամիջոցները կսեղմվեն:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր նույնպես անդրադարձել է հակառուսական պատժամիջոցներին՝ նշելով, որ դրանց չեղարկումը բխում է ընդհանուր շահերից: «Ուկրաինական ճգնաժամն ազդեցություն ունեցավ եվրոպական երկրների հետ Ռուսաստանի հարաբերությունների վրա: Իմ կարծիքով` այդ փաստը վնաս է հասցնում բոլոր կողմերին, մասնավորապես՝ համատեղ տնտեսական նախագծերին, ուստի մենք շահագրգիռ ենք հնարավորինս շուտ գտնելու լավագույն ելքը ստեղծված իրավիճակից»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը՝ երկրում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ ամենամյա հանդիպման ժամանակ:
---
Hayeli.am
Ռազմաբազա` Հայոց ցեղասպանությունից հրաժարվելու դիմաց
Իսկական շանտաժ… Այլ կերպ, քան այսպես, դժվար է բնորոշել այսօր Թուրքիայի իշխանությունների պահանջներն ուղղված Գերմանիայի իշխանությանը` կապված Հայոց Ցեղասպանության վերաբերյալ բանաձևի հետ:
Անկարան Բեռլինից պահանջում է հրաժարվել Հայոց ցեղասպանության Բունդեսթագի բանաձևից: Գերմանացի օրենսդիրներին հնարավորություն կտրվի այցելել Ինջիրլիքի ռազմակայան, եթե Գերմանիայի կառավարությունը հրաժարվի Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից, ոչ ավել, ոչ պակաս հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
Հիշեցնենք՝ պաշտոնական Անկարան, վրդովված Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից, արգելել էր գերմանացի խորհրդարանականների մուտքը ռազմակայան, որտեղ Գերմանիան 6 հետախուզական օդանավ ունի և վառելիքով վերալիցքավորող մի տանկեր՝ դրանցով օժանդակելով «Իսլամական պետության» դեմ Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիայի հարվածներին:
Գերմանացի օրենսդիրները սպառնացել են դադարեցնել առաքելությունը, եթե Թուրքիան թույլ չտա իրենց այցելել ռազմակայան:
«Դա կախված է Գերմանիայի ձեռնարկած քայլերից: Եթե նրանք անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն, մենք թույլ կտանք այցելել: Սակայն, դժբախտաբար, պետք է ասեմ, որ նրանց, ովքեր անարդարացիորեն խառնվում են մեր պատմությանը և մեքենայություններ անում դրա հետ, չի կարող թույլատրվել այդ այցելությունը», Անկարայում հայտարարել է Չավուշօղլուն, հավելելով, թե «անհրաժեշտ քայլեր»՝ նշանակում է Գերմանիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ Բունդեսթագի բանաձևից հրաժարվելը և հստակեցնելը, որ չի սատարում այն:
Գերմանիայի ԱԳՆ-ն չի մեկնաբանել Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարությունը՝ նշելով, որ խոսնակ Մարտին Սխեֆերը տվյալ թեմային անդրադարձել է ուրբաթ օրը, երբ նրան հարցրել են Բունդեսթագի բանաձևից կառավարության հրաժարվելու հնարավորության մասին: «Գերմանական Բունդեսթագի բանաձևը գերմանական սահմանադրական մարմնի քաղաքական հռչակագիր է: Կարծում եմ՝ շատ լավ գաղափար է․․․ որ սահմանադրական կառույցները մեկը մյուսի աշխատանքը մեկնաբանեն շատ զգուշորեն, եթե առհասարակ պետք է մեկնաբանեն», – շեշտել է նա:
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Գերմանիան պատրաստվում է դուրս բերել զինուժը Թուրքիայի Ինջիրլիքի ավիաբազայից: Գերմանիայի պաշտպանության նախարարն, ըստ էության, չէր հերքել, որ պաշտոնական Բեռլինը կարող է դուրս բերել զինուժը Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազայից՝ Անկարայի հետ տարաձայնությունների պատճառով:
Փաստելով, որ Գերմանիան ցանկանում է աջակցել Իսլամական պետության դեմ ՆԱՏՕ-ի պայքարին Թուրքիայի տարածքից, Ուրսուլա վոն դեր Լեյենը միաժամանակ ընդունել է, որ քննարկվում են այլընտրանքային տարբերակներ՝ եթե զորքերը դուրս բերելու անհրաժեշտություն լինի:
Օրերս գերմանական «Շպիգել»-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, թե Բունդեսվերը այժմ դիտարկում է գերմանական 250 հոգանոց զորախումբն ու Tornado- հետախուզական ինքնաթիռները Կիպրոս կամ Հորդանան տեղափոխելու հնարավորությունը, թեև ակնհայտ է, որ դա կբարդացնի կոալիցիոն ուժերի պայքարը ահաբեկիչների դեմ: Պաշտպանության նախարարության աղբյուրները փաստել էին, որ տեղափոխման համար կպահանջվի առնվազն երկու ամիս, և այդ ընթացքում ՆԱՏՕ-ի միացյալ զորախումբը պետք է դադարեցնի հետախուզական թռիչքները Սիրիայում և Իրաքում: Սակայն անգամ դա հետ չի պահում Գերմանիայի իշխանություններին: «Սա Բեռլինի պատասխանն է Թուրքիային, որը մինչև այս պահը արգելում է գերմանացի պատգամավորների մուտքը Ինջիրլիքի ռազմաբազա», – գրել է Շպիգելը՝ հիշեցնելով, որ ՆԱՏՕ-ի անդամ երկու պետությունների հարաբերությունները սրվեցին ամիսներ առաջ, երբ գերմանական Բունդեսթագը գրեթե միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
Դրանից անմիջապես հետո Անկարան սկսեց խոչընդոտներ ստեղծել գերմանական պատվիրակության համար. Պաշտպանության նախարարը գերմանացի զինվորներին կարողացավ հանդիպել տևական բանակցություններից հետո միայն, իսկ գերմանացի օրենսդիրներին Ինջիրլիք այցելելու հնարավորություն այդպես էլ չտրվեց:
Երկրի ամենաազդեցիկ քաղաքական ուժերից մեկը՝ փոխկանցլեր Զիգմար Գաբրիելի ղեկավարած Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը այժմ սպառնում է դեմ քվեարկել Թուրքիայում գերմանական զորախմբի մանդատի երկարաձգմանը: Այդ դեպքում, ամենայն հավանականությամբ, գերմանացիները դուրս կգան Ինջիրլիքից այս տարվա դեկտեմբերին: «Գերմանիայի բանակը հաշվետու է խորհրդարանի առջև, և եթե մեր պատգամավորները իրավունք չպիտի ունենան այցելելու իրենց զինվորներին, ուրեմն բանակը չի կարող մնալ այդ երկրում: Դա միանշանակ է», – անցած ամիս հայտարարեց Գաբրիելը: «Թող բոլորն իմանան, որ գերմանացի զինվորները Ինջիրլիքում երկար չեն մնա՝ եթե թուրքական կողմից համապատասխան վերաբերմունք չլինի», – իր հերթին զգուշացրել էր խորհրդարանի նախագահ Նորբերտ Լամերտը:
Հարցը քննարկվել էր անգամ Մերկել – Էրդողան հանդիպման ժամանակ․ ըստ թուրքական լրատվամիջոցների, Թուրքիայի նախագահը Գերմանիայի կանցլերից պահանջել էր հայտարարել, թե Հայոց ցեղասպանության ճանաչումը չի արտահայտում Գերմանիայի կառավարության տեսակետը, ինչին Մերկելը չէր համաձայնել: Կանցլերը կրկին հայտարարեց, թե շարունակում են բանակցությունները թուրքական կողմի հետ գերմանացի պատգամավորներին Ինջիրլիք թողնելու շուրջ. «Գերմանական զորախումբը արդյունավետ էր գործում այդ բազայում, որը, ինչպես երեկ Թուրքիայի իշխանությունները նշեցին, նաև ՆԱՏՕ-ին է պատկանում: Հուսով եմ, որ այս համագործակցությունը կշարունակվի նաև ապագայում: Սակայն, հստակ է՝ քանի որ Գերմանական բանակը խորհրդարանին է հաշվետու, մեր օրենսդիրները պետք է կարողանան այցելել Ինջիրլիքի ռազմաբազա: Եվ մենք շարունակում ենք այս հարցի շուրջ բանակցությունները թուրքական կողմի հետ»:
Այսպիսով` թուրք-գերմանական հարաբերություններում Հայոց Ցեղասպանության հարցը դարձել է լրջագույն խնդիր: Անկարան բացահայտ գործարք է առաջարկում` իր պայմանները ներկայացնելով:
Հիշեցնենք, հունիսի 2-ին Բունդեսթագը գրեթե միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: 1915- ի իրադարձությունները 20-րդ դարի առաջին ցեղասպանություն որակող բանաձևին դեմ քվեարկեց ընդամենը մեկ պատգամավոր, արձանագրվեց նաև մեկ ձեռնպահ քվե: Քվեարկությունից առաջ խորհրդարանական բոլոր ուժերը կրկին պաշտպանեցին իշխող կոալիցիայի և ընդդիմադիր կանաչների համատեղ այս նախաձեռնությունը՝ ընդգծելով՝ իրենց նպատակն է ոչ թե մեղադրյալի աթոռին նստեցնել Թուրքիային, այլ ուղերձ հղել, որ պետք է հաշտվել, և դա հնարավոր է միայն սեփական անցյալի հետ առերեսվելու դեպքում: «Ցեղասպանությունից 101 տարի անց կարծում եմ ժամանակն է, որ Գերմանիան՝ որպես երկիր, որը, ցավոք, Օսմանյան կայսրության դաշնակիցն էր, ընդունի՝ ինչ է կատարվել և պատասխանատվություն ստանձնի, ինչը ազդակ կլինի նաև Թուրքիայի համար՝ նոր հայացքով նայելու փաստերին», – հայտարարեց փաստաթուղթն առաջ տանող ուժերից մեկի՝ կանաչների ղեկավար Ջեմ Օզդեմիրը՝ կոչ անելով գործընկերներին չընկրկել պաշտոնական Անկարայից հնչող սպառնալիքների առջև:
Իսկ Թուրքիայի սպառնալիքները դեռ շարունակվում են ավելի մեծ թափով…
Թամար Բագրատունի