Հեղափոխության երկրորդ քայլը՝ արտադրության թռիչքի ուղղությամբ (27)
Հարգարժան ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում են «Հեղափոխության երկրորդ քայլը՝ արտադրության թռիչքի ուղղությամբ» հաղորդաշարի հերթական թողարկումը։ Ընկերակցեք մեզ։
Հեղափոխության երկրորդ քայլում կարևորելով դիմադրողական տնտեսության և մակրոտնտեսական ռազմավարության նպատակները, ԻԻՀ մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին իրանական 1399 թվականը հռչակել է «Արտադրության թռիչքի տարի»։
Շատ փորձագետներ շեշտում են, որ այդ նպատակը կարող է իրականանալ ոչ նավթային արտահանումների զարգացմանն ուղղված նոր հնարավորություններ ստեղծելու և տարածաշրջանային շուկաներին հասանելիություն ունենալու դեպքում։
Համաշխարհային առևտրային մրցակցության պայմաններում, արտահանման շուկայում ավելի մեծ մասնաբաժին ձեռք բերելու համար, պետք է ունենալ որակյալ ապրանքներ արտադրելու հնարավորություն, որի իրականացումը կախված է մի քանի գործոններից: Դրանք են՝ տեխնոլոգիան, մասնագետ ուժերը, արտադրության ձևաչափը և արտադրության ոլորտում ստեղծագործական մոտեցումը, ինչպես նաև բավարար քանակությամբ և բարձրորակ հումքը։ Այդ պատճառով, արդյունաբերական շատ երկրներ փնտրում են համատեղ ձեռնարկություններ և ազատ առևտրի գոտիներ՝ աշխարհի այլ կետերում արտահանման շուկաներին ավելի արագ հասանելիություն ունենալու համար։
Ոչ նավթային տնտեսությունների փորձը ցույց է տալիս, որ ոչ նավթային արտահանման զարգացումը չպետք է սահմանափակվի միայն որոշակի շուկայով կամ որոշակի հաճախորդով: Փորձը նաև ցույց է տալիս, որ տնտեսությունից կամ շուկայից կախվածությունը կարող է լինել փխրուն և խնդիրներ ստեղծել արտադրող երկրների համար:
***
Իրանի առևտրի պալատի փոխնախագահ Հոսեյն Սալահվարզին, արտահանման շուկաների դիվերսիֆիկացման կարևորության մասին ասում է․-«Մեկ շուկայից կառչելը կարող է խնդրահարույց լինել, քանի որ երկու երկրների միջև վեճ ծագելու դեպքում, տվյալ երկրի արտաքին առևտրի մեծ մասը կկորչի»։
Իրանին շրջապատող տարածքում գոյություն ունի 500 միլիոնանոց շուկա, և իրանական շատ ապրանքներ կարող են արտահանվել այդ շուկաներ:
Այլ կերպ ասած, իրանական ապրանքների բազմազանությունը, ինչպես նաև տարածաշրջանային շուկաների հասանելիությունը հնարավորություն են, որոնք պետք է օպտիմալ օգտագործել:
Իրան-Թուրքիա առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Սեյեդ Ջալալ Էբրահիմին, այս առնչությամբ ասում է.«Իրանական արտադրանքի բազմազանությունը սկսվում է հումքից մինչև վերջնական արտադրանք, որոնցից յուրաքանչյուրի համար պետք է ծրագիր մշակել և նույնիսկ փոքր շուկաները լավագույնս օգտագործել ստեղծված իրավիճակում»։
***
ԻԻՀ ԱԳՆ տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Ղոլամռեզա Անսարին նույնպես կարծում է, որ Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի կողմից նշված արտադրության թռիչքին հասնելու լավագույն միջոցը արտահանումն է: Ուստի մենք պետք է ներմուծող երկրից վերածվենք արտահանող երկիր:
Նշելով, որ Իրանի արտահանման շուկաներում գոյություն ունի բազմազանություն, Անսարին հավելել է.. «Ներկայումս հարևան երկրները հանդիսանում են Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին առևտրի հիմնական առանցքը, սակայն մենք կարողացել ենք ներկայություն ունենալ նաև արևելյան շուկաներում»։
2019 թ․-ին, չնայած պատժամիջոցներին, Իրանն իր արտադրանքն արտահանեց շուրջ 120 երկիր, և դա մեծ հաջողություն էր երկրի համար:
Քիմիական արդյունաբերության, հանքարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտները պարենային անվտանգության տեսանկյունից Իրանի տնտեսական առավելություններից են, որոնք արտադրության և տնտեսության թռիչք իրականացնելու պոտենցիալ ունեն: Իրանն այժմ կանգնած է նավթաքիմիական երկրորդ թռիչքի եզրին, որի իրագործմամբ, նավթաքիմիական արտադրանքի արտադրությունը տարեկան կհասնի ավելի քան 100 միլիոն տոննայի, իսկ երրորդ թռիչքով այդ ցուցանիշը կհասնի 140 միլիոն տոննայի:
Այս բաժնի ռազմավարական նպատակն է բարձրացնել ազգային տեխնոլոգիայի մակարդակը և կայունացնել նավթի դերը կայուն տնտեսական ենթակառուցվածքներում:
Տրանսպորտային ցանցը ԻԻՀ մյուս առավելություններից է, որը կարևոր դեր է խաղում տարածաշրջանային շուկաներում Իրանի ներկայության ամրապնդման գործում: Տարածաշրջանի գեոպոլիտիկայում, բացի հարևաններից, Հնդկաստանի, Չինաստանի և Միջերկրական ծովի ափերի նման շուկաները լավ թիրախներ են, որոնք ունեն ավելի քան երեք միլիարդանոց հսկայական շուկա:
Իրանի ԱԳ նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Անսարին ընդգծել է, որ այս և առաջիկա տարում երկիրը պետք է ունենա խելացի արտահանում և ներմուծում: Նա ասել է «Երկիրը դուրս է եկել մեկ արտադրանքի տնտեսության և նավթից կախվածության վիճակից, և այս իրավիճակում, բացի ներքին պահանջարկը բավարարելուց, պետք է մտածել այլ երկրներ ՝ ներառյալ Չինաստան, Հնդկաստան և Աֆրիկյան երկրներ, ապրանքներ արտահանելու մասին»։
***
Այնուամենայնիվ, արտադրության թռիչքն իրականացնելու կարևորագույն գործոններն են՝ ներդրումների հնարավորությունների ակտիվացումը և սեփական արտադրությանն աջակցելը։
Կարևորելով ներդրումների հարցը, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է․- «Ցավոք, վերջին տարիներին երկրում ներդրումները նվազել են, և մենք այդ առումով հետ ենք մնում: Այս խնդիրը լուծելու համար, նախ պետք է վերականգնվեն ներդրումները, և ներդրումների ոչ մի խոշոր ծրագիր չպետք է մնա անորոշ վիճակում»։
Կարևորելով մասնավոր բաժնի ներդրողներին խրախուսելու անհրաժեշտությունը Այաթոլլահ Խամենեին նշել է․ «Մասնավոր բաժինն ունի մեծ հնարավորություններ և անհրաժեշտ իրացվելիություն, ուստի լուծելով հարկային, լիցենզավորման և բանկային դյուրությունների հետ կապված խնդիրները, պետք է մասնավոր բաժնին խրախուսել ներդրումներ կատարել»։
Այս ոլորտում հաջողված երկրների փորձը ցույց է տալիս, որ այն տնտեսությունը, որ ապավինում է ներքին կարողություններին և հնարավորություններին, միաժամանակ բարօրություն բերելով երկրին և լուծելով մարդկանց կենսապահովման խնդիրները, կանխում է ազգային տնտեսության կառուցվածքին հասցվող լուրջ վնասներն ու ցնցումները: