Իրանն արագացնում է Ռեշտ-Աստարայի շինարարությունը «Հյուսիս-հարավ» միջանցքի համար․ Օվերչուկ
https://parstoday.ir/hy/news/world-i238468-Իրանն_արագացնում_է_Ռեշտ_Աստարայի_շինարարությունը_Հյուսիս_հարավ_միջանցքի_համար_Օվերչուկ
Իրանն ակտիվորեն աշխատում է Ռեշտ-Աստարա երկաթգծի կառուցման ուղղությամբ, որը տանում է դեպի Ադրբեջանի հետ սահման:
(last modified 2026-02-25T07:31:30+00:00 )
Հոկտեմբեր 26, 2025 12:03 Asia/Tehran
  • Իրանն արագացնում է Ռեշտ-Աստարայի շինարարությունը «Հյուսիս-հարավ» միջանցքի համար․ Օվերչուկ

Իրանն ակտիվորեն աշխատում է Ռեշտ-Աստարա երկաթգծի կառուցման ուղղությամբ, որը տանում է դեպի Ադրբեջանի հետ սահման:

Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որը Կուալա Լումպուրում մասնակցում է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի միջոցառումներին։

«Մենք առաջընթաց ենք տեսնում «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի հարցում, այդ թվում՝ ադրբեջանական հատվածում։   Իրանում այժմ նկատելի աշխատանք է տարվում Ռեշտ-Աստարա գծի համար հողատարածքներ գնելու ուղղությամբ։ Միաժամանակ ընթանում են նախագծահետախուզական աշխատանքներ, ստեղծվել է հենակետային գեոդեզիական ցանց, պատրաստվում է վերևից լուսանկարահանում, ընթանում է շինարարության նախապատրաստման լիարժեք գործընթաց»,- նշել է Օվերչուկը։

Ավելի վաղ Ադրբեջանում կայացել էր Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի պատվիրակությունների եռակողմ հանդիպումը, քննարկվել «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացումը:

 Օվերչուկի գլխավորած ռուսական պատվիրակությունն այցելել է Ադրբեջանի և Իրանի սահմանային հատված, որտեղ դիտել է շինարարական աշխատանքների ընթացքը:

Հիշեցնենք, որ խորհրդային շրջանում Իրանի հետ երկաթուղային հաղորդակցությունն իրականացվում էր    Նախիջևանի ինքնավար ԽՍՀ–ի հետ սահմանին։ Ղարաբաղյան հակամարտության սկսվելուց և Ադրբեջանի կողմից Հայաստանի տրանսպորտային շրջափակումից հետո այդ երթուղին փակվել է։

Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի ղեկավարների՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրած համաձայնագրով նախատեսվում է այդ ուղղությամբ շարժման վերսկսում՝ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացի շրջանակում: