Արտադրության բարգավաճումը՝ զարգացման առանցք (5)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i112665-Արտադրության_բարգավաճումը_զարգացման_առանցք_(5)
Իրանի զարգացման մոդելը դիմադրողական տնտեսությունն է, որտեղ առանցքային դերակատարություն ունի արտադրությունը։ Կիրառելով արտադրության աճի վրա ազդող միջոցները, կարելի է հասնել տնտեսական աճի։ Այդ միջոցներից են արտադրության ռեսուրսներն ու նյութերը։
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հոկտեմբեր 19, 2019 10:46 Asia/Tehran

Իրանի զարգացման մոդելը դիմադրողական տնտեսությունն է, որտեղ առանցքային դերակատարություն ունի արտադրությունը։ Կիրառելով արտադրության աճի վրա ազդող միջոցները, կարելի է հասնել տնտեսական աճի։ Այդ միջոցներից են արտադրության ռեսուրսներն ու նյութերը։

Նախորդ հաղորդման ընթացքում հակիրճ խոսեցինք էներգետիկայի, հանքարդյունաբերության և գյուղատնտեսության բնագավառներում Իրանի արտադրական ռեսուրսների ու հարուստ պաշարների մասին։ Սույն հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք արտադրության աճի վրա ազդող մեկ այլ գործոնի՝ ներդրումների։ Մնացեք մեզ հետ։

*******

Տնտեսագիտության մեջ ֆինանսական շուկաները դիտվում են որպես ֆինանսական միջոցները ուղղորդող հոսքեր՝ ոչ արտադրողականից դեպի արտադրական ոլորտ: Այս շուկաները կենսական դեր են խաղում տնտեսական աճի, աշխատատեղերի ստեղծման, ներդրումների, դրամական և ֆինանսական փոփոխականների կայունացման և ընդհանուր առմամբ հասարակության բարեկեցության բարելավման գործում: Այս շուկաների կարևորությունն այնքան մեծ է, որ դրանք համարվում են տնտեսության հիմնական զարկերակներ: Ցանկացած երկրի տնտեսության ֆինանսական շուկան բաղկացած է երկու մասից ՝ դրամային շուկա և կապիտալի շուկա: Փաստորեն, դրամական շուկան (բանկերը և վարկային կազմակերպությունները) և կապիտալի շուկան (արժեթղթերի և բաժնետիրական ընկերությունների ֆոնդային բորսա) որպես հնամենի երկու մրցակիցներ, ապահովում են տնտեսական ձեռնարկություններին անհրաժեշտ կապիտալը և յուրաքանչյուր երկրի տնտեսական կառուցվածքին համապատասխան, այս երկու շուկաների միջոցով ֆինանսավորվում են այդ ձեռնարկությունները:

Իրանում բանկային համակարգը կապիտալի ապահովման կարևոր աղբյուրներից է: Իրանի տնտեսության մեջ բանկերը մշտապես առաջատար ու գլխավոր դերակատարություն են ունեցել արտադրական ոլորտների ֆինանսավորման հարցում: Երկրի նախագծերի ավելի քան 90 տոկոսը ֆինանսավորվում է բանկային համակարգի միջոցով: Սակայն, վերջին տարիներին իրանական կապիտալի շուկան, մրցակցության մեջ լինելով դրամական շուկայի հետ, աստիճանաբար հաստատել է իր դերակատարությունն ու դիրքը որպես պրոֆեսիոնալ ու մասնագիտական շուկա՝ ռեսուրսների բաշխման և ներդրումների վերահսկման ու գնահատման ասպարեզում, որպեսզի ավելի ընդունելի դերակատարում ունենա ձեռնարկությունների ֆինանսավորման գործում, և արդյունքում ազդեցություն է ունեցել երկրի տնտեսական զարգացման վրա:

Այսօր կապիտալի շուկան տարբեր ձևերով, մասնավորապես ձեռնարկությունների ֆինանսավորմամբ, ուղղակիորեն ազդեցություն է գործում երկրների արտադրության և տնտեսական աճի վրա: Իրանական կապիտալի շուկան, որպես ֆինանսական շուկայի ազդեցիկ մաս, նաև փորձել է ապացուցել իր դերակատարումը` որպես ազգային տնտեսության ֆինանսավորման կայուն աղբյուր: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այդ ջանքերը հանգեցրել են Իրանի կապիտալի շուկայի դիրքի բարելավմանը: Ըստ որոշ միջազգային մարմինների զեկույցների, Իրանի կապիտալի շուկան ի զորու է  զարգացումն արագացնելու  միջոցով նպաստել տնտեսական աճի տեմպերի մեծացմանը։ Որպես օրինակ կարելի է նշել «ՄակԿենզի» միջազգային հաստատության զեկույցը, որը փաստել է, որ Իրանի կապիտալի շուկան առավել զարգացման ներուժ ունի ՝ հաշվի առնելով երկրի տնտեսության մեծությունն ու հարստությունը: Մինչև 2035 թվականը Իրանի հետագա տնտեսական վիճակի մասին նշված հաստատության զեկույցը կրում է «Իրանը. Մեկ տրիլիոն դոլար աճի հնարավորություն» վերնագիրը: Զեկույցում ասվում է, որ բազմաթիվ ձեռնարկատիրական ոլորտներում Իրանն արդեն պատրաստ է տնտեսական լայնածավալ վերածննդի, այնպես որ, 20 տարուց պակաս ժամանակահատվածում այն կարող է մեծացնել ՀՆԱ-ն մինչև 1 տրիլիոն դոլար  և ստեղծել 9 միլիոն աշխատատեղ:

Տնտեսական այս վերածննդին նպաստող գործոններից մեկը ներդրումներն են: Ներկայումս բազմաթիվ երկրներում արժեթղթերի ֆոնդային բորսան կապիտալի շուկայի գլխավոր առանցքն է: Բորսայի կազմակերպության դերն այն է, որ ամեն տարի մեծ քանակությամբ անորոշ կապիտալը ուղղորդում է դեպի համայնքի արդյունաբերող ու ակտիվ օբյեկտները, ինչպիսիք են արտադրական ու ծառայությունների օբյեկտները: Ընկերությունների սեփականության մեջ մարդկանց մասնակից դարձնելու միջոցով Ֆոնդային բորսայի կազմակերպությունը նվազեցնում է լիկվիդայնությունն ու նրանց գնողունակությունը, ինչի արդյունքում իջեցվում է ինֆլյացիան: Մյուս կողմից, այդ ռեսուրսները (համայնքի լիկվիդայնությունը) արտադրական օբյեկտներին հատկացվելով մեծանում է արտադրության ծավալը և բարելավվում կառավարիչների աշխատանքները:

Բորսաների տարբեր տեսակներ կան, ինչպիսիք են ապրանքային բորսաները, մետաղական բորսաները, գյուղատնտեսական բորսաները, գանձապետական փաստաթղթերի ​​բորսաները և արժեթղթերի ֆոնդային բորսաները: Թեհրանի արժեթղթերի ֆոնդային բորսան, որպես իրանական արժեթղթերի ամենամեծ ու ամենահին շուկան, հիմնադրվել է 1967թ.։ Ֆոնդային բորսայի գոյության իմաստն էր ստեղծել արդար ու թափանցիկ շուկա, որտեղ ներկայացվում էին զանազան միջոցներ, և հանրության համար դրա դյուրին հասանելիության միջոցով բոլոր մարդիկ կարողանային օգտվել ստեղծված տնտեսական ավելացված արժեքից: Ընդհանուր առմամբ այսօր շուկայի արժեքի, գործարքների արժեքի, ֆինանսական գործիքների բազմազանության, ընկերությունների և շուկաների դիվերսիֆիկացիայի, կարևոր և ազդեցիկ ընկերությունների ընդունման, միկրոկառուցվածքների շարունակական վերանայման ու կատարելագործման, ինչպես նաև թափանցիկության ու տեղեկատվության բարելավման առումով Թեհրանի ֆոնդային բորսան իր գործունեության ընթացքում աճի և զարգացման միտում է արձանագրել: Թեհրանի ֆոնդային բորսայում կան ավելի քան 300 ընկերություն, ներառյալ իրանական ամենամեծ ու կարևորագույն ընկերությունները, և նրանց բաժնետոմսերը առևտուր են արվում: Այս ընկերությունները գործունեություն են ծավալում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են նավթի ու գազի, նավթաքիմիական, հանքարդյունաբերության, հիմնական մետաղների, ավտոմեքենաշինության, ցեմենտի, բանկային համակարգի և ապահովագրության ոլորտները: Հաշվի առնելով իրանական տնտեսության խոշոր ու հեղինակավոր ընկերությունների ներկայությունը Թեհրանի ֆոնդային բորսայում, դրանց արտադրության և վաճառքի ծավալների ուսումնասիրումը կարող է ավելի ճշգրիտ ցույց տալ բորսայի ազդեցությունը ազգային արտադրության վրա: Անցած տարիներին Թեհրանի բորսայի շուկայական արժեքը կազմել է ՀՆԱ-ի 20-40 տոկոսը:

Իրանի ֆոնդային բորսայի բարենպաստ վիճակը

Ըստ «Financial Times»-ի, չնայած Իրանի տնտեսությունը ուղիներ է փնտրում  արևմտյան պատժամիջոցների ճգնաժամը հաղթահարելու համար, այդուհանդերձ իրանական ֆոնդային բորսան կարողացել է աշխարհում գործող բորսաների շարքում ցուցաբերել գործունեության ամենալավ արդյունքը, այնպես որ վերջին 12 ամիսների ընթացքում այն ​​կարողացել է դառնալ աշխարհի ամենաարդյունավետ բորսաներից մեկը: Դրա հիմնական պատճառներից մեկը եղել է ավելի մեծ թվով ներդրողների ներհոսքը դեպի այս շուկա: Կապիտալի շուկայում ներդրողների ներկայությունը մեծացրել է այս շուկայի արժեքը և դրա արդյունավետությունը համաշխարհային շուկաներում մյուս մրցակիցների նկատմամբ և պատճառ դարձել, որ  նախորդ մեկ տարվա ընթացքում այն դառնա աշխարհի արժեթղթերի շուկայում լավագույն ու ամենաարդյունավետ շուկան:

Անցած կես դարում, հատկապես նավթային երկրների ֆինանսական շուկաներում ստեղծվել են ազգային հարստության հիմնադրամներ, որոնց կառուցման հիմնական նպատակն է եղել սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ, արդյունավետ կերպով օգտագործել նավթի ու գազի ռեսուրսները: Իրանում ևս 2010թ. ստեղծվել է «Ազգային զարգացման» հիմնադրամը: Իրանի Ազգային զարգացման հիմնադրամը կազմակերպման, ակտիվների կառավարման և տեխնիկական խնդիրների ու մասնագիտական գործընթացների առումով տարբեր է այլ երկրների ազգային հարստությունների ընդլայնման հիմնադրամներից: Իրականում Իրանի Ազգային զարգացման հիմնադրամն ավելի շատ դիտորդ է և ներսից է կառավարվում և հիմնադրամի արտաքին հարաբերություններն ամենացածր մակարդակում են գտնվում:

Իրանի «Ազգային զարգացման» հիմնադրամի ձևավորման պատճառի և նշանակության մասին ԻԻՀ մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին ասել է.«Խնդիրներից մեկը նավթից կախվածությունն է: Մեր տնտեսության գլխավոր թերությունը նավթից կախվածությունն է: Մենք արդյունահանել ենք այս  հեղուկը, առանց ավելացված արժեքի, այս կանխիկ գումարը տվել ենք և դոլար ենք ստացել, որը ծախսել ենք ընթացիկ առօրյա գործերի վրա, դա սխալ է: Զարգացման այս հիմնադրամը ստեղծել ենք նավթից կախվածությունը նվազեցնելու համար: Այժմ լավ առիթ է: Երկրի տնտեսական պաշտոնատարները պետք է խոշոր ծրագրավորումներում  այնպես անեն, որ օրըստօրե նվազի նավթից կախվածությունը»:

Զարգացման ազգային հիմնադրամի նպատակն է՝  նավթի, գազի, գազային կոնդենսատների և նավթամթերքների վաճառքից գոյացած հասույթի մի մասը վերածել կայուն, արտադրողական և արտադրող տնտեսական ակտիվների, միաժամանակ պահպանելով ապագա սերունդների մասնաբաժինը նավթի ու գազի պաշարների և նավթամթերքների մեջ:

Այսպիսով, ամեն տարի երկրի նավթի և գազի պաշարների արտահանումից և վաճառքից ստացված ընդհանուր եկամտի մոտ 30% -ը փոխանցվում է այս հիմնադրամին: Սովորաբար ամեն տարի 3 տոկոսով ավելանում է այդ մասնաբաժնին: Նշենք, որ Զարգացման ազգային հիմնադրամի միջոցներն օգտագործվում են մասնավոր, կոոպերատիվների, հանրային հատվածի բաժիններին և հասարակական կազմակերպություններին դյուրություններ տրամադրելու համար:

********