Ֆրանսիայում Ֆուտբոլի առաջնությունում հաղթանակի տոնակատարությունների ընթացքում անկարգություններ են գրանցվել
Ֆրանսիայում ոստիկանները հայտնել են Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ազգային հավաքականի հաղթանակի տոնակատարությունների ժամանակ կարգազանցների հետ բախումների մասին:
Ոստիկանությունը Փարիզում արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել, հայտնում է The Daily Mail-ը: Ինչպես գրում է կայքը, մարդիկ բարձրացել են թերթի կրպակների և ավտոբուսի կանգառների վրա՝ ծածանելով ազգային դրոշը, նրանք երբեմն գունավոր ծխի ռումբեր են նետել, միացրել ավտոմեքենաների ազդանշանները, ամենուրեք լսվել է երկրի հիմնը՝ «Մարսելյեզը»:
Անկարգություններ են գրանցվել Ելիսեյան դաշտերի շրջակայքում, որտեղ հարյուր հազարավոր երկրպագուներ են հավաքվել: «Ֆիգարո» թերթի հաղորդմամբ՝ մթնոլորտը սկզբում տոնական է եղել, սակայն գիշերվա մոտ հայտնվել են մի խումբ խուլիգաններ, որոնք սկսել են քարեր և շշեր նետել ոստիկանների, երբեմն նաև անցորդների վրա:
Նախնական տվյալներով՝ յոթ մարդ է ձերբակալվել: Փարիզի կենտրոնում մի քանի խանութ թալանվել է: Բացի այդ, տեղեկություններ են ստացվել մեքենաների հրդեհման դեպքերի մասին:Միջադեպեր են գրանցվել նաև Մարսելում: Ոստիկանության երկու աշխատակից վնասվածք է ստացել խուլիգանների հետ բախումների ժամանակ, 10 մարդ ձերբակալվել է:Անկարգություններ են գրանցվել նաև Լիոնում, Ռուանում, Գրենոբլում և մի շարք այլ քաղաքներում:
Հիշեցնենք, որ երեկ Ֆրանսիան պատմության մեջ 2-րդ անգամ դարձավ Աշխարհի չեմպիոն՝ 4:2 հաշվով հաղթելով Խորվաթիայի ընտրանուն:
tert.am/