Արտադրության բարգավաճումը, զարգացման առանցք (13)
Իրանն այն սակավաթիվ երկրների շարքում է, որ ունի նավթի, գազի ու հանքային հարուստ պաշարներ: Իրանի հանքարդյունաբերությունն ունի բազմազան հանածոներ ու հարուստ պաշարներ, ազատ ջրերին հասանելիության հնարավորություն և արդյունավետ ու կարող աշխատուժ:
Հանքավայրերը մատակարարում են շատ արդյունաբերությունների համար անհրաժեշտ հումքը և կարևոր դեր են խաղում արդյունաբերության ոլորտում ինքնաբավության, արտադրական աշխատանքի ստեղծման, ՀՆԱ-ի աճի և մեկ շնչին ընկնող բնակչության եկամուտների առումով: Ասում են, որ այս ոլորտի աճի անուղղակի ազդեցությունն Իրանի տնտեսության վրա ավելի մեծ է քան առևտուրը և անգամ արդյունաբերությունը:
Արտադրության բարգավաճումը, զարգացման առանցք խորագրով հաղորդաշարի այս շաբաթվա համարում կանդրադառնանք Իրանի հանքային պոտենցիալներին և երկրի զարգացման ու արտադրական բարգավաճման գործընթացում դրա դերին: Ընկերակցեք մեզ:

Այսօր աշխարհում մարդկանց կյանքը մեծապես կախված է հանքարդյունաբերության ոլորտից: Առավոտից երեկո օգտագործվող ցանկացած իրի մեջ ինչ-որ հանքանյութ է օգտագործվել: Այդ իսկ պատճառով հանքարդյունաբերությունն արդյունաբերության մայր ոլորտներից է համարվում: Զբաղեցնելով երկրագնդի մեկ տոկոսի չափով տարածք, երկրաբանության և աշխարհագրական դիրքի առումով Իրանն իր տրամադրության տակ ունի ավելի քան 60 միլիարդ տոննա հաստատուն պաշարներ և աշխարհի հանքային ռեսուրսների 7 տոկոսը: Իրանի հանքային տարածքն ունի 130 միլիոն հեկտար մակերես, ինչը կազմում է երկրի ընդհանուր տարածքի ութ տոկոսը: Իրանի հայտնաբերված հանքային պաշարների արժեքը գնահատվում է ավելի քան 770 միլիարդ դոլար: Առկա վիճակագրության համաձայն, Իրանը հանքային պաշարների առումով աշխարհում առաջին տասնյակում է: Փորձագետների կարծիքով, պաշարների բազմազանության տեսանկյունից Իրանը աշխարհում զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը, իսկ հայտնաբերված պաշարների առումով՝ 14-րդ հորիզոնականը։
Իրանի հարուստ ընդերքի մաս են կազմում երկաթը, պղինձը, արծաթը, ոսկին, ցինկը, կապարը, քրոմիտը, մանգանը, տիտանը, ուրանը, քարածուխը, անագը, թանկարժեք քարերը, գիպսը և աղը, որոնք նավթի և գազի հսկայական պաշարների կողքին Իրանի ժողովրդի հարստության մաս են կազմում: Իր հանքային կարողությունների շնորհիվ Իրանը տարածաշրջանում առաջին երկիրն է, որը 70 տարի առաջ իր գիտական կենտրոններում սկսել է հանքարդյունաբերություն և երկրաբանություն դասավանդել, և այսօր իրանական բազմաթիվ համալսարաններ ուսանողներ են ընդունում այդ մասնագիտության տարբեր մակարդակներում, այնպես որ ներկայումս մեծ թվով ճարտարագետներ և տեխնիկներ աշխատում են հանքարդյունաբերության, մետալուրգիայի և երկրաբանության ոլորտներում, մինչդեռ տարածաշրջանի մյուս երկրներում այդպիսի ներուժ չկա։

Իրանի հանքավայրերի մեկ այլ տնտեսական առավելություններից է նրանց փոքր մասշտաբը: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ փոքր և միջին հանքավայրերը կազմում են երկրի հանքավայրերի ավելի քան 98 տոկոսը, իսկ երկրի հանքային արտադրության մոտ 60 տոկոսը արդյունահանվում է հենց այդ փոքր և միջին հանքերից: Համաշխարհային բանկի վիճակագրության համաձայն, 2017թ. աշխարհում ստեղծված յուրաքանչյուր 5 աշխատատեղերից 4-ը վերաբերում է փոքր և միջին ձեռնարկություններին: Ուստի, նշանակալի է այս արդյունաբերության մեջ զբաղվածության ցուցանիշը, այնպես որ Իրանում հանքարդյունաբերական գործունեությունը աշխատանքով է ապահովել ավելի քան 130,000 մարդու: Այս ոլորտում աշխատավորների թիվը և աշխատանքի կայունությունը երկրի հանքարդյունաբերության բարգավաճման և զարգացման առավելություններից են:
Հանքարդյունաբերությունը բաղկացած է ինչպես մետաղական, այնպես էլ ոչ մետաղական ոլորտներից: Հանքարդյունաբերության մետաղի հատվածում ներդրումների ծավալներն ավելի մեծ են նրանց բարձր արժեքի պատճառով: Բայց ոչ մետաղական հանքարդյունաբերությունը նաև զգալի և նշանակալի դեր ունի այլ արդյունաբերական ոլորտների արտադրության ու արդյունավետության մեջ: Իրանի հանքային պաշարների շարքում հանքանյութերի զգալի մասը ոչ մետաղական են: Փորձագետների կարծիքով, երկրում 68 տեսակի հանքանյութեր կան, որոնցից միայն 20 տեսակը հայտնաբերվել ու վերամշակման փուլում են: Անկասկած, Իրանի տնտեսության այս հատվածում ներդրումներ կատարելը կարող է բարձր եկամտաբերություն ապահովել ներդրողների համար: Հաստատված ու պոտենցիալ պաշարների ծավալից բացի, Իրանում և տարածաշրջանի մյուս երկրներում համապատասխան սպառողական շուկաների առկայությունը, էներգետիկայի մատչելի գինը, ազատ ծովային ճանապարհների հասանելիությունը և մասնագիտացված ու կրթված աշխատուժը ներդրումների համար իրանական հանքարդյունաբերության առավելություններից են: Այս հատկանիշները Իրանը ներդրումային դրախտ են դարձրել հանքարդյունաբերողների համար:
Մասնագետները գտնում են, որ Իրանը, իր տրամադրության տակ ունենալով աշխարհի գազի պաշարների 18 տոկոսը և նավթային պաշարների 9 տոկոսը, յուրահատուկ դիրք է զբաղեցնում հանքարդյունաբերական գործունեության, հատկապես վերամշակման ու մետաղների ոլորտում անհրաժեշտ էներգետիկայի ապահովման համար: Հաշվի առնելով Իրանի հսկայական ռեսուրսները, Իրանում էներգակիրների ինքնարժեքը 50 տոկոսով ցածր է այս արդյունաբերության մեջ գոյություն ունեցող համաշխարհային գներից: Այս դիրքը պայմաններ է ապահովում, որպեսզի Իրանում խոշոր ընկերությունները կարողանան հանքարդյունաբերական բոլոր գործողությունները՝ արդյունահանումից մինչև արտադրությունը իրականացնել ավելի մատչելի ինքնարժեքով և արտահանել տարածաշրջանային շուկաներ:
***
Քերման նահանգը կոչվում է Իրանի հանքարդյունաբերության դրախտ: Այս ընդարձակ նահանգում գոյություն ունի 42 տեսակի ճանաչված հանքանյութեր, որոնք արդյունահանվում են 445 հանքավայրերից: Իրանի նահանգների շարքում առաջին տեղում է Քերմանի նահանգը՝ տարեկան 63 միլիոն տոննա տարբեր տեսակի հանքանյութերի արդյունահանմամբ և երկրում արդյունահանվող հանքանյութերի 21 տոկոսի ցուցանիշով: Քերման նահանգի հանքային հզորությունը հիմնականում մետաղական հանքանյութերում է: Քերմանի մարզում գոյություն ունի մոտ 6 միլիարդ տոննա հաստատված, ճանաչված պաշարներ, որոնց ավելի քան 83 տոկոսը պղինձ, երկաթ, քրոմիտ և քարածուխ են: Քերմանի քարածխի փաստված պաշարները գնահատվում են 240 միլիոն տոննա, իսկ հավանական պաշարները՝ մոտ 1 միլիարդ տոննա: Քարածխի հանքավայրերի զարգացման նպատակով մեկնարկել է վերամշակման գործարանի կառուցումը`ավելացված արժեք ստեղծելու և քարածխի վերաբերյալ գիտելիքահենք արտադրանք թողարկելու համար։
Հատկանշական է, որ Իրանի սահմանամերձ նահանգների մեծ մասը նույնպես ունեն հանքային ներուժ: Այս հանգամանքը մեծացնում է հանքարդյունաբերության ոլորտներում ներդրումներ կատարելու առավելությունները, այնպես որ Խուզեստանի, Իլամի, Քերմանշահի, Բուշեհրի և Հորմոզգանի սահմանային նահանգներում շինանյութերի և ոչ մետաղական հանքանյութերի բարձր հզորությունը, մի կողմից, իսկ Պարսից ծոցի ավազանի երկրների ու Իրաքի հետ հարևանությունը հանքային արտադրանքները արտահանելու առումով, մյուս կողմից, բարձրացրել են այս ոլորտում ներդրումների տնտեսական առավելությունը: Օրինակ կարելի է նշել սահմանային Խորասան-Ռազավիի, Քրդստանի, Արևելյան Ատրպատականի, Սպահանի և Ֆարսի նահանգները, որոնք ներառում են երկրի ընդհանուր հայտնաբերված պաշարների 69 տոկոսը: Իրանի շինարարական և դեկորատիվ քարերի ամենակարևոր արտահանման շուկաներն են հարևան երկրները, ինչպիսիք են Իրաքը, Քուվեյթը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան և Ադրբեջանը: Այնուամենայնիվ, եվրոպական շուկաները, այդ թվում Միացյալ Թագավորությունը և Իտալիան ևս Իրանի շինարարական ու դեկորատիվ քարերի արտահանման նպատակային շուկաներից են:
Ցեմենտը ևս ոչ մետաղական հանքանյութերից է, որն առանցքային դեր է խաղում երկրներում տնտեսական ենթակառուցվածքների ստեղծման ու զարգացման գործում: Փաստորեն, այս արտադրանքի կարևորությունը պայմանավորված է կառուցվածքային գործունեության մեջ նրա նշանակությամբ: Այսօր ցեմենտի սպառման ծավալը համարվում է երկրների արդյունաբերական զարգացման ցուցանիշներից մեկը: Թողունակության առումով Իրանի ցեմենտի արդյունաբերությունը, որպես 85 տարվա փորձ ունեցող երկրի հիմնական արդյունաբերություններից մեկը, աշխարհում չորրորդ տեղն է զբաղեցնում: Երկրում գործում են ավելի քան 75 ցեմենտի գործարան, որոնք մինչև 2020 թվականի մարտը իրենց արտադրության հզորությունը կհասցնեն 91 միլիոն տոննայի:

Հաշվի առնելով, որ Իրանում տնտեսական զարգացման մոդելը դիմադրողական տնտեսություն է, ուստի, առավել կարևորվում են երկրի տնտեսության այն հատվածները, որոնք ունեն անհրաժեշտ ներուժ այս տիպի տնտեսություն իրականացնելու համար: Դիմադրության տնտեսության բնութագրերից է Էնդոգենությունն ու էքստրավերտացիան: Հանքարդյունաբերության ոլորտը նվազագույն կախվածությունն ունի արտաքին աղբյուրներից: Բացի այդ, տարածաշրջանում այն լավ արտահանման շուկա ունի: Հետևաբար, դիմադրողական տնտեսության մեջ այն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում: Ըստ հանքարդյունաբերության փորձագետների, Իրանը գտնվում է այնպիսի մի տարածաշրջանում, որտեղ հարևան երկրները, ինչպիսիք են Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պարսից Ծոցի ավազանի երկրները, ունեն հանքային ռեսուրսների կարիք՝ իրենց տնտեսական նախագծերը զարգացնելու համար: Մինչդեռ այս երկրները շատ աղքատ են հանքային պաշարների առումով: Իրանը լավ աղբյուր է այս երկրների կարիքները բավարարելու համար: