Հունվար 23, 2021 11:19 Asia/Yerevan

Հաղորդաշարի հարգարժան ունկնդիրներ այսօր խոսելու ենք կյանքն ավելի լավ դարձնելու մասին։ Ներկայացնելու ենք հոգեբանների խորհուրդներն այս կապակցությամբ։ Ընկերակցեք մեզ։

 

Կյանքն ավելի լավ դարձնելու համար, հոգեբան Ջորդան Փիթերսընը մի քանի խորհուրդներ է տվել ,որոնք այժմ կներկայացնեմ ձեր ուշադրությանը։

1։ Կանգնիր՝ մեջքդ ուղիղ

Կենդանի էակները սկսել են պայքարել համակարգում իրենց դիրքի համար նախքան մաշկ, ձեռքեր, թոքեր ու ոսկրեր ունենալը։ Մեր գլխուղեղի հնագույն մասը, որը մասնագիտացված է հիերարխիայում մեր դիրքի գնահատման մեջ, հետևում է, թե ինչպես են ուրիշները վերաբերվում մեզ, ինչի հիման վրա գնահատում է մեր կարգավիճակը համակարգի ներսում։ Երբ կեցվածքդ խեղճ է, ուսերդ՝ առաջ թեքված, կրծքավանդակը՝ փակ, գլուխը՝ կոր, մեջքը կծկված (ասես հարձակումից պաշտպանվելիս) դու քեզ փոքր, պարտված ու անարդյունավետ ես զգում։ Այլ մարդկանց վերաբերմունքը միայն ուժգնացնում է այդ զգացումը։ Եթե սկսես ուղղել մեջքդ, ապա մարդիկ կսկսեն այլ կերպ վերաբերվել քեզ։ Կանգնել ուղիղ, նշանակում է ընդունել կյանքի պատասխանատվությունը բաց աչքերով, նշանակում է կամավոր կերպով որոշել քաոսը ձևափոխել կարգի, նշանակում է դուրս գալ մանկության դրախտից ու գնալ բոլոր անհրաժեշտ զոհաբերությունների՝ արդյունավետ ու իմաստալից կյանք կերտելու համար։

2։ Վերաբերվիր ինքդ քեզ ասես մեկին, ում պարտավոր ես օգնել

Մենք արժանի ենք հարգանքի։ Մենք կարևոր ենք ոչ միայն ուրիշների, այլ նաև ինքներս մեզ համար։ Յուրաքանչյուրս իր համեստ դերն ունի աշխարհի ճակատագրում և, հետևաբար, պարտավոր ենք հոգ տանել ինքներս մեզ համար։ Հոգ տանել չի նշանակում «անել այն, ինչ ուզում ես» կամ «ինչը քեզ երջանկացնում է»։ Երեխային կոնֆետ տալով կարելի է երջանկացնել, բայց չէ՞ որ հոգ տանելը կոնֆետ տալը չէ։ Հարցրեք ինքներդ ձեզ. «ինչպիսի՞ն կլինի իմ կյանքը, եթե պատճաշ հոգ տանեմ իմ մասին», «ի՞նչ կարող եմ անել առողջությունս, գիտելիքներս ու ֆիզիկական ուժս բարելավելու համար», «ինչպե՞ս կարող եմ դառնալ ավելի լավը՝ դրանով ավելի լավը դարձնելով ինձ շրջապատող աշխարհը»։

3։ Ընկերություն արա այն մարդկանց հետ, որոնք քո բարին են ցանկանում

Եթե դու ընկերություն ես անում մեկի հետ, ում հետ չէիր ուզի, որ քույրդ կամ հայրդ կամ որդիդ ընկերություն անեին, մտածիր, թե ինչու ես նրա հետ մտերմություն անում։ Եթե քեզ ավելի լավին արժանի չես համարում, վերանայիր ինքդ քո հանդեպ վերաբերմունքը, եթե կարծում ես, որ փրկում ես նրան, ապա հիշիր, որ ոչ բոլորին է պետք օգնել, ոչ բոլորն են ուզում բարձրանալ հատակից, հակառակը, զգուշացիր, որ նա քեզ իր հետ հատակը չձգի։ Դու բարոյապես պարտավոր չես աջակցել ինչ-որ մեկին, որն աշխարհը ավելի վատն է դարձնում։ Հակառակը, պետք է ընտրես այնպիսի մարդկանց, որոնց կյանքը ավելի լավը կդառնա, եթե քո կյանքը բարելավվի և հակառակը։

***

4։ Համեմատիր քեզ քո երեկվա, ոչ թե ինչ-որ մեկի այսօրվա ես-ի հետ

Նախկինում մարդիկ համեմատվում էին իրենց փոքր համայնքի՝ քաղաքի կամ գյուղի բնակիչների հետ, այսօր, անմիջական կապ ունենալով աշխարհի հետ, մենք համեմատում ենք մեզ երկրի մի քանի միլիարդ բնակչի հետ։ Ներքին քննադատը չի կարող օբյեկտիվ լինել։ Այն գործում է հետևյալ կերպ՝ առանձնացնում է մի որևէ ոլորտ՝ անտեսելով մնացածը, այդ ոլորտին տալիս առանձնահատուկ կարևորություն, ապա ընտրում դրանում փայլող որևէ մեկին ու համեմատում ձեզ նրա հետ՝ արժեզրկելով ձեր ջանքերը։ Եթե ներքին ձայնը ստիպում է կասկածի տակ դնել սեփական ջանքերը, ժամանակն է նրա ասածն արհամարհելու։

5։ Թույլ մի տուր երեխաներիդ անել որևէ բան, որը աչքիցդ կգցի նրանց

Երեխաները, ինչպեսև մեծահասակները, բարության մարմնավորում չեն և հաճախ կարող են լինել և՛ չար, և՛ դաժան, ուստի չի կարելի նրանց ինքնահոսի թողնել ու սպասել, որ ինքնուրույն «լավ մարդ» կդառնան։ Երեխաներին կա՛մ դաստիարակում եք դուք, կա՛մ թողնում, որ դա ձեր փոխարեն անի աշխարհը, որը նրբանկատ չի գտնվելու այդ հարցում։ Խրախուսեք այն վարքը, որի շնորհիվ հասարակությունը նրանց գրկաբաց կընդունի և պատժեք այն դրսևորումները, որոնք կդժբախտացնեն նրանց։ Եթե որևէ արարք ստիպում է ձեզ չսիրել նրանց, մտածեք այն մասին, թե ինչպես են նրանց վերաբերվելու ուրիշները, որոնց շատ ավելի քիչ է հետաքրքրելու ձեր երեխայի ճակատագիրը։

6։ Տանդ մեջ պետք է կարգուկանոն հաստատես նախքան աշխարհին քննադատելը

Պետք չէ քննադատել աշխարհին եթե սեփական կյանքում ու ընտանիքում չենք կարողանում կարգ ու կանոն հաստատել։Պետք է  կարգի բերել սեփական կյանքը, սկսել  փոքր քայլերից։ Արդյոք օգտագործո՞ւմ եք ձեզ ընձեռված հնարավորությունները, արդյոք աշխատո՞ւմ եք ինքնազարգացմանդ վրա, արդյոք համերա՞շխ եք հարազատներիդ հետ, արդյոք հարգո՞ւմ եք ձեր կնոջը, ամուսնուն, երեխային, արդյոք վնասակար սովորություններով չե՞ք վտանգում առողջությունդ, արդյոք ստանձնո՞ւմ եք պատասխանատվություն, կա՞ արդյոք բան, որ կարող եք անել՝ ձեզ շրջապատող աշխարհը մի քիչ ավելի լավը դարձնելու համար։

7։ Փնտրել իմաստալիցը ոչ թե հարմարը

Ի՞նչն է տարբերակում հաջողակ ու անհաջողակ մարդկանց. հաջողակ մարդիկ ի զորու են զոհողության գնալ։ Զոհողությունը երբեմն նշանակում է հրաժարվել լավագույնից, որպեսզի ձեռք բերել իմաստալիցը։ Բարձր նպատակներ դրեք ձեր առջև, ուշադիր եղեք, լավացրեք այն, ինչ կարող եք լավացնել։ Մի՛ եղեք գոռոզ ձեր իմացածում, ձգտեք խոնարհության։ Կյանքում իմաստ ունենալը ավելի կարևոր է, քան սրտի ուզածն ունենալը։

Լինել ազնիվ կամ, գոնե, չստել

Ի՞նչ է պետք անել, երբ չգիտես՝ ինչ անել։ Ազնի՛վ եղիր։ Բազմաթիվ մարդիկ հնարում են իրենց ուտոպիան, ապա ծռմռում իրենց կյանքը, որ այն իրականություն դառնա։ Ընդունել ճշմարտությունը, նշանակում է որոշակի զոհաբերություն կատարել։ Եվ եթե երկար ժամանակ ժխտում ենք ճշմարտությունը կամ խուսափում դրանից, ապա զոհաբերությունը հետզհետե մեծանում է։ Ճշմարտությունը չընդունելու և ստելու միջև ոչ թե որակական, այլ միայն քանակական տարբերություն է։

9։ Եղիր հստակ խոսքերումդ

Հաճախ, ամուսնական հարաբերություններում, մենք փորձում ենք նկատելու չտալ մանր թվացող տարաձայնություններն ու խնդիրները, պահում ենք դրանք գորգի տակ մինչև որ մի օր այլևս հնարավոր չի լինում թաքցնել։ Այդժամ, ցանկացած կայծ բերում է բռնկման ու մենք հստակ խոսելու փոխարեն վիճում ենք ամեն ինչի մասին։ Ասացեք այն, ինչ նկատի ունեք։ Գործեք՝ ձեր խոսքերին համապատասխան։ Նկատեք ձեր սխալները ու մի թաքցրեք դրանք։ Հստակ ձևակերպեք ձեր ուզածը։ Կենտրոնացեք բուն խնդրի վրա և փորձեք լուծել այն վաղ փուլում, քանի դեռ չի վերածվել ամենակուլ քաոսի։