Համաշխարհային պատմության մեջ լրագրողների շրջանում գրանցված զոհերի ամենամեծ թիվը
(last modified Thu, 03 Apr 2025 06:06:37 GMT )
Ապրիլ 03, 2025 09:36 Asia/Tehran
  • Համաշխարհային պատմության մեջ լրագրողների շրջանում գրանցված զոհերի ամենամեծ թիվը

Գազայի դեմ Իսրայելի վարած պատերազմի ընթացքում զոհվել է 232 լրագրող։

Ըստ Ուոթսոնի միջազգային և հանրային կապերի ինստիտուտի «Պատերազմի ծախսերը» նախագծի զեկույցի՝ Գազայում Իսրայելի հարձակումներին զոհ է գնացել 232 լրագրող, միջինը շաբաթական 13 հոգի:

Pars Today-ի հաորդմամբ՝ այս տվյալների հրապարակմամբ Գազայի պատերազմը դարձել է պատմության մեջ ամենամահաբերը լրագրողների համար։

«Ալ Ջազիրան», հրապարակելով այս հոդվածը, գրել է. «Գազայի պատերազմում իրենց կյանքը կորցրած լրագրողների թիվն ավելի մեծ է, քան երկու համաշխարհային պատերազմներում, Վիետնամում, Հարավսլավիայում և Աֆղանստանում ԱՄՆ-ի վարած պատերազմների հետևանքով զոհվածների թիվը»։ 

Costs of War Project-ի հաղորդմամբ՝ այս պատերազմը լրագրողների համար իսկապես պատմության մեջ ամենածանր հակամարտությունն էր: Զեկույցում նշվում է․ «Պարզ չէ, թե Գազայում քանի պաղեստինցի լրագրող է հայտնվել Իսրայելի ուղղակի հարձակումների թիրախում և քանիսն է զոհ գնացել Իսրայելի ռմբակոծություններին, ինչպես տասնյակ հազարավոր այլ քաղաքացիական անձինք»:

Զեկույցը վկայակոչում է Փարիզում գործող «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը, որը մինչև 2024 թվականի վերջ արձանագրել է 35 դեպք, երբ օկուպանտ բանակը սպանել է լրագրողներին՝ հավանաբար նրանց մասնագիտական գործունեության պատճառով:

Costs of War Project-ի զեկույցում նշվում է, որ Գազայում, որտեղ համարյա չկա արտասահմանցի լրագրող, տեղացի լրագրողները, որոնք ստանում են ցածր աշխատավարձ և ունեն քիչ ռեսուրսներ,  բախվում են մեծ ռիսկի հետ։  

Զեկույցում ասվում է. «Ամբողջ աշխարհում պատերազմական բռնություններն ու գրաքննությունը, շատ պատերազմական գոտիներ վերածել են լրատվական դաշտի գերեզմանոցների, որոնցից ամենաակնառուն Գազան է»։