Մամուլի տեսություն 01-10-2018
Իրանի միջուկային ծրագիրը ոչ միայն իր բոլոր բարդություններով ու դժվարություններով ԻԻՀ-ի համար միջազգային համագործակցության ու երկխոսության առիթ ստեղծեց, այլև ընդունակ է դառնալու տարածաշրջանային համագործակցությունների ու երկխոսության հիմնաքարը:
Էըթեմադ
Հարևանների միջուկային առիթը
Իրանի միջուկային ծրագիրը ոչ միայն իր բոլոր բարդություններով ու դժվարություններով ԻԻՀ-ի համար միջազգային համագործակցության ու երկխոսության առիթ ստեղծեց, այլև ընդունակ է դառնալու տարածաշրջանային համագործակցությունների ու երկխոսության հիմնաքարը: Միջին Արևելքի տարածաշրջանում միջուկային անվտանգային ֆորում ստեղծելու համար մեր երկրի Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն Ալի Աքբար Սալեհիի առաջարկն Իրանի կողմից ներկայացված ուշագրավ նախաձեռնություն և դրական ու վստահություն ստեղծող քայլ է համարվում: Այդուհանդերձ միայն լոզունգ տալն ու առաջարկ ներկայացնելը չեն կարող միջուկային անվտանգության տարածաշրջանային համագործակցության և կամ բազմակողմ կազմակերպության վերածվել: Այս կարգախոսն ու առաջարկը տարածաշրջանային բազմակողմ համաձայնության վերածելու համար անհրաժեշտ է տարածաշրջանի բոլոր երկրների մասնակցությամբ գիտական, տեխնիկական, քաղաքական ու իրավական երկխոսություն պարունակող սեղմ դիվանագիտություն: Նման առաջարկների իրագործումը պահանջում է տարածաշրջանի երկրների փորձագետների մասնակցությամբ բացատրական սեմինարներ կազմակերպել և ամենագլխավորը տարածաշրջանի երկրների միջև քաղաքական ու դիվանագիտական վստահություն ձևավորել:
Տարածաշրջանի և մասնավորապես Պարսից ծոցի հարավային արաբական երկրներն Իրանի միջուկային ծրագրի հանդեպ մեծ զգայնություն են ցուցաբերում: ԻԻՀ-ն կարող է այդ զգայնությունն օգտագործել բարձրացնելու համար տարածաշրջանի երկրների և հարևանների միջև համագործակցության մակարդակը: Այս քայլը թեև ինքնին պահանջում է վստահություն ստեղծել և տարածաշրջանի երկրների հետ ակտիվ հարաբերություններ հաստատել, սակայն դրա արդյունքում տարածաշրջանի երկրների միջև վստահության մակարդակն ու ներքին կապակցությունը մեծ չափերով կբարելավվի:
Տարածաշրջանի որոշ երկրների և մասնավորապես Պարսից ծոցի հարավային երկրների հետ Թեհրանի հարաբերությունները լավ պայմաններում չեն գտնվում, սակայն հենց այս առիթներն ու գոյություն ունեցող հարաբերությունները պիտի օգտագործել բարձրացնելու համար տարածաշրջանում վստահության մակարդակն ու ամրապնդելու կապերը: Գուցե անհրաժեշտ լինի, որ Իրանն օգտվի Օմանի, Կատարի ու մասամբ Քուվեյթի նման երկրների հետ իր հարաբերություններից և միջուկային անվտանգության բնագավառում տարածաշրջանային համագործակցության փորձագիտական կոմիտեներ ստեղծի: Կարելի է աշխատանքը սկսել Օմանով, Կատարով ու Քուվեյթով և ի վերջո այդ մեխանիզմի մեջ ներառել նաև Արաբական Միացյալ Էմիրություններին ու Սաուդյան Արաբիային, որոնք չափազանց խիստ դիրքորոշում ունեն Իրանի միջուկային ծրագրի հանդեպ: Այս տարածաշրջանային ֆորումը կարող է ի վերջո վերածվել տարածաշրջանային պայմանագրի: Նման կազմակերպության ձևավորումը կարող է միջուկային համագործակցությունների համար չափազանց լավ ձևաչափի վերածվել ու միևնույն ժամանակ ամրապնդել տարածաշրջանի երկրների միջև փոխվստահությունը:
Քեյհան
Արաբիան աջակցում է ահաբեկչությանն ԱՄՆ-ն Թեհրանին է մեղադրում
Թաքֆիրական ահաբեկիչների հանդեպ Ալե Սաուդի հովանավորության շուրջ որևէ տարաձայնություն չի կարող գոյություն ունենալ: Այդուհանդերձ արևմուտքում սաուդացիների լաբբինգը պատճառ է դարձել, որ շատ քաղաքական այրեր ու ԶԼՄ-ներ իրենց աչքերը փակեն այս իրողության դիմաց: ԱՄՆ վարչակազմն էլ Ալե Սաուդանի նավթային դոլարների համար Ռիադին աջակցություն ցուցաբերելով Թեհրանին է ահաբեկչության հովանավոր ներկայացնում: Սակայն ահաբեկիչների հանդեպ Ռիադի ցուցաբերած աջակցության խստացումը պատճառ է դարձել, որ նույնիսկ սաուդացիների դոլարները չկարողանան կանխել ահաբեկչության հանդեպ Արաբիայի աջակցության մասին արևմտյան որոշ ԶԼՄ-ների արձագանքը:
Ամերիկյան մի օրաթերթ մի վերլուծության մեջ քննադատել է Իրանի ու Սաուդյան Արաբիայի հանդեպ ԱՄՆ վարչակազմի քաղաքականության երկվությունը և նշել է, որ որևէ երկիր Արաբիայի չափ համառորեն չի աջակցել ահաբեկչությանը:
«Բոստոն Գլոբ»-ը գրել է. «Համաշխարհային ահաբեկչության մասին 21-րդ դարում կատարված բոլոր ուսումնասիրությունները հանգել են այն եզրակացության, որ Ալ-Ղաիդային, Թալիբներին, ԻԼԻՊ-ին ու նրանց գաղափարակից հանցագործ այլ խմբերին աջակցելու համար ծախսված գումարների խոշոր մասն ապահովում է Արաբիան»:
Օրաթերթն այնուհետև անդրադարձել է 2001 թվականի 11-սեպտեմբերյան իրադարձություններում սաուդացիների դերակատարությանը և գրել է. «Պատահական չէ, որ Օսամա Բեն Լադենը և սեպտեմբերի 11-ի բոլոր օդահենները Արաբիայի քաղաքացիներ էին: Որևէ այլ երկիր, նույնիսկ Պակիստանն Արաբիայի չափ անդադար աջակցություն չի ցուցաբերել ահաբեկչությանը»:
«ԱՄՆ-ի վարչակազմն անտեսելով ահաբեկչությունը ֆինանսավորելու Արաբիայի անցյալն, առանց փաստարկների Թեհրանին է մեղադրում ահաբեկչության մեջ: Միայն այն դեպքում կարող ենք Իրանին ահաբեկչությունը հովանավորող երկիր ներկայացնել, որ ահաբեկչությունը որպես ԱՄՆ-ի իշխանության դիմակայում բացատրենք: Սա Իրանի միակ մեղքն է»,-գրում է «Բոստոն Գլոբ»-ը:
Ալիք
Ձախողվել է Գագիկ Թումանյանի կիսանդրու գողության փորձը
Երեկ՝ սեպտեմբերի 30-ի գիշերը, նահատակ Գագիկ Թումանյանի անունը կրող հրապարակում, անհայտ անձինք փորձել են գողանալ նախորդ օրը նահատակի անունը կրող հրապարակում տեղադրված նրա բրոնզե կիսանդրին։
Այս մասին թուիթերյան իր միկրոբլոգում գրել է Թեհրանի քաղաքապետարանի միջազգային հաղորդակցությունների բաժնի պետ Մոհամադ Ալի Քարիմին:
Քարիմին ցավ է հայտնել միջադեպի կապակցությամբ՝ տեղեկացնելով. «Քաղաքապետարանի աշխատակիցների միջամտությամբ կանխվել է իրանահայ նահատակ Գագիկ Թումանյանի կիսանդրու գողության փորձը»:
Հիշեցնենք որ, Սրբազան պաշտպանության շաբաթվա առիթով, Իրան-Իրաք պարտադրյալ պատերազմի նահատակ Գագիկ Թումանյանի կիսանդրու բացումը կատարվել էր սեպտեմբերի 29-ին, Թեհրանում:
Արմենիա Սպուտնիկ
Սիրիայում սպասում են հայկական մարդասիրական առաքելությանը. Գանտահարյան
Սիրիայում մթնոլորտը փոխվում է դեպի լավը, որոշ հայեր հարևան երկրներից վերադառնում են իրենց տներ։
Հայկական մարդասիրական առաքելությանը Սիրիայում կընդունեն մեծ ոգևորությամբ, Sputnik Արմենիային ասաց Լիբանանի «Ազդակ» հայկական թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։
«Հասկանալի է, որ խաղաղապահ առաքելությունը ռազմական բաղադրիչ չի պարունակում և կրում է զուտ մարդասիրական բնույթ։ Իմ կարծիքով` տվյալ փուլում հայերի մասնակցությունը դրական արձագանք կգտնի տեղի հայ համայնքի մոտ», – ասաց Գանտահարյանը։
Նա հիշեցրեց, որ հայ խաղաղապահները Լիբանանում ընդունվել են մեծ ոգևորությամբ։ «Կարծում եմ, որ նման ընկալում կլինի Սիրիայում», – ասաց Գանտահարյանը։
Այսօր Սիրիայի հայ համայնքն ապրում է համեմատաբար հանգիստ իրադրությունում։ Նկատելի է որոշ տեղաշարժ սիրիահայերի վերադառնալու հարցում, մասնավորապես, Լիբանանից։
«Մարդիկ սկսել են աշխատել, բայց որոշ խնդիրներ կան, մասնավորապես, տնտեսական։ Պարբերաբար ընդհատվում է էլեկտրաէներգիայի մատակարարումը», – ասաց Գանտահարյանը։
Նրա խոսքով`դեռ բարդ է խոսել հակամարտությունը լուծելու մասին, բայց ամեն ինչ տանում է դրան, երկրում մթնոլորտը փոխվում է, և դա փաստ է
Սիրիայի հայ համայնքի թվաքանակի մասին թարմ տվյալներ առայժմ չկան։ Խմբագրի խոսքով` երկրից նոր զանգվածային արտահոսք չի նկատվում։
Նշենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 25-ին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում, հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ընդլայնել Սիրիայում իր մարդասիրական առաքելությունը, որն ուղղված կլինի այդ երկրում հայ համայնքի կարիքներն ապահովելուն։
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ մարդասիրական առաքելության շրջանակում Սիրիա կմեկնեն 100 զինվորական` բժիշկներ, սակրավորներ, ինչպես նրանց անվտանգությունն ապահովող անձնակազմը։