«Մի գավաթ անդորր» 2 «Հոգեկան առողջություն»
Հոգեկան առողջություն , սահմանվում է որպես անձի հոգեբանական լավ վիճակ , որում նա կարողանում է օգտվել իր անձնային ներուժից , հաղթահարել առօրյա սթրեսները , աշխատել արդյունավետ , ինչպես նաև ապրել հասարակական կյանքով ։ Հաղորդում ՝ կլինիկական հոգեբան Լինդա Մինասյանի մասնակցությամբ
Ժամանակակից աշխարհում մեծ թվով պատճառներ ու գործոններ կան , որոնք կարող են վտանգել մարդկանց հոգեկան առողջությունը : Ոչ ոք ապահովագրված չէ հոգեբանական խնդիրներից : Անհերքելի փաստ է , որ հոգեբանական խաթարումների դեմ մեր դիմադրությունը բարձրացնելու դեպքում , հնարավոր կլինի ինչ-որ չափով լինել ապահով : Դա կարելի է անել խնդիրներն ընդունելու , նրանց դեմ պայքարելու միջոցները սովորելով :
Հոգեկան առողջությունը բնույթով ավելի բարդ հասկացություն է , քան ֆիզիկականը , որովհետև ֆիզիկական հիվանդությունների պատճառները ճանաչված են ու տեսանելի , ինչը չի կարելի ասել հոգեբանական խնդիրների մասին : Հոգեկան առողջություն , սահմանվում է որպես անձի հոգեբանական լավ վիճակ , որում նա կարողանում է օգտվել իր անձնային ներուժից , հաղթահարել առօրյա սթրեսները , աշխատել արդյունավետ , ինչպես նաև ապրել հասարակական կյանքով ։ Հոգեպես առողջ մարդը ձգտում է հավասարակշռել և զարգացնել իր ֆիզիկական, հոգեկան, ճանաչողական , հուզական ու վարքային կողմերը։ Հոգեկան հիվանդությունների բացակայությունը դեռևս երաշխիք չէ հոգեկան առողջության համար:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առանձնացրել է հոգեկան առողջության հետևյալ չափանիշները.
- ֆիզիկական և հոգեկան ես-ի ամբողջականության գիտակցում,
- նմանատիպ իրադրություններում ապրումների անընդհատության և նույնականության գիտակցում,
- քննադատական վերաբերմունք սեփական անձի և գործունեության արդյունքների նկատմամբ,
հոգեկան համապատասխան հակազդեցություն միջավայրի պայմաններին և իրադրություններին,
-հասարակական կանոններին և օրենքներին համապատասխան սեփական վարքագծի և ինքնակառավարման կարողություն,
- սեփական կյանքը ծրագրելու և դրանք իրականացնելու կարողություն,
կենսական իրադրությունների փոփոխության դեպքում վարքագիծը փոխելու կարողություն:
Հոգեկան առողջությունն ունի նաև սկզբունքներ :
1 – Հոգեպես առողջ անհատը պետք է կարողանա սիրել և հարգել իր անձը : Միայն սեփական անձը սիրող և հարգող անհատը կարող է մյուսների նկատմամբ նույն զգացողությունն ունենալ : Մյուսներին անընդհատ նվաստացնող մարդիկ , փաստորեն չունեն իրենց անձի նկատմամբ սեր ու հարգանք :
2 – Հոգեպես առողջ մարդը կարող է ընդունել իր և մյուսների ֆիզիկական ու հոգեբանական սահմանափակումները : Գիտակցելով իր կարողությունները , նա ջանում է հաղթահարել և վերացնել իր թույլ կողմերը :
3 –Մարդկային ամեն վարք ունի որևէ պատճառ , թեև այն կարող է տվյալ անհատի համար պարզ չլինել , բայց և կարող է լինել անցյալի վախի հետևանք , կամ ունենալ այլ պատճառներ : Հոգեպես առողջ անհատը փորձում է գտնել իր վարքերի պատճառները :
4 – Մարդու ֆիզիկական կամ հոգեբանական պայմաններն ազդում են նրա վարքագծի վրա : Այսօր արդեն ապացուցված է , որ ֆիզիկական շատ խանգարումներ ունեն հոգեբանական պատճառներ , ինչպես օրինակ ստամոքսային խոցը , գլխացավերը և այլ հիվանդություններ :
5 – Մարդկային տարիքային պահանջները , ժամանակի առումով , պետք է բավարարվեն նույն տարիքի սահմաններում : Մարդը գտնվում է շարունակական պայքարի մեջ ՝ իր տարիքային պահանջները բավարարելու համար : Առողջ մարդը լինում է նաև իրատես և կարողանում է հաղթահարել խնդիրները : Խնդիրների ու խոչընդոտների հանդիպելու դեպքում , նա չի հուսահատվում ՝ գիտակցելով , որ միշտ չէ , որ մարդու ցանկություններն ու հնարավորությունները լինում են համապատասխան :
Հոգեպես առողջ անհատն ունի հետևյալ անհատական առանձնահատկությունները :
1 – Անտարբեր չէ իր , ընտանիքի և հասարակության նկատմամբ :
2 – Կարողանում է լեզու գնել մյուսների հետ
3 – Դրական մոտեցում ունի հարցեր նկատմամբ
4 – Հարգում է իրեն և մյուսներին
5 – Վատատես չէ
6 – Ծանոթ է իր ուժեղ և թույլ կողմերին
7 – Ճկուն և համակերպվող է
8 – Ունի ճանաչողություն և իր նպատակներին հասնելու համար , հետևում է և՛ զգանցմուքներին , և՛ բանականությանը :
9 – Դրական մոտեցում ունի և կարողանում է հանդուրժել նաև անհաջողությունները :
10 – Կարող է լուծել իր սեփական խնդիրները :
11 – Իր ազատ ժամերն արդյունավետ է օգտագործում
12 – Հասարակական խնդիրների հանդիպելու ժամանակ , կարողանում է իրեն վերահսկել և կապ հաստատել մյուսների հետ :
13 – Հոգեպես առողջ անհատի կարողությունները զարգանում են համադրված ու համաչափ :
14 – Շրջապատի հետ հաստատում է դրական ու կառուցողական կապ :
15 – Իր պահանջները բավարարելու համար չի մոռանում հասարակական արժեքների մասին :
16 – Համբերատար ու անկեղծ է : Շրջապատը նաև նրա մասին նույն կարծիքն ունի և նրան վստահելի ու հավասարակշռված է համարում :
Հասարակությունն ի՞նչ չափանիշներ է նկատի առնում հոգեպես առողջ անհատի համար :
1 – Նա ուշադիր է նաև իր ֆիզակապես առողջությանը : Ֆիզիկապես անառողջ անհատի հոգեկան առողջությունը ևս վտանգի տակ է հայտնվում :
2 – Նա ունի արժեհամակարգ , հավատք ու համոզմունքներ : Նա կարողանում է լսել հակառակ կարծիքներ և ընդունել իրեն ուղղված քննադատությունները :
3 – Հարգում է հասարակության բարոյական արժեքներն ՝ ընդունելով հասարակության ու ընտանիքի կողմից սահմանաված օրենքները :
4 – Հարգում է մարդկային արժեքները : Նրա համար ավելի հիմնական արժեք են ներկայացնում գիտական փաստերը , այլ ոչ թե սնոտիապաշտությունը կամ նախապաշարումները :
5 - Ունենալով տրամաբանելու կարողություն և բանականություն , հոգեպես առողջ մարդը ջանում է երևույթների պատճառա-հետևանքային կապ գտնելով , ստանալ իր հարցերի պատասխանները :
6 - Հոգեպես առողջ մարդը պատասխանատու է իր կյանքի ու արարքների համար : Այստեղ մի փոքր բացատրություն ՝ որպեսզի տարբերակենք պատասխանատվությունը և պարտականությունը : Պատասխանատվությունը ներքին զգացում է , որը մարդուն մղում է իրեն վստահված աշխատանքը կատարելուն , իսկ պարտականությունն արտաքին երևույթ է , որը տրվում է մարդուն ՝ իր աշխատանքը կատարելու համար : Այլ խոսքով , պատասխանատվությունը պարտականությունը կատարելու գիտակցությունն է :
7 – Առողջ մարդն ունի նպատակ ՝ որոշակի ծրագիր իր կյանքում և հստակ նպատակ իր առջև դրված : Նա նույնպես արժևորում է իր և մյուսների ժամանակը և ինքնաբավ է : Այլ խոսքով , կարողանում է սեփական ուժերով բավարարել իր պահանջները :
8 – Զգացմունքային առումով և նյութականապես անկախ է , կարողանում է անկախ մտածել և որոշումներ ընդունել :
9 – Ունի դրական ինքնավստահություն :
10 – Հավասարակշռված կյանքով է ապրում , իր կյանքի համար ունի հստակ նպատակներ
11 – Կարողանում է իր հուզական , ընտանեկան , ամուսնական և այլ զգայուն հարաբերություններում լինել հավասարակշռված
12 – Կարողանում է վերահսկել իր զայրույթը , բացասական մտքերն ու ատելությունը
1 3 – Վստահում է շրջապատին
Վերոնշյալ հատկություններից մեկի կամ մի քանիսի բացակայության դեպքում , անհատը դառնում է անհավասարակշիռ և հավանական է , որ կարող է կորցնել իր մյուս կարողությունները :
Հոգեկան առողության ապահովում
Հոգեկան առողության ապահովումը կատարվում է երեք քայլերով ՝ կանխարգելում , բուժում և վերականգնում :
Ինչպես մյուս հիվանդությունների դեպքում , հոգեբանական հարցերում ևս կանխարգելումը համարվում է ավելի կարևոր , քան բուժումը : Կանխարգելվում է խանգարման առաջացումը կամ բուժվելուց հետո ՝ նրա վերադարձը :
Բուժումը կատարվում է դեղերի , հոգեթերապիայի , նաև միջավայրը փոփոխելու միջոցներով : Կան նաև պայմաններ , որոնք օգնում են հոգեկան հիվանդների բուժման գործընթացին ՝ առաջին ՝ երբ խանգարումը կամ հիվանդությունը չունի հին անցյալ , երկրորդ ՝ անհատը նախկինում համեմատաբար կայուն ու առողջ իրավիճակում է եղել , երրորդ ՝ եթե անհատն ունի բուժվելու մեծ դրդապատճառ և ցանկություն , և վերջապես չորրորդ ՝ խանգարումների պատճառներն արտաքին են այլ ոչ թե ՝ ներքին :
Վերականգնում փուլի գլխավոր նպատակն է կորցրած կարողությունները թերապևտի օգնությամբ անհատին վերադարձնելը : Եթե բուժվող անհատը որոշակի աշխատանք կամ մասնագիտություն չունի , այս փուլում նա պետք է որևէ հմտություն ձեռք բերի : Այստեղ զգալի է դառնում ընտանիքի ու շրջապատի օգնությունը :