Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ զորավարժությունները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i60778-Ադրբեջանի_և_Թուրքիայի_զինված_ուժերի_համատեղ_զորավարժությունները
Մեկնարկել են Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի զորավարժությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 01, 2017 13:57 Asia/Tehran
  • Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ զորավարժությունները

Մեկնարկել են Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի զորավարժությունները:

Ապրիլի քսանից սկսած Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները զորավարժություններին մասնակցելու նպատակով տեղակայվել են Ադրբեջանում: Այդ կապակցությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ զորավարժությունները տեղի են ունենալու Ադրբեջանում 2017թ.-ի մայիսի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում: Նպատակն է ՝ երկու երկրների զինված ուժերի միջև համագործակցությունների զարգացումը և փորձի փոխանակումը:

Վերջին մեկ տարում Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը  մի քանի զորավարժություններ են անցկացրել, որոնց մեծ մասն իրականացվել է հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում: Փորձագետների համոզմամբ՝ զորավարժությունները հակասում են Ադրբեջանի ազգային շահերին, քանի որ նման տեղաշարժերը կարող են առավել սրել հայ-ադրբեջանական առանց այն էլ առկա լարվածությունը: Թուրքիան ցանկանում է ռազմական ներկայություն ունենալ Ադրբեջանում և իր տրամադրության տակ ունենալ ռազմաբազա: Թեև Բաքվի պետայրերը հերքում են  արտասահմանցիներին ռազմաբազա տրամադրելու մասին լուրերը, սակայն հենց Բաքվի որոշ լրատվամիջոցներ և տարածաշրջանի դիվանագետներ հաղորդում են Նախիջևանում ռազմաբազա ստեղծելու մասին: Դիվանագետ Արման Նավասարդյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին՝ ասելով.«Թուրքական քաղաքական միտքն իր տեսակի մեջ մեսիջ է ուղարկում առաջին հերթին ՀՀ-ին և նրա հովանավորին՝ ՌԴ-ին: Ասվում է այն մասին, որ քանի որ ՀՀ-ն և ՌԴ-ն սերտ ռազմական համագործակցություն ունեն, որն ասիմետրիկ է Ադրբեջան-Թուրքիա համագործակցությանը, ապա Թուրքիան առաջարկում է ավելի խորացնել համագործակցությունը և մտադրություն հայտնում Նախիջևանում ռազմական բազա ստեղծելու վերաբերյալ»:

Անկասկած Թուրքիայի կառավարությունը, հաշվի առնելով Հայաստանի հետ ռազմական բախումները և Ադրբեջանում տիրող իրավիճակը, միտում ունի ռազմական վերահսկողություն սահմանել Ադրբեջանում: Փաստորեն Բաքվի պետայրերն Ադրբեջանի անկախության ու տարածքային ամբողջականության պաշտպանության համար փրկող ուժ են փնտրում, որը թվում է թե պետք է Թուրքիան լինի: Բաքվի վրա Անկարայի ճնշումներն այնպիսին են, որ Ադրբեջանի ղեկավարները նրանց պահանջներն ընդունելուց բացի այլ ելք չունեն: Դա այն դեպքում, երբ Ադրբեջանում Թուրքիայի կողմից ռազմաբազայի ստեղծումը կարող է հանգեցնել տարածաշրջանի երկրների՝ մասնավորապես Ռուսաստանի և Թուրքիայի միջև լարվածության մեծացմանը: Մյուս կողմից, Ադրբեջանի տարածքում Թուրքիայի ռազմաբազայի ստեղծման դեպքում, այդ երկրի անվտանգության ապահովումը լինելու է Թուրքիայի պարտականությունը, ինչը, բնականաբար, Թուրքիայի համար հնարավոր չի լինելու, քանի որ հարավային Կովկասում այդ երկրի ռազմական տարածամոլությունների դեմ առկա է ՆԱՏՕ կոչվող խոչընդոտը: Բացի դրանից, չի թվում, թե այդ դեպքում Ռուսաստանը շարունակելու է լուռ մնալ: