Թանգարանային զբոսաշրջությունն Իրանում (9)
Հարգարժան ռադիոլսող բարեկմաներ, ներկայացնում ենք «Թանգարանային զբոսաշրջությունն Իրանում» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կայցելենք Բյուրեղապակու և կերամիկայի թանգարան, և կծանոթանանք Իրանի ամենագեղեցիկ թանգարաններից մեկում ցուցադրվող աշխատանքներին։ Ընկերակցեք մեզ։
Նախքան Բյուրեղապակու և կերամիկայի թանգարան այցելելը, առաջարկում ենք ծանոթանալ իրանական երկու կարևոր արվեստների՝ ապակեգործությանն ու կերամիկագործությանը (խեցեգործությանը)։
Իրանում խեցեգործության արվեստը հազարամյակների պատմություն ունի: Իրանի բարձրավանդակն Արևմտյան Ասիայի ամենակարևոր տարածքներից է, որը մեծ դեր է ունեցել խեցեգործության արդյունաբերության առաջացման և տարածման գործում: Որոշ հնէաբաններ համոզված են, որ խեցեգործությունը առաջացել է Իրանում՝ կենտրոնական Ալբորզում և Բախտիարի լեռնային շրջանում պատմական իրերի հայտնաբերման արդյունքում: Հայտնաբերված իրերն ութ հազար տարվա վաղեմություն ունեն: Իրանական բարձրավանդակում խեցեգործության հիմնական բնութագիրը կարմրագույն և մանուշակագույն խեցին է՝ գեղեցիկ նախշերով։ Կավի ու նրա հանքային հավելանյութերի խառնուրդների, միացությունների եռակալումից և թրծումից ստացվող իրերն ամբողջությամբ պատրաստվում են ձեռքով, որի ընթացքում օտագործվում են խմոր, կավ,ավազի փոշի և մանրացված բույս։
Իրանում ապակեգործության արվեստը ևս ունի երկար պատմություն: Այս արդյունաբերությունը սկիզբ է առել մեր թվարկությունից 2500-3000 տարի առաջ։ Իրանի հյուսիսարևմտյան շրջանում հայտնաբերվել է 2250 տարի վաղեմություն ունեցող ապակե մանյակ, որը վկայում է Իրանում ապակու արդյունաբերության հնության մասին: Հինգերորդ դարի հայտնի հույն գրող Արիստոֆանեսն իր պիեսներից մեկում անդրադարձել է Աքեմենյան արքունիքի բյուրեղյա գավաթներին, իսկ Պերսեպոլիսում հայտնաբերված ապակու կտորները հաստատում են նրա խոսքերը:
Իրանում խեցեգործության և ապակեգործության պատմությանը ավելին շատ ծանոթանալու համար կարող եք այցելել Բյուրեղապակու և կերամիկայի թանգարան:
Իրանի բյուրեղապակու և կերամիկայի թանգարանում (Glassware and Ceramic Museum of Iran) ինչպես պարզ է անունից, ներկայացված են ապակյա և բյուրեղապակյա ցուցանմուշներ, բրուտագործական աշխատանքներ և կերամիկա։ Այս շատ գեղեցիկ թանգարանը տեղակայված է Թեհրանի Սի-ե Թիր պողոտայում, որը քաղաքի ամենագեղեցիկ պողոտաներից մեկն է։ Թանգարանը կրճատ անվանում են Բյուրեղապակու թանգարան: Այս թանգարանը տեսարժան վայր է, որտեղ գտնվում են առայսօր հայտնաբերված հին ու նոր ապակյա և բյուրեղապակյա և կերամիկական իրեր։
Բյուրեղապակու թանգարանի շենքը շատ գեղեցիկ է և դիտարժան: Այս ութանկյուն շենքը պատկանել է իրանցի քաղաքական գործիչ Ղավամ ալ-Սալթանեին, որն այնտեղ ապրել ու աշխատել է: Այս առանձնատունը հետագայում օգտագործվել է որպես Եգիպտոսի և Աֆղանստանի դեսպանատուն: 1975-ին, Ղավամի առանձնատունը գնվեց՝ թանգարանի վերածելու նպատակով: Չորս տարի անց, պաշտոնապես տեղի ունեցավ թանգարանի բացումը: Ղավամի տունն ու այգին ներառվել է Իրանի ազգային ժառանգության ցուցակում և գործում է Մշակութային ժառանգության, արհեստների և զբոսաշրջության կազմակերպության հովանու ներքո:
***
Մենք այժմ գտնվում են Բյուրեղապակու թանգարանում: Շենքն ավելի քան 90 տարվա վաղեմություն ունի։ 1040 քառակուսի մետր մակերեսով շենքը տեղակայված է 7000 քառակուսի մետր մակերեսով այգում: Ղավամի շենքը երկհարկանի կառույց է։ Շենքի ճարտարապետական ոճը 19-րդ դարի իրանական և եվրոպական ճարտարապետությյունների համադրություն է: Առաջին հարկը երկրորդ հարկին է միանում ռուսական ոճի հոյակապ փայտե աստիճաններով: Այս շենքի շինարարության մեջ փայտե դռներ և մուտքեր օգտագործելու փոխարեն օգտագործվել են կրկնակի լուսամուտ պատուհաններ` շենքի մուտքերի լույսը և ջերմաստիճանը կարգավորելու համար: Շենքը զարդարված է աղյուսով, գաջով, էմալով և հայելիներով։ Այս թանգարանի նախագծումն իրականացվել է իրանցի ինժեներների կողմից, իսկ թանգարանի ցուցափեղկերը, որոնք եզակի են իրենց տեսակի մեջ, նախագծվել են ավստրիացի ինժեներ Հանս Հոլայնի կողմից: Հոլայնը ցուցափեղկերի վրա աշխատելիս ոգեշնչվել է իրանական պատմության այնպիսի հուշարձաններով, ինչպիսիք են՝ Պերսեպոլիսի շարասյուները, Տաճարի դղյակը և Զրադաշտի խորանարդը Նաղշ-ե Ռոստամում։ Նաղշ-ե Ռոստամը հինավուրց համալիր է, որը գտնվում է Իրանի Ֆարս նահանգի Մարվդաշտ քաղաքի հյուսիսային Զանգիաբադ գյուղում:
Բյուրեղապակու թանգարանն ունի վեց դահլիճ, և դրա յուրաքանչյուր հատվածում ցուցադրվում է Իրանի ապակու և խեցեգործության պատմության մի մասը: Այս համալիրը պարունակում է իրանական ապակու և խեցեգործության հազվագյուտ ցուցանմուշներ: Այս թանգարանում կարելի է տեսնել կերամիկական իրեր, որոնք պատկանում են մ.թ.ա. IV հազարամյակից մինչև առաջին հազարամյակին։: Բացի այդ, 18-րդ և 19-րդ դարի եվրոպական ապակյա իրերը տեղակայված են թանգարանում:
موزه آبگینه
Առաջին հարկը բաղկացած է չորս բաժիններից. միջանցք, բյուրեղապակյա ցուցադրանմուշների դահլիճ, էմալե ցուցադրանմուշների դահլիճ և աուդիո ուղեցույցների դահլիճ: Առաջին հարկի միջանցքում կան խեցեգործական աշխատանքներ, որոնք պատկանում են մ․թ․ա առաջին հազարամյակին, և ապակե աշխատանքներ, որոնք պատրաստվել են 18-րդ և 19-րդ դարերում՝ եվրոպական երկրներում: Բյուրեղապակյա իրերի սրահում կան ապակե ցուցանմուշներ, որոնք պատկանում են մ.թ.ա. առաջին հազարամյակին և Աքեմենյան, Սասանյան ու իսլամական վաղ շրջաններին: Այս աշխատանքները դասակարգված են ըստ ժամանակահատվածի, որպեսզի այցելուները կարողանան տեսնել ապակե աշխատանքների էվոլյուցիան իրանական արդյունաբերության ոլորտում:
Առաջին հարկում գտնվող վերջին դահլիճը Էմալե ցուցանմուշների դահլիճն է, որտեղ ցուցադրվում են փայլուն և ցրտահարված ապակիներով աշխատանքներ, հատկապես դեկորատիվ իրեր և օծանելիքի շշեր , որոնք թվագրվում են մ.թ.ա. առաջին և երկրորդ հազարամյակներին: Այստեղ ամենահին ցուցադրանմուշները ապակյա խողովակներն են, որոնք նաև կոչվում են ապակյա գլաններ և գտնվել են Չողա-Զանբիլի տաճարում: Դրանք վերագրվում են մ.թ.ա. երկրորդ հազարամյակին: Այս գլաններն օգտագործվում էին պատուհանների և կրոնական արարողությունների ժամանակ: Ապակե խողովակները, որոնք զարդարված են տարբեր գույներով, արևի լույսի ներքո ցուցադրում են գունագեղ էֆեկտ։
***
Թեհրանի բյուրեղապակու և կերամիկայի թանգարանը Իրանի ամենագեղեցիկ թանգարաններից մեկն է, որտեղ այցելելը դառնում է անմոռանալի հուշ յուրաքանչյուր այցելուի համար:
Թանգարանի շենքի երկրորդ հարկում տեղակայված են թիվ մեկ և թիվ երկու Լաջվարդ (լազուր), Սադափ (ուստրե) և Զարին Ֆամ (ոսկեգույն) սրահները։
Սադափ սրահի ճարտարապետությունը նման է կիսաբաց ուստրեի, որտեղ ցուցադրվում են երրորդ և չորրորդ դարերին Նեյշաբուրում հայտնաբերված խեցեղեն իրեր: Այս դահլիճում կարելի է տեսնել նաև իսլամական ժամանակաշրջանին պատկանող ապակե և խեցեգործական աշխատանքներ և ժամանակակից նկարիչների աշխատանքներ: Ապակու վրա նկարելը այս շրջանում ապակեգործության սովորական գործերից է, որը կարելի է տեսնել իսլամական ժամանակաշրջանին վերաբերող որոշ ստեղծագործությունների վրա:
Զարին ֆամ կամ ոսկեգույն երանգների սրահում ցուցադրվում են խեցեգործական աշխատանքներ փորագրանկարներով և գրերով, որոնք պատկանում են լուսնային հիջրեթի 4-ից 7-րդ դարերին: Այս բաժնի աշխատանքները հիմնականում պատրաստված են ոսկուց, լազուրից և փիրուզից, և ամանների վրա կարելի է տեսնել գրություններ, ներառյալ՝ աղոթքներ, բանաստեղծություններ կամ մանրանկարչություն:
***

Եվ վերջում այցելում ենք թիվ մեկ և թիվ երկու Լաջվարդ (Լազուր) սրահներ: Թիվ մեկ Լաջվարդ սրահում ցուցադրվում են փիրուզագույն կերամիկական աշխատանքներ, որոնք թվագրվում են լուսնային հիջրեթի վեցերորդ կամ յոթերորդ դարով: Ստեղծագործությունների մեծ մասը զարդարված են կա՛մ պատկերների մոտիվներով, կա՛մ սև նկարներով: Այս սրահում են նաև բացառիկ ծաղկամաններ, որոնք հայտնի են որպես երկշերտ ծաղկամաններ: Լաջվարդ սրահները հայտնի են իրենց փիրուզագույն փայլերով։
Լաջվարդ թիվ 2 դահլիճում կան ապակե իրերի երկու օրինակներ, որոնք թվագրվում են լուսնային հիջրեթի 11-13-րդ դարերով: Սեֆյանների ժամանակաշրջանում Շահ Աբբաս Սաֆավին Վենետիկից մեծ թվով ապակեգործ վարպետներ է հրավիրում Իրան՝ այդ արվեստը իրանցի վարպետներին սովորեցնելու համար: Այս դահլիճում ցուցադրված է յոթ փայլուն գույներով խեցե տախտակ, որը պատկանում է Ղաջարիների ժամանակաշրջանին և զարդարված է Ֆիրդուսու Շահնամե էպոսի հերոսների դեմքերով:
Այօսր այսքանը։ Հաջորդ թողարկման ընթացքում կայցելենք Թեհրանում գտնվող Ռեզա Աբբասիի անվան թանգարանը։ Աստված Ձեզ պահապան։