21-րդ դարում Եվրոպային սպասվում են խոշոր ջրհեղեղներ. գիտնականներ
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ գլոբալ տաքացման պատճառով 30-70 տարի անց ջրի տակ անցնելու սպառնալիքի տակ կհայտնվեն Արևմտյան, Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի զգալի տարածքներ, եթե մարդկությունը անհրաժեշտ միջոցներ չձեռնարկի։
Այդ մասին նշված է Շրջակա միջավայրի հարցերով եվրոպական գործակալության զեկույցում։ Գործակալությունն առաջին անգամ գլոբալ մոնիթորինգի է ենթարկել Եվրոպայի ջրային պաշարների վիճակը և կանխատեսումներ է արել ջրի տակ հայտնվելու վտանգի տակ գտնվող տարածքների համար։
Կլիմայագետները կարծում են, որ ջրհեղեղների պատճառած տնտեսական վնասը մինչև 2050 թվականը կաճի 5, իսկ մինչև 2080 թվականը՝ 17 անգամ։ Ամենամեծ սպառնալիքի տակ են խոշոր գետերի, մասնավորապես, Դանուբի ու Հռենոսի գետահովիտները։
1980 և 2010 թվականների միջև ընկած ժամանակահատվածում եվրոպական երկրներում գրանցվել է 3563 ջրհեղեղ։ Ամենաշատ ջրհեղեղները տեղի են ունեցել 2010 թվականին (21 երկրում՝ 321 ջրհեղեղ)։ Գիտնականներն առաջարկում են Եվրոպայում ջրհեղեղների խնդրի համալիր լուծում։ Մի կողմից այն նախատեսում է պայքար մղել գլոբալ տաքացման դեմ, իսկ մյուս կողմից՝ վերականգնել բնական էկոհամակարգը։