Էներգիայի փոխանցման գծերը՝ տնտեսության և քաղաքականության գործոն (17)
«Էներգիայի փոխանցման գծերը՝ տնտեսության և քաղաքականության գործոն» հաղորդաշարի հարգարժան ունկնդիրներ եթե հիշում եք մի քանի նախորդ հաղորդումների ընթացքում քննարկեցինք Կովկասում և Անատոլիայում էներգիայի փոխանցման գծերի կառուցման մի քանի նախագծեր: Այս թողարկման ընթացքում կանդրադառնանք վերոնշյալ նախագծերում Թուրքմենստանի ներգրավվածության հեռանկարին: Այդ նախագծերի ուղղությունը Արևմուտքնի ու Եվրոպայի սպառման շուկաներն են: Դրանք գլխավորում են TAP և TANAP նախագծերը: Ընկերակցեք մեզ:
Թուրքմենստանը, որպես բնական գազի պաշարներ ունեցող աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը, հանդիսանում է TAP և TANAP նախագծերի հնարավոր կարևոր կողմերից մեկը: Բազմաթիվ գործոններ գրավել են Թուրքմենստանում էներգետիկ նախագծերի ներդրողների և նախագծողների ուշադրությունը: Այդ գործոններից են Ղուրբանղոլի Բերդիմուհամեդովի նախագահության օրոք Թուրքմենստանի վարած արտաքին քաղաքականությունը և էներգետիկայի արտահանման ուղիները դիվերսիֆիկացնելու երկրի ջանքերը: Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի և Արևմուտքի միջև լարվածության աճն իր հերթին ազդել է այդ հանգամանքի վրա: Ներմուծվող գազի ռեսուրսներն ընդլայնելու Եվրոպայի կարիքը, ինչպես նաև Թուրքմենստանի հետ Թուրքիայի սերտ և ավանդական կապերը մյուս գործոններն են: Այդ պատճառով մենք տեսնում ենք, որ Թուրքիան և Եվրամիությունը լուրջ ուշադրություն են ցուցաբերում TANAP գազատարին Թուրքմենստանի ներգրավվածությանը:
***
Այս կապակցությամբ, Թուրքիայի և Թուրքմենստանի նախագահներ Ռեջեբ Թայիբ Էրդողանի և Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովի ներկայությամբ, 2014 թ․ նոյեմբերի 7-ին կնքվեց համաձայնագիր Թուրքմենստանի «Թուրքմենգազ» պետական կոնցեռնի և Թուրքիայի մասնավոր ընկերության միջև թուրքմենական գազ վաճառելու մասին: Համաձայնագրով Թուրքմենստանը կապահովի Անդրանատոլիական կամ TANAP գազատարի նախագծի համար անհրաժեշտ գազի մի մասը: Թուրքմենստանի պաշտոնատար անձինք ավելի վաղ հայտնել էին, որ այժմ արդյունավետ բանակցություններ են տարվում Եվրոպային տարեկան 10-30 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարելու ուղղությամբ:
Թուրքմենստանի բնական գազը Եվրոպա տեղափոխել և այն TANAP գազատարին միացնել հնարավոր է ցամաքային և ծովային ճանապարհներով: Ցամաքային երթուղին գտնվում է Իրանի հյուսիսային հատվածում: Այստեղից գազը կարող է փոխանցման գծերի ցանցով տեղափոխվել Եվրոպա, իսկ ծովային ճանապարհը կարող է իրականություն դառնալ Տրանսկասպյան նախագծի վերականգնման միջոցով, որը սակայն 2001 թ․ պաշտոնապես հայտարարվել էր ձախողված: Տրանսկասպյան նախագծում նախատեսված էր թուրքմենական գազը Կասպից ծովի միջոցով Ադրբեջան և այնտեղից էլ Թուրքիա և Եվրոպա տեղափոխել։ 2015 թվականից հետո տեղի ունեցած զարգացումները ցույց են տալիս, որ Թուրքմենստանի կառավարությունը, ինչպես նաև մյուս կողմերը, հիմնականում ցանկանում են Թուրքմենստանի գազը արտահանել Տրանսկասպյան ճանապարհով։
***
Տրանսկասպյան գազամուղի միջոցով թուրքմենական գազի արտահանման վերաբերյալ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովն ասել է.«Թուրքմենստանի բնական գազը եվրոպական շուկաներ արտահանելու մի քանի տարբերակ կա,: Սակայն կարելի է ասել, որ առևտրի, ֆինանսների և ենթակառուցվածքների առումով ամենահետաքրքիրը Կասպից ծովի հատակով անցնող խողովակաշարի կառուցումն է»:
Դա այն դեպքում, երբ Կասպից ծովի հատակով թուրքմենական գազի տեղափոխումը կանգնած է իրավական և բնապահպանական խնդիրների առջև։
Միջազգային իրավունքի իրանցի փորձագետ դոկտոր Ահմադ Քազեմին այդ մասին ասում է. «Չնայած Կասպից ծովի իրավական ռեժիմի մասին կոնվենցիայում հաստատվել է որոշ պայմաններով Կասպից ծովի հատակով խողովակաշարերի կառուցման հարցը, բայց միջազգային իրավունքի տեսանկյունից, այս կոնվենցիան այն ժամանակ ուժի մեջ կմտնի, երբ այն հաստատվի Կասպից ծովի ափամերձ բոլոր պետությունների խորհրդարանների կողմից. Այդ իսկ պատճառով, հնարավոր չէ Կասպից ծովի հատակով խողովակաշար կառուցել, քանի դեռ Կոնվենցիան ուժի մեջ չի մտել: Նաև, Կասպից ծովի սեյսմիկության պատճառով, խողովակաշարերի կառուցումը կարող է կենսոլորտային անդառնալի վտանգ առաջացնել այս ջրային տարածքում, ինչը հակասում է միջազգային բնապահպանական օրենսդրության պարտադիր կանոններին, ներառյալ «շրջակա միջավայրի վնասակար օգտագործումը արգելելու» սովորութային նորմին»:
Ըստ այդմ, եվրոպական շատ երկրներ Իրանը համարում են Թուրքմենստանի գազը Եվրոպա տեղափոխելու լավագույն ուղին: ԵՄ էներգետիկայի հարցերով ղեկավար Մարո Սեֆժովիչն Աշխաբադում Թուրքմենստանի նախագահի հետ հանդիպումից հետո ասել է, որ Եվրամիությունը կարող է Իրանի տարածքով թուրքմենական գազը տեղափոխել Եվրոպա, իր կախվածությունը Ռուսաստանից նվազեցնելու համար:
Հաշվի առնելով Տրանսկասպյան գազատարի կառուցման քաղաքական, իրավական, բնապահպանական և տնտեսական խնդիրները, տրանսկասպյան ձախողված նախագծի մասին լուրերի հրապարակումը հասարակության ուշադրության կենտրոնում խողովակաշարերի նախագիծը կենդանի պահելուն ուղղված փորձ է: Այս կերպ, Թուրքմենստանը փորձում է TAPI գազատարի նախագծի բաժնետերերին և թիրախային երկրներին, այդ թվում՝ Թուրքմենստանին, Աֆղանստանին, Պակիստանին և Հնդկաստանին փոխանցել այն ուղերձը, որ հապաղելու դեպքում, TAPI երթուղու փոխարեն Թուրքմենստանի գազը կուղղվի դեպի Եվրոպա: Մյուս կողմից, Թուրքիան և Ադրբեջանը գազատարի բաժնետերերին ուղերձ են հղում այն մասին, որ գազատարի նախագծում իրենց ներդրումները բավական շահավետ կլինեն: Ադրբեջանի Հանրապետությունը միայնակ բավարար գազ չունի TAP և TANAP խողովակաշարերը տնտեսական դարձնելու համար։
***
Թուրքմենստանը սկսեց Հնդկաստան տանող գազատարի կառուցումը
TAP և TANAP խողովակաշարերի միջոցով Եվրոպա բնական գազ տեղափոխելու Թուրքմենստանի տարբերակը ունի մի շարք խնդիրներ, կապված տարողունակության, քաղաքական , իրավական ու բնապահպանական խնդիրների հետ: Այս խնդիրներից մեկը արտահանման ծավալի սահմանափակումն է: Թուրքմենստանի կողմից Չինաստան արտահանման պարտավորությունները ավելացել են ՝ կազմելով 65 միլիարդ խորանարդ մետր: Ռուսաստան գազ արտահանելու Թուրքմենստանի պարտավորությունները կազմում են 10 միլիարդ խորանարդ մետր: Թուրքմենստանը նույնպես պարտավորվել է 12 միլիարդ խորանարդ մետր գազ վաճառել Իրանին: Այս երկիրը նույնիսկ ի վիճակի չէ ապահովել TAPI գազատարի պահանջված գազը, որը պետք է կազմի 33 միլիարդ խորանարդ մետր, հետևաբար չի կարող գազ արտահանել Եվրոպա։
Էներգետիկայի իրանցի փորձագետ Բեհրուզ Նամդարիի կարծիքով, 2016-ի վիճակագրությունը ցույց է տալիս, որ Թուրքմենստանն այս տարի ոչ միայն չի ունեցել գազի արտադրության աճ, այլ այդ երկրում գրանցվել է արտադրության 3.4 տոկոս անկում։ Սա իհարկե չի վերաբերում Չինաստանի նկատմամբ Թուրքմենստանի մոտ 30 միլիարդ խորանարդ մետր գազի պարտավորությանը։ Այդ երկիրն Իրանի հետ կնքել է նաև երկու առկախ պայմանագրեր։ Թվում է այս փուլում որոշակի կասկած կա, որ Թուրքմենստանը կկարողանա բավարարել TAPI գազատարի կարիքները:
Բացի այդ, հաշվի առնելով արտադրական գործընկերության շրջանակում Չինաստանի ազգային նավթային կորպորացիայի ներկայությունը Գալկենիշի հանքավայրում, ավելի հավանական է, որ Թուրքմենստանն ավելի մեծ քանակությամբ գազ կարտահանի Չինաստան, քան եվրոպական երկրներ:
Եվրոպայի հետ գազային հարաբերությունների հետ կապված Թուրքմենստանի մյուս խնդիրը քաղաքական բնույթ ունի:
Թուրքմենստանը Եվրոպայի հետ համագործակցության կամ գործընկերության համաձայնագիր չունի: Իհարկե, համաձայնագիր ստորագրվել է կողմերի գործադիր իշխանությունների կողմից, բայց չի հաստատվել Եվրոպայի խորհրդի կողմից: Եվրոպական կառույցների կարծիքով՝ Թուրքմենստանում ժողովրդավարության բացակայության նման խնդիրներ կանխեցին համաձայնագրի իրագործումը: Եվրոպայի ներկայացրած նման մտահոգությունների պատճառով, այդ երկիրն ավելի շատ շահագրգռված է գազ մատակարարել այնպիսի երկրների, ինչպիսիք են Չինաստանը և Հարավային Ասիան:
Թվում է, թե ամենատրամաբանական և արդյունավետ տարբերակն այն է, որ Թուրքմենստանի գազը Իրանի տարածքով և սվոփի (swap) միջոցով փոխադրվի Եվրոպա, հատկապես, որ Թուրքմենստանը երկար տարիներ Իրանի խողովակաշարով գազ է տեղափոխում Թուրքիա :
Ինչպես նշեցինք, Թուրքմենստանի գազի պաշարները շատ լավ այլընտրանք են Հարավային գազային միջանցքով ԵՄ գազի ներկրման համար: Տրանսկասպյան խողովակաշարի տեխնիկական, իրավական և բնապահպանական խնդիրները և Խողովակաշարի նկատմամբ քաղաքական և ֆինանսական աջակցության բացակայությունը, Թուրքմենստանին ստիպեցին իր գազն արտահանել Չինաստան: Մինչ այժմ Թուրքմենստանի գազի հարավային գազային միջանցք մուտք գործելու ենթակառուցվածքներ չեն կառուցվել: Ուստի, Ադրբեջանի Հանրապետության փոքր ծավալով գազը մնում է սահմանափակ ռեսուրս Եվրամիության համար:
Հարգելի ունկնդիրներ ավարտվեց մեր այս հաղորդումը: Շնորհակալություն Ձեզ, որ շարունակում եք մնալ այս հաղորդաշարի ունկնդիրը: Դուք կարող եք ձեր տեսակետները հայտնել հաղորդաշարի վերաբերյալ։ Հայերեն ռադիոժամի էլեկտրոնային փոստի հասցեն է՝ [email protected] և հեռախոսահամարը՝ 22013761։ Մինչ նոր հանդիպում մնացեք խաղաղությամբ։