Մամուլի տեսություն 26-10-2016
ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ապագան դարձել է առեղծված:
Շարղ
ԻԼԻՊ-ի առեղծվածային ապագան
«Շարղ» օրաթերթը գրում է.«Համարյա բոլորը համակարծիք են այն փաստի շուրջ, որ ԻԼԻՊ-ը կհեռացվի Մոսուլից,որի իրականացման համար միգուցե ինչ-որ ժամանակ պահանջվի , կամ ընդհակառակը միգուցե նույն արագությամբ ,որ երկու տարի առաջ ԻԼԻՊ-ը գրավեց այդ քաղաքը, նույն արագությամբ էլ ձեռքից տա այն: Բայց հարց է ծագում ,որ եթե ԻԼԻՊ-ը պարտվի Մոսուլում, ապա իլիպականներն ո՞ւր կգնան: Դամասկոսի և Մոսկվայի քաղաքական ու զինվորական պաշտոնյաների կարծիքով՝ նրանք Վաշինգտոնի հրահրմամբ կտեղափոխվեն Ռաքքա և Դեյր Էլ-Զոր նահանգներ: Բայց ինչո՞ւ:Նրանց խոսքերով՝ այդպիսով իլիպականների թիվը կավելանա այդ երկու նահանգներում և Սիրիայի բանակը կհայտնվի նեղ կացության մեջ: Մի հարց,որը կարող է հանգեցնել Սիրիայում հակամարտության ձգձգմանը: Նույնիսկ այդ վիճակը կարող է շարունակվել ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո:
Քանի դեռ ԱՄՆ-ում ընտրություններ տեղի չեն ունեցել և քանի դեռ նոր նախագահը իր քաղաքականությունները չի հայտարարել , այդ իրավիճակը շարունակվելու է: Քանի նոր նախագահի տեսակետները կարող են տարբեր լինել գործող նախագահի տեսակետներից:
Վաշինգտոնի և Թելավիվի ղեկավարները ևս չեն բացառում այդ մոտեցումը, նույնիսկ բացահայտորեն պահանջում են իրականացնել դա, քանզի նրանց կարծիքով այդ նպատակի իրագործման արդյունքում կթուլանան Սիրիայի ու նրա դաշնակիցների զինված ուժերը, այդ երկրում հակամարտությունը կերկարաձգվի,որին զուգընթաց կուժեղանան չափավորականների զինյալները:Իսկ ԻԼԻՊ-ին հնարավորություն կընձեռվի Սիրիայում կարգավորել իր գործերը ,որպեսզի հետագայում մեկ այլ քաղաքական առաքելությամբ զբաղվի:
Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ թուրքական կողմը ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հետ ձեռքբերած համաձայնությամբ կներգրավվի Մոսուլի ավիահարվածներին: Թուրքիայի պաշտպանության նախարարն այս տեղեկությունը հայտնել է Հռոմում հարավարևելյան Եվրոպայի երկրների պաշտպանության նախարարների ժողովից հետո: Սակայն Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հնարավոր մասնակցության մասին թուրք նախարարը որևէ բան չի հայտնել:Արդյոք Թուրքիան Բաղդադի հետ էլ այդ հարցում համաձայնության է եկե՞լ:
Իրողությունն այն է,որ ԻԼԻՊ-ի ապագան մեծապես կախված է Մոսուլի ազատագրումից: Այն իմաստով ,որ Մոսուլում ընդլայնվել են գործողությունները ,որում ներգրավված են ոչ միայն Իրաքի կառավարությունն ու բանակը ,այլև ներքին ու միջազգային բազում դերակատարներ:
Պարզ չէ ,թե ԻԼԻՊ-ը Մոսուլի ազատագրումից հետո ինչ կողմնորոշմամբ է հանդես գալու: Արդյոք կշարունակի մահապարտական գործողություններ իրականացնել երկրներում: Ամենայն դեպս այդ ահաբեկչական խմբավորման ապագան ինքնին առեղծված է:
---
Armedia.am
Էրդողանն Օսմանյան կայսրության կարոտախտի մեջ է
Վերջին տարիներին Թուրքիայի աճող հավակնությունները հասել են իրենց գագաթնակետին: 2002 թվականից Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցության քաղաքականությունն, ըստ էության, խարսխված է ծավալապաշտական այնպիսի գաղափարախոսությունների վրա, որոնք ձևավորում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «նոր Թուրքիայի» տեսլականը:
Օրեր առաջ Էրդողանը բաց տեքստով հայտարարել է, որ Թուրքիայի «ֆիզիկական սահմանները չեն համապատասխանում նրա սրտի սահմանների հետ»: Թուրքիայի նախագահը, հիշեցնելով Թուրքիայի Ազգային ուխտի մասին, նշել է, որ Թուրքիան չի կարող անտարբեր լինել այնպիսի տարածաշրջանների և երկրների հանդեպ, ինչպիսիք են Իրաքը, Սիրիան, Լիբիան, Ղրիմը, Ղարաբաղը, Բոսնիան, Վրաստանը, Ուկրաինան, Բալկանները, Հյուսիսային Աֆրիկան և «մյուս եղբայր տարածաշրջանները»: Էրդողանը փաստացի հայտարարել է այս տարածքների նկատմամբ ժամանակակից Թուրքիայի հավակնությունների մասին. «Սրանցից մենք կհրաժարվենք այն օրը, երբ կհրաժարվենք մեր անկախությունից և ապագայից»:
Ավելի վաղ Էրդողանը հերթական անգամ դժգոհել էր Լոզանի պայմանագրից:«1914 թվականին մեր տարածքները կազմում էին 2.5 միլիոն քառ/կմ, իսկ Լոզանի պայմանագրով դրանք կրճատվեցին՝ դառնալով 780.000 քառ/կմ», - վրդովմունք է հայտնել Էրդողանը:
Գաղտնիք չէ, որ Թայիփ Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ի իշխանության գալուց հետո նեոօսմանիզմը և պանթյուրքիզմը դարձան այլընտրանք Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի ազգայնականությանը: Նեոօսմանիզմի գաղափարախոսությունը նոր ծնունդ ստացավ և դրվեց Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմքում 2000-ականների սկզբին Ահմեդ Դավութօղլուի մշակած տեսությունների արդյունքում: Նեոօսմանիզմի հիմնական գաղափարը կայանում է նրանում, որ Թուրքիան ձգտում է քաղաքական, դիվանագիտական, տնտեսական և այլ տեսակի առաջնորդության հասնել Օսմանյան կայսրության նախկին մի շարք տարածաշրջաններում (այդ թվում` Մերձավոր Արևելք, Բալկաններ, Հյուսիսային Աֆրիկա, Կովկաս):
Վերջին տասնամյակում Թուրքիան այս գաղափարախոսությունների ոգուն համապատասխան աննախադեպ ակտիվ քաղաքականություն է իրականացնում վերոնշյալ ուղղություններով: Եվ եթե Մերձավոր Արևելքի կամ արաբական աշխարհի պարագայում առաջնահերթ խնդիր էր դրված դառնալ տարածաշրջանի շարժիչ ուժը, ապա Կովկասի պարագայում թիրախում «զրո խնդիր հարևանների հետ» սկզբունքն էր:
Մի կողմ թողնելով այս քաղաքականության արդյունավետության խնդիրը առաջին պլան է մղվում թուրքական նկրտումներին հակազդելու խնդիրը: Մասնավորապես, Հունաստանի ԱԳՆ-ն կոչ է արել Թուրքիայի նախագահին հարգել միջազգային համաձայնագրերը՝ զգուշացնելով, որ Էրդողանի հայտարարությունները կարող են խաթարել տարածաշրջանային անվտանգությունը, նշում է ekathimerini.com կայքը: Էրդողանի հայտարարություններն Աթենքը որակել է որպես «երկու երկրների միջև սահմանները կարգավորող նախորդ համաձայնագրերի վիճարկման սադրիչ փորձ»: Իսկ Հունաստանի նախագահը հայտարարել է, որ «Էրդողանի հռետորաբանությունը ցանկացած հեռանկարում խարխլում է ոչ միայն Լոզանի պայմանագիրը, այլ նաև Թուրքիա-Հունաստան կամ Թուրքիա-ԵՄ հարաբերությունները», նշում է info-europa.com-ը:
Վստահությամբ կարելի է պնդել, որ առաջիկայում ևս ականատեսն ենք լինելու Էրդողանի ծավալապաշտական քաղաքականության նորանոր դրսևորումներին, քանի որ դա է ենթադրում ԱԶԿ-ի արտաքին քաղաքական մոդելը: Վաղուց արդեն սպառած լինելով «զրո խնդիր հարևանների հետ սկզբունքը»՝ Թուրքիան առանց «հրավերի» ակտիվորեն ներգրավվում է բոլոր հնարավոր հակամարտություններին՝ բացեիբաց հայտարարելով իր տարածքային հավակնությունների մասին:
---
News.am
Ժակ Սապիրը Ֆրանսիայում ռեժիմի ճգնաժամ է կանխատեսում
Բժշկական միջին օղակի անձնակազմն ու հրշեջ ծառայությունների աշխատակիցները միացել են ոստիկանների հանրահավաքներին, որոնք շարունակվում են ամբողջ Ֆրանսիայում, Le Figaro–ում գրում է ֆրանսիացի տնտեսագետ, Սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցի գիտաշխատող Ժակ Սապիրը։ Եթե այդ բողոքի շարժումը մոտակա օրերին ամրապնդվի, դրա զոհը կդառնա ոչ միայն Ֆրանսուա Օլանդը, համարում է հոդվածագիրը։
«Այդ հանրահավաքները արդեն մեկ զոհ ունեն՝ Ֆրանսուա Օլանդը, - կարծում է Սապիրը,- Բողոքի շարժման ուժգնացմանը զուգահեռ՝ հաճախանում են կոչերը, որ նա պետք է հրաժարվի ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելուց։Բնականաբար, մյուս թեկնածուներին այս իրավիճակը միայն ձեռնտու է, դրա համար էլ նրանք դարանակալած սպասում են։ Սակայն այս բողոքի շարժումը, որը սկսվեց անսպասելիորեն, նպաստեց նույնիսկ Օլանդի «բարեկամների» շարքերում բացահայտումներին»
«Այս ցույցերը բառիս բուն իմաստով «արտակարգ» են։ Նախ հիշեցնենք, որ տեսականորեն դրանք արգելված են՝ հանրահավաքներին ոստիկանների մասնակցության իրավունքը խստորեն ու արդարացիորեն կանոնակարգված է,- գրում է հեղինակը,- Եվ հետո այս ցույցերը անցնում են արտակարգ դրության ռեժիմում։ Եթե Օլանդը իրավացի էր 2015-ի նոյեմբերին ահաբեկչական հարձակումներից հետո արտակարգ դրություն մտցնելու հարցում, ապա նա իրավացի չէ այն երկարացնելու հարցում, քանի որ կա դրա նշանակությունն ու կարեւորությունը թուլացնելու վտանգ։ Քանի որ ոստիկանների այս ցույցերն արտացոլում են՝ վճռական քայլերի դիմելու կառավարության անկարողությունը»։
«Այդուհանդերձ, Ֆրանսուա Օլանդը նոր քաղաքական ենթատեքստի միակ զոհը չէ, նույնիսկ եթե հարցումները նրան ամենացածր դիրքն են հատկացնում․- շարունակում է հեղինակը,- Ուժեղ զայրույթը, որը ֆրանսիացի ժողովորդը զգում է Օլանդի հանդեպ, հիմա արդեն դրսեւորվում է նաեւ Նիկոլյա Սարկոզիի հանդեպ, որը գեղեցիկ ու դատարկ բառերի նույնպիսի սիրահար է։ Վաղը այդ զայրույթը կդրսեւորվի նաեւ Ալեն Ժյուպպեի հանդեպ, քանի որ բոլորին պարզ է, որ նա ընդամենն Օլանդի խղճուկ կրկնօրինակն է, միայն ավելի տարիքով ու ավելի կոպիտ, կամ էլ՝ Ֆիյոնի ու Բրյունո Լե Մերի հանդեպ»։
«Մեր աչքի առաջ անհետանում է ԵՄ քաղաքական պարադիգման, -շարունակում է հոդվածագիրը,- Այն սնել է քաղաքական գործիչների մի ամբողջ սերունդ, ու այդ սերունդը պարտություն է կրել։ Ժամանակն է որ մեկ այլ սերունդ փոխարինի նրան։ Բայց այդ քաղաքական գործիչները, կանայք ու տղամարդիկ, այդ եզրակացությանը հանգելու իրենց անկարողության պատճառով արդեն հիմա երկիրը դատապարտում են ճգնաժամի, որը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ։
«Ոստիկանների ցույցերը ազդարարում են այն մասին, որ քաղաքական մթնոլորտը այսուհետ նոր ընթացք է ստացել։ Մենք ականատես ենք, թե ինչպես է սրընթաց փլուզվում եվրոպամետ ռազմավարությունը, որը յուրովի պաշտպանում են թե՛ Սոցիալիստական կուսակցությունը, թե «Հանրապետականները»։ Մեր երկրում սկսվում են ինքնիշխանության կողմնակիցների ժամանակները»,- շեշտում է Սապիրը։