ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ռուսաստանին մեղադրել է միջուկային մրցավազքի մեջ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ Ռուսաստանն իր միջուկային զինանոցներն արդիականացնելով և հրթիռային փորձարկումներ ու զորավարժություններ անցկացնելով, սպառնում է Եվրոպայի անվտանգությանը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանը խախտում է միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը և նման կերպ միջուկային սպառազինությունների նոր մրցավազք հրահրում: Այդ մասին քաղաքական գործիչը հայտարարել է Bild թերթին տված հարցազրույցում:
«ՆԱՏՕ-ի բոլոր գործընկերները մտահոգված են այդ կապակցությամբ»․ ասել է Ստոլտենբերգը:
Նա Մոսկվային կոչ է արել հարգել վերոնշյալ պայմանագիրը, և ապահովել զորավարժությունների ու պաշտպանական նախագածերի իրականացման ոլորտի թափանցիկությունը:
Ստոլտենբերգն այն դեպքում է նման հայտարարությամբ հանդես եկել, երբ ՌԴ կառավարությունը փաստեր ներկայացնելով ամերիկյան կողմին մեղադրել է INF պայմանագիրը խախտելու մեջ: