Արվեստի պատմությունը և համաճարակները(2)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i129155-Արվեստի_պատմությունը_և_համաճարակները(2)
Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Ներկայացնում ենք «Արվեստի պատմությունը և համաճարակները» հաղորդման երկրորդ մասը։ Ընկերակցեք մեզ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 02, 2020 12:16 Asia/Tehran

Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Ներկայացնում ենք «Արվեստի պատմությունը և համաճարակները» հաղորդման երկրորդ մասը։ Ընկերակցեք մեզ։

Նկարչությունը, գրականությունը,  կինոն և արվեստի բնագավառում ցանկացած այլ հասկացություն հասարակության կոլեկտիվ հիշողությունն են։ Ցանկացած երկրում տեղի են ունենում տարբեր իրադարձություններ։ Մարդկանց կյանքում տարբեր դեպքեր են տեղի ունենում, որոնք դառնում են արվեստի արտացոլման առարկան և դրանց հետքերը մնում են տվյալ երկրի պատմության խորքում։ Պատմությունը վկայում է, որ արվեստի զարգացման բոլոր խոշոր ժամանակաշրջանները կապված են նշանակալի սոցիալական տեղաշարժերի և իրադարձությունների հետ, երբ մեծ հետաքրքրություն է առաջանում քաղաքական, հասարակական և բարոյական խնդիրների նկատմամբ։ Պատմությունն անցնում է, և արվեստը  ներկայացնում է պատմությունը ու դառնում կատարվածի ու անցյալի խոսուն լեզուն։ Արվեստի արտացոլման առարկան իրականության գեղագիտական երևույթներն են՝ կյանքի ողբերգական կամ հերոսական, վեհ կամ նսեմ, քաղցր ու դառը կողմերը։

Մարդկությունն արդեն վաղ ժամանակներից տառապել  է վարակիչ հիվանդություններով, համաճարակներով, որոնց արագ փոխանցման առընչությամբ տեղի են ունեցել  հավաքական մահեր։  Համաճարակները գորշ գույներով արձանագրվել  են պատմության էջերում։ Այս հիվանդությունները նաև փոխում են մարդկանց բարոյական հարաբերությունները միմյանց հետ, միգուցե կարելի է ասել այս պայմանները նման են պատերազմների ժամանակ տեղի ունեցածին: 

Համաճարակները մարդկության հայելին են։ Դրանք արտացոլում են մարդկային հարաբերությունները։ Համաճարակները նաև  ազդել են  մարդկային հարաբերությունների, արվեստագետների, գրողների ու   մտավորականների գործունեության վրա։

Արվեստի և գրականության գործերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ որոշ նկարիչներ, գրողներ ու բանաստեղծներ այդ համաճարակները, որպես աստվածային պատիժ  են ներկայացրել և կերտել են պատմություններ, ցույց տալով  մարդու խոցելիությունը:

Բայց եղել են ուրիշներ, ովքեր հույսը դարձրել են աշխարհընկալման վերաբերյալ  իրենց գաղափարը։   Նրանք տարբեր իրադարձությունների,ներառյալ  հիվանդությունների  ու  բնական աղետների կամ նույնիսկ համաշխարհային պատերազմների ժամանակ,  կասկածի տակ չեն առել  արարչագործությունը և ընդհակառակը մարդկանց կոչ են արել լինել համբերատար  և չհուսահատվել։ Նրանք այդ օրերին տարածել են այն գաղափարը, որ «հույսը» զարմանալի  կախարդանք է, որը կարող է կենդանի պահել ցանկացած արարածի,դա լինի քարի տակից ծլած բույսը թե   ծանր հիվանդության դեմ պայքարող մարդը, միևնույն է։Հույսն ապրելու ուժ է տալիս։

Վաստակավոր մանրանկարիչ Հոսեյն Բեհզադը, այն առաջին իրանցի արվեստագետն է,ով իր արվեստով արտացոլեց ժամանակի ծանր պայմանները, կտավի վրա նկարելով  հիվանդության, սովի և համաճարակի հետևանքով տառապանքները: Նա նոր ոճ ու երանգ է մտցրել  մանրանկարչության ոլորտ։ Նա իր ստեղծագործություններում  պատկերել է հասարակության տառապանքները։

Հոսեյն Բեհզադի մանրանկարչությունն արտացոլել է Իրանում 1916 թվականին տեղի ունեցած  երաշտը

 


Հոսեյն Բեհզադն ապրել է 1894 -1968 թթ.-ին։ Նա դեռևս մանուկ հասակում զբաղվում էր գրչատուփեր պատրաստելով, սակայն հետագայում սիրահարվեց նկարչությանն ու իր կյանքը նվիրեց այդ արվեստին։ Մեծ վարպետն այսպես է նկարագրել նկարչության հանդեպ ունեցած իր զգացումները․«Մի տարօրինակ  անծանոթ զգացում եմ ունենում, երբ վերցնում եմ մատիտը կամ վրձինը և սկսում նկարել՝ ասես ծարավից տանջահար հասնում եմ զուլալ ջրի աղբյուրին և հագեցնում ծարավս։ Նկարչությունն իմ աշխարհն է»։

Վարպետ Բեհզադը   երաշտի ժամանակ տեսավ մարդկանց ծանր վիճակն ու նրանց տառապանքը։ Խոլերայի համաճարակից մահացավ նրա հայրը։ Եվ այս բոլորը մեծ ցավ պատճառեցին նկարչին: Նա տարիներ անց  նկարեց այդ ցավալի իրադարձությունների տեսարանները: Այս նկարիչը, որն ինքը ճաշակել  էր աղքատությունն ու տառապանքը, շատ զգայուն էր աղքատների ու կարիքավորների և թույլ մարդկանց հանդեպ: Բեհզադն իր սեփական մաշկի վրա զգում էր մարդկանց ցավալի ապրումները, և նա այդ ամենն արտահայտում էր արվեստի լեզվով։ Նա կատարելության է հասցրել իր ստեղծագործությունները` ժամանակի  նկարչական նորարարությունների միջոցով։ Արվեստագետը մշտապես ջանացել է ստեղծել բուն իրանական արվեստի գործեր։ Բեհզադի նորարարությունը մեծ նշանակություն է ունեցել իրանական արվեստի համար։

Բեհզադի  գործերում երջանիկ ու ժպտացող դեմքեր հազվադեպ  են լինում և դա ինքնին վկայում է ժամանակի հասարակական պայմանների և արվեստագետի հոգեկանի վրա դրանց թողած ազդեցության մասին։ Բեհզադի ստեղծագործությունների բովանդակային վերլուծությունը  ցույց է տալիս,որ նա կարողացել է նոր թեմաներ ավելացնել  իր արվեստին։ Թեմաներ, ինչպիսիք են՝ հարցադրումներ՝ արարչության ճշմարտություննեի մասին, մատնանշել աշխարհի անհավատարմությունն ու անցողիկ լինելը, ուշադրություն դարձնել հասարակ մարդկանց խնդիրներին  ու ցավերին, հիվանդություններին  ու տառապանքներին: Բեհզադի աշխատանքների մեծ մասի արժեքը կայանում է նրանում, որ այս թեմաների նկարագրությունը իրանական մանրանկարչության պատմության մեջ  աննախադեպ է։

Հոսեյնի Բեհզադի մանրանկարչության թեման է՝Իրանում 1916 թվականին տեղի ունեցած երաշտը

Պարսից դասական գրականության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բնական աղետների ու համաճարակների  թեմայով շատ բանաստեղծություններ չկան, ու եթե այդ թեմային անդրադարձ է եղել ,ապա դա միայն որպես բացասական երևույթ  է նշվել։ 

Չնայած  պարսից  պոեզիայի գանձարանը շատ հարուստ է, բայց Սահմանադրական ժամանակաշրջանի բանաստեղծների ջանքերով և այնուհետև Նիմա Յուշիջի ջանքերով այս առումով մեծ փոփոխություն կրեց պարսից պոեզիան և պոեզիա մուտք գործեցին այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են ազատությունը, օրենքը, աղքատությունը և հասարակության տառապանքների առջև  սոցիալական պատասխանատվությունը : Մոդեռնիստական գրականության  շրջանակներում բանաստեղծներ՝ Արեֆի, Բահարի, Ֆարոխի Յազդիի և Էշղիի շնորհիվ իրանական պոեզիան սկսեց խոսել մարդկանց հիվանդության, նրանց տառապանքների ու աղքատության մասին և նոր ասպարեզ մուտք գործեց։ 

 

  Աստծո գթառատ ողորմության շնորհիվ «Շահնամե»-ն  հույսերով  լի  գիրք է

 

Իրանի տաղանդավոր և աշխարհահռչակ բանաստեղծ Սաադին մարդուն կոչ է անում հույսով լցվել։ Միթե կարելի է կարդալ Սաադիի բանաստեղծությունը և  չհուսադրվել։ Անշուշտ Ձեզ բոլորիդ ծանոթ է Սաադի այն երկտողը,որի յուրաքանչյուր բառը հույս է ներշնչում 

Սաադին ասում է․

Ադամորդիք մեկը մյուսի մասնիկներն են համարվում

Ստեղծված են բոլորը մեկ նախանյութից աշխարհում,

Եթե   մարմնի մի անդամը հիվանդանա դիպվածով,

Այլ մասերը չեն ունենա առողջ վիճակ ապահով,

Եթե լինես ուրիշների տանջանքներին անտարբեր,

ճիշտ չի լինի, եթե կրես  մարդ անունը պատվաբեր:

 Այսօր աշխարհում բարդ իրավիճակ է տիրում։ Բոլորը պայքարում են կորոնավիրուսի պանդեմիայի դեմ։ Ահավասիկ լավագույն հնարավորությունն է ստեղծվել մարդկության ու մարդասիրության փորձության համար։

Սաադին իր գազելներից մեկում ունի գողտրիկ երկտող,որը բարձրացնում է մարդու տրամադրությունը։

 Իմ բոլոր ցավերով հանդերձ ապաքինվելու հույս ունեմ։

Վերջապես, Յալդայի գիշերները ավարտվելու են։

Մեկ այլ գազելում նա շեշտում է, որ դժվարություններին ու ցավերին դիմանալն ուղեկցվում են տառապանքով,բայց վերջապես ավարտվում են դրանք  և պետք է հուսալ։

Լավ է այն ցավը,որի բուժումը հույսն է,

Երկար չէ այն անապատը,որն ունի ավարտ։

Հաֆեզի դիվանը հուսադրող դեղամիջոց է `իրանցիների համար: Ամեն անգամ, երբ ինչ-որ դժվարության են հանդիպում դիմում են Հաֆեզի դիվանին , իրենց բախտը գուշակելու համար, հույս ունենալով ,որ ամեն ինչ լավ է լինելու։Իհարկե  Հաֆեզն իր կախարդական խոսքով չի հուսահատեցնում  նրանց։ Նրա յուրաքանչյուր գազելը հույս է ներշնչում և համոզում ,որ ամեն ինչ լավ է լինելու,ուրեմն չպետք է հուսահատվել Աստծո ողորմությունից։

Տառապանքների վերջ գտնելու մասին Հաֆեզի ոսկե երկտողերից մեկը հետևյալն է՝

Հույսը ,որ ինչպես աղջամուղջը, քողարկվել է խավարի պատճառով 

Ասա նրան, որ խավարն անցել է ու գիշերն ավարտվել։

Գազելներից մեկում Հաֆեզը փորձել է նուրբ և ճշգրիտ կերպով արտահայտել բժշկական տերմինները։ Այն կոչվում է նրա ամենաբժշկական գազելը: 

Երբ այցելում ես հիվանդին կարդա Ալ-Ֆաթիհա սուրահը,

քանի որ այն կյանք է պարգևում մեռյալին։

Իրանցի բանաստեղծների հույսի ուղերձը կորոնավիրուսի պայմաններում

 

Մեր հաղորդումը ավարտում ենք  միջնադարի մեծանուն բանաստեղծ և միստիկ Մոլանա Ջալալեդին Մոհամմադ Բալխիի խոսքերով,որի բոլոր ստեղծագործությունները հույս ու հավատ են ներշնչում։ Նա իր գազելներից մեկում միատեղում է բարեգործությունն ու հույսը և այսպես է ասում․-

Դու մի ասա բոլորը պատերազմում են ու միայնակ իմ խաղաղությունը պետք չէ

Եթե միայնակ քայլ անես, ապա միայնակների թիվը կդառնա  հազարավոր ։

Մեկ այլ երկտողում  Մոլանան  մարդու սիրտը նմանեցնում է հայելու,որը խավարից հեռու և հույսերով լի, արևի պես փայլում է  և նրա լույսն ու ջերմությունը կյանքեր է փրկում։

Լցրեք ձեր սիրտը սիրով ու  հույսով

Քանի որ Ձեր մաքուր սիրտը արեգակի հայելին է․․․