Իրանի դեմ նոր պատժամիջոցների ալիք. Թրամփը թիրախավորել է Իրանի առևտրային գործընկերներին
https://parstoday.ir/hy/news/world-i242528-Իրանի_դեմ_նոր_պատժամիջոցների_ալիք._Թրամփը_թիրախավորել_է_Իրանի_առևտրային_գործընկերներին
Դոնալդ Թրամփի կողմից Իրանի հետ առևտուր անող երկրների նկատմամբ պատժիչ մաքսատուրքեր սահմանելու վերաբերյալ նոր գործադիր հրամանագրի ստորագրումը նշանավորել է Վաշինգտոնի տնտեսական ճնշման քաղաքականության նոր փուլը։
(last modified 2026-02-07T13:44:58+00:00 )
Փետրվար 07, 2026 17:33 Asia/Tehran
  • Իրանի դեմ նոր պատժամիջոցների ալիք. Թրամփը թիրախավորել է Իրանի առևտրային գործընկերներին

Դոնալդ Թրամփի կողմից Իրանի հետ առևտուր անող երկրների նկատմամբ պատժիչ մաքսատուրքեր սահմանելու վերաբերյալ նոր գործադիր հրամանագրի ստորագրումը նշանավորել է Վաշինգտոնի տնտեսական ճնշման քաղաքականության նոր փուլը։

Այս որոշումը, որը կայացվել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև շարունակվող բանակցությունների ֆոնին, վկայում է Իրանի հետ տնտեսական փոխգործակցության գինը բարձրացնելու և նրա համաշխարհային առևտրային ցանցը սահմանափակելու ԱՄՆ-ի ջանքերի մասին։ Այս հրամանագրի համաձայն՝ 2026 թվականի փետրվարի 7-ից սկսած՝ Իրանի հետ առևտուր անող երկրներից ներմուծվող ապրանքների վրա կսահմանվի մինչև 25% լրացուցիչ մաքսատուրք, որը կարող է լայնածավալ տնտեսական և քաղաքական հետևանքներ ունենալ տարբեր կողմերի համար։

Pars Today-ի հաղորդմամբ՝ Սպիտակ տունը հայտարարել է, որ այս քայլը իրականացվել է միջազգային արտակարգ իրավիճակներում նախագահի լիազորությունների հիման վրա և նպատակ ունի դիմակայել այն ինչին, որ կոչվում է Իրանից բխող անվտանգության սպառնալիքներ։ Նոր հրամանագիրը պատժամիջոցների ազդեցության տակ է դնում ոչ միայն Իրանին, այլև նրա առևտրային գործընկերներին, և ԱՄՆ առևտրի ու ֆինանսների նախարարություններին և պետքարտուղարությանը հանձնարարել է բացահայտել թիրախային երկրներն ու ընկերությունները և սահմանել մաքսատուրքերի շրջանակը։

Ռազմավարական տեսանկյունից այս քայլը դիտարկվում է որպես երկրորդային պատժամիջոցների լրացում և Իրանի տնտեսական շրջափակման խստացում։ Վաշինգտոնի հիմնական ուշադրությունը կենտրոնացած է անուղղակի ճնշում գործադրելու վրա՝ Թեհրանի հետ տնտեսական համագործակցության ռիսկերը մեծացնելու միջոցով, այնպես, որ երկրները ստիպված լինեն ընտրություն կատարել Իրանի հետ առևտրի և ԱՄՆ շուկա մուտք ունենալու միջև։ Նման մոտեցումը կարող է խաթարել տարածաշրջանային մատակարարման շղթաները և ազդել երրորդ երկրների տնտեսական որոշումների վրա։

Տակտիկական առումով՝ հրամանագրի ստորագրման ժամանակացույցը, որը համընկնում է երկու երկրների բանակցություններին, հստակ քաղաքական ուղերձ է պարունակում։ Որոշ վերլուծաբաններ այն դիտարկում են որպես ԱՄՆ-ի ճնշման լծակների ուժեղացման գործիք բանակցային գործընթացում՝ ընդգծելով առավելագույն ճնշման քաղաքականության շարունակականությունը նույնիսկ երկխոսության պայմաններում։ Այս համընկնումը կարող է բարդացնել բանակցային միջավայրը և դժվարացնել վստահության ձևավորումը։

Գործադիր մակարդակում նոր հրամանագիրն ունի փուլային մեխանիզմ։ Սկզբում ԱՄՆ Առևտրի նախարարությունը ներկայացնում է այն երկրները, որոնք  գնումներ են կատարում Իրանից, ապա Պետդեպարտամենտը, համագործակցելով այլ կառույցների հետ, որոշում է մաքսատուրքերի չափը։ Կա նաև պատժամիջոցները մեծացնելու կամ փոփոխելու հնարավորություն, եթե երկրները արձագանքեն կամ քաղաքական պայմանները փոխվեն, մի հարց, որը մեծացնում է Վաշինգտոնի ճկունությունը ճնշում գործադրելու հարցում։

Այնուամենայնիվ, նման քաղաքականության արդյունավետությունը վիճարկելի է։ Անցած տարիների փորձը ցույց է տվել, որ Իրանի որոշ կարևոր գործընկերներ, հատկապես ասիական տերությունները, դիմադրել են ԱՄՆ-ի ճնշումներին։ Հետևաբար, այս քաղաքականության վերջնական հաջողությունը կախված կլինի միջազգային դերակատարների համագործակցության մակարդակից և Իրանի՝ իր տնտեսական հարաբերությունները դիվերսիֆիկացնելու կարողությունից, մի գործոն, որը կարող է որոշել ճնշման և դիմադրության հավասարումները առաջիկա ամիսներին։

Համենայնդեպս, ինչպես Թրամփի նախագահության առաջին շրջանում, երբ չնայած առավելագույն ճնշման քաղաքականության իրականացմանը Իրանը կարողացավ դիմակայել Վաշինգտոնի թշնամական քայլերին՝ ուղղված նավթի արտահանման կրճատմանը և Իրանի եկամուտները զրոյի հասցնելուն, այս անգամ ևս, հաշվի առնելով Իրանի ամենախոշոր առևտրային գործընկեր Չինաստանի կողմից Վաշինգտոնի պահանջների բացահայտ մերժումը,, հնարավոր է, որ Իրանը կրկին կարողանա ձախողման մատնել Թրամփի հակաիրանական քաղաքականությունը։