Գութերեշը քննադատել է Թրամփի որոշումը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշը երեքշաբթի օրը քննադատել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը: «Թրամփի հակամիգրացիոն նախագիծը միայն խանգարել է մարդկանց բնականոն կյանքը և ահաբեկիչները հեշտությամբ կարող են այն շրջանցել». ասել է նա:
Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, Գութերեշը նշել է, որ բոլոր երկրներն իրենց սահմանները պաշտպանելու և ահաբեկիչների մուտքը կանխելու իրավունք ունեն: «ԱՄՆ-ի տարածք միգրանտների մուտքի կանխումը հակասում է միջազգային հարաբերությունների սկզբունքներին». ասել է նա:
«Թրամփի հակամիգրացիոն նախագիծը հիմք է ծառայում այդ երկրում ռասայական ու կրոնական խտրականության համար և նման քայլերը դյուրություն են ստեղծում ահաբեկչական խմբերի գաղափարները քարոզելու և նրանց շարքերում անդամագրման համար»,-հայտարարել է Անտոնիո Գութերեշը:
Միևնույն ժամանակ Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադին հայտարարել է, որ ԱՄՆ-ի նոր նախագահի ընդունած որոշումը ծառայում է ԻԼԻՊ ահաբեկչական խմբի նպատակներին:
Համաձայն Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադին երեքշաբթի օրը Բաղդադում կայացած մամուլի ասուլիսում քննադատելով Թրամփի որոշումն ասել է. «Իսլամական յոթ երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելելու մասին այդ երկրի նախագահի հրամանագիրը պատժում է նրանց, ովքեր պայքարում են ԻԼԻՊ-ի գլխավորած ահաբեկչության դեմ»: