Էներգիայի փոխանցման գծերը՝ տնտեսության և քաղաքականության գործոն (18)
Ողջույն ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Էներգիայի փոխանցման գծերը՝ տնտեսության և քաղաքականության գործոն» հաղորդաշարի հերթական զրույցը: Այսօր կխոսենք TANAP խողովակագծի շահագործման հետևանքների և Եվրոպայի էներգիայի անվտանգության ապահովման գործընթացում Իրանի դերակատարության մասին:
Ադրբեջանի պետական նավթային ընկերության տնօրեն՝ Ռոնաղ Աբդուլլաևի խոսքով, Ադրբեջանից Եվրոպա բնական գազի տեղափոխման վերաբերյալ վերջնական որոշումը կայացվել է 2013 թվականին և այդ կապակցությամբ կնքվել է 25 տարվա պայմանագիր,որի համաձայն կառուցվել են Հարավային Կովկասի, TAP և TANAP գազատարները՝ 3500 կմ երկարությամբ, և արդյունքում Ադրբեջանի բնական գազը տեղափոխվում է Եվրոպա: Տեխնիկական, տնտեսական և անվտանգության նկատառումներից ելնելով, և հաշվի առնելով նախագծում ներգրավված երկրների՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Եվրամիության շահերը, ինչպես նաև նախագծից դուրս գործող երկրների՝ Իրանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրաքի Քրդստանի, Սիոնիստական ռեժիմի և Թուրքմենստանի շահերը, TAP և TANAP գազատարները բախվում են հնարավորությունների և մարտահրավերների:
TAP և TANAP խողովակաշարերից բխող հնարավորություններից մեկը բնական գազի արտահանման ուղիների բազմազանեցումն է Կովկասում և Անատոլիայի տարածաշրջանում: Արդյունքում, Թուրքիայում և Եվրոպայում էներգիայի սպառողները կօգտվեն մատակարարման բազմազան աղբյուրներից: Արևմուտքցիների տեսանկյունից, այս բազմազանության արդյունքում Ռուսաստանն ավելի քիչ է կարողանում էներգիան միջոց ծառայեցնել Եվրոպայի և այլ դերակատարների դեմ: Սա այն դեպքում, երբ «Հյուսիսային հոսք» անվանումով դեպի Գերմանիա ռուսական խողովակաշարի կառուցմամբ, Եվրոպայի կախվածությունը Ռուսաստանից կմեծանա: TAP և TANAP նախագծերի իրագործման արդյունքում, ակնկալվում է Եվրամիության հետ տարածաշրջանի երկրների տնտեսական և առևտրային ինտեգրումը և էներգետիկ տնտեսության ոլորտում փոխանակումների ծավալի ավելացումը:
Այս երկու նախագծերում փորձագետների ուշադրության կենտրոնում է անվտանգության հարցը: «Էներգետիկ անվտանգության» հարցը հանգեցրել է այդ նախագծերի տարբեր շահագրգիռ կողմերի միջև անվտանգության համատեղ համագործակցության ձևավորմանը: Մի քանի հազար կիլոմետր երկարությամբ TAP և TANAP խողովակաշարերի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունը ճանապարհ է հարթում Կովկասյան տարածաշրջանի և Եվրամիության միջև տևական անվտանգություն հաստատելու համար ընդհանուր սպառնալիքներին դիմակայելու նպատակով: Միևնույն ժամանակ, Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմը մարտահրավեր է նետել Կովկասի տարածաշրջանի էներգետիկ անվտանգությանը և դրա հեռանկարներին: Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի անորոշ լինելը հավանական է դարձնում Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների վերսկսվելը: Այս վիճակը մարտահրավեր է նետում Ադրբեջանից Թուրքիա և Եվրոպա նավթի ու գազի տեղափոխմանը:
Չնայած Ադրբեջանն ու Հայաստանը 1990-ականներին արդեն լայնամասշտաբ պատերազմի մեջ են մտել միմյանց հետ, բայց 44-օրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմից տարբերվում է նրանով, որ հակամարտության տարածքում Թովուզի շրջանում առկա են նավթի ու գազի խողովակաշարեր: Թովուզը տարածաշրջան է, որով դեպի Եվրոպա են անցնում Ադրբեջանի կենսական նշանակության խողովակաշարերը՝ Արևելք-Արևմուտք կամ Անդրեվրասիական միջանցքով: Այս խողովակաշարերը ներառում են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը և Հարավկովկասյան գազատարը, որն Անդրանատոլիական գազատարի կամ TANAP- ի միակ մատակարարն է:
Կովկասում կայուն խաղաղություն հաստատվելու դեպքում, TAP և TANAP խողովակաշարերի կատարելագործումը զգալի զարգացում կլինի բնական գազի արտադրության և արտահանման ոլորտում: Հաշվի առնելով անմշակ նավթի համաշխարհային գների ներկա անկայուն վիճակը, այս հարցը կարող է մեծապես նպաստել շահառու երկրների տնտեսական աճին և զարգացմանը: Պայմանով, որ Վրաստանը և Թուրքիան միջազգային գնից բարձր տրանզիտային գումար չստանան Ադրբեջանից: Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարից նավթի տեղափոխման ժամանակ Վրաստանն ու Թուրքիան համաշխարհային ընդունված չափից ավելի շատ տարանցման գումար ստացան Ադրբեջանից: Հնարավոր է, որ նույնը պատահի TAP և TANAP խողովակաշարերի հարցում: Սա այն պայմանում է, որ TAP և TANAP խողովակաշարերի ներդրումների մեծ մասն իրականացվել է Ադրբեջանի կողմից:
****
Եվրոպական երկրները կանգնած են բնակչության աճի և բնական գազի աճող պահանջարկի առջև և ողջունում են TAP և TANAP գազատարների կառուցումը: Բայց Ադրբեջանը բավարար գազ չունի այդ պահանջն ապահովելու համար: Ելնելով այդ փաստից, կարելի է ակնկալել, որ Կասպյական ավազանի որոշ երկրներ ցանկություն հայտնեն օգտագործել TANAP գազատարը իրենց բնական գազը եվրոպական հաճախորդներին վաճառելու համար: Միևնույն ժամանակ, Թուրքմենստանի ղեկավարները վաղուց էին շահագրգռված վաճառել իրենց գազը եվրոպական շուկաներում և դերակատար լինել TANAP գազատարին գազ մատակարարելու գործում: Սա այն դեպքում է, երբ Կասպից ծովի իրավական ռեժիմի մասին կոնվենցիան չի վավերացվել բոլոր ափամերձ երկրների խորհրդարանների կողմից, ուստի իրավական տեսանկյունից հնարավոր չէ Կասպից ծովի տարածքով խողովակաշար կառուցել Թուրքմենստանից դեպի Ադրբեջան: Իրանական երթուղին թուրքմենական գազը Ադրբեջան և Թուրքիա տեղափոխելու միակ ուղին է:
Որոշ փորձագետներ խոսել են Կովկասում և Կասպիցի ավազանում էներգետիկ գործընթացներում փոփոխության հնարավորության մասին: TAP և TANAP խողովակաշարերի կառուցման գործընթացում, Շահ Դենիզի ավազանի անբավարար պաշարների պատճառով, այլ արտահանողներ, ինչպիսիք են Իրանը և Թուրքմենստանը, հրավիրվել են մասնակցելու էներգիայի փոխանցման այս նախագծին: Հատկապես, որ Իրանի ազգային նավթային ընկերությունը 10% բաժնեմասով «Շահ Դենիզ» գազի հանքավայրի բաժնետերերից մեկն է:
Մինչդեռ Իրանի դեմ կիրառված խիստ պատժամիջոցները դժվարացրել են Իրանի շահերի ապահովումն այս գազատարում: Ադրբեջանի քաղաքական հարցերի փորձագետ՝ Նաթեղ Ջաաֆարլին ասում է.«ապագայում Թեհրանը կարող է Հարավային գազային միջանցքով իր գազը տեղափոխել Եվրոպա: Եթե կողմերը հասնեն ընդհանուր դիրքորոշման, ապա ապագայում Իրանը կարող է իր բնական գազը փոխանցել Եվրոպա՝ Ադրբեջանի խողովակաշարերով: Իրանի միացումը Հարավային գազային միջանցքին կբարձրացնի այս միջանցքի նշանակությունը»:
Եվրոպայում էներգետիկ հետազոտությունների կենտրոնների մեծամասնության կարծիքով, առանց Իրանի նավթի և գազի, Ադրբեջանը չունի բավարար չափով նավթ և գազ Եվրոպային անհրաժեշտ էներգիան մատակարարելու համար: Եվ չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությանը, վերջին տարիներին ավելացել է Իրանի գազը Եվրոպա փոխադրելու ցանկությունը TANAP և Նաբուկկո գազատարների միջոցով: