Էներգիայի փոխանցման գծերը՝ տնտեսության և քաղաքականության գործոն (15)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i139238-Էներգիայի_փոխանցման_գծերը_տնտեսության_և_քաղաքականության_գործոն_(15)
Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ: «Էներգիայի փոխանցման գծերը՝ տնտեսության և քաղաքականության գործոն» հաղորդաշարի նախորդ թողարկման ընթացքում խոսել ենք Կովկասյան և Անատոլիայի տարածաշրջանում էներգակիրների կառուցման նախագծերի մասին: Այսօր անդրադառնալու ենք դեպի Եվրոպա Ռուսաստանի էներգիայի փոխանցման, հատկապես «Թուրքական հոսք» խողովակաշարերին և դրանց վրա TAP և TANAP գազատարների ազդեցությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2021 09:19 Asia/Tehran

Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ: «Էներգիայի փոխանցման գծերը՝ տնտեսության և քաղաքականության գործոն» հաղորդաշարի նախորդ թողարկման ընթացքում խոսել ենք Կովկասյան և Անատոլիայի տարածաշրջանում էներգակիրների կառուցման նախագծերի մասին: Այսօր անդրադառնալու ենք դեպի Եվրոպա Ռուսաստանի էներգիայի փոխանցման, հատկապես «Թուրքական հոսք» խողովակաշարերին և դրանց վրա TAP և TANAP գազատարների ազդեցությանը:

TAP և TANAP խողովակաշարերի նկատմամբ Ռուսաստանի մոտեցումն առանձնահատուկ և բարդ է: Այս բարդությունը արմատավորված է Եվրամիության, ինչպես նաև Թուրքիայի հետ հարաբերությունների ձևում: Ռուսաստանի և Եվրամիության միջև աճող լարվածությունը, որն սկսվել է Ղրիմի և Ուկրաինայի ճգնաժամով և գագաթնակետին է հասել սիրիական ճգնաժամով, խիստ ազդել է եվրոպական շուկա Ռուսաստանի էներգիայի փոխանցման վրա: Մյուս կողմից, Սիրիայի ճգնաժամի հարցով Ռուսաստանի ու Թուրքիայի տարաձայնությունները հակակշռի տակ են առել երկու երկրի տնտեսական ու առևտրական համագործակցությունները: «Հարավային հոսք» կամ «South Stream» գազատարը պետք է Սև ծովով և Բուլղարիայի, Սերբիայի, Հունգարիայի և Սլովենիայի տարածքով ռուսական գազը տեղափոխեր Իտալիա և Ավստրիա՝ առանց Ուկրաինայի տարածքով անցնելու: Բայց քանի որ նախագիծը հակասում էր ԵՄ մոտեցմանը և էներգետիկ փաթեթին, Եվրահանձնաժողովը դեմ արտահայտվեց խողովակաշարի իրագործմանը, որից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2014թ. դեկտեմբերի 1-ին հայտարարեց, որ Ռուսաստանը չեղարկելու է այդ նախագծի իրագործումը:

Ռուսաստանից Եվրոպա ձգվող «South Stream» գազատարը 

Ռուսների կողմից «Հյուսիսային հոսք» անունով մեկ այլ խողովակաշար ներկայացվեց, որի նպատակն է Բալթիկ ծովի միջոցով տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր ռուսական բնական գազ մատակարարել Գերմանիային և Եվրոպային: Նաև «Հարավային հոսք» գազատարի նախագծից դուրս գալու հանկարծակի որոշումից հետո, Մոսկվան սկսեց աշխատել ռուսական գազը Թուրքիա և Եվրոպա տեղափոխելու «Թուրքական հոսք» խողովակաշարի նախագծի վրա: Խողովակաշարի կառուցման նախագիծը պաշտոնապես հայտարարվեց 2014թ. դեկտեմբերի 1-ին Վլադիմիր Պուտինի Թուրքիա կատարած այցի ընթացքում: Այս գազատարը գործնականում փոխարինեց «Հարավային հոսք» գազատարին: Այդ ժամանակ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը հայտարարել էր, որ 2019թ. հետո, Ուկրաինան այլևս դեպի Եվրամիություն ռուսական գազի տարանցման ուղի չի լինելու:

Չնայած ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններին, հատկապես 2015-ի նոյեմբերին թուրք-սիրիական սահմանի մերձակայքում թուրքական բանակի կողմից ռուսական կործանիչի կործանումից հետո, Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններում տիրող լարվածության պատճառով դադարեցվեցին երկու երկրների բանակցությունները «Թուրքական հոսք» գազատարի կառուցման շուրջ: Երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումից հետո, Թուրքիայի և Ռուսաստանի ժամանակի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարների հանդիպման ժամանակ հայտարարվեց, որ «Գազպրոմը» մտադիր է տարեկան 63 միլիարդ խորանարդ մետր գազ արտահանել «Թուրքական հոսք» խողովակաշարով և Հունաստանի հետ Թուրքիայի սահմանը գազային բևեռի վերածել:

Ռուսաստանից Եվրոպա ձգվող «Nord Stream» գազատարը 

«Թուրքական հոսք» գազատարի կառուցման պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների ներկայությամբ Ստամբուլում, 2016թ. հոկտեմբերի 10-ին, էներգիայի համաշխարհային կոնգրեսի շրջանակներում: ՌԴ արտգործնախարար՝ Սերգեյ Լավրովը Մոսկվայում ռուս-եվրոպական արհմիության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է.«Եվրամիության կողմից անհրաժեշտ երաշխիքներ ստանալու դեպքում, մենք պատրաստ ենք արագացնել դեպի Եվրոպա «Թուրքական հոսք» գազատարի կառուցումը »:

Տնտեսական խնդիրներից բացի, «Թուրքական հոսք» գազատարի նախագծման և իրականացման գործում շատ կարևոր է հարևանների հետ Ռուսաստանի մրցակցությունների և քաղաքական վեճերի դերը: Որոշ փորձագետների կարծիքով՝ Ռուսաստանի ղեկավարները ՝ «Թուրքական հոսք» կոչվող նոր խողովակաշարի կառուցման ծրագրով, մարտահրավեր են նետել Ադրբեջանի կողմից հովանավորվող TAP և TANAP գազատարներին:

Թուրքական խողովակաշարի հետ կապված մեկ այլ կարևոր հարց Ուկրաինան է: «Գազպրոմի» գազի զգալի մասը պետք է Եվրոպա տեղափոխվի թուրքական խողովակաշարով և Թուրքիայի տարածքով, այլ ոչ թե Ուկրաինայի տարածքով: Չնայած Ուկրաինայի տարածքով անցնող հին երթուղին և խողովակաշարը հուսալի և համեմատաբար էժան էին, բայց Մոսկվայի պաշտոնյաները որոշեցին Ուկրաինային զրկել ռուսական գազի Եվրոպա տարանցման ճանապարհը լինելուց և այդպիսով պատժել այդ երկրին: Քանի որ Մոսկվայի կարծիքով, Ուկրաինան, չնայած տարեկան մոտ 2 միլիարդ դոլար շահույթ էր ստանում ռուսական գազի Եվրոպա տարանցումից, սակայն երբեմն խանգարում էր այդ ընթացքը:

Հարավային հոսք (South Stream) և Թուրքական հոսք (Turkish Stream) գազատարների դիրքը

Վերոհիշյալ բոլոր կետերը վկայում են այն մասին, որ «Թուրքական հոսք», «Nord Stream» և TAP և TANAP խողովակաշարերում Ռուսաստանի շահերի բախում և մրցակցություն է լինում տարածաշրջանի գազը Եվրոպա փոխադրելու հարցով: TAP և TANAP խողովակաշարերի կառուցման համար Ադրբեջանի ֆինանսական մեծ ներդրման պատճառով Եվրամիությունն աջակցել է այդ խողովակաշարերի կառուցմանը, սակայն Ռուսաստանի հետ ներկայիս սառը հարաբերությունների պատճառով, շարունակում է զգույշ լինել «Թուրքական հոսք» գազատարի նկատմամբ: Նման պայմաններում, Թուրքիայի կառավարությունը փորձում է հետամուտ լինել թե Ադրբեջանի տարածքով անցնող, մասնավորապես TAP և TANAP խողովակաշարերին թե Ռուսաստանից անցնող էներգակիրներին, այսինքն՝ «Թուրքական հոսք» և «Nord Stream» խողովակաշարերին:

Ինչպես  նախորդ թողարկման ընթացքում նշեցինք,  TAP կամ Թրանս Անատոլիա խողովակաշարը փոքր չափով կնվազեցնի Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից, իրականում  փոխանցված գազի իրական չափը 10 միլիարդ խորանարդ մետր է, ինչը կազմում է Եվրոպայի բնական գազի տարեկան սպառման 3 տոկոսը: Միևնույն ժամանակ, Սև և Բալթիկ ծովերով Թուրքիայից անցնող նոր խողովակաշար կառուցելով Ռուսաստանն ավելի մեծ կարողություն է ձեռք բերում Թուրքիա և Եվրոպա գազ տեղափոխելու համար: Սա այն պայմաններում, որ Ռուսաստանը գազի փոխադրումը միջոց ծառայեցնելու պատճառով,  եվրոպական շրջանակներում ավելի շատ խոսվում է Ադրբեջանից ու Ռուսաստանից բացի, մյուս գազ մատակարարող երկրների մասին:

Բաքուն տուժում է. Մեկ դար գազ վաճառելը` գազատար կառուցելու գնով

Տարածաշրջանում գազի մրցակցության գործընթացում թվում է թե, ի տարբերություն Ռուսաստանի և Թուրքիայի, Ադրբեջանը նշանակալի օգուտներ չունի և ավելի մեծ դեր ունի ծախսերի ապահովման գործում: 2020 թվականին Ադրբեջանը վաստակել է 3 միլիարդ 816 միլիոն դոլար Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գտնվող Շահ Դենիզ և մյուս հանքավայրերի նավթի և գազի վաճառքից: Բաքվում տնտեսագիտության փորձագետ՝ Ղոբադ Էբադօղլուն ասել է.«Գազի արտահանումից Ադրբեջանի եկամուտները չնչին են նավթի եկամուտների համեմատ և չեն հասնում նույնիսկ նավթի եկամուտների տասը տոկոսին»: Հետեւաբար, թյուր կարծիք է, որ առաջիկա տարիներին նավթի պաշարները սպառվելու դեպքում, Ադրբեջանի գազի եկամուտները կփոխարինեն նավթի եկամուտներին: Քանի որ գազը տնտեսական արտադրանք չէ և ավելի շատ քաղաքական արտադրանք է, Ադրբեջանը 40 միլիարդ դոլար է ծախսել TAP և TANAP գազատարի վրա` Կասպից ծովից Թուրքիա և Եվրոպա գազ մատակարարելու համար: Գազատարի կառուցման ծախսերն ու վարկերը փակելու համար, Ադրբեջանը պետք է մեկ դար հավաքի նավթի վաճառքից գոյացած գումարները:

Ադրբեջանն արտաքին աղբյուրներից ստացած վարկերով, կառուցել է դեպի Թուրքիա և Եվրոպա տանող TAP և TANAP գազատարները և ամեն տարի Ադրբեջանի բյուջեից ծախսվում է շուրջ 1 միլիարդ դոլար` այս վարկի մարման համար: Փաստորեն, ԱՄՆ-ի նման երկրները հովանավորել են TAP և TANAP գազատարերի նախագծի իրագործումը, որպեսզի համաշխարհային էներգետիկ շուկայում աստիճանաբար նվազեցնեն Իրանի և Ռուսաստանի նման երկրների դերակատարությունը: