Մամուլի տեսություն 05-10-2016
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i37384-Մամուլի_տեսություն_05_10_2016
ԱՄՆ-ն և մյուս արևմտյան երկրներն ուզում են ոչնչացնել ԻԼԻՊ խմբավորմանը և ցանկանում են ընդդիմությունը զբաղեցնի Բաշշար Ասադի տեղը: Թուրքիային  անհանգստացնում է փախստականների հարցը և քրդական անկախ երկիր ստեղծվելու միտքը: Իսկ ՌԴ-ն համարվում է  գլխավոր դերակատարը Սիրիայում :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 05, 2016 16:33 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 05-10-2016

ԱՄՆ-ն և մյուս արևմտյան երկրներն ուզում են ոչնչացնել ԻԼԻՊ խմբավորմանը և ցանկանում են ընդդիմությունը զբաղեցնի Բաշշար Ասադի տեղը: Թուրքիային  անհանգստացնում է փախստականների հարցը և քրդական անկախ երկիր ստեղծվելու միտքը: Իսկ ՌԴ-ն համարվում է  գլխավոր դերակատարը Սիրիայում :

Շարղ

Միջին Արևելքը և  համաշխարհային նոր աշխարհակարգը

«Շարղ» օրաթերթը հղում անելով  BBC-ին գրում է.«Սիրիայի քաղաքացիական  պատերազմը անվերջանալի է թվում,ինչն ակունք է առնում պատմական աղտոտված տարբեր աղբյուրներից՝ սկսած  Իրաքի դեմ իրականացված անտեղի հարձակումից  մինչև արաբական թոշնած Գարունը, բազմադարյա միջկրոնական քաշքշուկները և սառը պատերազմը: Բայց արդյոք Սիրիայում ընթացող պատերազմը կարող է դառնալ ապագայի համար ուղեցույց: Ապագա ,որից աշխարհը չի կարող խույս տալ: Սիրիայում պատերազմը ավերածություններ է պատճառել և համաշխարհային դերակատարների անձնական շահերն էլ ավելի ու ավելի են  վատացնում ու բարդացնում իրավիճակը:

ԱՄՆ-ն և մյուս արևմտյան երկրներն ուզում են ոչնչացնել ԻԼԻՊ խմբավորմանը և ցանկանում են ընդդիմությունը զբաղեցնի Բաշշար Ասադի տեղը: Թուրքիային  անհանգստացնում է փախստականների հարցը և քրդական անկախ երկիր ստեղծվելու միտքը: Իսկ ՌԴ-ն համարվում է  գլխավոր դերակատարը Սիրիայում : Շատ է խոսվում թե Պուտինն իրոք ինչ է ուզում: Ոմանք ասում են, թե նա ձգտում է տիրանալ Միջերկրականի ջրերում գտնվող մի նավահանգստի,ոմանք կարծում են,որ  նա փորձում է պահպանել իր դաշնակցին ,իսկ մի խումբ էլ ասում են ,թե նա փորձում է ձախողման մատնել մի գունավոր հեղափոխություն: Ոմանք էլ համոզված են, որ Պուտինի նպատակն է  Ռուսաստանի ուժը ցուցադրել աշխարհում:

Ավելի քան քառորդ դար անցել է սառը պատերազմից: ԱՄՆ նախագահ՝ Բարաք Օբաման շատ էլ չի ցանկանում ռազմական ճանապարհով լուծել աշխարհի խնդիրները: ԱՄՆ-ն շարունակու է մնալ  աշխարհի առաջին գերտերությունը,բայց սառը պատերազմին հաջորդած  տարիներին  սկսած իր միահեծանություններն արդեն վաղուց ավարտվել են: Ոմանց կարծիքով այդ երկիրը  Իրաքի անապատներում կորցրեց  իր բարոյական ինքնավստահությունը, ոմանք էլ ասում են, որ խնդիրը նրանում է,որ գործող նախագահը կամազուրկ է: Ամենայնդեպս ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալիք ընտրությունները այդ երկրում հիմնական փոփոխություններ չեն խոստանում », գրում է Շարղ օրաթերթը հղում անելով BBC-ին:

--- 

 

Hayeli.am

ԱՄՆ-ի հրեշավոր գործողություններն ու ներողությունը

 

ԱՄՆ-ի քաղաքականությունը Մերձավոր արևելքի հակամարտություններում մշտապես բուռն քննարկումների առարկա է եղել: ԱՄՆ-ի ներգրավումը Իրաքի ու Աֆղանստանի պատերազմներում մշտապես ուղեկցվել է` մասսայական ոչնչացման զենքի փնտրտուքի մասին պատճառաբանություններով: Այժմ ԱՄՆ-ը` «Իսլամական պետության» դեմ է անհաշտ պայքար մղում և ներգրաված է սիրիական հակամարտությունում` ընդդեմ Ասադի:

Բայց այնպես է ստացվել, որ խոշոր նավթարդյունահանող երկրների, կամ նարկոթրաֆիկի կարևորագույն հանգույց երկրների հետ հակամարտություններից որոշ ժամանակ անց Միացյալ Նահանգներում սկսում են խոսել իրենց կողմից սխալ քաղաքականություն վարելու մասին:

Արժե հիշատակել մի քանի ցայտուն օրինակներ:

Անցյալ տարի ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը կրկին հայտարարեց, որ սխալմամբ է աջակցել Իրաքում պատերազմին: «Ես սխալ եմ գործել»,- ասել է Քլինթոնը, որը 2002-ին սենատոր լինելու ժամանակ կողմ էր քվեարկել Կոնգրեսի երկու պալատների համատեղ բանաձևին, ինչն էլ թույլ է տվել Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմին Իրաքի դեմ ռազմական գործողություններ սկսել: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն Իրաք է ներխուժել 2003-ին և մինչև այսօր մասնակցում է այդ երկրի տարածքում ռազմական գործողություններին` չնայած գրեթե բոլոր ցամաքային զորքերի դուրսբերմանը:

Անցյալ ամիս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ ԱՄՆ-ը ռուսական կողմի հետ բանակցությունների ընթացքում ներողություն է խնդրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադից` Դեր Զոր քաղաքի շրջանում սիրիացի զինվորականների վրա կոալիցիայի ռազմաօդային ուժերի հարձակման համար: «Այո, ներողություն են խնդրել»,- հայտնել է Լավրովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում: Նա հստակեցրել է, որ ամերիկյան կողմը խոստովանել է, որ Դեր Զորի շրջանում հարվածը սխալ է եղել, և Դամասկոսից ներողություն է խնդրել Ռուսաստանի միջոցով:

Անցյալ տարի հոկտեմբերին` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներողություն է խնդրել «Բժիշկներ առանց սահմանների» (Medecins Sans Frontiereș, MSF) կազմակերպությունից Աֆղանստանի Կունդուզ քաղաքում հիվանդանոցի ռմբակոծման համար: Բժշկական բարեգործական այս կազմակերպությունն անկախ հետաքննության կոչ է արել՝ կատարվածը բնութագրելով որպես ռազմական հանցագործություն։ Շաբաթ օրը տեղի ունեցած ավիահարվածի հետևանքով 22 մարդ է սպանվել̦այդ թվում MSF-I 12 աշխատակից և 3 երեխա: 37 մարդ վիրավորվել է: Ինչպես հայտնում է Independent-ը̦ Սպիտակ Տունը տեղի ունեցածը բնութագրել է որպես «սարսափելի̦ ողբերգական միջադեպ»: Սպիտակ Տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեսթը հայտնել է̦ որ Օբաման նաև զանգահարել է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիին և իր ցավակցությունները հայտնել:

MSF-ի հիվանդանոցն իր տեսակի մեջ միակն է Աֆղանստանի հյուսիս-արևելքում: Վերջին մի քանի տարիների ընթացքում հիվանդանոցն օգնություն է տրամադրել հազարավոր մարդկանց: Միայն 2014-ին հիվանդանոցում 22 հազար մարդ օգնություն է ստացել: MSF-ն օգնություն է տրամադրում բոլոր կարիքավորներին̦ անկախ նրանց էթնիկ կրոնական կամ քաղաքական պատկանելությունից: Ինչպես տեղեկացնում է MSF-ի պաշտոնական կայքը̦ ավիահարվածի ժամանակ հիվանդանոցում 150 հիվանդ է եղել̦ ինչպես նաև միջազգային և տեղական կազմակերպությունների ևս 80 աշխատակից: Աֆղանստանում խաղաղ բնակչության դեմ հարձակումները եզակի բնույթ չեն կրում: Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր 2014-ի զեկույցում ընդգծում է̦ որ Աֆղանստանում խաղաղ բնակիչները չեն կարողանում հասնել իրենց հարազատների սպանության հետաքննությանը:

2011-ի մայիսին` ՆԱՏՕ-ի` Աֆղանստանում տեղակայված ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները ներողություն խնդրեցին 9 խաղաղ բնակիչների սպանության համար: Հարավարևմտյան տարածաշրջանի հրամանատար, ԱՄՆ նավատորմի գեներալ-մայոր Ջոն Տուլանը պաշտոնապես ներկայացրել էր կոալիցիայի հայտարարությունը, որում նշվում է թե թալիբների դեմ պայքարի ընթացքում խաղաղ բնակիչները պատահաբար են զոհվել: Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը խստագույն դատապարտել էր ՆԱՏՕ-ի ռմբակոծությունները` ընդգծելով, որ դրանց հետևանքով 10 երեխա, 2 կին և 2 տղամարդ են մահացել:

2012-ի ապրիլին ԱՄՆ-ը պաշտոնապես ներողություն է խնդրել աֆղանների դիակներին անարգելու կապակցությամբ: Սպիտակ Տունը և Պենտագոնը պաշտոնապես ներողություն էին խնդրել ամերիկյան ուժերի կողմից աֆղանների դիակներին անարգելու կապակցությամբ: Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի նիստին առընթեր, ԱՄՆ-ի պաշտպանության նախարար` Լեոն Պանեթան այդ հարցին անդրադառնալով ասել է, որ ինքը ներողություն է խնդրում ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության և կառավարության անունից: Վաշինգտոնում Սպիտակ Տան ավագ խոսնակ` Ջեյ Քարնին կշտամբելի է համար իր երկրի բանակայինների արարքը և ասել է. «Դիակների հետ լուսանկարվելու դեպքը չի վերագրվում ԱՄՆ-ի բանակին և նախագահ` Բարաք Օբաման համոզված է, որ պետք է քննարկվի այդ հարցը և դեպքի մասնակիցները պետք է պատասխան տան»: Հրապարակված լուսանկարները վերաբերում էին 2010-ին, որտեղ երկու տարբեր դիրքերում մի խումբ ամերիկացի բանակայիններ Աֆղանստանում լուսանկարվել են դիակների հետ:

Այս ամենի հետ միասին` պաշտոնական Վաշինգտոնը նաև հայտարարում էր, ոչ մի դեպքում ԱՄՆ-ը ներողություն չի խնդրի Աֆղանստանում պատերազմի ժամանակ թույլ տրված սխալների համար: 2013-ի վերջին ԱՄՆ-ի ազգային անվտանգության գծով խորհրդական Սյուզան Ռայսն ասաց, որ Միացյալ Նահանգները ներողություն չի խնդրի Աֆղանստանում պատերազմի ժամանակ թույլ տրված սխալների համար: Նման հայտարարությամբ ԱՄՆ-ի ազգային անվտանգության գծով խորհրդականը հանդես էր եկել՝ արձագանքելով Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի խոսնակի հայտարարությանը, որտեղ ասված է, որ Աֆղանստանի նախագահն ակնկալում է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայից գրավոր ներողություն, ինչը կազմում է երկու պետությունների միջև անվտանգության նոր պայմանագիր կնքելու մասերից մեկը: ԱՄՆ-ի պաշտոնյաները խոստովանել են, որ Միացյալ Նահանգների արտգործնախարար Ջոն Քերրիի հետ հեռախոսազրույցում Քարզայը պահանջել է գրավոր ներողություն խնդրել: Սյուզան Ռայսը սակայն ասել էր, որ ԱՄՆ-ը չպետք է ներողություն խնդրեն Աֆղանստանից՝ շեշտելով, որ ԱՄՆ-ը «ալ-Քաիդա»-ի զինյալների դեմ պայքարելու և Աֆղանստանում ժողովրդավարություն հաստատելու գործին աջակցություն տրամադրելու ընթացքում մեծ կորուստներ է կրել:

Թե մի շարք երկրներում ժողովրդավարության հաստատման ճանապարհին ինչ արդյունքներ են արձանագրվել` ԱՄՆ-ում ոչ ոք չի անդրադառնում այդ թեմային: Մի պարզ հարց է առաջ գալիս` իսկ հնարավո՞ր էր այդ երկրներում ժողովրդավարություն հաստատել, կամ` հաջողվե՞լ է դա արդյոք իրականացնել այդքան ավերածություններից ու պատերազմներից հետո…

Թամար Բագրատունի

--- 

 

Hayeli.am

Թուրքիայում հեռուստաընկերություններ են փակվում

Ստամբուլում ոստիկանական գործողություններ են իրականացվել թուրքական «Hayatın Sesi» և «İMC» հեռուստաընկերություններում: Ինչպես հաղորդում է թուրքական «Bursahakimiyet» լրատվական կայքը, ոստիկանները  մուտք են գործել «Hayatın Sesi»-ի շենք և դադարեցրել եթերը, ապա՝ կապարակնքել եթերի հեռարձակման սենյակը:

Դրանից հետո ոստիկանական ստորաբաժանումները շարժվել են դեպի «İMC» հեռուստաընկերություն, որը, ըստ թուրքական աղբյուրի, մեղադրվում է Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված  «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) լրատվական օրգանը լինելու մեջ: Ի պատասխան դրան՝ «İMC»-ի աշխատողները հեռուստաընկերության ուղղիղ եթերում ընդդիմացել են և փորձել խոչըդոտել ոստիկանության գործողություններին:

«CNNTurk» լրատվական ծառայությունը նշում է, որ «İMC»-ի աշխատակիցները, դիմադրություն ցույց տալով ոստիկաններին, իրենց ձեռքերում պահել են «Ազատ մամուլը չի կարող լռել», «Մի լռիր, ճչա, ազատ մամուլը իրավունք է»  գրություններով պաստառներ: Ի վերջո, ոստիկանության ճնշման ներքո հեռուստալիքի հեռարձակումը դադարեցվել է: