Փոդքաստ՝ Իրանի պատմական գանձերի հետ (3)
https://parstoday.ir/hy/radio/iran-i213740-Փոդքաստ_Իրանի_պատմական_գանձերի_հետ_(3)
Այս հաղորդման ընթացքում կխոսենք  «քարե առյուծների» մասին, որոնք հայտնաբերվել են  Իրանի բարձրավանդակի տարբեր տարածքներում, այդ թվում՝ Բախտիարի էթնիկ խմբերի   տեղակայման տարածքներում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 12, 2024 04:19 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում կխոսենք  «քարե առյուծների» մասին, որոնք հայտնաբերվել են  Իրանի բարձրավանդակի տարբեր տարածքներում, այդ թվում՝ Բախտիարի էթնիկ խմբերի   տեղակայման տարածքներում։

 

Բարև Ձեզ ես ... եմ և ներկայացնում եմ «Իրանի պատմական գանձերը» հաղորդաշարի  երրորդ դրվագը։ Այս հաղորդման ընթացքում ներկայացնելու եմ «քարե առյուծներին, որոնք գոյություն ունեն Իրանի բարձրավանդակի տարբեր տարածքներում, այդ թվում՝ Բախտիարի էթնիկ խմբերի  տարածքներում։

Ընկերակցեք մեզ

....

Երբևէ մտածե՞լ եք, թե ի՞նչու են մարդիկ օգտագործում խորհրդանիշերը և ի՞նչ գործառույթ ունեն դրանք մարդկանց կյանքում։ Պատմության ընթացքում մարդիկ հանդիպել են երևույթների,  որոնք  հնարավոր չի եղել նկարագրել։ Նրանք աստիճանաբար  սովորել են, որ իրենց մտքերն արտահայտելու համար կարող են օգտագործել խորհրդանիշեր: Օրինակ՝ առյուծն իրանցիների համար քաջություն և ուժի խորհրդանիշն է։

Այս խորհրդանիշն իրանցիների շրջանում տարածված է վաղ անցյալից և յուրահատուկ  տեղ  է զբաղեցրել հին մարդկանց արվեստի ու մտածողության մեջ: Այս ինքնատիպ ու հնագույն խորհրդանիշը տարբեր ձևերով ու իմաստներով ներկայացվել է գրական և կրոնական արվեստում։ Առյուծների քարե արձաններին կարելի է հանդիպել Իրանի տարբեր շրջաններում։ Դրանցում առյուծը ներկայացված է փոքր, մեծ, նստած, կանգնած, երբեմն՝ պառկած:

Առյուծն իր ուրույն տեղն ունի Իրանի դիցաբանական մշակույթում։ Պերսեպոլիսում 2500 տարի առաջվա ժայռապատկերում առյուծը կծում է կովին։ Իրանական առասպելներում առյուծը երկնքի, արևի և կրակի խորհրդանիշն է՝ ամենավեհ  տարրը, իսկ կովը՝ երկնքի և երկրի խորհրդանիշը։ Այս ժայռապատկերում պատկերված է երկրի վրա արևի գերակայության խորհրդանշական տեսարանը։

Առյուծի ներկայության հետքերը կարելի է տեսնել իրանական բազմաթիվ ծեսերում և խորհրդանշական պատկերներում, այդ թվում՝ հին գավաթների ու սալիկների վրա, տարբեր գործվածքների ու գորգերի վրա, Սեֆյան դարաշրջանի դրոշի վրա և այլն: Համադան նահանգում գտնովղ առյուծի հնագույն խորհրդանիշերից մեկը կապված է Իրանում մադերի ժամանակաշրջանի հետ, այսինքն՝ ունի մոտ 2600 տարվա պատմություն։

Նման քարե առյուծներ  կարելի է տեսնել  այն շրջաններում, որտեղ ժամանակ առ ժամանակ ապրում են բախտիարիները: Բախտիարի ժողովուրդը, բախտիարի լոռերը կամ բախտիարի էթնիկ խումբն իրանցիներ են, որոնք բնակվում են Չհարմահալ Բախտիարի նահանգի արևմտյան շրջաններում, Խուզեստանում, Լոռեստանի արևելքում և հարավում, ինչպես նաև Սպահանի արևմուտքում: Նրանք խոսում են բախտիարիի լոռի բարբառով, որը Լոռեստանի  բարբառներից է։

 

Քարե առյուծների նշանակությունը  Բախտիարի էթնիկ խմբի համար

 

Քարե առյուծը Բախտիարի ժողովրդի ամենակարևոր ծիսական  և խորհրդանշական արվեստի գործերից է, որը ներկայացնում է նրանց մշակութային ինքնության և գեղարվեստական ​​ժառանգության մի մասը և կյանքի նկատմամբ նրանց վերաբերմունքը: Առյուծներով զարդարված քանդակներն ու փորագրությունները, արվեստի նկատմամբ  այս ժողովրդի ճաշակի ու զգացողության ապացույցն են, որը պարզ ու միևնույն ժամանակ պերճախոս կերպով ներկայացնում է նրանց էությունն ու հավաքական միտըք։ Բախտիարներն իրենց երեխաների անունների կողքին օգտագործում են Շիր բառը։ Օրինակ՝ Շիր Մոհամմադ, Շիր Ալի, Շիր Հոսեյն, Շիրդել և այլն։

.....

Հիմա խոսենք այն մասին, թե որտե՞ղ են գտնվում Բախտիարիի քարե առյուծների քանդակներն ու ի՞նչ նպատակով են դրանք ստեղծվել։

 

Հին ժամանակներում բախտիարիները քարե առյուծներ էին դնում խիզախ, անվանի ու հզոր մարդկանց, ցեղի առաջնորդների և երիտասասրդների շիրիմներին։ Այդպիսով նրանք վառ էին պահում մահացածի քաջության մասին հիշատակը, և հնարավորություն ստեղծում, որ ապագա սերունդը ծանոթանար նրանց քաջագործություններին։ Դա էր քարե արձանների   փիլիսոփայությունը:

Որոշ աղբյուրների համաձայն՝ Չահարմահալ և Բախտիարի նահանգի ամենահին քարե առյուծը պատկանում է Սեֆյան ժամանակաշրջանին, բայց ոմանք այն կարծիքի են, որ քարե առյուծները պատկանում են մադերի ժամանակաշրջանին: Այս արձանների ստեղծման հստակ ժամանակը հայտնի չէ։ Այսօր քարե առյուծը համարվում է Բախտիարի ցեղի մշակութային և էթնիկական ինքնությունը ներկայացնող ամենակարևոր խորհրդանիշներից մեկը:    

Քարե առյուծների մարմինը ներառում է գլուխև դեմք, պարանոց, ոտքեր, թաթեր, բաշ: Հին քարե առյուծների դեմքը հիմնականում հանգիստ ու չեզոք է, երբեմն՝ զայրացած։ Հազվագյուտ դեպքերում դրանք թվում են ժպտադեմ: Առյուծների բերանի ձևը բաց, կիսաբաց և փակ է։ Չափերը սովորաբար կախված են նրանից, թե հանգուցյալը սոցիալական ի՞նչ դիրք է զբաղեցրել: Եթե ​​հանգուցյալը սոցիալապես  բարձր դրիք ունեցել, նրա շիրիմին տեղադրված քարե առյուծը ավելի մեծ ու հսկա  է եղել։  Պայքարող ոգին, խիզախությունը և թշնամու դեմ պատերազմներին մասնակցությունը ևս կարևոր դեր են  խաղացել արձանների չափի հարցում։ 

Քարե առյուծների ձևը, ժամանակի ընթացքում ենթարկվել է բնական կամ արհեստական փոփոխությունների, այդ թվում՝ էրոզիայի, կամ վնասվել գողության ժամանակ։ Քարե առյուծների ոճը կարելիէ  բաժանել երկու տեսակի՝ հին կամ ավանդական և նոր կամ ժամանակակից։

Հին և ժամանակակից առյուծները միմյանցից  խիստ տարբերվում են, և ամենամեծ տարբերությունը կայանում է դրանց ձևի և կերպարի մեջ: Բախտիարի տարածքում հին ու ավանդական առյուծները առանց բացառության ունեն աբստրակտ  և անիրական ձև և բոլորը կանգնած են կամ կիսով չափ բարձրացած։

Դրանց թվում չկան նստած կամ քնած դիրքով առյուծներ։ Այս տարածքում հայտնաբերված արձաններցի ոչ մեկումա ռյուծը նստած կամ քնած դիրք չի ունեցել։ Սակայն ժամանակակից առյուծներն ունեն բնական, չափազանցված ու մեծ չափեր և ներկայացված են կանգնած կամ նստած դիրքով։

......

Քարե առյուծների մեծ մասը գտնվում Չահարամահալ և Բախտիարի նահանգի Հաֆշեջան, Ֆարսան և Շահրեքորդ, Լորեստանի արևելքում գտնվող  Ալիգուդարզ, և Խուզեստան նահանգում գտնվող Սուսան դաշտ ու  Իզե տարածքներում: Խուզեստանը հնուց իվեր  հայտնի է  որպես քարե առյուծների բացօթյա թանգարան։   

Առյուծը, որպես  խորհրդանշական և ծիսական տարր, տեղադրվել է շիրիմների վրա։ Կենդանու մարմնի վրա քանդակվել են նաև տարբեր խորհրդանշական պատկերներ, որոնք իրենց հերթին ունեցել են ինչ որ ուղերձ։  Առյուծների մարմնի վրա փորագրված պատկերները բաժանվում են հինգ կատեգորիայի՝ մարտական ​​գործիքներ, կենդանիներ, մարդկային պատկերներ, բույսեր և գեղագրություն։ Արձանը տաշելիս հաշվի էր առնվում, որ առյուծների թաթերը պետք է դրվեին քարե մակերեսի վրա, որպեսզի արձանը կանգուն մնար։ Առջևի թաթերը քանդակվում էինդ եպի առաջ, պաշտպանվելու համար։ Էթնիկ տարբեր խմբերի մոտ արձանների վրա փորագրման ձևը տարբեր է եղել։ Օրինակ՝ սրի, դաշույնի կամ մահակի ձևը: Բախտիարիի բարբառով այս քանդակները կոչվում են «բարդե  շիր» (քարե առյուծ): «Բարդե  շիր»-երի կամ  քարե առյուծների արձանների վրա փորագրվում էին սրեր, ձիեր, հրացաններ, տերողորմյաներ, ինչպես նաև հանգուցյալի տվյալները։

Ամենակարևոր քաղաքներից մեկը, որտեղ հայտնաբերվել են քարե առյուծները, Հաֆշաջան քաղաքն է։

Հաֆշաջանում են հայտնաբերվել ամենագեղեցիկ և ամենապատկերավոր  առյուծները: Այս քաղաքն ունի վաղեմի պատմություն, և գտնվում է Շահրեքորդից 15 կիլոմետր հարավ-արևմուտք, Ջահանբին լեռնաշղթայի ստորոտում։ Հնագույն բլուրների  պեղումների արդյունքում հայտնաբերված խեցեղենի և քարե իրերի համաձայն՝ Հաֆշաջանը թվագրվում է ք․ա. 7-րդ հազարամյակով, այսինքն՝ ունի ավելի քան 9 հազար տարվա պատմություն:

Քաղաքի գերեզմանատներում  կարելի է տեսնել ամենահին և ամենագեղեցիկ քարե առյուծները։ Քարե առյուծները տեղադրված են՝ հերոսների, նահատակների ու երիտասարդների շիրիմներին։ Քարերը հիմնականում մարմար էին կամ սիլիցիում, որոնք  շատ դիմացկուն էին  էրոզիայի և եղանակային պայմանների նկատմամբ , հատկապես սաստիկ ցրտին։ Այսօր քարե առյուծները քանդակվում են բյուրեղից կամ սպիտակ քարից։

Հաֆաշջան քաղաքի քարե առյուծների մարմնի վրա փորագրված են հրացանների, սուրեր, դաշույնների, աղեղնավոր նոճիների պատկերներ, որոնք խորհրդանշում են հոգու անմահությունը, ինչպես նաև սրերով զինված ձիավորներ, թամբած ձիեր, նիզակներ, ծառեր և այլն:

Բացի քարե առյուծներից, քաղաքի գերեզմանատանը կան նաև   հորիզոնական, ուղղահայաց, գմբեթաձև տապանաքարեր և կիսանդրիներ: Ուղղահայաց տապանաքարերի վրա փորագրված են երկու աղավնիներ, որպես պատգամաբերի խորհրդանիշ, ծաղիկ և ծաղկաման, իսլամական նախշեր և մեջբերումներ Ղուրանից: Անցած 400 տարիների ընթացքում Հաֆշաջանի քարտաշները  Չահարմահալ  և Բախտիարի, ինչպես նաև Խուզեստան նահանգներում ստեղծել են ամենամեծ թվով պատմական կոթողները։

Սիրելի բարեկամներ, ավարտում ենք «Իրանի պատմական գանձերը» հաղորդաշարի հերթական հաղորդումը։