Մամուլի տեսություն 01-09-2016
Չնայած երեք ամիս անցնում է ԵՄ-ի կազմից Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեից, բայց թվում է,որ այդ երկրի դիվանագետները և նույնիսկ ժողովրդի մեծ մասն այնքան էլ ցանկություն չունեն լքել ԵՄ-ը։
Համշահրի
Բրիտանիան ո՛չ գնալու ոտք ունի և ո՛չ էլ մնալու սիրտ
Չնայած երեք ամիս անցնում է ԵՄ-ի կազմից Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեից, բայց թվում է,որ այդ երկրի դիվանագետները և նույնիսկ ժողովրդի մեծ մասն այնքան էլ ցանկություն չունեն լքել ԵՄ-ը։ Հանրաքվեի անցկացման արդյունքների հայտարարման հաջորդ օրը, Բրիտանիայում եվրաինտեգրացիայի կողմնակիցները սկսեցին ստորագրություններ հավաքել օնլայն խնդրագրի տակ, որը կոչ էր անում խորհրդարանականներին դիտարկել ԵՄ-ին Բրիտանիայի անդամակցության վերաբերյալ նոր հանրաքվե անցկացնելու հնարավորությունը:Բայց Սահամադրության համաձայն և ինչպես որ այդ երկրի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոն էր ընդգծել , նոր հանրաքվե անցկացնելու հնարավորությունը բացառված է: Իսկ Բրիտանիայի վարչապետ` տիկին Թերեզա Մեյը նոր կառավարություն կազմելով վերջ տվեց այս խոսակցություններին: Նա նախարարների խորհրդին կոչ է արել իրագործել Brexit-ը և հույս չդնել «հետևի դռնով» ԵՄ-ում մնալու գաղափարների վրա:
Նա նշել է,որ երկրորդ հանրաքվե չի լինի, ոչ մի փորձ` հետևի դռնով ԵՄ-ում մնալու համար»:
Այնուամենայնիվ վարչապետի պաշտոնում նշանակվելուց մեկ շաբաթ անց Թերեզա Մեյը հանդիպեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ և որոշվեց առայժմ չսկսել ԵՄ-ի կազմից դուրս գալու գործընթացը: Մեյը հայտնել է, որ մտադիր չէ մինչև ընթացիկ տարվա վերջ ԵՄ-ից դուրս գալու գործընթացն սկսել, որովհետև ինքը դեռ ժամանակ ունի Բրիտանիայի շահերից բխող լավագույն համաձայնագիր ապահովելու համար: Գործընթացը սկսելու նպատակն այն է,որ Բրիտանիան պաշտոնապես Եվրամիությանը հայտարարի, թե որ թվականից է սկսելու այդ միությունից քաղաքա-տնտեսական բաժանման մեխանիզմների շուրջ բանակցությունը:
Եվրամիությունը պնդում է,որ այդ թվականն անհապաղ հայտարարվի ,բայց Բրիտանիայի կառավարության պաշտոնյաները պահանջում են հետաձգել ԵՄ-ը լքելու գործընթացի մեկնարկը՝ Բրիտանիայի առևտրի ու տնտեսության վրա այդ գործընթացի հետևանքները նվազագույնի հասցնելու նպատակով: Հանրաքվեի հաջորդ օրը Բրիտանիայի արժույթն անկում ապրեց: Այս ընթացքում այդ երկրի արդյունաբերական ու առևտրական արտադրանքների ծավալը նվազել է: Բրիտանիայի տնտեսությունը շոկի մեջ է գտնվում :
----
News.am
Դե Վաալ. Սանկտ Պետերբուրգում հանդիպմամբ Պուտինն ու Էրդողանը ցանկանում էին ցուցադրել Արեւմուտքից դժգոհությունը
Մոսկվայի եւ Անկարայի հարաբերություններում ջերմացումը վկայում է ռուսական բաղձալի բազմաբեւեռային հայեցակարգի վերելքի մասին: Այս մասին գրել է բրիտանացի լրագրող, Քարնեդի կենտրոնի փորձագետ Թոմաս դե Վաալը:
Նրա խոսքով՝ Սանկտ Պետերբուրգում հանդիպմամբ երկու երկրների նախագահները ցանկանում էին հայտարարել Արեւմուտքից դժգոհության մասին: Մասնավորապես, Էրդողանը ցանկանում էր ցույց տալ արեւմտյան առաջնորդներից դժգոհությունը, որոնք նրան միանշանակ աջակցություն չցուցաբերեցին հուլիսին Թուրքիայում պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո եւ շարունակեցին մեղադրել բռնատիրության համար:
Երկու կողմերն էլ, ըստ փորձագետի, հարաբերություններում սառույցը կոտրելու պատճառներ ունեին. Թուրքիայի տնտեսությունը տուժում էր ռուսաստանցի զբոսաշրջիկների թվի կրճատման եւ թուրքական ապրանքների էմբարգոյի պատճառով, իսկ Ռուսաստանը ցանկանում էր գազի արտահանման հարցում նվազեցնել կապվածությունն Ուկրաինայից եւ վերագործարկել «Թուրքական հոսք» նախագիծը:
Սիրիայում կողմերը, թվում է, տակտիկական գործարք են կնքել. երկրի հյուսիսում համագործակցել, այսպես կոչված, Իսլամական պետության դեմ պայքարում՝ միաժամանակ Հալեպի համար պայքարում նախկինի պես հակադիր դիրքորոշում զբաղեցնելով:
Այսպիսով, ըստ Թոմաս դե Վաալի, հաշտությունն ավելի շատ բիզնես-գործարքի է նման՝ սահմանափակ նպատակներով եւ տնտեսական հիմնավորումներով, քան նոր ռազմավարական դաշինքի:
----
News.am
The Times –ը չի բացառում ԱՄՆ-ի ու Չինաստանի միջեւ զինված հակամարտության հավանականությունը
Ըստ ամերիկյան Rand վերլուծական կենտրոնի՝ ԱՄՆ-ի ու Չինաստանի միջեւ պատերազմը միանգամայն հնարավոր է , գրում է The Times–ը:
Վերլուծաբանների կարծիքով երկու երկրների ռազմական տեխնոլոգիաների զարգացումը հասել է այնպիսի մակարդակի, որի դեպքում նրանց զինված ուժերը միմյանց համար իրական սպառնալիք են ներկայացնում: Երկու կողմերի մտադրությունների անորոշությունը կարող է հանգեցնել չծրագրված պատերազմի, որը կարող է թե՛ կարճատեւ ու արյունալի լինել, թե՛ երկարատեւ ու հյուծիչ:
Նշում են , որ նման պատերազմները հազվադեպ են լինում ու սովորաբար այն պատճառով, որ առաջնորդները ամբողջովին չեն վերահսկում իրենց ռազմական կազմակերպությունները կամ էլ խեղաթյուրված պատկերացում են ունենում այն մասին, թե ինչպես է պոտենցիալ հակառակորդը գնահատում հակամարտության էսկալացիայի հավանականությունը:
Ինչ վերաբերում է Չինաստանին , ապա ոչ այդքան վաղուց նա բացել է իր սահմաններից դուրս առաջին ռազմակայանը, մշակել կիբերսպառազինում , քվանտային կապի արբանյակ արձակել, հիշեցնում է թերթը: Բացի դրանից Հարավչինական ու Արեւելաչինական ծովերում իրավիճակը սրվել է ու երկրներից յուրաքանչյուրի կողմից իրավիճակի սխալ գնահատականի հավանականությունը այդքան էլ փոքր չէ:
Օրինակ Չինաստանը կարող է սխալ գնահատել ԱՄՆ պատրաստակամությունը՝ պաշտպանել Ճապոնիային ու Ֆիլիպիններին , համարում է հոդվածագիրը: Բացի դրանից , անհայտ է , թե Պեկինը ինչպես կդրսեւորի իրեն , եթե ԱՄՆ ու Հարավային Կորեան , վախենալով Սեուլի վրա միջուկային հարձակումից , հարված հասցնեն ԿԺԴՀ-ի վրա , ինչը նույնպես տեսականում հնարավոր է:
Ըստ վերլուծաբանների, եթե նույնիսկ պատերազմ սկսվի, այն միջուկային չի լինի ու կսահմանափակվի տարածաշրջանային հակամարտությունով: Նրանք ընդունում են , որ նման իրավիճակում Պեկինի հաղթանակի շանսերը միանգամայն իրատեսական են, հաշվի առնելով, որ Չինաստանը ԱՄՆ-ից արդեն այդքան էլ հետ չէ ոչ միջուկային սպառազինությունների հարցում: