Իրանցի կանայք (12)
https://parstoday.ir/hy/radio/iran-i131550-Իրանցի_կանայք_(12)
Հարգարժան ռադիոլսող բարեկամներ, հաղորդաշարի այս թողարկման ընթացքում կներկայացնենք իրանցի քիմիկոս տիկին Աֆսանե Սաֆավիին։ Ընկերակցեք մեզ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 23, 2021 06:58 Asia/Tehran

Հարգարժան ռադիոլսող բարեկամներ, հաղորդաշարի այս թողարկման ընթացքում կներկայացնենք իրանցի քիմիկոս տիկին Աֆսանե Սաֆավիին։ Ընկերակցեք մեզ։

Քիմիան գիտություն է քիմիական տարրերի, նրանց առաջացրած պարզ և բարդ նյութերի բաղադրության, կառուցվածքի ու հատկությունների, նյութերի քիմիական փոխազդեցությունների և նոր նյութերի առաջացմամբ ուղեկցվող փոխարկումների՝ քիմիական երևույթների օրինաչափությունների մասին։ Այս ոլորտում քիմիական նյութերի հետ աշխատելը մեծ նշանակություն ունի և քիչ չէ այն կանանց թիվը, որոնք պատմության ընթացքում զբաղվել են քիմիական գիտություններով և արժանացել բարձր կոչումների։ 

Այսօր  գիտական ​​զարգացման առումով, Իրանը տարածաշրջանում զբաղեցնում է առաջին տեղը։  Ի դեպ,   քիմիայի գիտությունն այս երկրում գերազանցում է  մյուս գիտություններին: Իրանում գիտության արտադրության շուրջ 20 տոկոսը  վերաբերում է  քիմիային: Քանի որ երկրի տնտեսությունը հիմնված է նավթի, գազի, նավթաքիմիական նյութերի և հանքավայրերի վրա, քիմիան համարվում է  Իրանի  տեղական գիտությունը, և երկիրը գիտահետազոտական ​​ ոլորտում մեծ հաջողություններ է գրանցել։ Ըստ հիմնարար գիտությունների մասնագետների, այսօր Իրանի համալսարանները քիմիական հետազոտությունների  ոլորտնում գիտական լուրջ առաջխաղացումներ են գրանցել։

--- 

Պրոֆեսոր Աֆսանե Սաֆավին քիմիայի ոլորտի առաջատար մասնագետներից է:  Նա ծնվել է 1955 թվականին՝ Շիրազում: Աֆսանե Սաֆավին սովորել է Շիրազի համալսարանում և 1971-ին ստացել  քիմիայի բակալավրի աստիճան: 1976 թվականին, Գիտության նախարարության կողմից գերազանցիկ ուսանողներին տրամադրվող կրթաթոշակով, սովորել է Բրիտանիայի Բիրմինգհեմի համալսարանում: 1978-ին նա արժանացել է մագիստրոսի կոչման, իսկ 1981-ին Բիրմինգհեմի համալսարանում ստացել  վերլուծական քիմիայի գիտության դոկտորի աստիճան։ Աֆսանե Սաֆավին առաջին իրանցի կինն է, ով ստացել է հիմնարար  գիտությունների պրոֆեսորի աստիճան:

Պրոֆեսոր Աֆսանե Սաֆավի

 

Դոկտոր Աֆսանե Սաֆավին Իրանի քիմիայի ասոցիացիայի  ընտրյալ գործիչների վեցերորդ համաժողովի հայտնի դեմքերից է։ Այս իրանցի մասնագետը մինչ այժմ  միջազգային հեղինակավոր գիտական ​​ամսագրերում հրատարակել է ավելի քան 270, իսկ ներքին և արտասահմանյան գիտաժողովներում՝ 250 հոդված: Այս հոդվածները բազմաթիվ հղումներ են պարունակում և մի քանի անգամ տարբեր գիտաժողովների ընթացքում արժանացել են ամենաբարձր գնահատականների:

Դոկտոր Սաֆավին նաև Իտալիայի քիմիայի ոլորտի պրոֆեսոր Աբդոլսալամի միջազգային գիտական ​​մրցանակի դափնեկիր է և երրորդ աշխարհի երկրների ամենահեղինակավոր կին գիտնականը։ 2004 թվականին նրան շնորհվել է  Գիտելիքի շքանշան։ Նա նվաճել է Ազգային օրինակելի պրոֆեսորի կոչումը: Արժանացել է ներքին ու միջազգային գիտական մրցանակների։ 

Սաֆավին Իրանի գիտության և տեխնոլոգիայի վերաբերյալ ամսագրերի և Իրանի քիմիայի ասոցիացիայի հանդեսի խմբագրական կազմերի անդամ է։ Նա աշխատում է որպես   Ֆարս նահանգի շրջակա միջավայրի գլխավոր վարչության ղեկավարի խորհրդական։

Դոկտոր Աֆսանե Սաֆավին 2018-ին արժանացել է Գիտությունների համաշխարհային ակադեմիայի  Medal Lecture հեղինակավոր մրցանակին։

--- 

Տիկին Սաֆավիի քիմիայի ոլորտում անցկացրած ժամանակը չի սահմանափակվել միայն կրթության ոլորտով։ Նա դոկտորանտուրան ավարտելուց հետո շատ ժամանակ է անցկացրել նաև տանը կատարելով գիտական ​​աշխատանքներ: Նա ամենափոքր  հնարավորություն ունենալու դեպքում,  ուղղում է ուսանողների աշխատանքները, կարդում նրանց դիսերտացիաները և պատասխանում նրանց գիտական հարցերին: Դեռ շարունակում է  դասավանդել  որպես համալսարանի լիիրավ դասախոս, ուսանողները նրա հետ կապի մեջ են պահում մինչև ուշ գիշեր: Պրոֆեսոր Սաֆավին  41 դոկտորական դիսերտացիաների, 55 մագիստրոսական թեզերի և  6 հետդոկտորական նախագծերի ղեկավար է: «Իմ կարծիքով՝ հայրենիքին ծառայելուց ավելի սրբազան նպատակ չկա, և որպես Իրանի կրթական ուսուցչական համակարգի  համայնքի անդամ, ես փորձել եմ ծառայել ուսանողների երիտասարդ սերնդին, և իմ գիտական ​​կյանքի ամենամեծ պատիվն է տեսնել իմ ուսանողների հաջողությունները գիտական, սոցիալական և մշակութային տարբեր ​​ոլորտներում:  Ես համալսարանում աշխատում եմ 6-ից 7 ժամ , նույնքան էլ տանն եմ աշխատում: Սրանցից բացի, ես մասնակցել եմ եվրոպական երկրներում կայացած բազմաթիվ միջազգային, ինչպես նաև Իրանում կայացած  ներքին գիտաժողովների: Այս ամենը պահանջում է իմ ընտանիքի աջակցությունը, և Աստված այս բարիքը պարգևել է ինձ»,- ասում է տիկին Սաֆավին:

Խոսելով հաջողակ կնոջ հատկանիշների մասին, նա ասում է. «Իմ կարծիքով, հասարակության մեջ տղամարդկանց և կանանց հաջողության հասնելու ուղիները տարբեր չեն, քանի որ հաջողակ մարդը նա է, ով կյանքում հետապնդում է  որոշակի նպատակ, որին հասնելու համար ծրագիր է մշակում և ձգտում է ճիշտ ուղղությամբ հասնել իր նպատակին: Բացի այդ, այն, մարդուն կյանքում և հաջողության հասնելու մեջ օգնում է Աստծուն ապավինելը։ Պետք է հավատալ, որ  «ցանկանալ, նշանակում է կարողանալ»։ Օրինակ՝ յուրաքանչյուր մարդու համար կյանքում կարող են լինել դժվար ու ծանր պայմաններ, որոնք կարող են հիասթափություն ու հուսահատություն պատճառել նրան, չնայած նրա ջանքերին: Սակայն Աստծուն ապավինելը կարող է  հույս տալ  մարդուն»:

Նա հավելում է․«Մենք ունենք շատ հստակ ապացույցներ, որ մեր հասարակության կանայք փայլել են գիտական, մշակութային և գեղարվեստական և այլ ​​ասպարեզներում և ձեռք են բերել անհրաժեշտ ինքնավստահություն այդ ասպարեզներում ակտիվ լինելու համար։ Պետք է ուժեղացնել ինքնավստահությունը, որպեսզի կարողանանք տեսնել իրանցի կանանց հաջողությունները հասարակության տարբեր ոլորտներում: Բարեբախտաբար, երկրում ստեղծվել է աճի և գործունեության հարթակ: Ես ինքս, իմ գիտական ​​գործունեության ընթացքում, երբեք, որպես կին, չեմ հանդիպել և չեմ զգացել ավելի շատ խոչընդոտ, քան իմ մյուս գործընկերները»։

Դոկտոր Սաֆավին իր ուսանողներին խորհուրդ է տալիս մեկնել արտերկիր` ուսանելու և տարբեր դասընթացների մասնակցելու համար։ Տիկին Սաֆավին ասում է. «Իրանից մեկնելը  լավ է ուսանողների համար, մի քանի պատճառով։ Նրանք արտերկրում ծանոթանում են տարբեր գիտական ​​և հետազոտական ​​խմբերի հետ, ինչը նրանց  օգնում է ինքնավստահություն ձեռք բերել և գիտակցել, որ  Իրանի  հետազոտական ​​ոլորտը չի զիջում աշխարհի երկրներին: Ուսանողը գնում է և տեսնում, որ Իրանում իրականացվող հետազոտությունները ոչ պակաս են, քան աշխարհի շատ զարգացած երկրների աշխատանքներն ու հետազոտությունները: Ամեն դեպքում, շատ լավ է, որ իրանցի ուսանողը կարողանա ծանոթանալ աշխարհում առկա կրթական և հետազոտական ​​համակարգին ու հնարավորություններին»:

Քիմիայի կարևորության մասին պրոֆեսոր Սաֆավին ասում է. «Զարգացած երկրների անցած ուղու և նպատակների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հիմնարար գիտություններին, հատկապես քիմիային, կարևորություն տալը դրանց աճի և զարգացման պատճառներից մեկն է, քանի որ գիտության այս հատվածը  հանդիսանում է  տեխնիկական և ինժեներական, գյուղատնտեսական ու  բժշկական գիտությունների հիմքը: Քիմիան  գիտության ոլորտ է, որն ուսումնասիրում է տարրերը և ատոմներից, մոլեկուլներից ու իոններից բաղկացած միացությունները, նրանց բաղադրությունը, կառուցվածքը, հատկությունները, այլ նյութերի հետ ռեակցիայի ժամանակ նրանց վարքը և փոփոխությունները։ Հետևաբար, քիմիան կոչվում է կենտրոնական գիտություն: Այս գիտությունը մեր առօրյա կյանքի անհրաժեշտությունն է և առկա է մեր  սննդի,  օդի ու  ջրի մեջ, ամեն ինչ քիմիական պրոցեսների արդյունք է ... և վերջապես քիմիան կարող է ապահովել  կայուն աշխարհ կերտելու ճանապարին  անհրաժեշտ տեխնոլոգիաներ զարգացնելուն ուղղված անհրաժեշտ գիտելիքներ»:

Այսօր այսքանը։ Աստված Ձեզ պահապան։