ԻԻՀ մեծարգո առաջնորդի հայեցակետը (Նոռուզյան ուղերձ)
https://parstoday.ir/hy/radio/iran-i136898-ԻԻՀ_մեծարգո_առաջնորդի_հայեցակետը_(Նոռուզյան_ուղերձ)
Իրանական 1400թ տարեմուտի կապակցությամբ ունեցած ելույթում, ԻԻՀ առաջնորդն անդրադարձել է մի քանի կարևոր թեմաների:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 28, 2021 07:09 Asia/Tehran

Իրանական 1400թ տարեմուտի կապակցությամբ ունեցած ելույթում, ԻԻՀ առաջնորդն անդրադարձել է մի քանի կարևոր թեմաների:

Իսլամական հեղափոխության  առաջնորդը նախ շնորհավորել է Նոր տարվա կապակցությամբ և նշել. «Եթե փորձենք հպանցիկ ու իմաստալից համեմատություն իրականացնել անցած դարի հետ, կարող ենք ասել, որ 1300-ականները Ռեզա Խանի բռնատիրական իշխանության սկիզբն էին: Այն նշանավորվեց անգլիացիների իրականացրած հեղաշրջմամբ, որը հիմք դրեց երկրում անգլիական գաղութատիրությանը: Իսկ 1400 թվականը մեկնարկում է ընտրություններով: Այսինքն ժողովրդի ընտրությամբ և ազգային ինքվաստահության հիման վրա հաստատված իշխանությամբ: Այս տարի մեր մուտքը նոր դար, տարբերվում է 1300 թ. տարեմուտից և 14-րդ դար մուտք գործելուց: Հույս ունեմ, որ Աստծու կամոք, մեր բոլոր գործերն այս համեմատության նման և դեպի զարգացում կգնան»:

 

Այաթոլլահ խամենեին իր նոռուզյան ուղերձում 1400 թվականն անվանել է «Արտադրության աջակցության և խոչընդոտները վերացնելու տարի»: Իր նոռուզյան ելույթում, նա երկրի պաշտոնյաներին կոչ է արել աշխատել այդ ուղղությամբ: Նա նշել է, որ մի շարք ընդդիմադիր խմբեր փորձում են ժողովրդի կյանքում առկա տնտեսական խնդիրներից օգտվելով, հատկապես համացանցի միջոցով, մարդկանց շրջանում հիասթափություն տարածել: Սակայն այդպես չէ: ԻԻՀ առաջնորդի կարծիքով, Իրանի տնտեսությունն ունի մեծ հնարավորություններ և հզոր ու հակակոռուպցիոն ղեկավարությամբ և համապարփակ ծրագրման շնորհիվ, կարող է դառնալ տարածաշրջանի ու աշխարհի ամենաբարգավաճ տնտեսություններից մեկը: Անդրադառնալով համաշխարհային բանկի զեկույցներին որոնցում նշված է, որ Իրանն աշխարհի լավագույն 200 տնտեսությունների շարքում 18-րդ  տեղն է զբաղեցնում և ունի իր կարգավիճակը բարելավելու և 12-րդ տեղում հայտնվելու ներուժ, ԻԻՀ առաջնորդը հավելել է. «Համաշխարհային բանկի նշված  ներուժը կարևոր է երկու տեսանկյունից: Նախ՝ կարևորվում է մարդկային ներուժը, երկրի տարածքի մեծությունը, հնարավորությունն ազատ ջրերին միանալու հարցում, քանի որ մենք հարևան ենք և Օմանում և Հնդկական օվկիանոսում և ունենք 14 հարևան, ավելի քան 600 միլիոն բնակչությամբ: Սա մեծ հնարավորություն է և ներուժ: Իսկ տարանցիկ ճանարպարհը՝ և արևելք-արևմուտք, հյուսիս-հարավ տրանսպորտային ուղիները, որոնք առանձնացնում են մեր երկրի աշխարհագրական դիրքը, մեկ այլ հնարավորություն է»:

ԻԻՀ առաջնորդը հավելել է. «Մարդկային ներուժն  աշխատող ուժն է: Իրանական օրացույցով 60-ական թվականներին մեր բնակչության թիվն ավելացավ: Որոշ շրջանակներ բողոքեցին, թե ինչու ենք բնակչության թիվը մեծացնում: Սակայն այսօր այդ երիտասարդները մուտք են գործել աշխատանքի շուկա և երկրի համար մեծ ներուժ են համարվում»:

Պետք է ասել, որ Համաշխարհային բանկի նշած հնարավորություններից բացի, Իրանն ունի  80 միլիոնանոց խոշոր շուկա, ինչը կարևոր է իրանցի արտադրողների համար: Իսկ բնական ռեսուրսներն ինչպես նավթն ու գազը և գյուղատնտեսական նշանակության տարածքները, արոտավայրերն ու անտառները, մեծ հարստություն են, որով Իրանի ժողովուրդը հարուստ է: Անդրադառնալով այս հնարավորություններին, Իրանի առաջնորդը նշել է. «Ընդերքում գտնվող ռեսուրսների ինչպես՝ նավթի, գազի, պղնձի, ցինկի, երկաթի հանքաքարի առումով, Իրանն առաջինից իններորդ տեղերն է գրավում աշխարհում: Բնական ռեսուրսները կարևոր հնարավորություն են երկրի համար: Դրանց իհարկե պետք է ավելացնել վերջին 30 տարիների ընթացքում կառուցված խոշոր ենթակառուցվածքները, ինչպես՝ ջրամբարները, ռելսային ճանապարհները, տրանսպորտային ճանապարհները, որոնք բազմաթիվ են: Եթե  այսպիսի հնարավորություններով երկիրը  տնտեսական ճիշտ ծրագիր մշակի ու ճիշտ կառավարի, կարող է դառնալ տնտեսապես զարգացած երկիր և ոչ մի պատժամիջոց չի կարող ազդել երկրի վրա»:

Անդրադառնալով պատժամիջոցներին և նշելով, որ դա հանցագործություն է, երբ որևէ երկրի արգելվում է սնունդ և դեղորայք ձեռք բերել, Իրանի առաջնորդը հավելել է, որ պատժամիջոցներն ունեցել են նաև դրական ազդեցություն, քանի որ ժողովուրդը կարողացել է դրանք վերածել հնարավորության: Նա նշել է, որ պատժամիջոցների արդյունքները  չեզոքացնելու համար կա երկու ճանապարհ: Նախ՝ դրանք կիրառողից խնդրել վերացնել պատժամիջոցներն ու փոխարենը հարմարվել այդ երկրի թելադրած պայմաններին: Դա երկիրը նորից կտանի դեպի խորտակում և հետամնացություն: Իսկ երկրորդ  ճանապարհը պատժամիջոցների ենթարկված ապրանքների ներքին արտադրությունը սկսելն է, ինչի հետևանքով, դիմացի կողմը պարտավոր կլինի չեղարկել պատժամիջոցները: Այաթոլլահ Խամենեին հավելել է. «Ես տեսնում եմ, որ մեր ժողովուրդն ընտրել է երկրորդ  ճանապարհը և մեծ հաջողություններ է արձագնագրել: Դրանցից  առաջինը վերաբերում է կորոնավիրուսին: Եթե հիշում եք, մենք սկզբում անգամ դիմակ չունեինք և նույնիսկ չունեինք դրանք արտադրելու հանարավորություն: Մեր տրամադրության տակ չկային նաև  ախտահանող նյութեր: Մեր ջանքերի շնորհիվ, մեզ հաջողվեց ինքնաբավ դառնալ դիմակների արտադրության ոլորտում: Իսկ հիմա հասել ենք պատվաստանյութի արտադրության, որը փորձարկման փուլում է: Սա երկրի համար պատվաբեր է: Որոշ արդարամիտ արտասահմանյան վերլուծավաններ, գնահատեցին մեր երկրի այդ քայլը: Իրանի ժողովուրդը շարժվեց այս ուղիով և Աստծու կամոք, կշարունակի այն»:

Իրանի առաջնորդն անդրադարձել է նաև երիտասարդների ներգրավվածությանը գիտահենք ընկերություններում ու արտադրական ընկերություններում, որոնք փորձում են արտադրել մատչելի ապրանքներ, հավելելով. «Նանոտեխնոլոգիայի հարցում մենք գտնվում ենք զարգացած երկրների շարքում: Ինչպես նշել են համաշխարհային գիտական կենտրոնները, մենք վերջին 20 տարիների ընթացքում մեծ առաջընթաց ենք գրանցել:  Որպես օրինակ, 2001թ. Իրանը նանո  ոլորտում տասը հոդված է հրապարակել, իսկ 2020թ 12 հազար: Այսինքն՝ այս 20 տարիների ընթացքում, մենք տասը հոդվածից հասել ենք  12 հազարի: Այս գործերը որ իրականացվում են Աստծու աջակցությամբ, շատ կարևոր են: Ինչպես տեսնում եք, պաշտպանական ոլորտում նույնպես մեր երկիրը զարգանում է, իսկ որոշ մարդկանց տեսակետից հիանալի է, որ պաշտպանական արտադրությունը բարձրացնում է երկրի արտաքին անվտանգության գործակիցը: Սա շատ կարևոր է երկրի համար և կարելի է  ասել, որ պարիսպ է երկրի անվտանգության համար»:

Քանի որ այս տարի Իրանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, առաջնորդն անդրադարձավ նաև այդ հարցին, նշելով, որ պետք է մեծ փոփոխություն տեղի ունենա, նոր ուժեր մուտք գործեն քաղաքական ոլորտ, գործադիր մարմինը նոր ուժ առնի: Նա կարևորել է նաև մարդկանց մասնակցությունն ընտրություններին, ինչը միասնական ուժի ապացույցն է: Նա կարևորել է նախագահի դերակատարությունը երկրի կառավարման գործում, նշելով, որ մարդիկ պետք է ուշադիր լինեն իրենց ընտրության հարցում, քանի որ նախագահն ամենաբարձր պաշտոնն ունի երկրում և բոլոր կառավարման ու իշխանության լծակները նրա ձեռքում են: Առաջնորդը նշել է. «Իսլամական հանրապետության նախագահը պետք է լինի արժանավոր, հավատացյալ, արդարատենչ, կոռուպիցայի դեմ պայքարող անձ, ունենա հեղափոխական գործունեություն և հավատա երկրի ներքին հնարավորություններին, երիտասարդների ներուժին, որպես կարևոր շարժիչ ուժ: Իսլամական հեղափոխության առաջնորդը վերջում մեկ անգամ ևս անդրադառնալով միջուկային համաձայնագրին, և ԱՄՆ-ի հակաիրանական առավելագույն ճնշման քաղաքականությանը, նշել է. «Առավելագույն ճնշման քաղաքականությունը պարտություն է կրել: Եթե այդ երկրի նոր վարչակազմը շարունակի նույն քաղաքականությունը, կրկին պարտություն կկրի, իսկ Իրանը կշարունակի զարգանալ»:

Նշելով, որ ՀԳՀԾ-ի վերաբերյալ Իրանի քաղաքականությունն անփոփոխ է, առաջնարոդը հավելել է. «Միացյալ Նահանգները պետք է չեղարկի բոլոր պատժամիջոցները: Եվ եթե պատժամիջոցներն իրոք չեղարկվեն, Իրանը կվերադառնա իր պարտավորությունների լիարժեք գործադրմանը»:

Անդրադառնալով ամերիկյան պատոնյաների այն հայտարարություններին, թե ՀԳՀԾ-ի որոշ կետեր պետք է փոփոխության ենթարկվեն, առաջնորդը հավելել է. «Այո իրավիճակը 2015թ համեմատ փոխվել է և այս փոփոխությունը եղել է Իրանի և ոչ թե ԱՄՆ-ի օգտին: Այսօր Իրանն ավելի հզոր է, քան 2015թ. և ավելի ինքնաբավ է դարձել: Իսկ ԱՄՆ-ն 2015թ. հետո ավելի է թուլացել, կանգնել է ավելի մեծ խնդիրների առջև, որովհետև այդ երկրում իշխանության եկավ այնպիսի կառավարություն, որն իր խոսքերով ու գործերով և պայմանագրերից հրաժարվելով, խայտառակեց երկիրն ու կանգնեցրեց տնտեսական բազմաթիվ դժվարությունների առջև: Իհարկե այսօր էլ անհայտ է, թե ինչ կլինի այդ երկրի նախագահի ճակատագիրը»:

Նշելով, որ այս կապակցությամբ Իրանը չի շտապում, իսկ ԱՄՆ-ի քաղաքականությունն Իրանում ու տարածաշրջանում շարունակում է մնալ նույնը, այսինքն՝ այդ երկիրը շարունակում է աջակցել Սիոնիստական ռեժիմին, անօրինական ներկայություն ունենալ Սիրիայում ու Եփրատի արևելքում, մյուս կողմից Եմենի ժողովրդի կոտորածի հարցում աջակցելով Սաուդյան կառավարությանը և վարելով Պաղեստինի նկատմամբ իր սխալ  քաղաքականությունը, Իրանի առաջնորդը հավելել է. «Իսլամ աշխարհը երբեք մոռացության չի մատնելու Պաղեստինի  հարցը»: