Մամուլի տեսություն 23-10-2016
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i39628-Մամուլի_տեսություն_23_10_2016
Երեկ Հալեպում  երրորդ օրն էր ինչ խաղաղություն  էր տիրում:  Պայթյուններ չեն եղել, տներ չեն փլվել։Իհարկե ցաք ու ցրիվ կրակոցների ձայները  Հալեպի բնակիչներին հիշեցնում էին, որ պատերազմը դեռ չի ավարտվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 23, 2016 16:14 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 23-10-2016

Երեկ Հալեպում  երրորդ օրն էր ինչ խաղաղություն  էր տիրում:  Պայթյուններ չեն եղել, տներ չեն փլվել։Իհարկե ցաք ու ցրիվ կրակոցների ձայները  Հալեպի բնակիչներին հիշեցնում էին, որ պատերազմը դեռ չի ավարտվել:

 

Շարղ

Հալեպում երկարաձգվեց Ռուսաստանի  հայտարարած հրադադարը

Երեկ Հալեպում  երրորդ օրն էր ինչ խաղաղություն  էր տիրում:  Պայթյուններ չեն եղել, տներ չեն փլվել։Իհարկե ցաք ու ցրիվ կրակոցների ձայները  Հալեպի բնակիչներին հիշեցնում էին, որ պատերազմը դեռ չի ավարտվել, բայց նրանք ,որ պայթյունների ու կրակոցների ձայների տակ  էին լուսացնում առավոտը, բավարարվում են այդ փխրուն հրադադարով: Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնը հայտարարել է,որ Հալեպում հայտարարված հումանիտար հրադադարի արդյունքում երեկ Հալեպի արևելյան հատվածում օդային հարձակումներ տեղի չեն ունեցել: Իսկ ապստամբները հայտարարել են,որ չեն կարող ընդունել հրադադարը, քանի որ նրանց խոսքերով այդ հրադադարը ոչնչով չի կարող օգնել այն մարդկանց, ովքեր ցանկանում են մնալ քաղաքում: «Դա ուղղակի Սիրիայի կառավարության վարած քաղաքականության մի մասն է,որն ուղղված է Հալեպի արևելքը քաղաքական ընդդիմադիրներից մաքրելուն», հավակնել են ընդդիմադիրները:

Այնուամենայնիվ Հալեպում հրադադարը հավանաբար երկարաձգելու մասին հայտարարելով, Կրեմլի խոսնակ՝ Դմիտրի Պեսկովը ընդգծել է.«Մոսկվան անկախորեն ընդունեց Սիրիայի Հալեպ քաղաքում ժամանակավոր հումանիտար հրադադարի իրագործման վերաբերյալ  որոշումը»: Սպուտնիկ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Ռուսաստանը հայտարարել է,որ հաշվի առնելով առկա զարգացումները կարող է ևս մեկ օրով երկարաձգել հումանիտար զինադադարը Սիրիայում:

Սիրիայի  բանակը և Մոսկվան Հալեպի բնակիչներին և քաղաքը շրջապատած ապստամբներին կոչ են արել  նախատեսված միջանցքներով լքել քաղաքը,բայց թվում է,որ շատ քիչ ապստամբներ ու խաղաղ քաղաքացիներ են լքել պատերազմական տարածքը: Սիրիայի պետական լրատվամիջոցները հայտարարել են,որ ապստամբները թույլ չեն տալիս խաղաղ բնակիչները հեռանան քաղաքից:

Փխրուն հրադադարն այն դեպքում է շարունակվում Հալեպում ,երբ միջազգային մի հետաքննության արդյունքում ՄԱԿ-ի  Անվտանգության խորհրդին ներկայացված գաղտնի զեկույցում Սիրիայի կառավարությունը մեղադրվել է երրորդ քիմիական հարձակումն իրականացնելու մեջ: Այդ զեկույցը ,որ հրապարակվել է ՄԱԿ-ի  և քիմիական զենքերի օգտագործումն արգելող կոմիտեի կողմից հոկտեմբերի 21-ին  է փոխանցվել ՄԱԿ-ի ԱԽ-ին:

---

Armradio.am

Պատերազմն այսօր քիչ հավանական է՝ ասում են վերլուծաբանները


Առաջիկայում սպասվում է ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների այցը տարածաշրջան և ԼՂ-ում  ու Հայաստանում սպասում են այդ այցին ներկայացնելու հայկական կողմի ասելիքը: Քաղաքագետ Արթուր Ղազարյանի կարծիքով՝ պետք է երկու հարց առաջնահերթ համարել: Նախ հստակեցնել, որ Թուրքիան չպետք է ուղղակի կամ անուղղակի միջամտի ղարաբաղյան խնդրին և երկրորդ՝ որպեսզի կյանքի կոչվեն ապրիլյան ռազմական գործողություններից հետո Վիեննայում և Սանկտ- Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Որքանո՞վ են հավանական լայնամասշտաբ ռազմական գործողությունների իրականացում Ադրբեջանի կողմից ինչի մասին հայտարարել էր ԼՂՀ Պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը: Արթուր Ղազարյանի կարծիքով այսօր դա քիչ հավանական է։

Լավ, թե՝ վատ, կարևոր չէ, կարևոր է  խաղաղությունը՝ համոզված է  «Ընդդեմ, իրավական կամայականության» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանը ով ևս կարծում է, որ միջնորդներին պետք է ներկայացնել վիճակը պնդելով որպեսզի իրականացվեն Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները:  «Միջնորդներն աշխատում են Մադրիդյան սկզբունքների շուրջ և պետք է աշխատել այդ մադրիդյան սկզբունքները ոչ թե մերժել, այլ դրական փոփոխություններ մտցնել»,- ասում է:

Խոսելով Ալիևի վերջին ոգևորված հայտարարությունների մասին՝ Լարիսա Ալավերդյանը նշեց, որ ադրբեջանական վերլուծաբանները սխալ են աշխատում և հասարակության մեջ շփոթություն է առաջանում դրանից։ «Հայերը ոչ թե ազգային փոքրամասնություններ են, այլ՝ Ադրբեջանական պետությունը հիմնողներից մեկը»,- նկատում է։

Ղարաբաղին լայն ինքնավարություն տալու մասին Ալիևի հայտարարությանն ի պատասխան «Քարնեգի» հիմնադրամի Կովկասի հարցերով ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը նկատում է, որ Լեռնային Ղարաբաղին ինքնավար հանրապետության կարգավիճակ տալու  գաղափարը քննարկվել է դեռ 1988 թվականին, բայց այն մերժվել է, և դժվար է պատկերացնել, որ այժմ այն ավելի ընդունելի է:

 

---

Armedia.am

 

Արտաքին քաղաքականության մասով Թուրքիան բավականին բարդ իրավիճակում է. Թուրքագետ

 

Մոսուլում Թուրքիայի իրականացրածքաղաքականության, ինչպես նաև Թուրքիայի ներքաղաքական զարգացումների մասին «Արմեդիա»ՏՎԳ-ն զրուցել է թուրքագետ Լևոն Հովսեփյանի հետ:

Պատասխանելով Մոսուլի ազատագրման գործողությանը միանալու Թուրքիայի նպատակների մասին հարցին, Թուրքգաետ Լևոն Հովսեփյանն ասել է.«Թուրքիան բավական այլ հավակնություններ ուներ Մոսուլի հետ կապված ռազմագործողություններում, սակայն դրանք փաստորեն սահմանափակվում են ուժային որոշ կենտրոնների՝ մասնավորապես Միացյալ Նահանգների կողմից: Իսկ Թուրքիայի կոալիցիոն ուժերի կազմում ներգրավվելն ուղղակի Թուրքիայի համար այսպես ասած փակուղուց դուրս գալու հնարավորություն է՝ որոշակի մասնակցություն ունենալու կոալիցիային, իր տեղը ունենալու կոալիցիոն ուժերի շարքերում, որպեսզի հետագայում բանակցային սեղանին նստելու որոշակի լծակներ և հնարավորություններ ունենա: Բայց Թուրքիայի նպատակը դա չէ: Թուրքիայի նպատակը սեփական գործողություններն են Մոսուլի թատերաբեմում, և սա պաշտոնական Անկարան բացահայտ ի ցույց է դնում:

Այս պահին թե Էրդողանն ի՞նչ խնդիրներ է լուծում ներքին և արտաքին քաղաքականությունների ոլորտներում, թուրքագետը կարծում է.«Ներքաղաքական ոլորտում առաջնահերթ ներկայիս խնդիրը, որն Էրդողանի կողմից առաջադրված է, և փորձելու են արագ հասնել դրա հանգուցալուծմանը, սահմանադրական փոփոխություններն են: Կուսակցությունը հայտարարեց, որ ապրիլին արդեն նախատեսվում է հանրաքվե: Այսինքն՝ ներքաղաքական մասով ներպետական գործընթացներում այս պահին առաջնահերթն Էրդողանի համար սահմանադրական բարեփոխումներն են, երկրի պետական կառավարման ու անվտանգության համակարգում այն տեղաշարժերը, այն գործընթացները, որոնք ի հայտ եկան հեղաշրջման փորձից հետո:Արտաքին քաղաքականության մասով բավականին բարդ իրավիճակ է Թուրքիայի համար: Ներկայումս Թուրքիայի առաջնահերթություններն արտաքին քաղաքականության մասով սիրիական ճգնաժամը և Մոսուլում իրականացվող ռազմական գործողություններն են: Բայց մյուս կողմից Թուրքիայի համար սրանք լրացուցիչ խնդիրներ են ստեղծում, բավականին բարդ իրավիճակ, որովհետև Թուրքիայի հավակնությունները, հնարավոր դերակատարումը սահմանափակվում են, և այդ հարցում քիչ դերակատարում չունի Միացյալ Նահանգները: Ամերիկա-թուրքական հարաբերությունները գտնվում են վերջին տարիների ամենաբարդ, ամենալարված փուլերից մեկում, ինչն անդրադառնում է նաև Թուրքիայի արտաքին քաղաքականության վրա», եզրափակում է թուրքագետը: