Իրանցի կանայք (12)
Հարգարժան ռադիոլսող բարեկամներ, հաղորդաշարի այս թողարկման ընթացքում կներկայացնենք իրանցի քիմիկոս տիկին Աֆսանե Սաֆավիին։ Ընկերակցեք մեզ։
Քիմիան գիտություն է քիմիական տարրերի, նրանց առաջացրած պարզ և բարդ նյութերի բաղադրության, կառուցվածքի ու հատկությունների, նյութերի քիմիական փոխազդեցությունների և նոր նյութերի առաջացմամբ ուղեկցվող փոխարկումների՝ քիմիական երևույթների օրինաչափությունների մասին։ Այս ոլորտում քիմիական նյութերի հետ աշխատելը մեծ նշանակություն ունի և քիչ չէ այն կանանց թիվը, որոնք պատմության ընթացքում զբաղվել են քիմիական գիտություններով և արժանացել բարձր կոչումների։
Այսօր գիտական զարգացման առումով, Իրանը տարածաշրջանում զբաղեցնում է առաջին տեղը։ Ի դեպ, քիմիայի գիտությունն այս երկրում գերազանցում է մյուս գիտություններին: Իրանում գիտության արտադրության շուրջ 20 տոկոսը վերաբերում է քիմիային: Քանի որ երկրի տնտեսությունը հիմնված է նավթի, գազի, նավթաքիմիական նյութերի և հանքավայրերի վրա, քիմիան համարվում է Իրանի տեղական գիտությունը, և երկիրը գիտահետազոտական ոլորտում մեծ հաջողություններ է գրանցել։ Ըստ հիմնարար գիտությունների մասնագետների, այսօր Իրանի համալսարանները քիմիական հետազոտությունների ոլորտնում գիտական լուրջ առաջխաղացումներ են գրանցել։
---
Պրոֆեսոր Աֆսանե Սաֆավին քիմիայի ոլորտի առաջատար մասնագետներից է: Նա ծնվել է 1955 թվականին՝ Շիրազում: Աֆսանե Սաֆավին սովորել է Շիրազի համալսարանում և 1971-ին ստացել քիմիայի բակալավրի աստիճան: 1976 թվականին, Գիտության նախարարության կողմից գերազանցիկ ուսանողներին տրամադրվող կրթաթոշակով, սովորել է Բրիտանիայի Բիրմինգհեմի համալսարանում: 1978-ին նա արժանացել է մագիստրոսի կոչման, իսկ 1981-ին Բիրմինգհեմի համալսարանում ստացել վերլուծական քիմիայի գիտության դոկտորի աստիճան։ Աֆսանե Սաֆավին առաջին իրանցի կինն է, ով ստացել է հիմնարար գիտությունների պրոֆեսորի աստիճան:
Դոկտոր Աֆսանե Սաֆավին Իրանի քիմիայի ասոցիացիայի ընտրյալ գործիչների վեցերորդ համաժողովի հայտնի դեմքերից է։ Այս իրանցի մասնագետը մինչ այժմ միջազգային հեղինակավոր գիտական ամսագրերում հրատարակել է ավելի քան 270, իսկ ներքին և արտասահմանյան գիտաժողովներում՝ 250 հոդված: Այս հոդվածները բազմաթիվ հղումներ են պարունակում և մի քանի անգամ տարբեր գիտաժողովների ընթացքում արժանացել են ամենաբարձր գնահատականների:
Դոկտոր Սաֆավին նաև Իտալիայի քիմիայի ոլորտի պրոֆեսոր Աբդոլսալամի միջազգային գիտական մրցանակի դափնեկիր է և երրորդ աշխարհի երկրների ամենահեղինակավոր կին գիտնականը։ 2004 թվականին նրան շնորհվել է Գիտելիքի շքանշան։ Նա նվաճել է Ազգային օրինակելի պրոֆեսորի կոչումը: Արժանացել է ներքին ու միջազգային գիտական մրցանակների։
Սաֆավին Իրանի գիտության և տեխնոլոգիայի վերաբերյալ ամսագրերի և Իրանի քիմիայի ասոցիացիայի հանդեսի խմբագրական կազմերի անդամ է։ Նա աշխատում է որպես Ֆարս նահանգի շրջակա միջավայրի գլխավոր վարչության ղեկավարի խորհրդական։
Դոկտոր Աֆսանե Սաֆավին 2018-ին արժանացել է Գիտությունների համաշխարհային ակադեմիայի Medal Lecture հեղինակավոր մրցանակին։
---
Տիկին Սաֆավիի քիմիայի ոլորտում անցկացրած ժամանակը չի սահմանափակվել միայն կրթության ոլորտով։ Նա դոկտորանտուրան ավարտելուց հետո շատ ժամանակ է անցկացրել նաև տանը կատարելով գիտական աշխատանքներ: Նա ամենափոքր հնարավորություն ունենալու դեպքում, ուղղում է ուսանողների աշխատանքները, կարդում նրանց դիսերտացիաները և պատասխանում նրանց գիտական հարցերին: Դեռ շարունակում է դասավանդել որպես համալսարանի լիիրավ դասախոս, ուսանողները նրա հետ կապի մեջ են պահում մինչև ուշ գիշեր: Պրոֆեսոր Սաֆավին 41 դոկտորական դիսերտացիաների, 55 մագիստրոսական թեզերի և 6 հետդոկտորական նախագծերի ղեկավար է: «Իմ կարծիքով՝ հայրենիքին ծառայելուց ավելի սրբազան նպատակ չկա, և որպես Իրանի կրթական ուսուցչական համակարգի համայնքի անդամ, ես փորձել եմ ծառայել ուսանողների երիտասարդ սերնդին, և իմ գիտական կյանքի ամենամեծ պատիվն է տեսնել իմ ուսանողների հաջողությունները գիտական, սոցիալական և մշակութային տարբեր ոլորտներում: Ես համալսարանում աշխատում եմ 6-ից 7 ժամ , նույնքան էլ տանն եմ աշխատում: Սրանցից բացի, ես մասնակցել եմ եվրոպական երկրներում կայացած բազմաթիվ միջազգային, ինչպես նաև Իրանում կայացած ներքին գիտաժողովների: Այս ամենը պահանջում է իմ ընտանիքի աջակցությունը, և Աստված այս բարիքը պարգևել է ինձ»,- ասում է տիկին Սաֆավին:
Խոսելով հաջողակ կնոջ հատկանիշների մասին, նա ասում է. «Իմ կարծիքով, հասարակության մեջ տղամարդկանց և կանանց հաջողության հասնելու ուղիները տարբեր չեն, քանի որ հաջողակ մարդը նա է, ով կյանքում հետապնդում է որոշակի նպատակ, որին հասնելու համար ծրագիր է մշակում և ձգտում է ճիշտ ուղղությամբ հասնել իր նպատակին: Բացի այդ, այն, մարդուն կյանքում և հաջողության հասնելու մեջ օգնում է Աստծուն ապավինելը։ Պետք է հավատալ, որ «ցանկանալ, նշանակում է կարողանալ»։ Օրինակ՝ յուրաքանչյուր մարդու համար կյանքում կարող են լինել դժվար ու ծանր պայմաններ, որոնք կարող են հիասթափություն ու հուսահատություն պատճառել նրան, չնայած նրա ջանքերին: Սակայն Աստծուն ապավինելը կարող է հույս տալ մարդուն»:
Նա հավելում է․«Մենք ունենք շատ հստակ ապացույցներ, որ մեր հասարակության կանայք փայլել են գիտական, մշակութային և գեղարվեստական և այլ ասպարեզներում և ձեռք են բերել անհրաժեշտ ինքնավստահություն այդ ասպարեզներում ակտիվ լինելու համար։ Պետք է ուժեղացնել ինքնավստահությունը, որպեսզի կարողանանք տեսնել իրանցի կանանց հաջողությունները հասարակության տարբեր ոլորտներում: Բարեբախտաբար, երկրում ստեղծվել է աճի և գործունեության հարթակ: Ես ինքս, իմ գիտական գործունեության ընթացքում, երբեք, որպես կին, չեմ հանդիպել և չեմ զգացել ավելի շատ խոչընդոտ, քան իմ մյուս գործընկերները»։
Դոկտոր Սաֆավին իր ուսանողներին խորհուրդ է տալիս մեկնել արտերկիր` ուսանելու և տարբեր դասընթացների մասնակցելու համար։ Տիկին Սաֆավին ասում է. «Իրանից մեկնելը լավ է ուսանողների համար, մի քանի պատճառով։ Նրանք արտերկրում ծանոթանում են տարբեր գիտական և հետազոտական խմբերի հետ, ինչը նրանց օգնում է ինքնավստահություն ձեռք բերել և գիտակցել, որ Իրանի հետազոտական ոլորտը չի զիջում աշխարհի երկրներին: Ուսանողը գնում է և տեսնում, որ Իրանում իրականացվող հետազոտությունները ոչ պակաս են, քան աշխարհի շատ զարգացած երկրների աշխատանքներն ու հետազոտությունները: Ամեն դեպքում, շատ լավ է, որ իրանցի ուսանողը կարողանա ծանոթանալ աշխարհում առկա կրթական և հետազոտական համակարգին ու հնարավորություններին»:
Քիմիայի կարևորության մասին պրոֆեսոր Սաֆավին ասում է. «Զարգացած երկրների անցած ուղու և նպատակների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հիմնարար գիտություններին, հատկապես քիմիային, կարևորություն տալը դրանց աճի և զարգացման պատճառներից մեկն է, քանի որ գիտության այս հատվածը հանդիսանում է տեխնիկական և ինժեներական, գյուղատնտեսական ու բժշկական գիտությունների հիմքը: Քիմիան գիտության ոլորտ է, որն ուսումնասիրում է տարրերը և ատոմներից, մոլեկուլներից ու իոններից բաղկացած միացությունները, նրանց բաղադրությունը, կառուցվածքը, հատկությունները, այլ նյութերի հետ ռեակցիայի ժամանակ նրանց վարքը և փոփոխությունները։ Հետևաբար, քիմիան կոչվում է կենտրոնական գիտություն: Այս գիտությունը մեր առօրյա կյանքի անհրաժեշտությունն է և առկա է մեր սննդի, օդի ու ջրի մեջ, ամեն ինչ քիմիական պրոցեսների արդյունք է ... և վերջապես քիմիան կարող է ապահովել կայուն աշխարհ կերտելու ճանապարին անհրաժեշտ տեխնոլոգիաներ զարգացնելուն ուղղված անհրաժեշտ գիտելիքներ»:
Այսօր այսքանը։ Աստված Ձեզ պահապան։