Մամուլի տեսություն 01-06-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i92894-Մամուլի_տեսություն_01_06_2018
ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումը և Եվրոպայից ԱՄՆ ներկրվող պողպատի համար մաքսատուրքի սահմանումն առաջին հայացքից երկու տարբեր իրադարձություններ են, սակայն որոշ փորձագետներ դրանց միջև ինչ-որ կապակցություն են գտնում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 01, 2018 07:33 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 01-06-2018

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումը և Եվրոպայից ԱՄՆ ներկրվող պողպատի համար մաքսատուրքի սահմանումն առաջին հայացքից երկու տարբեր իրադարձություններ են, սակայն որոշ փորձագետներ դրանց միջև ինչ-որ կապակցություն են գտնում:

Ֆարս

Ի՞նչ կապ գոյություն ունի ԱՄՆ-ի ու Եվրոպայի մաքսատուրքային լարվածության և ՀԳՀԾ-ի միջև

 

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումը և Եվրոպայից ԱՄՆ ներկրվող պողպատի համար մաքսատուրքի սահմանումն առաջին հայացքից երկու տարբեր իրադարձություններ են, սակայն որոշ փորձագետներ դրանց միջև ինչ-որ կապակցություն են գտնում:

ԱՄՆ-ի առևտրի նախարար Վիլբեր Ռասը հինգշաբթի օրը հայտարարելով ԵՄ-ին մաքսատուրքերի վճարումից ազատելու ժամկետն ավարտվելու մասին, ընդգծեց, որ այսուհետ ԵՄ-ից ներկրվող պողպատից ու ալյումինից մաքսատուրք է գանձվելու:

Այս որոշում, որ արժանացավ եվրոպացիների խիստ հակազդեցության և գործադրման հանձնվելու դեպքում կարող է ուշագրավ ազդեցություն գործել արևմտյան երկրների տնտեսության վրա, ընդունվեց մեկ ամիս նրանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապեսս հայտարարեց Իրանի հետ միջուկային համաձայնությունից այդ երկրի հրաժարման մասին:

Թեև այս երկու իրադարձություններն առաջին հայացքից իրարից տարբեր են համարվում, սակայն որոշ փորձագետներ հավատացած են, որ տնտեսական ոլորտում Թրամփի կողմից Եվրոպայի վրա գործադրվող ճնշումը նպատակ ունի նրանց անվտանգության ու քաղաքական բնագավառներում զիջումներ պարտադրել և իրականության մեջ ԵՄ-ից ներկրվող արտադրանքներից մաքսատուրք գանձելով Վաշինգտոնը նպատակ ունի ՆԱՏՕ-ի բյուջեի և Իրանի դեմ պատժամիջոցների նման հարցերում իր տեսակետը պարտադրել Եվրոպային:

«Հուվեր» հետազոտական կենտրոնի հայտնի փորձագետ Մելվին Քրասն այս կապակցությամբ «Բլումբերգ»-ի կայքում գրել է. «Չի թվում այն ինչը, որ Թրամփի Սպիտակ տունը նկատի ունի կարող է սովորական առևտրական համաձայնություն համարվել: Նա ցանկանում է առևտրական հաշտությունը փոխանակել արտաքին քաղաքականության ու անվտանգության ոլորտներում որոշ զիջումներ ստանալու դիմաց»:

«Սա իր մոտ դաշնակիցների հանդեպ ԱՄՆ-ի մի նախագահ կողմից որդեգրված աննախադեպ մեթոդ է: Այդուհանդերձ թվում է, որ այս մեթոդը կարճատևում կարող է արդյունքներ ունենալ, որոնց վրա հիմնվելով Թրամփը կարող է հայտարարել իր հաղթանակի մասին»:

ԱՄՆ-ի ու ԵՄ-ի մաքսատուրքային լարվածության, ՆԱՏՕ-ի բյուջեի և Իրանի դեմ պատժամիջոցների միջև եղած կապի մասին վկայող ապացույցներ գոյություն ունեն:

ԱՄՆ գանձապահության նախարար Ստիվեն Մենուչինը վերջերս «Սի Էն Բի Սի» հեռուստակայանին տված հարցազրույցում ասել էր, որ Թրամփը մետաղների ներկրման մաքսատուրքի դեպքում նկատի կունենա ՆԱՏՕ-ի բյուջեին բերած մասնակցության տարբեր երկրների բաժինը:
Իրականության մեջ ԱՄՆ-ն մետաղների մաքսատուրքից ազատվելու դիմաց ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրներից պահանջում է ընդունել իրենց բյուջեի 2 տոկոսը ռազմական ծախսերին հատկացնելու մասին օրենքը:

Ըստ երևույթին ԱՄՆ-ի գործադրած ճնշումները որոշ դեպքերում արդյունք են ունեցել: Օրինակ ասվում է, թե Գերմանիան ՆԱՏՕ-ին տեղեկացրել է այն մասին, որ պատրաստվում է մինչև 2025 թվականն ընդհանուր բյուջեից ռազմական ծախսերին կատարվող հատկացումները 1,2 տոկոսից բարձրացնել 1,5 տոկոսի:

Իրանի դեմ պատժամիջոցների հարցում էլ ամերիկացի պաշտոնատարները նույն դիրքորոշումն ունեն: Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գորնելը «Նյու Յորք Թայմզ»-ին տված հարցազրույցում ասել է, որ եթե եվրոպական երկրներն Իրանի դեմ պատժամիջոցների հարցում համագործակցեն Վաշինգտոնի հետ, հնարավոր է, որ Վաշինգտոնը նրանց ազատի մետաղների ներկրման մաքսատուրքերից:

Թվում է, որ ԱՄՆ-ն փորձում է մաքսատուրքերի հարցը որպես ճնշման լծակ օգտագործել Եվրոպայի դեմ, որպեսզի այդպիսով այդ երկրներին պարտադրի հետևել Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին:

Պարզ չէ, թե ապահովական ու քաղաքական հնազանդության դիմաց առևտրի ռազմավարությունն ինչ չափերով կարող է ապագայում հաջողությամբ պսակվել, սակայն կան ապացույցներ այն մասին, թե առնվազն կարճատևում ԱՄՆ նախագահի ռազմավարությունը հիմնված է լինելու Եվրոպայի վրա առավել ճնշում գործադրելու վրա:

 

Սպուտնիկ Արմենիա

Փաշինյանի կառավարության ծրագիրը ներկայացվեց. հայտնի է` ԱԺ–ն երբ կքննարկի այդ ծրագիրը

 

Եթե Ազգային ժողովին դուր չգա Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը, ապա խորհրդարանը կլուծարվի, ու կնշանակվեն նոր ընտրություններ։

ՀՀ կառավարությունը հաստատեց իր գործունեության ծրագրի նախագիծն ու այն ուղարկեց Ազգային ժողով:

Նախագծի համաձայն` ՀՀ կառավարությունն առաջարկում է Ազգային ժողովի նախագահին 2018 թվականի հունիսի 7-ին ժամը 11:00-ին գումարել խորհրդարանի արտահերթ նիստ` Կառավարության ծրագրին հավանություն տալու օրակարգային հարցով:

Հիշեցնենք` ՀՀ Սահմանադրությամբ ու «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին օրենքով» կառավարության կազմը հաստատելուց հետո 20-օրյա ժամկետում ՀՀ կառավարությունը պետք է ներկայացնի իր գործունեության ծրագիրը: Այն ԱԺ հավանությանը չարժանանալու դեպքում Ազգային ժողովը լուծարվում է, ու նշանակվում են նոր ընտրություններ:

 

 

 

Արմենպրես

ՀՀԿ-ն պատրաստ է Ընտրական օրենսգրքում փոփոխությունների և արտահերթ ընտրությունների վերաբերյալ քննարկումների

 

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը թե ընտրական օրենսգրքում փոփոխությունների,  թե արտահերթ ընտրությունների վերաբերյալ պատրաստ է քննարկումների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը: «Սակայն մենք համարում ենք, որ այդ քննարկումները պետք է տեղի ունենան քաղաքական ուժերի միջև: Խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը պետք է մասնակցեն այդ քննարկումներին: Սա են պահանջում թե ժողովրդավարական մոտեցումները, թե մեզանում ձևավորված ավանդույթը: Մենք առաջարկ չենք ստացել, սակայն պատրաստ ենք քննարկումների»,- ասաց Հարությունյանը:

Հարությունյանն ընդգծեց, որ ողջունում են Նիկոլ Փաշինյանի արտահայտած միտքը, որ արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն մի քանի լրացուցիչ մեխանիզմներ ներդնելուց հետո: «Մասնավորապես, մենք ողջունում ենք այն մոտեցումը, որ պետք է լինի մատնահետքերի մեկ միասնական առցանց բազա: Մենք համարում ենք, որ սա օգտակար առաջարկ է և պատրաստ ենք մասնակցել քննարկումների՝ պաշտպանելով այս դրույթը»,- ասաց նա՝ հավելելով, որ պաշտպանում են նաև ընտրական ցուցակների ճշգրտման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները:

Անդրադառնալով ռեյտինգային ընտրակարգի վերաբերյալ քննարկումներին՝ Դավիթ Հարությունյանն ասաց, որ ՀՀԿ-ն շարունակում է մնալ այն կարծիքին, որ ռեյտինգային ընտրակարգն օգտակար է:

 

 

News.am

Այսօր երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է

 

 

Ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ Հայաստանում հունիսի 1-ին նշում են երեխաների իրավունքների պաշտպանության օրը:

1925թ. Շվեյցարիայում տեղի ունեցավ Երեխաների բարեկեցության համաշխարհային կոնֆերանսը, որտեղ հունիսի 1-ը ազդարարվեց որպես երեխաների պաշտպանության միջազգային օր: Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող բազմաթիվ միջազգային փաստաթղթեր են ստորագրվել, որոնց թվում են 1959թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Երեխայի իրավունքների հռչակագիրը եւ 1989թ. Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան, որով ըստ էության երեխաները համարվեցին խոցելի հատուկ խումբ:

Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992թ, որից հետո 1996թ. ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը: Այդ օրը հանրապետության տարբեր մարզերում, ինչպես նաեւ մայրաքաղաքում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում։