Փոդքասթ. (3-րդ էպիզոդ՝ Իրանի իսլամական հեղափոխության ձևավորման պատմությունը)
Իրանի Իսլամական հեղափոխության ձևավորման մասին պատմող փոդքասթի երրորդ էպիզոդում ուսումնասիրել ենք 1979 թվականի իսլամական հեղափոխության և 1905 թվականի Իրանի Սահմանադրական հեղափոխության միջև կապը:
Ողջույն։ Ես Արթին Ալավերդյանն եմ և դուք լսում եք «Իրանի իսլամական հեղափոխության ձևավորման մասին» փոդքասթի երրորդ էպիզոդը։ Այս փոդքասթը ուսումնասիրում է 1979 թվականին Իրանի իսլամական հեղափոխությունը և դրա տարբերությունը այլ հեղափոխությունների հետ։ Նախորդ էպիզոդում, որտեղ քննարկեցինք աշխարհի մյուս հեղափոխություններից Իրանի իսլամական հեղափոխության տարբերվող ասպեկտներից մեկը, նշեցինք, որ աշխարհի քաղաքական լեքսիկոնում ընդհանուր առմամբ սերտ կապ կա հեղափոխության, բռնության և արյունահեղության միջև, և աշխարհի գրեթե բոլոր հեղափոխությունների ընթացքում հազարավոր, եթե ոչ միլիոնավոր, մարդիկ իրենց կյանքը կորցրել են՝ պայքարելով Իշխող քաղաքական վարչակարգի դեմ, բայց բոլոր քաղաքական վերլուծաբանների կարծիքով, Իրանի հեղափոխությունը բացառություն էր այս կանոնից և 20-րդ դարի ամենախաղաղ ու ոչ բռնի հեղափոխությունն էր։ Պարզաբանելով իսլամական հեղափոխության ընթացքում բռնության չկիրառման պատճառները, մենք մատնանշեցինք, որ այս հեղափոխության մեջ բռնության և արյունահեղության նվազման հիմնական պատճառը պետք է փնտրել Հեղափոխության առաջնորդ Իմամ Խոմեյնիի անձի և բնավորության մեջ, ոչ թե՚ շահի վարչակարգի քաղաքականության մեջ։ Հենվելով իր կրոնական հավատքի վրա, Իմամն արժեւորում էր ժողովրդի ու մարդկանց կյանքն ու արյունը, ուստի կանխեց քաղաքական ռեժիմի և ընդդիմության միջև բռնությունների շրջափուլի առաջացումը։ Բարձր քաղաքական ինտելեկտ ունեցող Իմամ Խոմեյնին բարձրացրեց հանրային իրազեկվածության մակարդակը, նվազագույնի հասցրեց պայքարում բռնության մակարդակը, զինված պայքարի փոխարեն կիրառեց զանգվածային պայքարի քաղաքականություն՝ օգտվելով ռեժիմի վրա ճնշում գործադրելու միջազգային հնարավորություններից։ Անշուշտ, 1979-ի Իրանի իսլամական հեղափոխությունը, չնայած որոշ յուրահատկություններին, շատ ընդհանրություններ ուներ աշխարհի մյուս հեղափոխությունների հետ և սերտ ու ամուր կապ ուներ Իրանի ժամանակակից պատմության իրադարձությունների հետ։ Այս Էպիզոդում մենք փորձելու ենք պարզաբանել 1979 թվականի Իսլամական հեղափոխության և Իրանի ժամանակակից պատմության մեկ այլ շատ կարևոր ու ազդեցիկ իրադարձության՝ մոտ 75 տարի առաջ՝ 1905 թվականին տեղի ունեցած Սահմանադրական հեղափոխության միջև կապը։ Այս երկու հեղափոխությունների համեմատությունը մեզ համար բացահայտում է Իսլամական հեղափոխության հաղթանակին տանող զարգացումների նոր ասպեկտներ ու անկյուններ։ Ուստի, ընկերակցեք մեզ այս էպիզոդի ընթացքում:
.........
Մինչև Իրանի Իսլամական հեղափոխության և Սահմանադրական հեղափոխության նմանություններին ու տարբերություններին անդրադառնալը, ավելի լավ է համառոտ կերպով որոշ կետեր ներկայացնենք Սահմանադրական հեղափոխության մասին, և թե ինչու այդ հեղափոխությունը տեղի ունեցավ 1905 և 1906 թվականներին, ինչ նպատակներ էր հետապնդում և ինչ արդյունքների հասավ: Իրանում Սահմանադրական հեղափոխությունը տեղի է ունեցել մոտ 120 տարի առաջ։ Ղաջարների դինաստիայից Նասեր էդ-Դին շահի կառավարման տարիներին իրանական հասարակության որոշ հատվածներում հետզհետե դժգոհություններ առաջացան։ Այս դժգոհությունների հիմքում ընկած էր երեք հիմնախնդիր․ նախ՝ բռնակալ թագավորների հալածանքներն ու ճնշումը ժողովրդի նկատմամբ, և խտրականությունն ու անարդարությունը, որ գոյություն ուներ կառավարիչների ու ժողովրդի միջև, երկրորդ՝ օտար երկրների, հատկապես Ռուսաստանի և Անգլիայի երկու կառավարությունների ահռելի միջամտությունն էր Իրանի ներքին գործերին և Իրանի կառավարությունից բազմաթիվ անիրավ արտոնություններ ստանալու փորձերը, և երրորդ՝ ժողովրդի իրազեկվածության և գիտելիքների մակարդակի բարձրացումն ու նրանց տեղեկացվածությունն էր երկրի ավտորիտար, դաժան ու անարդար իրավիճակի և օտար կառավարություններից Իրանի կառավարության կախվածության մասին: Այս գործոնները 20-րդ դարասկզբին Իրանի ժողովրդի դժգոհության պատճառ դարձան։ Մարդկանց դժգոհությունը Նասեր էդ-Դին շահի իշխանության դեմ այնքան խորացավ, որ վերջապես այս թագավորը սպանվեց ընդդիմախոսներից ու բողոքողներից մեկի կողմից Շահ Աբդոլ-Ազիմ Հասանիի սրբավայրում, որը գտնվում է Իրանի ներկայիս մայրաքաղաք Թեհրանի մոտակայքում Ռեյ քաղաքում։ Նասեր էդ-Դին շահի մահից հետո իշխանության եկավ նրա որդին՝ Մոզաֆար էդ-Դին Շահը, սակայն նոր թագավորը Նասեր էդ-Դին շահի 50 տարի տևողությամբ գահակալությունից հետո այլեւս չուներ հոր իշխանությունը և ոչ էլ անհրաժեշտ առողջությունը, և աստիճանաբար դժգոհությունը ավելի խորացավ ու դարձավ ավելի հանրային։ Այդ դժգոհությունների մի մասն էլ տնտեսական խնդիրներով էր պայմանավորված, սակայն մարդկանց բողոքի ու պահանջների շրջանակը չէր սահմանափակվում միայն տնտեսական խնդիրներով։ Նրանք իրավացիորեն այս տնտեսական խնդիրների արմատը համարում էին իշխանությունների սխալ կառավարումն ու արտաքին միջամտությունները։ Իրանի ներքին գործերին ռուսների աճող ճնշումների և հատկապես մաքսային գործերի նկատմամբ նրանց վերահսկողության, ինչպես նաև անարդարության, աղքատության և անապահովության տարածման հետևանքով, Իրանի կառավարությունը բախվեց ժողովրդական բողոքների ու ապստամբությունների: Այս բողոքի ակցիաները աջակցություն գտան նաև վաճառականների ու հոգևորականների կողմից։ Իսլամի բարձրաստիճան հոգևորականների աջակցությունը այս բողոքի ցույցերի նկատմամբ դժվարացրեց կառավարության գործը, սակայն կառավարությունը չհանձնվեց։ Տեսնելով կառավարության անհնազանդությունը իրենց ողջամիտ պահանջների նկատմամբ և ժամանակի վարչապետի համառությունը, Իրանի ժողովուրդն ավելի համախմբվեց հոգևորականների և կրոնագետների շուրջ։ Բանը հասավ նրան, որ մի շարք հոգևորականներ ու կրոնագետներ, ի բողոք կառավարության վարքագծի դեմ, մեկնեցին Շահ Աբդուլ-Ազիմ Հասանիի դամբարան, որը Թեհրանի մերձակայքում գտնվող սրբավայրերից մեկն էր, և այդ քայլն Իրանի ժամանակակից պատմության մեջ հայտնի է որպես «փոքր գաղթ»:
Շահ Աբդուլ-Ազիմ Հասանիի սրբավայրում հայտնի շիա հոգեւորականների նստացույցի հետևանքով ժողովուրդը ճնշում գործադրեց կառավարության վրա՝ հոգևորականներին արագ վերադարձնելու համար: Այնուհետև, հոգևորականները հիմնեցին Արդարադատության տունը և իրենց Թեհրան վերադարձի համար պայման դրեցին՝ պահանջելով Մոզաֆար էդ-Դին շահի վարչապետ Այն ալ-Դոլեհի պաշտոնանկությունը, ինչպես նաև Ժոզեֆ Նաուսի (ֆրանս. Josephus Naus), պաշտոնանկությունը, ով հայտնի էր «Մուսյո Նաուս» անունով և ռուսների կողմից նշանակվել էր Իրանի մաքսային նախարար և ինչ-որ երեկույթի ժամանակ վիրավորել էր շիա հոգևորականներին։ Ժողովրդի պնդմամբ կառավարությունը ստիպված ընդունեց հոգևորականների պահանջը և այդպիսով կատարվեց առաջին քայլը դեպի ժողովրդի հաղթանակը կեղեքման ու բռնակալության դեմ։ Բայց այս հաղթանակը երկար չտեւեց, և իշխանությունը հավատարիմ չմնաց իր ստանձնած պարտավորություններին և դիմեց բռնությունների ժողովրդի նկատմամբ։ Այդ իսկ պատճառով սկսվեց բողոքի երկրորդ ալիքը։ Թեհրանում մարդկանց բողոքի հավաքը հրի ու սրի մատնվեց։ Կրոնագետներն ու հոգեւորականները, բողոքելով այս քայլի դեմ, այս անգամ մեկնեցին Ղոմ քաղաք, որտեղ գտնվում է շիաների ութերորդ առաջնորդ Իմամ Ռեզայի քրոջ՝ Մասումեի դամբարանը։ Իրենց կյանքի համար վախեցած մի խումբ մարդիկ ու ցուցարարներ էլ ապաստան գտան Բրիտանիայի դեսպանատանը։ Նստացույց անողների պահանջներն աստիճանաբար ընդլայնվեցին ու սահմանադրականության ուղղություն ստացան։ Ցուցարարների նախնական պահանջը ադարադատության տան ստեղծումն էր, սակայն աստիճանաբար ցուցարարները սկսեցին շեշտադրել նաև օրենքի գերակայությունը, խորհրդարանի ստեղծումը և որոշ այլ պահանջներ։ Նրանք ուզում էին, որ իշխանության պահվածքը պայմանավորված լինի օրենքով։ Ի վերջո, նրանց ճնշման տակ Ղաջարական Մոզաֆար Էդ֊Դին շահը ընդունեց սահմանադրականների պահանջը։ Այս կերպ, 20-րդ դարի սկզբին 1906 թվականի օգոստոսին Իրանի ժողովրդի երկրորդ բողոքի քայլը հանգեցրեց սահմանադրական հրամանագրի արձակմանը՝ սահմանադրություն կազմելու և Ազգային ժողովի կազմավորման վերաբերյալ: Այդպիսով Իրանի Սահմանադրական հեղափոխությունը պսակվեց հաղթանակով, բայց շատ չանցավ, որ Մոզաֆար էդ-Դին շահի մահվան և նրա բռնակալ որդի Մոհամմադ Ալի Շահի գահակալության մեկնարկի հետևանքով, Ազգային ժողովը գնդակոծվեց հրետանու միջոցով և Իրանում կրկին բռնակալություն հաստատվեց։ Բայց Ղաջարական Մոհամմադ Ալի Շահի բռնակալության մեկամյա կարճատև շրջանը, որը Իրանի ժամանակակից պատմության մեջ հայտնի է որպես «Փոքր բռնակալության շրջան», ավարտվեց 1909թ. հուլիսին Սաթար Խանի, Բաղեր խանի և Իրանի տարբեր շրջաններից մի խումբ սահմանադրականների ապստամբությամբ և Իրանում կրկին վերականգնվեց սահմանադրականությունը։ Իրանում սահմանադրականության երկրորդ ժամանակաշրջանը նույնպես երկար չտեւեց ներքին ու արտաքին բուռն զարգացումների պայմաններում. Առաջին համաշխարհային պատերազմի մեկնարկի, սահմանադրականների միջև ներքին տարաձայնությունների խորացման և, իհարկե, օտար երկրների միջամտությունների պատճառով, Սահմանադրականության իդեալները աստիճանաբար մոռացության մատնվեցին, և մտավոր, հասարակական և քաղաքական հիմքեր ստեղծվեցին Ղաջարների դինաստիայի ավարտի և Փահլավիների իշխանության գալու համար։ 1925թ. դեկտեմբերին Ղաջարների դինաստիայի անկմամբ և 1926թ. մայիսին Ռեզա շահի թագադրմամբ, Իրանի պատմության մեջ սկսվեց նոր դարաշրջան, որի հիմնական և ակնառու հատկանիշը սահմանադրականության իդեալների ոտնահարումն էր և բռնապետության վերահաստատումը։
.........
Իրանում Փահլավիների՝ հոր և որդու՝ Ռեզա շահի և Մոհամմադ Ռեզա շահի հիսունյոթամյա իշխանությունը սահմանադրական իդեալների ի չիք դառնալու վառ օրինակ էր։ Այս տարիների ընթացքում, բացառությամբ մի քանի կարճ ժամանակահատվածների, երկրում իշխում էր քաղաքական բռնապետություն, օրենքը ոտնահարվում էր տարբեր ձևերով, Ազգային ժողովի պատգամավորները ժողովրդի իրական ներկայացուցիչները չէին, և համարվում էին թագավորական հրամանների արդարացնողները, և հատկապես 1953թ. օգոստոսի 19-ի պետական հեղաշրջումից հետո Իրանի իշխող վարչակարգը դարձավ Ամերիկայից ամբողջովին կախված ավտորիտար ռեժիմ։ 1970-ականների սկզբին շահի ռեժիմը գտնվում էր իր կայունության և անվտանգության ամենալավ վիճակում, իսկ ժողովրդի և սահմանադրական իդեալների պաշտպանները՝ վատթարագույն վիճակում։ Այս տարիներին, արաբների և Իսրայելի միջև 1973-ի պատերազմի ազդեցության տակ նավթի գնի զգալի աճով, վարչակարգի տնտեսությունը բարենպաստ վիճակում էր և այն համարվում էր «Ռանտյե» (rentier) ռեժիմի վառ օրինակ։ Նավթի առատ եկամուտների օգնությամբ Մոհամմադ Ռեզա Շահը Ամերիկայից և Իսրայելից գնեց ամենալավ ու առաջադեմ ռազմական և անվտանգային սարքավորումները, ռեժիմին ընդդիմացող կամ քննադատող բոլոր քաղաքական կուսակցություններն ու խմբերը ջախջախվեցին, և Շահի կողմից ստեղծված «Վերածնունդ» (Ռասթախիզ) կուսակցությունը որպես միակ կուսակցություն, իր ձեռքն էր վերցրել իշխանության հիմնական պաշտոնները։ Շահի ռեժիմը նաև վայելում էր միջազգային աննախադեպ աջակցությունը հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, և այդ աջակցության ու նավթային բարձր եկամուտների շնորհիվ նա դարձել էր տարածաշրջանի ժանդարմը։ Շահի վարչակարգը քաղաքական բռնակալության ամենաբարձր մակարդակին էր, և շահի անվտանգության ու հետախուզության կազմակերպությունը՝ ՍԱՎԱՔ-ն լիակատար վերահսկողության տակ էր վերցրել երկրի քաղաքական ու անվտանգության իրավիճակը: Իրանի կախվածությունն Ամերիկայից այնպես եզակի էր, որ նույնիսկ որոշ գրողներ այդ հարաբերությունները անվանում էին դրածոյի բնույթ ունեցող հարաբերություններ: Հասարակության մեջ դասակարգային անջրպետը խորն էր և, և ինչ-որ առումով 1905 թվականի Սահմանադրական հեղափոխության բոլոր իդեալները՝ անկախությունից և ազատությունից մինչև սոցիալական արդարություն և օրենքի գերակայություն, ճզմված էին Մոհամմադ Ռեզա շահի բռնակալության և Ամերիկայի գերիշխանության ոտքերի տակ։
Նման իրավիճակում էր, որ Իմամ Խոմեյնին, ով 1963 թվականի հունիսից հայտնի էր որպես շահական ռեժիմի համառ ընդդիմության խորհրդանիշ և այդ պատճառով 1964 թվականին աքսորվեց նախ Թուրքիա, ապա՝ Իրաք, վերստին բարձրացրեց բռնակալության և իմպերիալիզմի դեմ պայքարի դրոշը։ Իմամ Խոմեյնին կարողացավ կարճ ժամանակում գագաթնակետին հասցնել պայքարի ալիքը՝ ապավինելով ժողովրդի համատարած աջակցությանը, հավատքով ու հաստատակամ վճռականությամբ, և ծնկի բերեց Մոհամմադ Ռեզա շահի ռեժիմը։ Իմամ Խոմեյնին ուղղակիորեն հարձակվեց շահի ռեժիմի ավտոկրատական և բռնապետական բնույթի վրա՝ կոչ անելով Իրանում Սահմանադրականության իդեալներին համահունչ ժողովրդավարական վարչակարգ ստեղծել: Արձագանքելով Շահի վարչակարգի գործողություններին, նա կասկածի տակ դրեց Շահի ռեժիմի բռնարար ու ռեպրեսիվ հակազդեցությունը ընդդիմադիրների նկատմամբ՝ ասելով. «Իրանում բռնապետությամբ իշխող Փահլավիների գերդաստանը սվիններով է լռեցրել բռնապետության դեմ ցանկացած բողոքի ու ազատատենչության ձայնը... Ազատությունը բառիս բուն իմաստով խլվել է ժողովրդից. ժողովուրդը երբեք ընտրության իրավունք չի ունեցել. Բանախոսներն ու գրողները կա՛մ սպանվել են, կա՛մ բանտարկվել, կա՛մ նրանց արգելվել է խոսել ու գրել: Մամուլը զրկված է եղել ճշմարտությունը գրելուց, և մեկ խոսքով՝ նրանք քանդել են ժողովրդավարության բոլոր արմատական հիմքերը։ Մենք պահանջում ենք ստեղծել իսլամական իշխանություն, որպեսզի նրա շնորհիվ վերջ տրվեն այս բոլոր ոճրագործություններին ու դավաճանություններին»։ Իմամ Խոմեյնին Իրանում Ռեզա շահի իշխանության գալը համարել է սահմանադրականության իդեալներին և երեք իսլամական սկզբունքներին հակասող՝ հայտարարելով. «Ռեզա Խանի իշխանության գալով խախտվել են երեք իսլամական սկզբունքներ. Նախ՝ արդարության անհրաժեշտությունը իսլամական իշխանության մեջ, երկրորդ՝ մուսուլմանների ազատության սկզբունքը կառավարչին ձայն տալու և իրենց ճակատագիրը որոշելու հարցում, երրորդ՝ օտարերկրյա միջամտությունից և մուսուլմանների հարցերի նկատմամբ նրանց գերիշխանությունից իսլամական պետության անկախության սկզբունքը»։
****
Խիզախ ու անսպասելի մոտեցմամբ Իմամ Խոմեյնին շահի վարչակարգի ավտորիտար բնույթը կապեց միապետության սկզբունքի հետ՝ պահանջելով Իրանում վերացնել միապետական կարգերը և հաստատել հանրապետական կարգեր։ Պնդելով, որ միապետության հիմքը հակասում է ազատությանն ու արդարությանը, նա շահական վարչակարգի գոյատևումը համարեց դավաճանություն իսլամի, մուսուլմանների և Ղուրանի նկատմամբ, և այս կապակցությամբ ասել է. «Միապետությունը հավասար է բռնապետության, ավտոկրատության ու զոռբայության հետ… Շահական վարչակարգին համաձայնվելը դավաճանություն է իսլամի, Ղուրանի, մուսուլմանների և Իրանի հանդեպ, և ցանկացած ոք, ով ցանկացած անվամբ համաձայն կլինի դրա հետ, մերժված է»:
Հարգելի բարեկամներ, այս փոդքասթին հատկացված ժամանակը մոտենում է ավարտին։ Ինչպես տեսաք, Իսլամական հեղափոխությունը նման էր Սահմանադրական հեղափոխությանը՝ իշխանավորների բռնակալությունն ու ճնշումը մերժելու հարցում, որտեղ կոչ է արվում վերջ դնել բռնակալությանը՝ հաստատելով քաղաքական ու սոցիալական ազատություններ, բայց Իմամ Խոմեյնին իր Իսլամական հեղափոխության դիսկուրսում մերժեց նաև միապետությունը, ինչը ընդունված էր Սահմանադրական հեղափոխության ժամանակ, պահանջելով վերջ տալ Իրանում 2500 տարվա պատմություն ունեցող միապետական համակարգին։ Իհարկե, Իսլամական հեղափոխությունը և Սահմանադրական հեղափոխությունը այլ հարթություններում ունեին ընդհանրություններ և տարբերություններ, որոնց կանդրադառնանք հաջորդ հաղորդման ընթացքում։
Դուք լսում էիք Փոդքասթ՝ «Իրանի իսլամական հեղափոխության ձևավորման պատմությունը» շարքից 3-րդ էպիզոդը։
Հարգելի ունկնդիրներ, դուք կարող եք Ձեր քննադատությունները, հարցերն ու առաջարկություններն ուղարկել Թելեգրամի @parstoday_Armenian ID-ի միջոցով:
Մի քանի օրից փոդքասթի տեքստը կտեղադրվի ռադիոյի կայքում՝ parstoady.ir/hy հասցեով:
Մենք շատ կուզենայինք իմանալ ձեր կարծիքներն ու տեսակետները Իրանի հեղափոխության վերաբերյալ և միասին խորհել ու քննարկել այն։ Եթե ձեզ դուր եկավ փոդքասթի բովանդակությունը, ապա մենք երախտապարտ կլինենք այն ձեր ընկերների հետ կիսվելու և ուրիշներին ներկայացնելու համար: Շնորհակալություն մեր փոդքաստը լսելու համար: