Մի գավաթ անդորր (150.Ի՞նչ անել, երբ երեխան ստում է)
Բարի օր սիրելի բարեկամներ: Նախորդ հաղորդման ժամանակ անդրադարձանք երեխաների կողմից վատ բառերի օգտագործմանը: Այդ մասին հարցը ստացել էինք ունկնդիր մայրիկից: Այսօր փորձելու ենք պատասխանել հետևյալ հարցին ՝« Ի՞նչ անել, երբ երեխան ստում է» : Հաղորդման հյուրն է Կարինե Խաչատուրյանը : Որպես աղբյուր օգտվել ենք «Փսիլայֆ oնլայն» ռադիոյի «Տարիքի գաղտնիքները» հաղորդաշարից: Հաղորդման տեքստի պատրաստման համար օգտվել ենք այլ աղբյուրներից: Մնացեք մեզ հետ: ..............................
Գրեթե անհնար է գտնել մեկին, ով երբևէ չի ստել: Սուտը, եթե պարզ մեկնաբանենք, ապա կարելի է պարզապես ասել, որ այն ճշմարտության հակառակն է:
Մինչև 3-4 տարեկան երեխան հստակ չի տարանջատում իրականությունը երևակայությունից, ուստի նաև չի ըմբռնում թե ինչ է նշանակում սուտ կամ ճիշտ խոսել:
Եթե մինչև 3-4 տարեկան երեխան ստում է, դրա պատճառը կարող է լինել
Վառ երևակայությունը
Այս տարիքում երեխաները կարծում են, որ ճիշտ է այն ամենը, ինչին իրենք հավատում են: Հաճախ երեխաներն իրենց կատարածի մեղքը բարդում են իրենց երևակայական ընկերների վրա: Երևակայական ընկերները վկայում են երեխայի վառ երևակայության մասին: Նման պարագայում ծնողը պարզապես պետք է երեխային բացատրի, որ փոքրիկի երևակայական ընկերները իրավասու չեն կատարել այն, ինչ արել են:
Մոռացկոտությունը
Երբ երեխան ասում է, որ, օրինակ, պատի վրա գրիչով ինքը չի գրել, նա կարող է և չստել: Պարզապես երեխան մոռացել է իր այդ արարքի մասին, կամ էլ զղջում է իր արածի համար ու ուզում է իրեն հավատացնել, որ նման բան չի արել:
«Անմեղ հրեշտակ» ձևանալը
Ծնողները սովորաբար հավատացած են, որ իրենց երեխան վատ բան անել չի կարող: Դրան հավատում է նաև երեխան: Ու երբ նա վատ բան է անում, նա նախընտրում է իր այդ արարքը չնկատել:
Արդեն դպրոցական հասակում երեխան կարող է ստել` վախենալով պատժվելու հեռանկարից: Որքան խիստ է սպասվող պատիժը, այնքան ավելի հավանական է, որ երեխան կստի:
Երբ այս տարիքի երեխան երբեմն-երբեմն ստում է, դա այդքան էլ վտանգավոր չէ: Պարզապես ծնողները պետք է հիշեն, որ ճիշտ չէ պատժել փոքրիկին, երբ նա շատ է չափազանցնում կամ հորինում:
Սակայն երբ ստելը պարբերական բնույթ է կրում, դա արդեն մտահոգիչ է:
Եթերում հոգեբան Կարինե Խաչատուրյանն է:
...
Ի՞նչ կարող են անել ծնողները
Խրախուսեք ճիշտ խոսելը
Եթե երեխան ճիշտ է խոսում, խրախուսեք նրան` շնորհակալություն հայտնելով: Փոքրիկի ամեն մի կարգազանցությունից մի կորցրեք Ձեր ինքնատիրապետումը: Օրինակ, երբ երեխան խոստովանում է, որ ինչ որ վատ կամ արգելված բան է արել, մի բարկացեք կամ պատժեք նրան, այլ գովեք, որ ճիշտն է ասում: Եթե բարկանաք կամ պատժեք նրան, դժվար թե փոքրիկը ճիշտ խոսելը խրախուսելի համարի: Հիշեք, որ ճիշտ վարքագծի խրախուսումը հրաշքներ է գործում և էլ ավելի ոգևորում երեխային:
Մի մեղադրեք երեխային
Ձեր նկատողությունները ձևակերպեք այնպես, որ երեխան ոչ թե ժխտի կատարվածը, այլ խոստովանի:
Մի ծանրաբեռնեք երեխային
Ձեր չափազանց մեծ ակնկալիքներով և խստապահանջ կարգուկանոնով մի ծանրաբեռնեք երեխային: Նա այդ ամենը կամ չի հասկանա կամ ի վիճակի չի լինի հետևել դրանց: Արդյունքում երեխան ստիպված կլինի ստել, որպեսզի չբարկացնի Ձեզ:
Ստեղծեք վստահության մթնոլորտ Ձեր և երեխայի միջև
Երեխան պետք է իմանա, որ Դուք հավատում եք իրեն, ինքն էլ կարող է Ձեզ վստահել: Ծնող-երեխա հարաբերություններում ամենակարևորը անկեղծությունն է: Եվ ծնողները պետք է ազնվության օրինակ ծառայեն իրենց երեխաների համար, երեխայի հետ հարաբերություններում խուսափեն կիսաճշմարտություններից և կատարեն իրենց խոստումները:
...
Երեխան հաճախ ստում է` առանց այդ փաստը գիտակցելու: Ծնողները պետք է սովորեցնեն նրան ճանաչել և սիրել ճշմարտությունը:
Ստի եւ ճշմարտության գաղափարները երեխան սովորում է տանը: Ծնողների համար միշտ անհանգստացնող է, երբ իրենց երեխան կամ դեռահասը ստում է:
Այժմ խոսենք այն ստի մասին, որը լուրջ չէ:
Փոքր երեխաները (4-5 տարեկան) հաճախ պատմություններ են հորինում եւ հեքիաթներ պատմում: Սա նորմալ վարք է, որովհետեւ նրանց հաճելի է հեքիաթներ լսել եւ ուրախ պատմություններ հորինել: Փոքր երեխաները աղավաղում են սահմանը իրականության եւ երեւակայության միջեւ:
Ավելի մեծ երեխան եւ դեռահասը սուտ է ասում սեփական շահերից ելնելով (օրինակ՝ ինչ-որ բան անելուց կամ իր արարքների պատասխանատվությունից խուսափելու համար): Ծնողները պետք է ստի որոշ դեպքերում խոսեն երեխայի հետ ճշմարտության, անկեղծության եւ վստահության կարեւորության մասին:
Դեռահասներից ոմանք պարզում են, որ սուտը որոշ դեպքերում ընդունելի է, օրինակ՝ երբ ընկերուհուն կամ ընկերոջը չես ասում հարաբերությունները խզելու բուն պատճառը, որպեսզի չվիրավորեն նրա զգացմունքները: Ոմանք կարող են ստել իրենց անձը պաշտպանելու կամ հոգեբանորեն ծնողներից անկախ լինելու համար (օրինակ՝ ժխտեն, որ գիշերը թաքուն դուրս են եկել տանից):
Կա սուտ, որը բխում է երեխայի հուզական խնդիրներից:
Որոշ երեխաներ, որոնք գիտակցում են ստի եւ ճշտախոսության տարբերությունը, այնպիսի վարպետությամբ են պատմություններ հորինում, որ դժվար է կասկածել դրանց ճշմարտության մեջ: Երեխաները կամ դեռահասները սովորաբար խանդավառություն են ապրում նման պատմություններ պատմելիս, քանի որ մեծ ուշադրության են արժանանում սուտ ասելիս:
Այլ երեխաներ կամ դեռահասներ, որոնք պատասխանատու մարդիկ են երեւում, սկսում են կրկնողաբար սուտ ասել: Նրանց թվում է, թե սուտը ծնողների, ուսուցիչների եւ ընկերների պահանջներին դիմանալու ամենահեշտ ձեւն է: Այս երեխաները սովորաբար նպատակ չունեն վատը կամ չարը լինել, բայց անվերջ սուտ ասելը վատ սովորույթ է դառնում:
Կան նաեւ այնպիսի երեխաներ, որոնց չի հուզում իրենց ստախոսությունը եւ ուրիշներին իրենց շահերի համար օգտագործելը: Դեռահասները կարող են նաեւ սուտ ասել՝ իրենց այլ մեծ խնդիրը կոծկելու համար:
...
Երեխաների համար ամենաօրինակելին իրենց ծնողներն են: Երբ երեխան կամ դեռահասը ստում է, ծնողները պետք է ժամանակ գտնեն նրա հետ լրջորեն զրուցելու եւ հետեւյալ հարցերը քննարկելու համար.
• կեղծ համոզմունքների եւ իրականության, ստի եւ ճշտախոսության տարբերությունը
• տանը եւ հասարակության մեջ ազնվության կարեւորությունը
• ստի հնարավոր տարբերակները
Եթե երեխան կամ դեռահասը սուտ ասելը լուրջ սովորություն է դարձնում, նրան անհրաժեշտ է մասնագիտական օգնություն: Անհրաժեշտ է մանկապատանեկան հոգեբույժի գնահատում, որը կօգնի երեխային եւ ծնողներին հասկանալ սուտ ասելու պատճառները եւ ցույց կտա հետագայում սուտը կանխելու ճանապարհները:
...