Մամուլի տեսություն 29-09-2016
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i36655-Մամուլի_տեսություն_29_09_2016
Շիմոն Պերեսը վերջին տարիներին ջանքեր էր գործադրում խաղաղասեր մարդու դերում հանդես գալու համար : 1994 թվականին նա պարգևատրվեց Խաղաղության նոբելյան մրցանակով՝ չնայած պաղեստինցիների դեմ գործած նրա բազում ոճրագործություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 29, 2016 16:12 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 29-09-2016

Շիմոն Պերեսը վերջին տարիներին ջանքեր էր գործադրում խաղաղասեր մարդու դերում հանդես գալու համար : 1994 թվականին նա պարգևատրվեց Խաղաղության նոբելյան մրցանակով՝ չնայած պաղեստինցիների դեմ գործած նրա բազում ոճրագործություններին:

 

Համշահրի

Մահացել է Սիոնիստական ռեժիմի օկուպացիայի վերջին հիմնադիրը

Սիոնիստական ռեժիմի նախկին նախագահ և վարչապետ և օկուպացիայի վերջին հիմնադիր՝ Շիմոն Պերեսը մահացել է 93 տարեկանում ,չապաքինվելով կաթվածից հետո: Երկու շաբաթ առաջ Շիմոն Պերեսը կաթված է տարել,որից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց,որտեղ սեպտեմբերի 28-ի լույս գիշերը Պերեսի վիճակը կտրուկ վատացել է:Մահը հաստատվել է «Շիբա» բուժկենտրոնում, որտեղ նա պառկած է եղել վերջին 13 օրերին»:Պերեսը 2007-2014 թթ.-ի ընթացքում մի քանի անգամ վարել է Սիոնիստական ռեժիմի վարչապետի, Արտաքին գործերի, պատերազմի , էկոնոմիկայի նախարարների պաշտոնները և վերջում էլ զբաղեցրել է այդ ռեժիմի նախագահի պաշտոնը: Պերեսի հուղարկավորությունը նախատեսված է Սեպտեմբերի 30-ին: Սիոնիստական ռեժիմի ԱԳ նախարարությունը հայտարարել է,որ Բարաք Օբաման, Հիլարի Քլինթոնը , Բրիտանիայի թագուհու ավագ որդին՝ Չարլզը մասնակցելու են Պերեսի հուղարկավորությանը:

Շիմոն Պերեսը վերջին տարիներին ջանքեր էր գործադրում խաղաղասեր մարդու դերում հանդես գալու համար : 1994 թվականին նա պարգևատրվեց Խաղաղության նոբելյան մրցանակով՝ չնայած պաղեստինցիների դեմ գործած նրա բազում ոճրագործություններին: Նա դեռ 30 տարին չբոլորած դարձավ Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարի տեղակալը: 1947 թվականին նա իր գործունեության բերումով դարձավ «Հագանա »-ի աշխարհազորային կազմակերպության զենքերի գնման պատասխանատուն: Այդ խումբը «Նաքբա»-ի տարիներին պաղեստինյան գյուղերի էթնիկ զտումների պատասխանատուն էր: Նրան այդ  պաշտոնում էր նշանակել Սիոնիստական ռեժիմի օկուպացիայի հիմնադիրներից՝ Բեն Գորյունը ,ով համարվում է այդ ռեժիմի առաջին վարչապետը: Պերեսը ,որ տարիներ շարունակ եղել էր Հորդանան գետի արևմտյան ափի բռնագրավյալ տարածքներում հրեաների բնակեցման կողմնակիցը , իր կյանքի վերջին տարիներին ավելի մեղմ ոճով էր այդ մասին խոսում: Սակայն նա հիմնական դեր է ունեցել 1996 թվականին պաղեստինցիներին իրենց հայրենիքից վտարելու և սիոնիստաբնակ ավաններ կառուցելու հարցում: Պերեսը մեկն էր նրանցից ,ով ճնշեց 1987 թվականին պաղեստինցիների առաջին ինթիֆադան և աջակցեց այդ ռեժիմի ժամանակի վարչապետ՝ Արիել Շարոնի միլիտարիստական քաղաքականությունը: Չնայած միջազգային քննադատություններին Պերեսը պաշտպանեց պաղեստինցիների դեմ այդ ռեժիմի հարձակումները:

Պերեսը երբեք ընտրություններում չի հաղթել, ինչ պատճառով նրան հիշում են, որպես «պարտված մարդ»:

---

Armedia.am

 Իրանն այսօր տարածաշրջանում լուրջ դեր ունի, և նման պետության հետ հարաբերություններ խորացնելը բխում է ՀՀ շահերից. Գոհար Իսկանդարյան

ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցեց իրանագետ Գոհար Իսկանդարյանի հետ, ով օրերս ներկայացրեց իր նոր աշխատությունը՝ «Հայաստան-Իրան հարաբերությունները Հայաստանի անկախության ձեռքբերումից հետո», որտեղ փորձ է արվել նորովի և համապարփակ ներկայացնել հայ-իրանական հարաբերությունների զարգացման դինամիկան:

Պատասխանելով իր գրքի մասին տված հարցին, Իրանագետ Գոհար Իսկանդարյանն ասում է. Գիրքն իր բնույթով առաջին փորձն է, երբ մեկ աշխատության մեջ համատեղվել է երկու բարեկամ երկրների առանցքային խնդիրները վերջին 20 տարվա ընթացքում` անդրադառնալով հայ-իրանական հարաբերությունների քաղաքական, տնտեսական, դիվանագիտական, գիտամշակութային և այլ ասպեկտներին: Հայ-իրանական ներկա հարաբերությունների ուսումնասիրությունը գտնվում է հայ արևելագետների ուշադրության կենտրոնում, այն պարզ պատճառով, որ Իրանն այսօր տարածաշրջանում լուրջ դերակատարություն ունի, և նմանատիպ պետության հետ հարաբերություններ խորացնելը բխում է Հայաստանի շահերից: Հատկանշական է, որ Հայաստանի չորս հարևաններից երկուսը շրջափակման մեջ են պահում երկիրը, և 1990-ական թվականների սկզբներին` Հայաստանի համար օրհասական ժամանակահատվածում, մեր հարավային հարևանն իր օգնության ձեռքը մեկնեց, որն, անշուշտ, փրկության, թթվածնի մի նոր աղբյուր էր: Հայաստան-Իրան ավելի քան 20-ամյա հարաբերություններին աչալրջորեն հետևում են ինչպես տարածաշրջանի երկրներն` Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանն, այնպես էլ արտատարածաշրջանային երկիր համարվող Միացյալ Նահանգները: Կա այն թյուրըմբռնումը, թե Միացյալ Նահանգները, ելնելով իր արտաքին քաղաքական կուրսից, պետք է որ առավել քան կոշտ քաղաքականություն իրականացնի Հայաստանի նկատմամբ՝ Իրանի հետ բարեկամական հարաբերություններ արձանագրելու համար: Սակայն իրականությունն այն է, որ Միացյալ Նահանգներում ևս շատ լավ պատկերացնում են, որ Հայաստան-Իրան հարաբերությունների բարեկամական բնույթն այս պահին այլընտրանք չունի, քանզի Հայաստանը շրջափակված է երկու հարևանների կողմից:

Հայ-իրանական հարաբերություններն ունեն դարերի պատմություն, սակայն սույն աշխատանքն անդրադառնում է Հայաստան-Իրան հարաբերություններին Հայաստանի անկախացումից հետո` ներկայացնելով հայ-իրանական տնտեսական, քաղաքական, գիտամշակութային կապերը, ինչպես նաև` Ղարաբաղյան հակամարտության և Հայոց ցեղասպանության նկատմամբ Իրանի դիրքորոշմանը: Գրքում առանձին ենթագլխով անդրադառնում ենք նաև Իրանի հայ համայնքին, նրանց խնդիրներին:

Պատասխանելով  ի՞նչ հարցեր են արծարծվում գրքում հարցին ,իրանագետն ասում է.-- Առաջին գլխում` որը վերնագրված է «Հայաստան-Իրան քաղաքական հարաբերությունները» ներկայացվում է հայ-իրանական հարաբերությունների հիմնարկեքը, ղարաբաղյան խնդրի շրջանակներում Իրանի իրականացրած միջնորդական առաքելությունը, հարաբերությունների հետագա ակտիվացման փուլը և այլն:

Երկրորդ գլուխը` որը վերնագրված է «Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունները», անդրադառնում է Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման խնդիրներին, Հայաստան-Իրան առևտրատնտեսական հարաբերություններին, Հայաստան-Իրան էներգետիկ ոլորտի զարգացմանը, զբոսաշրջությանը և այլն:

Երրոդ գլուխը` «Հայաստան-Իրան գիտամշակութային հարաբերությունները» հիմնականում անդրադառնում են  երկու երկրների գիտական և մշակութային ոլորտում առկա խնդիրներին և դրանց լուծման ուղղություններին:

Չորրորդ գլուխը` վերնագրված է «Իրանի դիրքորոշումը հայության համար կարևոր խնդիրների շուրջ», որտեղ հիմնական շեշտադրումը դրվում է Իրանի մոտեցումները հայ համայնքի նկատմամբ, Իրանի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ և Իրանի դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության նկատմամբ թեմաներին:

Գրքում փորձ է արվել վեր հանել բոլոր այն խնդիրները, որոնք երկու երկրների ղեկավարության կողմից հարթվել են տարիների ընթացքում, ինչպես նաև այն խնդիրները, որոնք կարիք ունեն հավելյալ ուշադրության: Ներկայացված են այն խնդիրները, որ ունեցել են երկու երկրները վերջին 20 տարվա ընթացքում, ինչը հայ-իրանական դիվանագիտական փորձի փոխանցումն է սկսնակ դիվանագետներին` ավելի լավ հասկանալու գործունեության դաշտը և շրջանցելու առկա խնդիրները:

Գրքում զետեղված է նաև հարցազրույցների խիստ կարևոր շարք, քանզի առաջին անգամ փորձ է արվել մեկտեղել հայ-իրանական հարաբերություններում իրենց ավանդն ունեցող և խնդիրներին քաջատեղյակ անձանց կարծիքները, ովքեր բավական լավ գիտեն հայ-իրանական հարաբերությունների բոլոր ծալքերը:

Հայ-իրանական հարաբերություններում իրենց ուրույն տեղն ու դերը ունեցող նախկին և ներկա պետական պաշտոնյաների, Իրանում հայկական թեմերի ներկայացուցիչների հետ իրականացրած հարցազրույցների հարցազրույցների նպատակն էր, պահպանելով տրամաբանական շղթան` միևնույն ժամանակ ճշտել և հանրությանը ներկայացնել Հայաստան-Իրան հարաբերությունների նկատմամբ մեր պետական այրերի մոտեցումները, ինչպես նաև վեր հանել Իրանում գոյություն ունեցող կարծիքները Հայաստան-Իրան հարաբերությունների վերաբերյալ:

---

News.am

Der Standard. Պուտինն իրեն փոխարինող է փնտրում 

Վլադիմիր Պուտինը ուսումնասիրում է հին  գվարդիան: Նախագահն ուզում է հասկանալ, թե ով կարող է հարմար լինել իր փոխարինողի դերում, գրում է Der Standard ավստրիական պարբերականը:

«Քինդերսյուրպրիզ» Կրեմլում. անցյալ շաբաթվա վերջին հայտնվեցին նախկին վարչապետ Սերգեյ Կիրիենկոյին նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակելու մասին լուրերը: Թվում էր, թե ոչնչով աչքի չընկնող պաշտոն է, սակայն իրականում դա առանցքային պաշտոններից մեկն է, քանի որ այն զբաղեցնողը դնում է ռուսական  ներքաղաքական շեշտադրումները եւ կարեւոր կադրային որոշումներ է կայացնում: Կիրիենկոյի նշանակումը անակնկալ կլինի, ինչպես ժամանակին նրան վարչապետի պաշտոնում նշանակելն էր անակնկալ:

«Պետդումայի ընտրությունների ֆոնին Պուտինը մի քանի վերադասավորում է արել, որոնց գլխավոր նպատակն է իր ենթակաների լոյալությունն ու ունակությունները ստուգելն է: Դրա արդյունքում նա ազատվել է մի քանի համախոհներից, որոնք արդեն պատկառելի տարիքի էին հասել»,- գրում է թերթը:

2018-ին Կրեմլի գործող տերն, ամենայն հավանականությամ, կմասնակցի նախագահական ընտրություններին, իսկ ահա 2024-ին, եթե սահմանադրության մեջ փոփոխություններ չկատարվեն, նա ստիպված է լինելու ազատել նախագահի աթոռը: «2008-ին նա համանման քասթինգ անցկացրեց՝ ընտրելով նրան, ով կհսկի այդ պաշտոնն իր համար»,- գրում է թերթը:

Նոր թեկնածուների թվում լրատվամիջոցները հայտնում են Տուլայի նորանշանակ նահանգապետ Ալեքսեյ Դյումինի եւ Կալինինգրադի մարզի ղեկավար Եվգենի Զինիչեւի անունները, որոնք երկուսն էլ եղել են Պուտինի թիկնապահները: