Մամուլի տեսություն 21-09-2016
Սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում մեկնարկել է փախստականների և էմիգրանտների հարցով գագաթնաժողովը:
Շարղ
Նյու Յորքում կայացել է փախստականների և էմիգրանտների հարցով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջին նիստը
Այն պայմաններում է այս օրերին աշխարհը հայտնվել իր բնակիչների սեփական երկրից փախուստի ու տարագրության խնդիրների առջև, երբ սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում մեկնարկել է փախստականների և էմիգրանտների հարցով գագաթնաժողովը:ՄԱԿ-ի անդամ 193 երկրի ներկայացուցիչներ նիստի սկզբին հավանություն են տվել Նյույորքյան հռչակագրին, որը նախատեսում է պատերազմից, բռնությունից, տարերային աղետների հետևանքներից, աղքատությունից և սովից փրկվելու համար հարկադիր փախստականների պաշտպանության միջոցառումներ: Հռչակագրում անդամ երկրները խոստացել են ապահովել բոլոր փախստականների և էմիգրանտների իրավունքների պաշտպանությունը՝ անկախ նրանց կարգավիճակից: Նրանք, առաջին հերթին, մտադիր են հասնել փախստականների և էմիգրանտների հայրենիքներում պայմանների բարելավմանը, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն այն լքել:
Հռչակագրում ՄԱԿ-ի անդամ երկրները քննադատել են ռասիստական հարձակումներն ու ռասիզմի դրսևորումները, ռասայական խտրականությունը, այլատյացությունը և դրա հետ կապված փախստականների և էմիգրանտների հանդեպ անհանդուրժողականությունը: Պետությունների և կառավարությունների առաջնորդները հայտարարել են, որ «բազմազանությունը ցանկացած հասարակությանը հարստացնում է և նպաստում սոցիալական համախմբվածությանը»: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ Պան Գի Մունն ասել է.«Մենք պետք է փոխենք մեր վերաբերմունքը փախստականների և էմիգրանտների հանդեպ: Մենք պետք է նրանց հետ խոսենք: Մեր խոսքն ու երկխոսությունն անչափ կարևոր են: Այդ նպատակով ՄԱԿ-ն այսօր մեկնարկում է «Միասին. հարգանք, անվտանգություն և բոլորի համար արժանապատվության ապահովում» արշավը»:Նա համաշխարհային առաջնորդներին կոչ է արել միանալ այդ արշավին և խոստանալ, որ կապահովեն այն բոլոր մարդկանց իրավունքները, որոնք այս կամ այն պատճառով հարկադրված են եղել լավ կյանքի փնտրտուքով լքել իրենց բնակավայրերը:Պան Գի Մունն այն դեպքում է կառույցի բոլոր անդամ երկրներին կոչ արել միանալ այդ արշավին, երբ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նախագահ՝ Զեյդ Ռաադ Հոսեյնը Քսենոֆոբիան համարել է միջազգային հանրության թերացման գլխավոր գործոնը փախստականների ու էմիգրանտների հարցում: Նշենք,որ մի քանի երկրներ դեմ են հանդես եկել Նյույորքյան հռչակագրի նախագծին ,որը երկրներին կոչ է անում ամեն տարի այդ փախստականների 10 տոկոսին բնակություն հաստատելու իրավունք տալ:
ՄԱԿ-ի տվյալներով 15 տարվա ընթացքում միջազգային էմիգրանտների թիվն աճել է 40%-ով՝ գերազանցելով 244 միլիոնը: Շուրջ 65 մլն մարդ, որոնց կեսը՝ երեխաներ, փախել են բռնությունից կամ հետապնդումներից և փախստական կամ ներքին տեղահանված դարձել:
----
News.am
Սիրիայի հարցում ԱՄՆ դիրքերն այս պահին թույլ են
Սիրիայում զինադադարի պայմաններում ամենաթույլը ԱՄՆ դիրքերն են: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարում է Միջազգային եւ անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի ղեկավար, փորձագետ Ստեփան Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ սիրիական ճգնաժամը ամենաբարդ հակամարտություններից մեկն է, որտեղ շատ խաղացողներ կան՝ ոչ միայն ներքին (փոքր խմբավորումներ, որոնք էականորեն ներգործում են հակամարտության դինամիկայի վրա), այլեւ ներգրավված պետություններ (ինչպես հարեւան երկրները, այնպես էլ տարածաշրջանի մեջ չմտնող երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ եվրոպական երկրները):
«Թուրքիայի ներխուժումն ակնհայտորեն փոխեց ուժերի հավասարակշռությունը, որի հետեւանքով որոշ ուժերի դիրքերը թուլացան, իսկ որոշ ուժերինը՝ ամրապնդվեցին: Ակնհայտ է, որ ԱՄՆ-ը, որը չի մտնում տարածաշրջանի երկրների մեջ և այնտեղ ավելի շուտ միջնորդավորված պատերազմ է վարում, հասկացել է, որ հակամարտությունը կարող է վերահսկողությունից դուրս գալ, ուստի Ռուսաստանի հետ համաձայնության գալու անհրաժեշտություն առաջացավ»,- նշում է Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ հատկապես սա էր անցյալ տարվա սեպտեմբերից՝ Սիրիայում գործողություններ սկսելուց հետո Ռուսաստանի հետապնդած նպատակը, որպեսզի իր հետ հաշվի նստեն որպես աշխարհաքաղաքական խաղացողի: «Որքան էլ թերագնահատենք Ռուսաստանի քաղաքականությունը, Մոսկվան Թուրքիային ստիպեց իր կողմը թեքվել, այնուհետեւ Թուրքիայի միջոցով Սիրիայում այնպիսի վիճակ ստեղծեց, որ Միացյալ Նահանգները հանուն հակամարտության կառավարման Ռուսաստանի հետ գործարքի գնաց: Այնուամենայնիվ, այդ զինադադարը բավական փխրուն է: Եվ ԱՄՆ թե՛ քաղաքական, թե՛ ռազմական թեւի պաշտոնյաները հստակ հայտարարել են, որ կասկածում են զինադադարի երկարաժամկետ բնույթ կրելուն»,- նշում է փորձագետը:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին եւս հայտարարել է, որ «միասնական Սիրիայի պահպանման տեսակետից դա կարող է վերջին հնարավորությունը լինել»: «Ես կարծում եմ, որ այդ հայտարարությունը պատահական չէ, քանի որ Սիրիայի միասնականության պահպանմամբ շահագրգռված են Բաշար Ասադը եւ նրան պաշտպանող Ռուսաստանը: Բնական է, որ ԱՄՆ-ին ոչինչ չի մնում անելու, քան Ռուսաստանին հասկացնել, որ եթե համաձայնագիրը չպահպանվի, իսկ իրադրությունը վերահսկողությունից դուրս գա, ապա, ըստ էության, հարկ կլինի դիմել Սիրիայի բաժանման սցենարին: Քերրին դա չի ասել, բայց դա ակնհայտ ակնարկ է»,- ասում է Ստեփան Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ դա այն քայլն է, որի միջոցով ԱՄՆ-ը զգուշացնում է թե՛ Ռուսաստանին, թե՛ Թուրքիային՝ պետություններ, որոնք վախենում են Սիրիայի բաժանումից: «Այդ դեպքում առաջ է մղվում նաեւ քրդական տարածքների խնդիրը, եւ Թուրքաին դրանից մահու չափ վախենում է: Բայց ինչո՞ւ է Քերրին հատկապես այդպիսի զգուշացումներ ուղղում: Քանի որ ներկայիս զինադադարի պայմաններում ամենաթույլը ԱՄՆ դիրքերն են. ԱՄՆ-ը ստիպված էր Թուրքիայի ներխուժման եւ Ռուսաստանի միջամտության արդյունքում խնդրել կամ համաձայնել կրակի դադարեցմանը: Հետեւաբար, ԱՄՆ-ին ոչինչ չի մնում, բացի այն, թե ինչպես կօգտագործի ռազմավարական վերջին զենքը՝ նախազգուշացումը, որ Վաշինգթոնն այլեւս չի պաշտպանի միասնական Սիրիայի գաղափարը»,- նշում է փորձագետը՝ հավելելով, որ Սիրիայի հնարավոր բաժանումը կարող է մահացու հարված լինել նույն Թուրքիային, եթե ստեղծվի քրդական պետությունը:
Նա ընդգծում է, որ տվյալ պահին սիրիական հակամարտությունը բավական վտանգավոր փուլում է: «Ուղարկված մեսիջները հուշում են, որ հակամարտությունն անհավասարակշռությանն անչափ մոտ է: Եվ բավական է մի փոքրիկ կայծ, որը կհանգեցնի այն սցենարին, որի մասին ԱՄՆ-ն ակնարկում է»,- ամփոփում է Ստեփան Սաֆարյանը:
Նշենք, որ Մոսկվան քանիցս իր զարմանքն է հայտնել, որ Վաշինգթոնը չի ցանկանում հրապարակայնացնել սեպտեմբերի 9-ին Ժնեւում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի միջեւ 14-ժամյա բանակցություններից հետո ձեռք բերված համաձայնությունը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին Սիրիայի բանակի եւ ԶՈւ բարձրագույն հրամանատարությունը հայտարարել է 7-օրյա զինադադարի մասին: Ահաբեկչական խմբավորումների կողմից զինադադարի կանոնավոր խախտումների եւ կառավարական զորքերի դիքերի վրա ԱՄՆ հասցրած հարվածների հետեւանքով վերջինս հարկադրված էր հրաժարվել իր նախաձեռնությունից եւ վերադառնալ ռազմական ակտիվ գործողություններին:
----
News.am
The Time. ՆԱՏՕ-ն ռուսական հարձակումից Եվրոպայի պաշտպանության արդյունավետ պլան չունի
Բրիտանիան եւ ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները ռուսական հարձակումից Եվրոպայի պաշտպանության արդյունավետ պլան չունեն՝ ռազմական դաշինքի ներսում առկա տարաձայնությունների պատճառով, երեկ երեկոյան հայտարարել է վերջերս զորացրված զորահրամանատար՝ գեներալ սըր Ռիչարդ Բարոնսը, հայտնում է The Times-ը:
Ռուսաստանը կարող է ՆԱՏՕ-ի տարածքում տասնյակ հազարավոր զինծառայողների տեղակայել 48 ժամվա ընթացքում՝ ռազմական ինքնաթիռների և նավերի օժանդակությամբ, մինչդեռ դրա համար ՆԱՏՕ-ից ամիսներ կպահանջվեին, հայտարարել է սըր Ռիչարդ Բարոնսը:
Արդյունքում՝ հնարավոր է կորցնել ցամաքի, օդային տարածքի եւ տարածքային ջրերի վերահսկողությունը մինչ այն, երբ ՆԱՏՕ-ի 28 անդամ երկրները գոնե համաձայնության կգան, թե դրան ինչպես պետք է պատասխանեն, նշել է Բրիտանիայի Զինված ուժերի միացյալ հրամանատարության նախկին ղեկավարը:
Բարոնսի խոսքով՝ ՆԱՏՕ-ն առանձնապես տոգորված չէ Ռուսաստանի պոտենցիալ ագրեսիային դիմագրավելուն պատրաստվելու պլաններին վերադառնալու ցանկությամբ: «Ռուսաստանին սահմանակից երկրները Դաշինքի մյուս անդամներին ակտիվորեն կոչ են անում փոխել դիրքորոշումը, բայց այնպիսի երկրներ, ինչպես՝ Ֆրանսիան, Հունաստանը, Իտալիան, Հունգարիան եւ ինչ-որ չափով Գերմանիան չէին ցանկանա Ռուսաստանին նեղացնել»,- նշված է հոդվածում: