Նովռուզ՝ մնայուն ավանդություն (2.Նվիրված Նովռուզ տոնին)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i136388-Նովռուզ_մնայուն_ավանդություն_(2.Նվիրված_Նովռուզ_տոնին)
Նախորդ հաղորդման ժամանակ խոսեցինք Սասանյան ու իսլամական ժամանակաշրջաններից մինչ օրս շարունակվող նովռուզյան տոնակատարությունների մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 21, 2021 20:54 Asia/Tehran

Նախորդ հաղորդման ժամանակ խոսեցինք Սասանյան ու իսլամական ժամանակաշրջաններից մինչ օրս շարունակվող նովռուզյան տոնակատարությունների մասին:

Այսօր Իրանում գարնան  և Նովռուզի երկրորդ օրն է։ Նախորդ  հաղորդման ժամանակ  խոսեցինք հին Իրանում Նովռուզի հետ կապված առասպելների ու միֆերի մասին: Այսօր կպատմենք թե   Սասանյան և իսլամական ժամանակաշրջաններում ինչպես էին նշում Նովռուզը: Մնացեք մեզ հետ:

***  

Սասանյան դինաստիայի  արքաներն Իրանում  իշխել են   մ․թ․հ․ 224-651 թվականներին։ Նրանք համարվում էին հին աշխարհի ամենակարևոր կայսրություններից մեկի ներկայացուցիչները: Այդ ժամանակ Իրանի պաշտոնական կրոնը զրադաշտականությունն էր, և Իրանում ապրում էին քրիստոնյա և հրեա փոքրամասնություններ:

Սասանյանների օրոք Նովռուզը յուրահատուկ տեղ ուներ հասարակության շրջանում և այս ծիսական տոնը նշվում էր փառահեղ կերպով: Այդ ժամանակաշրջանում  Նովռուզի տոնակատարությունը տևում էր  առնվազն վեց օր և  բաժանվում  էր Փոքր և Մեծ Նովռուզի:

Նովռուզին նախորդում են տան մաքրման հետ  կապված խորհրդանշական արարողություններ: Այդ թվում  Չահարշանբե սուրին՝ կարմիր չորեքշաբթին և տան ընդհանուր մաքրությունը, որը կոչվում էր խանե թեքանի  (բառացի՝ տունը թափ տալ): Դրանից մի շաբաթ անց նշվում էր Սիզդահ բեդարը, որով ավարտվում էր իրանցիների գարնանային տոնակատարությունը։

Իրանցիները տարվա առաջին ամսվա՝ Ֆարվարդինի առաջին հինգ օրերն անվանում էին փոքր Նովռուզ: Այս հինգ օրերը վերապահված էին հասարակ ժողովրդին և դրա առավելություններից մեկը թագավորի հետ հանդիպելն էր: Հանդիպմանը մասնակցում էին գյուղացիները, քահանաները, քրմապետերը, զինվորականները և այլն: Նրանք նվերներ էին մատուցում թագավորին։ Հինգ օրերին  հաջորդում էր Մեծ Նովռուզը, որը տևում էր ընդամենը մեկ օր, և այդ օրը հասարակության հատուկ խավի  ներկայացուցիչներն ու պետական բարձրաստիճան պաշտոնյաներն էին այցելում թագավորին, որից հետո,  նովռուզյան տոնակատարությունն ավարտվում էր։

Այս շրջանում Նովռուզն այնքան կարևոր էր, որ այն նույնիսկ ազդեց այդ և նույնիսկ ավելի ուշ  ժամանակաշրջանի  երաժշտության և բանաստեղծությունների վրա:  Նովռուզ Բոզորգ (Մեծ նովռուզ), Նովռուզ Խորդաք (Փոքր նովռուզ) և Նովռուզ Ղոբադ  բառակապակցությունները հանդիպում են Մանուչեհրիի և Նեզամիի բանաստեղծություններում: Նովռուզի հետքերը կարելի է գտնել նաև  ավելի վաղ շրջանի գրողների  պատմության  գրքերում: Այս  գրքերում շատ բան է գրվել նովռուզյան օրերին տների ու  տանիքների զարդարելու և փողոցները լուսավորելու, ինչպես նաև սննդի, ըմպելիքների և հագուստի  մասին, որոնք պատրաստվում են այդ օրերին:

*** 

Այս օրերը թիկունքում թողնելով հասնում ենք իսլամական ժամանակաշրջան, երբ իրանցիներն  իսլամ ընդունեցին, և իսլամը դարձավ իրանցիների մեծամասնության կրոնը: Այդ օրերին սոցիալական, քաղաքական և կրոնական փոփոխությունների հետևանքով, Նովռուզն այլ բույր ու երանգ ստացավ: Վաղ  շրջանի խալիֆաները, ինչպես  իշխող Ումայականները, սկզբնական  շրջանում մեծ ուշադրություն չէին դարձնում Նովռուզին: Բայց Իրանի ժողովուրդը չհրաժարվեց  այս ազգային փառահեղ ավանդույթը վերակենդանացնելու փորձերից և փորձեց իր սովորույթն ու ավանդույթը տարածել խալիֆաների և իսլամական իշխանավորների շրջանում: Բանի Ումմայե տոհմի անկումից հետո, իշխանության եկավ Աբբասյան խալիֆայությունը և իրավիճակը բարելավվեց։ Իրանի ժողովուրդը վերականգնեց  ազգային շատ ավանդույթներ, իսկ իրանցիները ներթափանցեցին  կառավարություն և կարողացան իրենց հարուստ մշակույթը տարածել Աբբասյան իշխանության օրոք: Տարբեր ժամանակներում հին ավանդույթների հարատևության կարևորագույն գաղտնիքներից մեկը այդ երկրների իշխանության աջակցությունն է, քանի որ նրանց աջակցությամբ հնարավոր կլինի ավանդական տոնը նշել ոչ միայն բնակարաններում, այլև ողջ երկրում։ Աբբասյանների օրոք  Նովռուզն արժանացավ իշխող դինաստիայի պաշտպանությանը։ Իրանի ազգային տոները  պալատական հին ​​սովորույթների և ազգային ավանդույթների շնորհիվ թափանցել էին Աբբասյան խալիֆաների արքունիք, ինչի արդյունքում  որոշ պատմաբաններ և իսլամական գրականագետներ սկսեցին հանգամանորեն խոսել Նովռուզի և իրանական մյուս տոների մասին, իսկ բանաստեղծները  շատ գեղեցիկ բանաստեղծություններ նվիրեցին Նովռուզին։

*** 

Նախորդ հաղորդման ժամանակ  խոսեցինք Սասանյանների ու իսլամական խալիֆաների վաղ ժամանակաշրջանում Նովռուզի տոնակատարության մասին:  Սասանյանների տապալումից հետո Իրանում իշխանության եկած առաջին անկախ տոհմը՝ Թահիրիդների տոհմն էր Խորասանում: Այս ժամանակահատվածում Նովռուզի արարողություններն անցկացվում էին մեծ շուքով, և ըստ Աբու Ռեյհան Բիրունիի, լուսնային հիջրեթի չորրորդ դարում, Խորասանի իշխանավորները Նովռուզի առիթով իրենց զորքերին տալիս էին և՛ գարնանային, և՛ ամառային հագուստ:

Նովռուզը և այլ մեծ տոներ, ինչպիսիք են Մեհրեգանը և Սադեհը,  նշվում էին Սամանյանների, Ղազնավիների և նրանց հաջորդող իշխանավորների արքունիքում: Բայց մոնղոլների Իրան կատարած արշավանքից ն  մոնղոլ-թաթարների սպանություններից և կողոպուտից հետո, իրավիճակը փոխվեց: Նովռուզը, ինչպես իրանական շատ ծեսեր, կորցրեցին իրենց վեհությունն ու կարևորությունը։  Բայց աստիճանաբար, Նովռուզը դուրս եկավ այդ թույլ վիճակից և  արքունիքում կրկին մեծ նշանակություն ստացավ։ Սեֆյանների օրոք նշվող Նովռուզը կարևոր տարբերություն ուներ նախորդ ժամանակաշրջաններում նշվող այս տոնի հետո: Դա տոնի կրոնական բնույթն էր։ Այդ ժամանակաշրջանում  Նովռուզը, բացի ազգային նշանակությունից, ուներ նաև կրոնական նշանակություն: Ուստի այդ ժամանակաշրջանում Նովռուզը կրկին ծաղկեց իր հին սովորույթներով և այդ ժամանակվանից ի վեր մեծ շուքով է նշվում:  Սեֆյանների ժամանակներից ի վեր  մուսուլման իրանցիները պահպանել են  Նովռուզը՝ որպես արժեքավոր ժառանգություն:

Ներկայումս  Նովռուզը մեծ շուքով նշվում է Իրանում և, իհարկե, շատ այլ երկրներում, և Նովռուզի տոնական սեղանի վրա ի ցույց է դնում անցյալի նշանները և ապագայի նկատմամբ հույսը: Տոնական սեղանը, որը լի է Աստծու շնորհներով, ցույց է տալիս Արարչի  ողորմությունն իր արարածների նկատմամբ: Տոնական սեղանն անվանում են «Հաֆթ սին», քանի որ սեղանին պետք է անպայման լինի յոթ պարագա, որոնց անվանումը սկսվում է Սին տառով.

Սաբզե   (ցորենի կամ ոսպի ծիլեր), որը խորհրդանշում է բնության վերածնունդը։

Սիբ (Խնձոր), որը դրախտային միրգ է և  խորհրդանշում է մրգերն ու առողջ սնունդը, որը տերերին պետք է բերի գեղեցկություն և առողջություն:

Ցորենի ծիլերից պատրաստված քաղցրավենիք (Սամանու), որը սրբության ու պտղաբերության խորհրդանիշ է

Փշատ (Սենջեթ) խորհրդանշում է սեր։

Սխտորը (Սիր) բնական ու ժողովրդկան բժշկության խորհուրդն է, որը պահպանում է ընտանիքի անդամների առողջությունը:

Սումախը  համբերության և տոկունության խորհրդանիշ է։

Քացախը (Սերքե) իմաստության խորհուրդն է, որը հնազանդվելու և գոհունակության խորհրդանիշ է,

Սեղանին դրվում է նաև մի գավաթ  ջուր ,որը խորհրդանշում է մաքրություն։

Նովռուզի տոնական սեղանի ամենակարևոր հիմքը Սուրբ Ղուրանն է, որը ՛՛Հաֆթ սին՛՛ սեղանի օրհնությունն է։

Ոչ մուսուլման  իրանցիները սեղանին են դնում իրենց Սուրբ գիրքը:  Զրադաշտները դնում են Ավեստան, հրեաները՝ Թորան։ Իրանում մուսուլմաններն իրենց տարին սկսում են Աստծուն փառաբանելով՝ առողջությամբ ու արժանապատվությամբ լի տարի ունենալու համար:

*** 

Չնայած Նովռուզը տարվա նոր օրն է, սակայն այն նախորդ դարերի հին օրն է: Դա ծերություն է, որը տարին մեկ անգամ հագնում է երիտասարդական հանդերձանք, որպեսզի մի քանի օր ուրախանա՝  շնորհիվ այն բանի, որ այսքան երկար է ապրել և դիմացել  ժամանակների սառնություններին: Այստեղից է գալիս ծերերի փառքն ու երիտասարդների կենսունակությունը:

Նովռուզը թիկունքում թողեց ժամանակների մարտերը, և դրանց պատմությունը դարձավ առասպել ու փոխանցվեց  սերնդից սերունդ։ Բայց ճակատամարտը դեռ շարունակվում էր։ Փահլևանը ծերացավ, տկարացավ , բայց նրա սիրտն ու հոգին մնացին երիտասարդ: Սա նույն փահլևանն  է, ով ամեն տարի գույնզգույն զգեստ  է կրել, բայց այդ բոլոր գույներից ընդամենը  մեկ գույնն է ակնհայտ, իսկ դա Իրանի գույնն է: (Փարվիզ Խանլարի)

Իրանական Նովռուզը, որը միավորում է հազարամյակների ծեսերն ու ավանդույթներն ամեն տարի հիշեցնում է  որ  երկար ճանապարհ է անցել և  միավորում է Իրանի ժողովրդին։ Մուսուլմանական այս երկրում մարդիկ,  երբեք չեն մոռանում իրենց հարուստ մշակույթը և այս հարուստ ու բեղմնավոր անցյալով նայում են դեպի ապագայն:  Արեգակնային 1400  թվականի Նովռուզը համընկնում է շիաների ամենամեծ տոներից մեկի հետ, որը կոչվում է  Շաբանիե։ Այն  այս տարի նոր և հոգևոր շունչ է հաղորդել Նովռուզին: Այս տարի Նովռուզին  նշվում է Ավետյաց Մահդիի ծնունդը, որը մեծ շուք է հաղորդում նոր տարվան: Այս երկու մեծ տոնների համատեղ անցկացումը վկայում է Իրանում ազգային և կրոնական համերաշխության մասին: Համերաշխություն, որը եզակի է աշխարհում։