Թեհրանի հստակ ուղերձը Կովկասին․ Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը
Վրաստանում Իրանի դեսպան Ալի Մուջանին վերահաստատել է, որ Հարավային Կովկասում միջազգային ճանաչված սահմանների անփոփոխելիությունը շարունակում է մնալ Թեհրանի տարածաշրջանային քաղաքականության հիմնարար սկզբունքներից մեկը։
Վրացի լրագրողների հետ զրույցում նա ընդգծել է, որ Իրանը աջակցում է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային համագործակցության զարգացմանը, սակայն անընդունելի է համարում միջազգայնորեն ճանաչված աշխարհագրական սահմանների ցանկացած փոփոխություն։
Հղում անելով IRNA-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Իրանի դեսպանը, պատասխանելով Զանգեզուրի միջանցքի և դրա շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ հարցին, նշել է, որ Թեհրանը կողմ է Հարավային Կովկասի զարգացմանն ու բարգավաճմանը, սակայն տարածաշրջանի երկրների միջև գոյություն ունեցող սահմանների ցանկացած փոփոխություն դիտարկում է որպես սպառնալիք սեփական անվտանգությանը։ Նրա խոսքով՝ այս դիրքորոշումը հավասարապես վերաբերում է Հայաստանին, Ադրբեջանին և Վրաստանին։
Մուջանիի հայտարարությունները հնչում են այն պայմաններում, երբ Զանգեզուրի միջանցքի հարցը շարունակում է մնալ Հարավային Կովկասի գլխավոր աշխարհաքաղաքական թեմաներից մեկը։ Հայաստանը մտահոգված է իր հաղորդակցային ուղիների նկատմամբ ինքնիշխան վերահսկողության հնարավոր սահմանափակմամբ, մինչդեռ Ադրբեջանը շեշտադրում է նոր տրանսպորտային երթուղիների ստեղծման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում Իրանը բազմիցս հայտարարել է, որ ցանկացած նախաձեռնություն պետք է իրականացվի տարածաշրջանի երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման շրջանակում։
Իրանի դեսպանն անդրադարձել է նաև տարածաշրջանային տնտեսական համագործակցության կարևորությանը՝ տեղեկացնելով Հնդկաստան–Իրան–Հայաստան եռակողմ աշխատանքային խմբի ձևավորման մասին, որի նպատակն է զարգացնել առևտրային և տրանսպորտային միջանցքները։ Նրա գնահատմամբ՝ այս նախաձեռնությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել տարածաշրջանային առևտրի համար և մեծացնել Հայաստանի դերը Հարավային Ասիայի շուկաները Կովկասի և Եվրոպայի հետ կապելու գործում։
Մուջանին կարևորել է նաև «3+3» տարածաշրջանային համագործակցության ձևաչափը՝ այն բնութագրելով որպես աշխարհագրական իրողությունից բխող անխուսափելի հարթակ։ Թեհրանի համոզմամբ՝ տարածաշրջանի երկրների միջև տնտեսական և տրանսպորտային կապերի ընդլայնումը կարող է նպաստել լարվածության նվազեցմանը և քաղաքական տարաձայնությունների կարգավորմանը։
Ընդհանուր առմամբ, Իրանի դեսպանի հայտարարությունները վկայում են Թեհրանի այն քաղաքական գծի շարունակականության մասին, որը հիմնված է միջազգային սահմանների պահպանման, արտաքին միջամտությունների մերժման և տարածաշրջանային տնտեսական համագործակցության խթանման վրա։ Իրանի իշխանությունների գնահատմամբ՝ հենց այս մոտեցումն է Հարավային Կովկասում կայունության և երկարաժամկետ անվտանգության ապահովման կարևոր նախապայմանը։