Ծանոթանալ մրգերին և բանջարեղենին (2)
Ողջույն ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Ծանոթանալ մրգերին և բանջարեղենին» հաղորդաշարի հերթական զրույցը: Մրգերը շատ հատկություններ ունեն և լավ է, որ մարդիկ իրենց սննդակարգում ներառեն մրգերը: Այսօրվա զրույցում խոսելու ենք Սերկևիլի հատկությունների մասին:
Սերկևիլենին, որը գիտականորեն հայտնի է որպես Cydonia oblonga, փոքր ծառ է, որն աճում է Եվրոպայի, Միջերկրական ծովի, Հյուսիսային Աֆրիկայի և Ասիայի շատ մասերում: Շնորհիվ այն բանի, որ ծառը վայրի է աճում հյուսիսային Իրանի, Կովկասի և Սաուդյան Արաբիայի հարավ-արևելյան տարբեր շրջաններում, սերկևիլի ծագման վայրը վերագրվում է այս վերջին շրջաններին, հատկապես Իրանին և Կովկասին:
Լավ է իմանալ, որ Ֆարս, Սպահան, Քերման և Արդաբիլ նահանգները համապատասխանաբար Իրանում մրգերի հիմնական արտադրողներն են: Սակայն Սպահանի սերկևիլը հատուկ բույր ու որակ ունի և արտահանվում է նաև հարևան որոշ երկրներ: Սերկևիլը սեզոնային միրգ է և մատչելի է աշնան սկզբից մինչև ձմռան վերջը:
Կան սերկևիլի տարբեր տեսակներ, որոնցից երկուսն ավելի հայտնի են Իրանում: Բուրավետ սերկևիլը ձվաձև է կոնաձև վերջավորությամբ: Կեղևը փափուկ է և ունի դեղին գույն, իսկ պտուղն սպիտակ է: Սերկևիլի այս տեսակից մի շարք կերակուրներ, մուրաբաներ և աղանդեր պատրաստելուց բացի, այն նաև օգտագործվում է թեյեր պատրաստելու համար: Սերկևիլի մեկ այլ տեսակ է արքայախնձոր սերկևիլը, որը որոշ չափով նման է տանձի: Նրա կեղևը հասունանալուց հետո դեղնում է, իսկ պտուղը դեղին է, արքայախնձորի նուրբ համով:
Առողջարար հատկությունների տեսանկյունից սերկևիլը կազդուրիչ է, ուժեղացնում է սիրտն ու նյարդերը, լավ ազդեցություն է ունենում ստամոքսի վրա և դադարեցնում լուծը: Սերկևիլը թեթևացնում է փսխումը և նվազեցնում թքարտադրությունը, օգտակար է սուր աղիքային բորբոքումների և կանանց հատուկ խանգարումների բուժման համար:
Սերկևիլը հայտնի է նաև ոսկե խնձոր անունով և անցյալից մինչ այսօր օգտագործվել է բազմաթիվ հիվանդությունների բուժման համար, ինչպիսիք են դեպրեսիան, ստամոքսի խոցերը և սրտի հիվանդությունները:
Պտուղը քիչ կալորիա, բայց շատ մանրաթել է պարունակում: 100 գրամ հում պտուղը միայն 57 կալորիա է պարունակում: Այն նաև պարունակում է շատ քիչ հագեցած ճարպ, նատրիում և խոլեստերին: Այս բոլոր հատկությունները պտուղը դարձնում են զարմանալի ընտրություն նիհարելու և մարմնի ընդհանուր առողջությունը պահպանելու համար:
Սերկևիլը C վիտամինի հարուստ աղբյուր է, որ ապահովում է այս վիտամինի օրական չափաբաժնի մոտ 25 տոկոսը: Վիտամին C-ն ուժեղացնում է մարմնի իմունային համակարգը և բուժում բազմաթիվ բորբոքային հիվանդություններ: Այս պտուղը և դրա սերմերի հյութը կարող են օգտագործվել դերմատիտի և ցիստիտի բուժման համար: Այն նաև օգտագործվում է շատ սննդամթերքներում այն մարդկանց համար, ովքեր ալերգիա ունեն:
Լավ է իմանալ, որ սերկևիլն օգտագործում են հում կամ եփած վիճակում: Սերկևիլից պատրաստում են կոմպոտ, դոնդող, մուրաբա, օշարակ և թուրմ: Սերկևիլի սերմերն օգտագործվում են նաև լորձաթաղանթի ներքին բորբոքումն ու հազը թեթևացնելու համար: Սերմերը տեղադրվում են եռացող ջրի մեջ և խմում, երբ ջրում լորձ է առաջանում: Պետք է նշել, որ սերմի կեղևը չպետք է տարանջատվի միջուկից: Քանի որ այն ջրում ստեղծում է թունավոր նյութ (ցիանիդաթթու): Արտաքին օգտագործման դեպքում սերկևիլի սերմը փափկեցնող ազդեցություն ունի: Ուստի այն օգտագործվում է այրվածքները բուժելու, արևի վնասները վերացնելու, ցրտահարությունը բուժելու և ճաքերը կամ շրթունքների ճեղքերը բուժելու համար: Այդ նպատակով 100-ից 150 գրամ սերկևիլի սերմը եռացնում են մեկ լիտր ջրի մեջ, և օրական մի քանի անգամ քսում են վնասված տեղը: Սերկևիլի տերևները նույնպես ունեն հանգստացնող ազդեցություն քիչ քանակությամբ ցիանիդաթթու արտադրող գլյուկոզիդ պարունակելու պատճառով և սովորաբար օգտագործվում են թուրմի տեսքով: Եթե եփելիս մի քիչ մեղր ավելացնեք և այն համեմեք նարնջի հյութով, այն շատ արդյունավետ ազդեցություն կունենա ծանր հազի և անքնության դեպքում: Այս միրգն իր պոլիֆենոլային միացությունների շնորհիվ ունի զարմանալի հակաօքսիդիչ հատկություններ: Այս հակաօքսիդիչները պայքարում են մարմնի ազատ ռադիկալների դեմ և նվազեցնում ծերացման գործընթացը, ինչպես նաև կանխում են սրտանոթային հիվանդությունները և ինսուլտը:
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ սերկևիլենիի տերևը պեկտին է պարունակում: Պեկտինը նպաստում է արյան շրջանառության: Հետևաբար սերկևիլենիի տերևների թուրմի կանոնավոր օգտագործումը կարող է կանխել արյան բարձր ճնշումը:

Սերկևիլի յուղը նույնպես բուժիչ է: Սերկևիլի յուղ պատրաստելու համար, սերկևիլի հյութը դրա կիսով չափ ձիթայուղի հետ խառնում և եռացնում են, մինչև ջուրն ամբողջությամբ գոլորշիանում է և մնում է յուղը: Այս յուղն օգտագործվում է քրոնիկ լուծի, արյունախխման, հեպատիտի և ստամոքս-աղիքային խոցերի բուժման համար: Այս յուղը նաև կարելի է քսել մարմնի վրա՝ մաշկային հիվանդությունների և մազի թեփի բուժման համար:
Այս յուղով մարմնի մերսումը կանխում է մարմնի ավելորդ քրտնարտադրությունը: Դեմքի մաշկի հիգիենայի և կնճիռների կանխարգելման համար, սերկևիլի կեղևը 15 օր լցնում են քիչ քանակությամբ ալկոհոլ պարունակող ջրի մեջ, և պարզելուց հետո, որպես լոսյոն օգտագործում: Կարևոր է նշել, որ պտուղի կեղևը վնասակար է կոկորդի համար, ուստի պետք է նախ կեղևը մաքրել, հետո սպառել:
Սերկևիլը սեզոնային պտուղ է և բոլոր եղանակներում չենք կարող թարմ միրգն ունենալ: Ուստի սերկևիլի թուրմը շատ լավ միջոց է դրա բազում հատկությունները վայելելու համար: Կարելի է որպես թեյ օգտագործել սերկևիլի չիրը: Չորացրած սերկևիլը կարելի է նաև որպես համեմ օգտագործել:
Սերկևիլի թեյ պատրաստելու համար, այն քերել և փռել մատուցարանում և թողնել չորանա: Ապա դրանք տապակել առանց յուղի, մինչև գույնը մուգ սրճագույն դառնա: Սերկևիլի այս ձողիկները կարելի է պահել փակ ամանում և որպես թեյ օգտագործել: Մեկ բաժակ սերկևիլի թուրմ պատրաստելու համար մեկ գդալ այս ձողիկներից լցնել եռացող ջրում և 20 րոպե թողնել այդ վիճակում մինչև պատրաստվի: Կարելի է ավելացնել նաև դարչին և զաֆրան:
Բարեկամներ հույս ունենք այս հաղորդումը ձեր ուշադրությանն արժանացած կլինի: Հաջորդ զրույցում ձեզ կներկայացնենք մեկ այլ միրգ և դրա բուժիչ հատկությունները: