Մամուլի տեսություն 01-07-2018
Արաբիան հայտարարել է, որ իր նավթի արտադրաչափն օրական երկու միլիոն բարել հավելելու է: Այսպիսով եթե սաուդացիները կարողանան այդ որոշումն իրագործել Արաբիայի օրական արտադրաչափը կբարձրանա 12 միլիոն բարելի:
Ջոմհուրի Էսլամի
ՕՊԵԿ-ը պիտի հակազդի Արաբիային
Արաբիան հայտարարել է, որ իր նավթի արտադրաչափն օրական երկու միլիոն բարել հավելելու է: Այսպիսով եթե սաուդացիները կարողանան այդ որոշումն իրագործել Արաբիայի օրական արտադրաչափը կբարձրանա 12 միլիոն բարելի:
Նավթի շուկայում կայունությունն ու քվոտաները պահպանելու կապակցությամբ ՕՊԵԿ-ի անդամների միջև կայացած պայմանավորվածությունից մեկ շաբաթ անց Ռիադի ընդունած այս որոշումը հեղինակազրկելով ՕՊԵԿ-ին, անորոշ վիճակ է ստեղծելու նավթի համաշխարհային շուկայում և անհստակություն է մտցնելու ՕՊԵԿ-ում որոշումների ընդունման գործընթացում: Այս կապակցությամբ կարևոր մի շարք կետեր գոյություն ունեն, որոնցից յուրաքանչյուրն ավելի է բարդացնում իրավիճակը, իսկ ազդեցիկ բոլոր գործոնների համախմբումը վկայում է այն մասին որ Ռիադի ընդունած որոշումը հիմնավորված չէ տեխնիկական ու փորձագիտական քննարկմամբ և միայն քաղաքական նպատակներ ու քարոզչական դրդապատճառներ է հետապնդում:
Այն որ հատկապես Բեն Սալմանի ուժ ստանալուց հետո Սաուդյան արքունիքն Իրանի հետ խելահեղ հակադրության մեջ է մտել անհերքելի երևույթ է: Ռիադը պարտականություն ունի Վաշինգտոնի ճնշումների ներքո Իրանի նավթի արտադրաչափը կրճատվելու դեպքում համաշխարհային շուկայում լրացնել Իրանի թափուր տեղը և Իրանի դեմ ճնշման հարցում օժանդակել Թրամփին: Պարզ պատճառներ կան այն մասին, որ նավթի մանր ու խոշոր սպառողներն ու հատկապես արդյունաբերական երկրները չեն ողջունում նավթի շուկայում լարվածությունը, այլ ամեն գնով ցանկանում են պահպանել նավթի շուկայում կայունությունը:
Այս դիտանկյունից Արաբիայի կողմից նավթի անակնկալ հավելման մասին մասին հայտարարությունը նպատակ ունի հոգեբանական շոկ փոխանցել նավթի շուկային ու նավթի գլխավոր սպառողների մոտ այն համոզումն առաջացնել, որ նույնիսկ Իրանի նավթի լիարժեք կրճատման դեպքում համաշխարհային շուկայում նավթի առաջարկի հետ կապված որևէ խնդիր չի առաջանալու: Այդուհանդերձ Իրանի նավթային հաճախորդների համար, որոնք իրենց նավթազտարանները կարգավորել են Իրանի անմշակ նավթի համաձայն, այս փոփոխությունը ցանկալի չի կարող լինել և պահանջում է զտարանների տեխնիկական հաշվարկներում փոփոխություններ մտցնել, ինչը ծախսեր պարտադրելով նաև ժամանակ է պահանջելու:
Ռիադը սոսկ քաղաքական ու քարոզչական հնարք է գործադրել, բայց իրականում օրական երկու միլիոն բարել հավելյալ նավթ արտադրելու և այն շարունակաբար նավթի համաշխարհային շուկաներ արտահանելու տեխնիկական հնարավորություններից զուրկ է: Դա կարևոր է այն տեսակետից, որ այս պահին Արաբիան իր համար հստակեցված քվոտայից 150 հազար բարել ավելի քիչ է նավթ արտադրում և տեխնիկական պատճառներով հնարավորություն չունի պահպանել իր արտադրաչափը: Բացի այդ սաուդացիները իրենց անմշակ նավթի արտադրության կարողությունը ներկայացնելիս միշտ էլ չափազանցության են գնացել և հայտարարել են, որ կարող են օրական 12 միլիոն բարել նավթ արտադրել, սակայն որևէ ժամանակ գործնական դաշտում այդ հավակնությունը չեն ապացուցել:
Քեյհան
Թրամփի բոլորի դեմ, բոլորը՝ Թրամփի
Դոնալդ Թրամփն այսօր վերածվել է մի անվան, որ ամեն ինչից առավել արևմուտքցի պաշտոնատարներին մտահոգում է աշխարհում իր տիրակալական ժառանգության հանդեպ, քանի որ նրանք բոլորից ավելի լավ գիտեն, որ ԱՄՆ նախագահը թիրախ է դարձրել ոչ-արևմտյան աշխարհի հանդեպ արևմուտքի միասնական ընթացակարգը:
Այս պահին անկախ այն հարցից, թե արդյոք Թրամփը պայմանների արդյունքն է, թե՝ պայմաններն են Թրամփի արդյունքը, ԵՄ-ի ու Կանադայի ղեկավարներն ԱՄՆ-ի նախագահին մղձավանջ են համարում, ով ոտքը դրել է նրանց կոկորդին:
ԵԽ նախագահ Դոնալդ Թուսկը հակազդելով Թրամփի աննախընթաց քայլերին ԵՄ անդամ երկրների ղեկավարներին ասել է. «Այն պայմաններում, երբ Եվրոպայի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունները մեծ թափով խաթարվում են, Թրամփի նախագահության շրջանում երկու կողմերի համար ամենավատ պայմաններին պիտի սպասենք»:
Առաջին հայացքից հնարավոր է, որ այս հայտարարությունը դնել դիվանագիտության աշխարհում երկրների ղեկավարների հարյուրավոր արտահայտությունների կողքին ու դա լուրջ չընկալել, սակայն պիտի իմանալ, որ ժամանակակից աշխարհում միջազգային հարաբերությունները ձևավորված են առևտրի ու տնտեսության վրա և այս ոլորտում եվրոպական երկրները որևէ մեկի հետ կատակ չեն անում և այսօր գիտակցում են, որ Թրամփն ինչ վտանգավոր խաղ է սկսել նրանց հետ:
Այդուհանդերձ թեև Թրամփի պահվածքը արևմուտքցիների համար վտանգավոր ու կործանարար է, սակայն այլ երկրների համար դա հարմար առիթ է ստեղծում, որպեսզի ձերբազատվեն արևմուտքի տիրակալությունից և քաղաքական ու տնտեսական անկախ կառույց ստեղծեն:
Ալիք
Էրդողանը մտադիր է նոր կառավարության կազմում ներգրավել հայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուին. թուրքական ԶԼՄ-ներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոր կազմվող կառավարության կազմում մտադիր է ներառել նաև աշխարհահռչակ հայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս տեղեկությունը հայտնում է թուրքական Habertürk-ի լրագրող Նագեհան Ալչըն:
«Աշխարհի լավագույն տնտեսագետներից մեկը համարվող Աճեմօղլուն թուրքական տնտեսության կառուցվածքային խնդիրները լուծելու տեսլականով պատմական գործ կարող է անել»,- գրել է Ալչըն: Հենվելով անանուն, բայց «կարևոր աղբյուրների վրա»՝ լրագրողը հայտնել է, որ բոլորին մշտապես զարմացնող Էրդողանը «Աճեմօղլուին կարող է առաջարկել բոլոր լիազորություններով ղեկավարել թուրքական տնտեսությունը»:
Նրա հեղինակած լուրը տարածվել է թուրքական մեծ թվով լրատվամիջոցներով:
Թուրքիայում հունիսի 24-ին տեղի են ունեցել խորհրդարանական ու նախագահական ընտրություններ, որոնցով երկրում անցում է կատարվել կառավարման խորհրդարանական համակարգից նախագահական համակարգի:
Երկրի նախագահի պաշտոնում վերընտրված Էրդողանն այսուհետ իրեն վերապահված լիազորություններով նշանակելու է կառավարության անդամներին:
Դարոն Աճեմօղլուն ծնվել է 1967 թվականին Թուրքիայում՝ հայկական ընտանիքում, սովորել է Մեծ Բրիտանիայում, Միացյալ Նահանգների հեղինակավոր համալսարաններից մեկի՝ Մասաչուսեթսի համալսարանի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր է: Արժանացել է շատ մրցանակների ու պարգևների:
News.am
Հայաստանը երկրների անվտանգության վարկանիշում 120-րդ տեղն է զբաղեցրել
Աշխարհի ամենավտանգավոր երկրների վարկանիշի համաձայն, Հայաստանը 163 երկրների շարքում անվտանգության մակարդակի վարկանիշում զբաղեցրել է 120-րդ տեղը: Այս մասին նշվում է Institute for Economics and Peace կայքում:
Այս վարկանիշը ներառում է հեղինակավոր աղբյուրներից 23 որակական ցուցանիշներ:
Ամենավտանգավոր երկիրը Սիրիան է, հետո Աֆղանստանը, Հյուսիսային Սուդանը, Իրաքը:
Այս վարկանիշում Ռուսաստանը զբաղեցրել է 154-րդ տեղը, Թուրքիան՝ 149-րդ, Ադրբեջանը՝ 132-րդ, Վրաստանը՝ 102-րդ տեղը:
Վարկանիշը կազմվել է հաշվի է առնելով սոցիալական անվտանգության մակարդակը, ներքին եւ միջազգային հակամարտությունների ծավալները, հասարակության ռազմականացումը, հանցագործությունների մակարդակը, ահաբեկչական հարձակումների թիվը, զենքի ներկրումը եւ արտահանումը, կոռումպացվածությունը եւ այլն: